‘Լևոն Զուրաբյան. 3 մլն բնակչությամբ երկիրը տարվա վերջում ունեցել է չծախսված կես մլրդ դոլար’

1628

Հունիսի 11-ին Ազգային ժողովը շարունակեց  «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագծի քննարկումները: Ստորեւ ներկայացնում ենք «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը բյուջեի կատարողականի վերաբերյալ.

«Ներկայացված բյուջեի կատարողականը արդեն ընկած կառավարության գործունեության հաշվետվությունն է: Հայերենում շատ են ասացվածքները ընկածների մասին՝ «ընկածին չեն խփում», «ընկած ցուլին դանակավորներն են շատանում»: Բնականաբար, մենք չենք ցանկանում դիտարկել ներկայացված կատարողականը նախորդ կառավարությունը քննադատելու նպատակով, այլ ներկայացված հաշվետվությունը կօգտագործենք մի քանի արձանագրություններ կատարելու եւ այս իշխանության բնույթը հասկանալու նպատակով:

Արձանագրում ենք.

1. Ներկայացված տվյալներից հասկանալի է, որ չնայած մի քանի տարի շարունակ խոսվում է տնտեսական աճի մասին, բայց իրականում որեւէ տնտեսական աճ գոյություն չունի: 2008 թվականին ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ կազմում էր 11 մլրդ 662 մլն, 2013 թվականին՝ 10 մլրդ 432 մլն: Եթե հաշվի առնենք նաեւ դոլարի արժեզրկումը եւ գնողունակության ուժը, ապա հասկանալի է, որ բացարձակապես որեւէ աճ ոչ միայն գոյություն չունի, այլև երկիրը գտնվում է խորը ստագնացիայի մեջ:

2. Պարզվում է, որ մեկ շնչին ընկած ՀՆԱ-ն այս տարվա տվյալներով կազմում է, դոլարային արտահայտությամբ՝ 3452, ինչը երեք անգամ ցածր է միջին համաշխարհայինից:

3. Կարծես բյուջեում նախատեսված էր, որ արտահանման աճը պետք է այնպիսի տեմպեր ունենա, որ երկու անգամ գերազանցի ներկրման տեմպերը կամ աճը: Դրված էր 15 տոկոս ցուցանիշ, բայց կատարվել է ընդամենը 7 տոկոսը, ինչը նշանակում է, որ այն իրողությունը, որում Հայաստանը գտնվում է, խորանալու է: Այսինքն՝ մենք ոչ թե արտադրող երկիր ենք, այլ սպառող: Արդյունքում՝ խորանալու է մեր կախվածությունը արտաքին աշխարհից, մասնավորապես՝ պարտքեր եւ օգնություն մուրալու տենդենցը:

4. Չնայած՝ մենք ունեցել ենք տնտեսության պլանավորվածից ավելի ցածր աճ, այնուամենայնիվ՝ նախատեսվածից ավելի շատ եկամուտներ ենք հավաքել: Այստեղ խոսվեց այն մասին, որ դրա համար կարող են պատասխանատու լինել երեք ֆակտոր՝ գնաճը, որը ընդամենը 1.5 տոկոսով է տարբերվել պլանավորվածից, այսինքն՝ նրա ազդեցությունը  չնչին է, իսկ ստվերից դուրս գալու մասին ցանկացած խոսակցություն, կարծում եմ, որ ավելորդ է, ուստի մնում է եզրակացնել միայն այն փաստը, որ այս ցուցանիշը ձեռնք է բերվել  շնորհիվ հարկային տեռորի, եւ բնական է, որ այս ընթացքում մենք տեսանք, թե ինչպես հազարավոր ձեռնարկություններ փակվեցին:

5. Վերջին եւ ամենակարեւոր արձանագրումը այն հանելուկն է, որի մասին ես արդեն մեկ օր է՝ տարբեր հարցերով փորձում եմ բացահայտել: Դա այդ 189 մլրդ դրամի խնդիրն է. ԿԲ-ում կառավարության հաշվեկշռին 2013 թվականի տարվա ավարտին մնացել է այդքան չափով գումար: Մեր հարցադրումներից պարզ դարձավ, որ դրանցից 75 մլրդ-ը հենց կառավարությանն էր, մնացածը՝ համայքներինը: Այս հանգամանքը լուրջ է այն պատճառով, որ մեր երկիրը թիկունքը բաց երկիր է, որը հասել է իր պարտքի սահմանին, եւ թե՛ մեր օրենքներով, թե՛՛ միջազգային հանրության ստանդարտներով սրանից ավել մենք էլ չենք կարող պարտք վերցնել: Եւ պարզվում է, որ այս 3 մլն բնակչություն ունեցող չքավոր, բազմաթիվ խնդիրներ ունեցող երկիրը բյուջետային տարվա վերջում ունեցել է չծախսված կես մլրդ դոլար»:

Օրինակ՝ պարզվում է, որ շինարարության համար պլանավորված էր 148 մլրդ դրամ, բայց այդ գումարից 73 մլրդը չի ծախսվել: Ընդ որում՝ այն մոտավորապես հավասար է կառավարության դեպոզիտային հաշվում մնացած գումարին: Հետաքրքիր մի փաստ եւս. կա մի հոդված, որտեղ մենք ունենք 0 կատարում. դրանք Որոտանի ենթակառուցվածքներին ուղղված գումարներն են, որոնք պետք է կազմեին 5 մլրդ դրամ, սակայն կազմել են զրո: Եթե պատճառն այն է, որ այդ ծախսերը չեն կատարվել, որովհետեւ ընթացքում իշխանությունը որոշել է վաճառել Որոտանը, ուրեմն՝ բերեիք խորհրդարան եւ համաձայնեցնեիք մեզ հետ: Դա պլանավորված էր. 5 մլրդը դուք պետք է ծախսեիք Որոտանի վրա, բայց դուք չեք ծախսել, ու չեք ծախսել՝ առանց համաձայնեցնելու Ազգային ժողովի հետ, ինչպես չի համաձայնեցվել Որոտանի վաճառքի ամբողջ գործարքը:

Սրանք զարմանալի բաներ են: Բացատրություն է տրվում, որ տարբեր ծրագրեր են եղել, չեն հասցրել մշակել, ներկայացնել: Հասկանալի է, բայց եթե տեսնում եք, որ այդ գումարը կորչում է կամ ուշանում, բերեիք սեկվեստր անեիք: Բերեիք խորհրդարան եւ փոխեիք. շատ ուղղություններով մենք կարող էինք այդ գումարը ծախսել: Կոնկրետ այդ փողը չծախսելը նաեւ գին է ունեցել մեր տնտեսության վրա: Տնտեսագետների գնահատականով՝ ամեն 40 մլրդ դրամ կառավարության կողմից ծախսված փողը նշանակում է 1% ՀՆԱ-ի աճ: Այսինքն՝ եթե մենք հիմա ունենք ընդամենը 3% ՀՆԱ-ի աճ, ապա կարող էինք ունենալ 5%, եթե, իհարկե, այս փողերը ծախսվեին: Այսինքն՝ հարվածել եք ՀՆԱ-ին, հարվածել եք տնտեսության աճին, հարկահավաքին: Բերեիք վերանայեիք եւ տարբեր սոցիալական կարիքների ուղղեիք այդ գումարները՝դպրոցներ կառուցեինք, առողջապահության, կրթության բնագավառում ինչ-որ փոփոխություններ կատարեինք, գիտություն զարգացնեինք: Լավ, գոնե չմտնեիք նոր պարտքերի մեջ, կարող էինք հանգիստ անել դա: Բայց պարզվում է, որ ոչ, ամբողջ աշխարհով ընկած՝ պարտքեր ենք հավաքում, որ հետո չգիտենք, թե ինչպես ենք սպասարկելու: Այդ գումարով, ասիմետրիկ պատասխաններով այսօր կարելի էր հակակշռել այն դիսբալանսը, որը ստեղծվել  է Ադրբեջանի հետ սպառազինությունների հարցում: Եթե այդ գումարը ճիշտ ծախսվի, կարելի է շատ հստակ նպատակի հասնել եւ վերականգնել մեր ազգային անվտանգության համար ամենակարեւոր խնդիր հանդիսացող այդ դիզբալանսը: Ինչու՞ չեք արել այդ բաները:

Այժմ արձանագրում ենք, եւ վերահսկիչ պալատի ներկայացուցիչ Սեյրան Ավագյանն էլ դա ընդունեց, որ իրականում ոչ ոք այս հարցով չի զբաղվել, ոչ ոք այդ հաշիվը չի ստուգել, Վերահսկիչ պալատը չի՛ ստուգել, թե այդ փողերը ինչպես են օգտագործվել, եթե, իհարկե, օգտագործվել են: Մեզ մոտ շատ բնական հարց է ծագում, իսկ միգուցե՞ այդ փողը չի ծախսվել մի շատ կարեւոր նպատակով: Օրինակ՝ կուտակային պարտադիր ծրագրի պետական մասով կատարելու նպատակի համար, որոշել են պտտել այդ գումարները ֆինանսական հիմնադրամներում: Ո՞վ գիտի, մենք կարո՞ղ ենք վստահ լինել, որ այդպես չէ, կամ որ որեւէ այլ ապօրինի սխեմայում չի օգտագործվել: Ի դեպ ասեմ, որ սա միակ ռացիոնալ բացատրությունն է. ես չեմ կարծում, որ մեր իշխանությունները անմեղսունակ են:

Ես Հայ ազգային կոնգրեսի անունից հայտարարում եմ, որ եթե այս կես մլրդի հանելուկը չբացահայտվի, ուրեմն դուք դրանով միայն կհաստատեք ձեր իշխանության կրիմինալ բնույթը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հանցավոր կոնսենսուս’
Հաջորդ հոդվածը‘Կոլումբիան՝ նախագահական ընտրությունների շեմին’