‘Լևոն Տեր-Պետրոսյանը չի հայտարարել քաղաքականությունից հեռանալու մասին ‘

1550

Նախագահ Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշման մասով կուզենայի մի քանի բան գրել՝ զուտ իմ անձնական նկատառումների տեսքով:
Մարդկային առումով
Անշուշտ՝ մարդկային առումով, որպես քաղաքացի՝ Նախագահի որոշումը չեմ կարողանում մարսել: Ես եղել եմ այն տեսակետի կրողը, որ նա պետք է առաջադրվի: Հետևաբար՝այժմ, զուտ մարդկային, էմոցիոնալ առումով, վատ եմ զգում, որ նախագահը չի առաջադրվելու: 
Քաղաքական առումով
Քաղաքական առումով Նախագահի առաջադրվելն, անշուշտ, այլընտրանք չուներ, և դա, չնայած բազմաթիվ գործիքների ու վերլուծագանգերի պնդումներին` ամենևին էլ իր մեղքով չէր: Նախ` նրա տեսակի քաղաքական գործիչներ Հայաստանում ամեն օր չէ, որ ծնվում են, հետևաբար՝ օբեկտիվորեն չէր կարող այս կարճ ժամանակաշրջանում ծնվել, կայանալ նույնպիսի կամ հավասար մի այլընտրանք: Երկրորդ` 2007-ին նրա քաղաքականություն վերադառնալը շատ գործիչների օբեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով սխալ պատկերացումների մեջ գցեց: Ղարաբաղում էսպիսի խոսք կա` «Աղվեսը ծառին շուխկըմը կաղնալ ա, գյուդում ա թա` ուրան հաքվին շոխկն ա»: Աղվեսը ծառի ստվերում կանգնել է և կարծում է, թե դա իր պոչի ստվերն է: Օբյեկտիվորեն ստեղծվեց մի այնպիսի վիճակ, որ շատ գործիչներ, կանգնելով նախագահի ստվերում, կարծեցին, թե դա իրենց սեփական ստվերն է: Անշուշտ, դժվար է դիմանալ այդպես կարծելու գայթակղությանը, դա էլ մարդկային է: Բայց եղավ այն, ինչ եղավ: Նախագահի «թիմում» 2007-ի վերջից, անխուսափելիորեն, հայտնվեցին նաև այնպիսի մարդիկ, ովքեր ակնհայտորեն մի նպատակով էին այնտեղ հայտնվել, քանի որ վստահ էին, որ Նախագահը չհաղթել չի կարող, և երկար պայքարի համար չէ, որ հայտնվել էին այնտեղ: Բացի դա, կային մի  տեսակի գործիչներ, ովքեր սուբեկտիվ ընկալումներով գնահատեցին պայքարն ու իրավիճակը, ովքեր չկարողացան մարդկանց սուբյեկտիվ և օբյեկտիվ գնահատկանները զանազանել իրարից, և մի պահից սկսած՝ պայքարելու փոխարեն` սկսեցին Նախագահին հասնելու, կամ հավասարվելու, կամ գոնե նրանից հետո հաջորդը լինելու արշավ: Այդ արշավում սկսեցին նախ կարևորել սեփական ես-ը, և պայքարի, հայտարարությունների, ասուլիսների ու մյուս բոլոր գործողությունների հիմքում` ստարտային կապիտալ համընդհանուր ես-ը փոխարինվեց սեփական ես-ով: Կային նաև առավել փոքր տրամաչափի գործիչներ, ովքեր օբյեկտիվորեն գիտակցում էին սեփական ունակությունները, ներդրման հնարավորությունները, և քանի որ աճելու, գագաթ դառնալու ոչ ցանկություն ունեին, ոչ էլ` հնարավորություն, մտան մի դաշտ, որ գոնե երկրորդ պլանի դերակատարման հարցում կարևորվեն, ճանաչելի դառնան: Կային նաև այնպիսիք, ովքեր ոչ թե աճելու, հասնելու, գագաթ դառնալու ցանկություն ունեին, այլ ի սկզբանե համարում էին, որ իրենք արդեն կայացած ու աճած են, ու սեփական անձն ընդդիմադիր դաշտում թերագնահատված համարելով` հեռացան: Թիմի մի փոքր հատվածն ահա այսպես վարվեց. Ասել է թե՝ դիմացան ջրին, կրակին, պղնձե շեփորներին` ոչ: 
Արդյունքում՝ իրականում  հենց իրենք նպաստեցին այն բանին, որ չկարողացան հասնել բաղձալի նպատակին` դառնալ այլընտրանք Նախագահին: 
Պետականության առումով
Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը, նրա ներկայությունը քաղաքական դաշտում մի շատ կարևոր ֆունկցիա է կատարել և կատարում: Նա, որպես ծանր քաշային, բնականաբար, քաղաքականության ՆՇԱՁՈՂԸ բարձրացրեց: «Հավասարների» քաղաքական դաշտի պատկերը, իհարկե, փոխվեց, երբ եկավ մեկը, ով ասաց` 50 կգ-ի փոխարեն 250 կգ կբարձրացնեմ: Բայց օբյեկտիվորեն, քանի որ դաշտում այդ քաշը բարձրացնելու ունակ այլ գործիչներ չկան, բնական է, որ նրանց մոտ սկսվեց ընդվզում, այսիինքն՝ մյուս բոլորը կամ պետք է իրենք հեռանային դաշտից, կամ` ձգտեին հեռացնել Նախագահ Տեր-Պետրոսյանին: Հենց դրանով էր պայանավորված այն, որ դաշտում, փոքր ու միջին տրամաչափի քաղաքական գործիչները, քաղաքագետներն ու վերլուծաբանները «հարձակվեցին» Նախագահի վրա: Եթե Նախագահն այս ընտրություններում չի առաջադրվում, դա նշանակում է, որ ընթանալու է հավասարների ու գրեթե հավասարների պայքար: Որտեղ կհաղթի Սերժ Սարգսյանը, ընդ որում՝ ադմինիստրատիվ ռեսուրսի գուցե և ոչ ամբողջական օգտագործմամբ: Ո՞ւմ դեմ պետք է ինքը կեղծիքներ իրականացնի, էպոսագետի՞, Րաֆֆի Հովհաննիսյանի՞, «մի կին ատամնատեխնիկ»-ների՞: Սա, իհարկե, Սերժ Սարգսյանի երազած տարբերակն է, բայց դուք հասկանում եք, չէ՞, որ նման ընտրություններ մեկ էլ Ադրբեջանում են անցնում, երբ Իլհամ Ալիևը հաղթում է սումգայիթցի բուժքրոջը: Պետականության առումով՝ սա նահանջ է, սա լուրջ հարված է, և չզարմանաք, որ մինչև նախագահական ընտրություններ պարզվի, որ արտագաղթողների թիվը շեշտակի աճել է: 
Ռազմավարական և մարտավարական առումներով 
Ես չգիտեմ` ռազմավարական առումով ինչ է մտածել Նախագահը, բայց մարտավարական առումով նրա որոշումը ճիշտ է: Քանի ամիս, անգամ սեփական թիմի մի քանի «կարկառուն» ներկայացուցիչներ, ամեն ինչ անում էին, որ աննպաստ պայմաններ ստեղծեն Առաջին Նախագահի շուրջ կոնսոլիդացիա ստեղծելու և առաջադրվելու համար: Նրանց մեսիջը ակնհայտ էր` թող մենք էլ առաջադրվենք, մենք էլ մի բան անենք, մեզ ճանապարհ չես տալիս: Ու Նախագահը տվեց այդ ճանապարհը: Սակայն Նախագահի որոշման մասին հայտնի դառնալուց ժամեր անց քաղաքական դաշտում սկսվեց վակուում: Ծառը մի կողմ քաշվեց, աղվեսները տեսան, որ սեփական պոչից ստվեր չի լինում: Այո, անշուշտ, մենք` քաղաքացիներս, չհասկացանք Նախագահի որոշումը: Անշուշտ՝ առաջին խանգարողներից շատերը սկսեցին հայտարարել, թե Նախագահի որոշումը սխալ էր, և նա պետք է առաջադրվեր: Բայց մենք ի՞նչ արեցինք, որ դրա համար ստեղծենք նպաստավոր պայմաններ: Այո, 2007-ից սկսած՝ Նախագահը կարողացավ դնել ծիլերը, ստեղծել այնպիսի հասարակության, որն այսօր այլևս 2006-ինը չէ: Երբ ոստիկանությունում սպանեցին Լևոն Գուլյանին, պայքարողների թիվը մի 50-ը չէր անցնում: Այսօր կանայք կարող են հարձակվել իրենց բակում մեկ ծառ կտրողների վրա, խլել նրանցից կացինն ու կենդանի պատ կանգնելով՝ արգելել ծառ կտրողներին շարունակել իրենց գործողությունները: Բայց խնդիրն այն է, որ մենք համարեցինք, որ նրա արածը բավական է, մե՛նք հիմա կարող ենք շարունակել նրա գործը: Եւ նա, իր բնավորության համաձայն, տվեց մեզ այդ հնարավորությունը: Ե՞ւ: Ո՞ւր են փողոցը գրավողները, լիբերալ դաշտը համախմբողները, որտե՞ղ են ամենաարմատականները: 
Դաշտում վակուում է: Ով ինչ էլ ասի: Նշաձողն իջեցվել է: Հիմա բոլորը կարող են հաղթող լինել` 50 կգ բարձրացնելով, բայց դա իրավիճակ չի փոխի: Չեմ կասկածում, ոմանք դեռ կփորձեն, ծանրաձողին կմոտենան, չեմ կասկածում, որ ընդդիմադիրներից ոմանք 250 կգ կհայտարարեն, բայց հունվարին մենք կունենանք այն, ինչ ունենք այսօր: 
Այո, Նախագահը հայտարարեց չառաջադրվելու մասին: 
Բայց: Նա չի հայտարարել քաղաքականությունից հեռանալու մասին: Սա իմ սուբյեկտիվ տեսակետն է: Ու քանի դեռ նա այդ մասին չի հայտարարել, ուրեմն՝ ամեն ինչ դեռ ավարտված չէ: Դեռ կարելի է հասունացնել իրավիճակը

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածը‘Պեպե. Կասկերոյի հետ միջադեպից հետո ցանկանում էի կարիերաս ավարտել’
Հաջորդ հոդվածը‘Գողություն Կիևո-Պեչորսկի տաճարից’