‘ Լևոն Տեր-Պետրոսյանը երջանիկ պետք է լինի…’

1681

Գոնե հիմա առանձնացնենք, տարբերակենք, թե ինչ է նշանակում պայքարող մարդ: Միշտ կասկածանքով ու թերահավատությամբ եմ նայել այն մարդկանց, ովքեր բառիս բուն իմաստով «ճղում էին» կոկորդները ու կանգնում որեւէ առաջնորդի կողքին:

Ամանորյա տրամադրությունը չփչացնելու համար անուններ չեմ հիշատակում, բայց ինձնից էլ լավ բոլորդ գիտեք, թե ովքեր էին ու ովքեր են Հայաստանում այդ «կոկորդճղիչները», որոնք տարիներ շարունակ ականջ սղոցելով, «տաք» տեղ են գտել ու էլ ծուղրուղու չեն կանչում… Բայց փոխարենը հիացել եմ այն մարդկանցով, ովքեր նվիրված, հավատարիմ են եղել իրենց առաջնորդին ու նրա հետ կիսել են պարտությունը նա՛եւ: Փառքը, հաղթանակը կիսում են սովորական մահկանացուները, իսկ պարտությունը, անհաջողությունը կարող են կիսել անհատները, բացառիկները: Բառացի չեմ հիշում, բայց փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի խոհերը՝ պաշտոնից ազատվելուց հետո, հենց այդ երեւույթին էին ուղղված: Իրեն մոտ կանգնած մարդիկ հենց այդ նկատառումով հեռանում էին իրենից: Սա է կյանքը, բայց սա ճղճիմ կյանքն է: Երանի՜ այն առաջնորդին, ով նվիրված մարդկանց մեծ բանակ ունի, շրջապատված չի եղել որկորի ետեւից ընկած փորապաշտներով… Այդ առաջնորդներից է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը: Քաղաքական թույնին զուգահեռ սոցիալական ցանցերում ծորում է նաեւ մարդկային հոգու քաղցրության մեղրը:

Այո, Առաջին նախագահը երջանիկ պետք է լինի, որ այդքան սիրողներ ու հավատացողներ ունի: Եվ դա այն դեպքում, երբ նրանց շոշափելի, նյութական ոչինչ չի տվել ու չի կարող տալ… Թույնը ու մեղրը ծորում են զուգահեռ… Մի խողովակով հոսում է երիտհանրապետականների, կարիերիստների, որկորի ետեւից ընկածների, իշխանական ՛՛թմրամոլների՛՛, կերակրատաշտի հերթապահների թույնը, մյուս խողովակով հոսում է թույնը չեզոքացնող ու ժողովրդի իմաստության ծաղիկներով սնված անարատ մեղրը… Համեմատենք թույնի ու մեղրի ընդամենը… երկու գրառման օրինակ: Շարմազանով. «Տեր Պետրոսյանը` որպես գրագետ մարդ, հասկացավ, եւ կարդացած լինելով Շիլլերին` շատ լավ գիտեր, որ մավրը արել է իր գործը, մավրը պետք է հեռանա»: Վա՜յ քեզ հայոց աշխարհ, որ Շարմազանովն է գնահատում ՀՀ Առաջին նախագահի գրագետ լինելը… Առանց դույզն ինչ կասկածելու, համոզված եմ, որ վտանգ զգալով, Սերժ Սարգսյանին լքողների ու պախարակողների շարքում առաջինը նույն ինքը Շարմազանովն է լինելու… այդ փափուկ ու փափկություն սիրող երիտհանրապետականը…

Կարդանք մյուս խողովակով հոսող գրառումը: Կարեն Թովմասյան. «էս ինչ կատաստրոֆիկ 24 ժամեր էին \":(\" Անցած 24 ժամերի ընթացքում ստացա 2 շատ վատ լուր՝ 1-ին հանկարծամահ է եղել համալսարանական տարիներիս լավագույն ու ամենահարազատ դասախոսներիցս մեկը, դիսերտացիայիս ղեկավարը

Երկրորդ, որ առաջիկա նախագահական ընտրություններում իմ թեկնածուն չի մասնակցելու։

24 ժամվա մեջ նման երկու դաժան լուրերը չափից շատ էին։

Ինձ լրիվ կորցրել եմ։ Առաջին դեպքում չգիտեմ ոնց եմ դիսերտացիաս ավարտին հասցնելու ու պաշտպանելու առանց ղեկավարիս աջակցության, երկրորդ դեպքում չեմ հասկանում ոնց եմ շարունակելու ապրել պոտենցիալ արմենբաշու կողմից Թուրքմենստանի վերածվող իմ պետության մեջ։

Ամեն ինչ այնքան վատ ա որ դրանից ավելի վատ հնարավոր էլ չի պատկերացնել \":(\" »

Ու՞մ վիճակն է նախանձելի. Առաջին նախագահի՞, ով շրջապատված է նվիրված ու հավատարիմ մարդկանց մեծ բանակով, թե՞ գործող նախագահի, ում շրջապատում են միայն գդալներ ու պատառաքաղեր վերցրած եւ դանակով կերը մաս-մաս անող մարդիկ… որոնք կեր չլինելու դեպքում գդալները տանելու են այլ ուղղությամբ…

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ»

Նախորդ հոդվածը‘Ռադամել Ֆալկաոն չի լքի «Ատլետիկոն»’
Հաջորդ հոդվածը‘Ջանեթ Ջեկսոնը գաղտնի նշանվել է քաթարցի միլիարդատերի հետ’