‘Լևոն Զուրաբյան. Հայաստանում, անգամ օտար լծի տակ չի եղել բնակչության արտագաղթ խաղաղ պայմաններում’

1890

Ներկայացնում ենք Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթը ԱԺ այսօրվա նիստում: 

«2012 պետական բյուջեի կատարման ներկայացված հաշվետվությունը իմաստ կունենար քննարկել ըստ բովանդակության, եթե մենք վստահություն ունենայինք գրված տեքստի, ինչպես նաեւ տեքստը հեղինակած կառավարության նկատմաբ:

Մինչդեռ, լուրջ ընդունել եւ քննարկել ներկայացված տեքստը, կնշանակեր 1՝ հալած յուղի տեղ դնել կառավարության ներկայացրած թվերը, եւ 2՝ հավատալ, որ ծախսերը իսկապես ծառայել են ներկայացված նպատակներին եւ կատարվել են ժողովրդի ու երկրի զարգացման շահերով մտահոգ պետական մտածելակերպի տեր մարդկանց կողմից:

Ակներեւ իրողությունները, սակայն, մեզ թույլ չեն տալիս անել ոչ մեկ, ոչ մյուսը:

Երեկ ես հենց այնպես չանդրադարձա այն զավեշտալի իրողությանը, որ Հայաստանում Սերժ եւ Տիգրան Սարգսյանների արդեն հնգամյա կառավարման ժամանակաշրջանում պաշտոնապես արձանագրվում է 5-7 տոկոս ՀՆԱ-ի շարունակական աճ, զարգանում է տնտեսությունը, աճում է գործարարական ակտիվությունը, միեւնույն ժամանակ, համաձայն նույն պաշտոնական տվյալների, տարեկան, միջին հաշվով 50 հազար մարդ լքում է Հայստանը: Այս օրերին արդեն օրական 800 մարդ հեռանում է Հայաստանից: Ի դեպ ես արդեն սա չէի համարի արտագաղթ, այլ՝ ժողովրդի զանգվածային փախուստ սեփական հայրենիքից:

Նորից եմ շեշտում. Հայաստանում, անգամ օտար լծի տակ չի եղել բնակչության արտագաղթ խաղաղ պայմաններում: 1991-1994 թվականներին եղել է մոտ 500 հազար մարդկանց արտագաղթ, որի մեծագույն մասը կազմել են 1988-1989 թվականներին Հայասատնում ապաստանած ադրբեջանահայերը: Բայց դա եղել է բոլոր ռեսուրսներով մեզ մի քանի անգամ գերազանցող Ադրբեջանի հետ ինտենսիվ պատերազմի հետեւանքով: 1995-1997 թվականներին եղել է խաղաղություն, տնտեսական աճ եւ ներգաղթ: Ի՞նչ է ստացվում. Սերժ Սարգսյանի օրոք որքան շատ է զարգանում տնտեսությունը եւ գործարար ակտիվությունը, այնքան զանգվածային բնույթ է ստանում փախեփախ արտագաղթը: Եւ դուք ուզո՞ւմ եք որ մարդիք հավատան ձեր ներկայացված թվերին, աչքի առաջ ունենալով դատարկվող գյուղերը, սպառման շեշտակի անկումը, օրեցոր փակվող խանութները եւ ձեռնրկությունները: Դուք ձեր ասածին հավատո՞ւմ եք: Ակնհայտ է, որ իրականում մենք գործ ունենք պետական վիճակագրության հսկայածավալ կեղծիքների հետ:  Կառավարության ներկայացուցիչը առաջարկեց մեզ հաշտվել ներկայացված թվերի հետ կամ ներկայցնել այլտընտրանքային վիճակագրություն: Էլ ի՞նչ կառաջարկեիք. օրինակ, մի գուցե Հայաստանի անվտանգությունը ապահովելու նպատակով ընդդիմությանը կառաջարկեիք ստեղծել նաեւ այլընտրանքային բանա՞կ:

Բայց ավելի կարեւոր եմ համարում մեկ այլ հանգամանք: Արդյո՞ք այն հսկայական գումարները, որոնց ծախսի մասին հպարտորեն զեկուցում են կառավարության ներկայացուցիչները իսկապես ծառայում են հռչակված նպատակներին: Բյուջեի հսկայական մասը՝ 204.7 մլրդ դրամը, կամ մոտ կես միլիարդ դոլարը, համաձայն հաշվետվության, կազմել են ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերման գնումները: Բյուջեի մեկ այլ հսկայական մաս, որ վերաբերվում է դրամաշնորհների տրամադրմանը, կազմել է 113 մլրդ դրամ, կամ մոտ 270 մլն դոլար: 2012թ. վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունից տեղեկանում ենք, որ «վերահսկողությամբ բացահայտվում են հակամրցակցային, անարդյունավետ, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային և խտրական հիմքերով կազմակերպված նման գործընթացներ, երկրի կարիքների համար ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց պետությունը վճարում է դրանց իրական արժեքից շատ ավելի մեծ գումարներ, այսինքն` գումարները պլանավորում են ավելի շատ, քան իրականում պետք է, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց, դրանց իրական արժեքից ավելի մեծ գումարների վճարման դեպքում նույնիսկ պետությունը չի ստանում այն արդյունքը, որն ի սկզբանե ակնկալում էր, այսինքն` արդյունքը կամ ընդհանրապես չի լինում, կամ լինում է անորակ կամ մասնակի:  Այսպիսով, խնդիրը գտնվում է գնումների գործընթացի պլանավորման, կազմակերպման, պայմանագրերի կառավարման և հսկողության գրեթե բոլոր փուլերում»:

Այնուհետեւ, եզրակացություն է բերվում, ըստ որի, «իրավիճակը գնումների համակարգում, առհասարակ, խիստ մտահոգիչ է, եւ ակնհայտ է, որ խնդիրներն ունեն համակարգային բնույթ»:

Բերված են նաեւ պերճախոս օրինակներ. պարզվում է, որ «Դատաիրավական ԾԻԳ-ը ձեռք է բերել 80 վճարային տեղեկատվական տերմինալ` 369մլն 867 հազ. դրամ ընդհանուր արժեքով: Ստուգումները պարզել են, որ ԾԻԳ-ը վճարել է շուկայում առկա տեղեկատվական տերմինալների գնից առնվազն երկու անգամ ավելի գումար»:

Մեկ այլ օրինակ է «ՀՀ հասարակական վայրերի զուգարաններով ապահովման հայեցակարգի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարության արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք բերված 2 բիո զուգարանները, որոնք մինչ օրս չեն շահագործվում: Դրա հետևանքով կատարված 100մլն հազ. դրամի ծախսը անարդյունավետ է: Նշենք, որ շուկայական գներով այդ բիոզուգարանները կարելի էր գնել սրանից շատ ավելի քիչ գումարով»: Այսինքն՝ անարդյունավետության գործակիցը կազմել է 90 տոկոս:

Օրինակները բազմաթիվ են: Նույնը վերաբերվում է կառավարության կողմից ձեռնարկված տարբեր բիզնես պլանների իրականացմանը, անարդյունավետ վարկերի տրամադրմանը, մասնավորապես, կապված Գյումրու տեխնոպարկի ծրագրի հետ: Պարզվում է, որ «Կառավարության որոշումներով 2008-2012 թվականներին Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման ծրագրով նախատեսված են եղել մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում ստեղծվել են 2 լաբարատորիաներ, որոնք իրականացնում են վերապատրաստումներ, ստեղծվել են 5 ընկերություններ որոնք աշխատում են վնասով, ունեն 10 վարձու աշխատողներ, և ապահովում են փոքր հասույթներ: Արդյունքում պետական բյուջեից 2008-2012 թվականներին ծախսվել է 430.6 մլն դրամ նախատեսված 689 մլն. դրամի փոխարեն:

Ուշագրավ է այն, որ դեռևս հայտնի չէ, թե վերջիվերջո որքան է տևելու Տեխնոպարկի ձևավորման ծրագիրը, այսինքն` չկա նախանշված ծրագրի ավարտ, չկա քայլերի հաջորդականություն, ակնկալվող արդյունքները չափելի չեն, պատասխանատվության շրջանակը նույնպես հստակ չէ: Հնարավոր ոիսկերի առումով ծրագիրը գնահատված չէ, այսինքն` ռիսկերի կառավարումը նույնպես հստակ չէ: Ամեն ինչ առավել քան անորոշ է»:  

Այսինքն՝ մենք ըստ էության, գործ ունենք մի ծրագրի հետ, որը բացարձակապես տապալված է, որի ապագայի մասին ոչինչ հայտնի չէ,  բայց պետական բյուջեից շարունակվում են անարդյունավետորեն ծախսվել հսկայական միջոցներ: Այս առումով, կարծես, կենտրոնական  դեր է ստանձնում կառավարության գլուխ Տիգրան Սարգսյանի ֆիգուրը: Չկա մի կոռուպցիոն սկանդալ, որը կապված է պետական միջոցների մսխման, վատնման եւ անարդյունավետ օգտագործման հետ, որտեղ նա չխաղա կենտրոնական դեր: Բերեմ օրինակներ՝

1. Նույն այդ բիոզուգարանների հետ կապված խայտառակ պատմությունը կապված է Ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության հետ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ոչ այլ ոք, քան վարչապետ Տիգրան Սարգսյանը:

2. Վերջերս կայացել է ՎՊ խորհրդի նիստը, որին մասնակցել է նաեւ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչը: Նիստում մենք տեղեկացել ենք այն մասին, որ բազմաթիվ չարաշահումների, վատնումների եւ պետական միջոցների անարդյունավետ օգտագործման փաստերի կապակցությամբ, Վերահսկիչ պալատը, ըստ էության, պահանջել է դադարեցնել շինարարությունը եւ այն անցկացնել սահմանված նորմերի համապատասխան: Հիշեցնեմ, որ այդ ծրագրի ծավալը կազմում է 962մլն դոլար: Թե ինչքան է արդեն ծախսվել այս ճանապարհի շինարարության համար, մեզ պարզել չհաջողվեց: Բայց ակնհայտ է, որ նորմերի անհամապատասխանությունն այնքան աղաղակող է, որ արդեն կատարված շինարարությունը կարելի է համարել քամուն տված փող, ընդ որում, դա արվել է իսպանական մի ընկերության կողմից, որը եվրոպայում նմանատիպ աշխատանքներ կատարելիս պահպանում է սահմանված նորմերը: Նորից պարզվում է, որ այդ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կառավարման խորհրդի նախագահը ոչ այլ ոք է, քան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

3. Մենք պարոն Սարգսյանից այդպես էլ չլսեցինք բացատրություններ այն մասին, թե ինչպես կարելի էր ծախսել մոտ 16 մլն դոլար գյուղացիներին դասախոսություններ կարդալու նպատակով: Ուզում եմ հիշեցնել, որ այդ ծրագրերն իրականացնող Զարգացման հայկական գործակալություն ՓԲԸ խորհրդի նախագահը կրկին Տիգրան Սարգսյանն է:

Եվ վերջապես՝ անդրադառնանք վերջին աղմկալի գործին, որը կարելի է առանց մեծ չափազանցությունների, կոչել Օֆշորգեյթ: Հետաքննական լրագրության բնագավառում հեղինակություն ձեռք բերած «Հետք» լրատվամիջոցը հրապարակել է Կիպրոսի պետական ռեգիստրից ստացած տեղեկություններ այն մասին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունով ստեղծված է VISPERA HOLDINGS LIMITED անունով օֆշորային ընկերություն, որի հաշվին ադամանդագործության հետ կապված մի ծրագրի իրականացման արդյունքում փոխանցվել է 350 հազար դոլար: Լրատվամիջոցի պնդումների համաձայն, հենց Ձեր միջնորդությամբ, պարոն Սարգսյան, ոմն Աշոտ Սուքիասյանին տրամադրվել է «Ամերիաբանկի» կողմից 10.7մլն դոլար ծավալի վարկ, որը չի ծառայել ներկայացված վարկային ծրագրի իրականացմանը: Քանի որ VISPERA HOLDINGS LIMITED ընկերությունը որեւէ կապ չունի վերոհիշյալ վարկային ծրագրի հետ, նշված հրապարակումից, փաստորեն, կարելի է եզրակացնել, որ օգնելով անբարեխիղճ ձեռնարկատերերին ստանալ վարկ եւ յուրացնել դրա միջոցները, դուք որպես պարգեւատրում ստացել եք վերոհիշյալ 350 հազար դոլարը:

Ակնհայտ է, որ բոլոր այս մեղադրանքները լուրջ վնաս են հասցնում երկրի վարկին, խարխլում են ժողովրդի վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ, Հայաստանից վանում են բարեխիղճ ներդրողներին: Նման պայմաններում առաջնային խնդիր է դառնում Տիգրան Սարգսյանի եւ նրա հովանավոր Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ բոլոր այս մեղադրանքների անաչառ եւ թափանցիկ քննությունը, որը թույլ կտա այս չարաշահումների, վատնումների եւ յուրացումների համար պատասխանատու բոլոր պաշտոնյաներին ենթարկել քրեական պատասխանատվության եւ մաքրել Հայաստանի պետական ինստիտուտների վարկը»:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում երեխաների զանգվածային թունավորման դեպք է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Լիոնել Մեսի. Մոտենում ենք Բրազիլիայում աշխարհի առաջնությանը’