‘Լևոն Չաուշյան. Նախագահն արդեն 2.5 տարի լեգիտիմ չէ, որովհետև ժամկետն անցել է’

2791

Ինչպես  հայտնի է՝ երկար ժամանակ է, ինչ Կոմպոզիտորների միությունում անառողջ մթնոլորտ է տիրում: Միություն  որպես այդպիսին գոյություն չունի, իսկ միության անդամները պառակտված են: Մեր ունեցած տեղեկություններով, պառակտումը սկսել է դեռ 1991թին, երբ հրաժարական տվեց կոմպոզիտորների միության նախկին նախագահ Էդուարդ Միրզոյանը: Կոմպոզիտորների միությունից անջատված կոմպոզիտորները հիմնադրել են մեկ այլ կազմակերպություն:

Միության որոշ անդամներ ընդվզել են միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի դեմ: Մենք տեղեկացանք նաեւ, որ արդեն 4 տարի է միության համագումար չի եղել, այնինչ, պետք է լիներ առնվազն երկու տարին մեկ: Վերջին համագումարից հետո քվորումի բացակայության պատճառով չի ձևավորվել նոր վարչություն, հաշվիչ հանձնաժողով, որը կհսկեր միության ֆինանսական մուտքերն ու ելքերը, միության անդամները պնդում են, որ կան կոռուպցիոն երևույթներ, անվանի  երիտասարդ կոմպոզիտորները հրաժարվում են անդամակցել միությանը, իսկ միության անդամները որևէ շփում չունեն:

iLur.am-ը այս կապակցությամն զրուցել է կոմպոզիտորների միության նախկին փոխնախագահ, արվեստի վստակավոր գործիչ Լևոն Չաուշյանի հետ

Պարոն Չաուշյան, մենք տեղեկացել ենք, որ կոմպոզիտորների միությունում ստորագրահավաք է նախաձեռնվել՝ նոր համագումար և նոր ընտրություններ անցկացնելու պահանջով, կարո՞ղ եք հաստատել, կամ հերքել այս տեղեկությունները:

-Այո′, կա այդպիսի բան և մենք այդ հարցով արդեն մտել ենք դատարան: Մենք հավաքեցինք 42 ստորագրություն, որը կազմում է 1/3-ը, (միության անդամների-խմբ.) բայց նախագահ Ամիրխանյանը անտեսեց այդ ստորագրահավաքը և մենք մտանք դատարան: Նիստի օրը դեռ հստակ չէ: Արդեն 4 տարի է՝ մեր միությունը ոչ ընտրված նախագահ ունի , ոչ վերահսկիչ հանձնաժողով, ոչ էլ՝ վարչություն:

Մեր զրուցակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ ասաց, որ Ռոբերտ Ամիրխանյանը փորձում է սիրաշահել և իր կողմը գրավել այդ ստորագրահավաքին մասնակցած կոմպոզիտորներից շատերին, ի՞նչ կասեք այս առնչությամբ:

-Հնարավոր է: Հնարավոր է, որ նա մարդկանց ահաբեկի կամ սիրաշահի, որ մարդիկ իրենց ստորագրությունները հետ վերցնեն, այդ դեպքում մենք կհավաքենք երկու այդքան:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված նրա դեմ բողոքը:

-Բողոքում ենք նրա համար, որ ստեղծագործական միություն չկա, գոյություն չունի, կա մի մարդ, որ ինքն ինչ ուզում է, դա էլ որոշում է: Դե, եթե չկա վարչություն, դուք գիտեք, որ հասարակական կազմակերպությունում վարչությունը կոլեկտիվի կոլեգիալ մարմինն է, չկա ռևիզիոն հանձնաժողով, որը պետք է ստուգի գործունեությունը, ոչ մի բան չկա, նախագահն էլ արդեն երկուս ու կես տարի է՝ լեգիտիմ չի, որովհետև ժամկետն անցել է: Հայաստանի օրենքը պահանջում է այդ ամեն ինչը, մենք մեզնից ոչինչ չենք հնարում. կա օրենք և կա Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության կանոնադրություն, որտեղ գրված է, որ երկու տարին մեկ պետք է անցկացվեն ընտրություններ:

Ասում են՝ Ռոբերտ Ամիրխանյանը անընդհատ կոնֆլիկտներ է հրահրում միությունում, որ խնդիրներ կան Դիլիջանում գտնվող Կոմպոզիտորների ստեղծագործական միության հանգստյան տան հետ կապված, ի՞նչ կասեք այս մասին:

-Շուտով մեկ տարի կլինի, որ միության 2/3-ը պահանջում է Դիլիջանի ստեղծագործական տունը անվանակոչել Էդուարդ Միրզոյանի անունով, բայց Ռոբերտ Ամիրխանյանը կատեգորիկ դեմ է և չի ուզում այդ բանը: Ըստ երևույթին, անունը կխանգարի նրա սրտի գործունեությանը:

Մեզ նաև տեղեկացրեցին, որ շատ տաղանդավոր երիտասարդ կոմպոզիտորներ հրաժարվում են անդամակցել կոմպոզիտորների միությանը՝ Ամիրխանյանի հետ անձնական խնդիրներ ունենալու պատճառով, ի՞նչ կասեք այս մասին:

-Դա փաստ է: Երիտասարդները առանձին միություն են ստեղծել՝ Հայաստանի երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միություն: Շատ-շատերը երկրից ուղղակի գնում են, որովհետև այստեղ ոչ մի հեռանկար չեն տեսնում՝ ունենալով նման հնարավորություններ:

Ասում են, որ միությունում կան նաև ֆինանսական խնդիրներ, և անդամներից շատերը դժգոհում են որ ոչ մեկ ոչ մեկին հաշվետվություն չի ներկայացնում, կա՞ նման բան:

-Այո, մենք շատ դժգոհ ենք միության ֆինանսա-տնտեսական գործունեությունից և պահանջելու ենք աուդիտ անցկացնել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Ռոբերտ Ամիրխանյանը գործարար Ռուբեն Վարդանյանի հետ համաձայնության է եկել, որ վաճառի Դիլիջանում կոմպոզիտորների միության հանգստյան տունը, ի՞նչ եք կարծում այս տեղեկություները համապատասխանում են իրականությանը:

-Գիտե՞ք ինչ, վաճառելը այդքան էլ հեշտ գորշընթաց չի, պետք է պարտադիր ընդհանուր ժողովի համաձայնությունը լինի:

Ասում են, որ դուք հանդիսանալով կոմպոզիտորների միության անդամ՝ ստեղծել եք մեկ այլ միություն. ճի՞շտ է:

-Այո դեռ 1994թ-ին, տեսնելով թե ինչ է կատարվում միությունում, մենք 8-9 հոգով առանձնացանք եւ ստեղծինք «Հայկական երաժշտական համաժողովը»: Մենք, սակայն, շարունակում ենք նաև Կոմպոզիտորների միության անդամ հանդիսանալ:

Զրուցեց՝ Կարեն Թովմասյանը

Հ.Գ. Կոմպոզիտորների միության շուրջ ստեղծված իրավիճակին կանդրադառնանք նաեւ առաջիկայում: Պատրաստ ենք նաեւ ներկայացնել միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի տեսակետները: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ձեւավորված տարածքային խորհուրդների ցանկը’
Հաջորդ հոդվածը‘Օքսֆորդի Մագնա Կարտա քոլեջը հայտարարում է կրթաթոշակային ծրագրեր’