‘Լևոն Զուրաբյան. Հայաստանը Անկախությունը նվաճել է, այլ ոչ թե այն ընկել է նրա գլխին ‘

1303

«Կա մի տարածված կարծիք, ըստ որի՝ երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, նրա կազմի մեջ մտնող պետություններն անկախությունը ստացան որպես վերևից տրված շնորհ, անգամ ՀՀ-ում որոշ քաղաքական գործիչներ այդ կարծիքի են՝ իբր թե Հայաստանը ոչ թե նվաճել է Անկախությունը, այլ այն ընկել է նրա գլխին: Եվ ըստ նրանց՝ դա է պատճառը, որ այսօր Հայաստանը չի արժևորում Անկախությունը»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով այդ տարիներին եղել է Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը:

«Հայաստանի Հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող այն պետություններից է, որը ոչ միայն նվաճել է իր Անկախությունը, այլև դրա ձեռքբերման ճանապարհին բազմաթիվ կորուստներ և մարդկային զոհեր է տվել: Մենք պետք է հիշենք, երբ Կրեմլը որդեգրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը սատարելու և Արցախյան շարժումը խեղդելու կուրսը, այդ պահից սկսած՝ համաժողովրդական շարժումը բռնեց անկախության ձեռքբերման ուղին՝ տալով բազմաթիվ զոհեր: Որպես օրինակ կարող եմ նշել Ոսկեպարի դեպքերը, չարաբաստիկ «Кольцо» օպերացիան, որը մշակվել էր Կրեմլի կողմից, երբ խորհրդային զորամիավորումները, անդրբեջանական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՈՆ) հետ ձեռք ձեռքի տված, քշեցին ու սպանեցին արցախյան 24 գյուղերի բնակչությանը:

 1991 թվականի փետրվարին, վերջ տալու համար կենտրոնախույզ տրամադրությունները, Գորբաչովը որոշեց անցկացնել Խորհրդային Միության պահպանման հանրաքվե: Այդ ժամանակ 5 հանրապետություն՝ բալթյան երեք  պետությունները, Վրաստանն ու Հայաստանը,  հրաժարվեցին մասնակցել հանրաքվեին, իսկ Հայաստանը ոչ միայն հրաժարվեց, այլև համաձայն ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին օրենքի՝ նշանակեց անկախության հանրաքվե: Դրույթին համապատասխան՝ հանրաքվե իրականացնելու ժամանակահատվածը սահմանվում էր 3-ից 9 ամիս, իսկ Հայաստանը, հետևելով կանոնադրությանը, հանրաքվեի օրը նշանակեց 6 ամիս անց: Ինչ-որ մի պահ թվում էր, թե Գորբաչովին  հաջողվում է ամբողջ Խորհրդային Միությունում ուժային մեթոդներով ջարդել անկախության ձգտումները: Օգոստոսի 18-ին տեղի ունեցավ հայտնի պուտչը, երբ ԽՍՀՄ-ում մտցվեց արտակարգ իրադրություն, պարզ էր, որ եթե պուտչիստները մնան իշխանության, ապա արյան մեջ կճնշեն անկախական և ժողովրդավարական շարժումները, սակայն բարեբախտաբար՝ պուտչը ձախողվեց: Եվ օգոստոսի 21-ին պարզ դարձավ, որ Հայաստանը դե ֆակտո ունի անկախություն կամ էլ գտնվում է անկախության ձեռք բերման ճանապարհին»,- ասաց Լևոն Զուրաբյանը՝ շեշտելով, որ իր համար անկախությունը հոգեբանորեն ձեռք բերվեց հենց այդ օրերին:

Ըստ նրա՝ այդ ժամանակ արդեն պարզ էր, որ անկախությունը կարելի է համարել նվաճված, բայց մինչ այդ պահը Հայաստանը ծանր ճանապարհ էր անցել՝ լի բազմում վտանգներով, փորձություններով, կորուստներով և անորոշությամբ:

«Անգամ հիշում եմ, որ ՀՀՇ-ականներից շատերը սկսել էին Լևոն Տեր-Պետրոսյանի վրա ճնշումներ գործադրել՝ համոզելու, որ գնա ու բանակցի Մոսկվայի հետ՝ Անկախության հնարաքվեից հրաժարվելու նպատակով: Սակայն  Լևոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ դիմակայեց, հետագայում էլ, երբ այդ նույն մարդիկ պուտչից հետո հորդորում էին անմիջապես հայտարարել անկախություն՝ չսպասելով հանրաքվեի, չկորցնելով ժամանակը և հետևելով Ուկրաինայի և մյուս պետությունների օրինակին»,- նկատեց Լևոն Զուրաբյանը՝ հաստատելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երկու դեպքում էլ գնաց հոսանքին դեմ, եղավ հետևողական, չփորձեց ընդունված որոշումները չեղյալ համարել և ցույց տվեց երկրի համար պատասխանատվություն ստանձնած քաղաքական ուժի՝  իմպուլսիվ  որոշումներ չկայացնելու կարևորությունը:

« Շատ կարևոր էր պահպանել որոշումների ընդունման տրամաբանությունը՝ հավատարիմ մնալով օրինական ուղուն, ինչի շնորհիվ ՀՀ-ն միակն է, որի Անկախությունը ձեռք է բերվել լրիվ օրինական գործընթացով»,- եզրափակեց Լևոն Զուրաբյանը:

Զրույցի վերջում Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ  Անկախության օրը նշելու է մի քանի ընկերների հետ, որոնց բախտ է վիճակվել ծնվել հենց սեպտեմբերի 21-ին, իսկ մինչ այդ նա ներկա կգտնվի Սարյան պուրակում կայանալիք ՀԱԿ տոնական հավաքին:

Նախորդ հոդվածը‘Բարաք Օբաման և Հիլարի Քլինթոնը դատապարտել են հակաիսլամական ֆիլմը’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես էր Արամ Մանուկյանը համոզում Իրաքի դեսպանին, որ անմիջապես չճանաչի ՀՀ անկախությունը ‘