‘Լևոն Զուրաբյան. Իշխանությունները տապալվել են բնականոն նախագահական ընտրությունների պայմաններն ապահովելու գործում (տեսանյութ)’

1820

Մենք լուրջ քաղաքական ուժ ենք, և մենք չենք փորձում ինչ-որ եզրակացություններով, ենթադրություններով հանդես գալ: Այսօր գլխավոր դատախազության դիմաց ուրբաթօրյա ակցիայի ժամանակ այս մասին ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու դեպքին:

«Մի բան մեզ համար պարզ է. կատարվել է հանցագործություն, որը դատապարտելի է, և իշխանությունները ոչ միայն տապալվել են քաղաքացու կյանքի ապահովման գործում, այլ նաև տապալվել են բնականոն նախագահական ընտրությունների պայմաններն ապահովելու գործում: Ի վերջո, նրանք էին ասել, որ նախագահության թեկնածուների համար տրամադրելու են հատուկ թիկնապահներ, անվտանգության ինչ-որ միջոցներ: Այդ հայտարարությունները նախապես արել էին, և հիմա տեսնում ենք՝ ինչ է եղել»,- նշեց Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ եթե իշխանությունները շատ արագ կերպով չեն բացահայտում այն հանցագործներին, որոնք կատարել են այդ քստմնելի արարքը, և օրենքով խստագույնս չեն պատժում նրանց, ուրեմն այս իշխանությունները ի վիճակի չեն բնականոն նախագահական ընտրություններ ապահովել:

Ելույթով հանդես եկավ նաև ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ Կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ Հայրիկյանի հետ տեղի ունեցածը տրամաբանական շարունակությունն է այն գործընթացների, որ ամեն օր կատարվում են Հայաստանում:

«Ո՞վ է պատժվում: Ոչ մեկը: Պառլամենտի կեսը սահմանադրության խախտման և օրենքների խախտման առումով հանցագործ է: Բիզնեսով են զբաղված, մի քանի հոգի տիրապետում են Հայաստանի բիզնեսի կեսից ավելիին: Ո՞վ է նրանց պատժում: Էն մա՞րդը, որ երկու բառ խոսում է, անգրագիտություն է դուրս գալիս բերանից՝ լոդրերի, թամբալների, խիյարների, չեբուրաշկաների մասին: Ո՞վ է պատժելու»,- հարց է ուղղում Մանուկյանը:

Մանուկյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթներից մեկին: Նրա համոզմամբ՝ երկիրը կազմակերպված չի լինում, պետությունը կազմակերպված չի կարող լինել, քանի որ կազմակերպված կարող է լինել միայն բանդան:

«Վանո Սիրադեղյանը հոդված ունի, որ պետությունը կարող է լինել օրինական, սոցիալական, արդար, բայց «կազմակերպված պետություն» արտահայտությունը թյուրիմացություն է: Կազմակերպում են այնտեղ, որտեղ օրենքը չի աշխատում, Սահմանադրություն չկա: Իր նախընտրական ելույթներից մեկում ինքը խոսեց Հայաստանի կազմակերպված պետություն դառնալու մասին: Այս մարդիկ գրագետ, օրենքով, տեխնոլոգիաներով երկիր կառավարելու մեթոդներին չեն տիրապետում:  Դրա համար սկսում են զոռբայության, վարչական մեխանիզմի մեթոդներն աշխատեցնել»,- հայտարարեց Մանուկյանը: 

Նախորդ հոդվածը‘Փետրվարի 8-ին Սաակաշվիլին վերջին անգամ ելույթ կունենա վրաց խորհրդարանի առջև’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ սենատորին մեղադրում են. Նա «նախընտրում է ամենաերիտասարդ և ամենաթարմ աղջիներին»’