‘Լևոն Տեր-Պետրոսյանի գիրքը՝ ճապոներեն’

3703

Օրերս Տոկիոյի երկու գիտական ամսագրերում ճապոներեն լեզվով հրատարակվել է Լեւոն ՏերՊետրոսյանի «Հայ հին թարգմանական գրականություն» գիրքը, որի հայերեն բնօրինակը լույս է տեսել դեռեւս 1984 թվականին: Թարգմանությունը կատարել է Քրիստոնյա Արեւելքի մասնագետ, Լեյդենի համալսարանի բանասիրության դոկտոր, Հոկայդոյի համալսարանի պրոֆեսոր Տոդա Սատոշին։ Ճապոներենը ՏերՊետրոսյանի գրքի հինգերորդ թարգմանությունն է։ Ներկայացրած մեծ հետաքրքրության շնորհիվ անցյալում այն հրատարակվել է նաեւ ռուսերեն (Երեւան, 1984), ֆրանսերեն (Երեւան, 1984), անգլերեն (ՆյուՅորք, 1992) եւ արեւմտահայերեն (ՆյուՅորք, 1992) լեզուներով։ ՏերՊետրոսյանի գրքի մասին ընթերցողին որոշ պատկերացում տալու նպատակով ստորեւ ներկայացնում ենք նրա առաջաբանն ու վերջաբանը։

Իր ողջ գոյության ընթացքում հայ ազգային մատենագրությունն ուղեկցվել է տարբեր լեզուներից` հունարենից, ասորերենից, լատիներենից, արաբերենից կատարվող թարգմանություններով, որոնք եղել են նրա զարգացումն ապահովող կարեւորագույն գործոններից եւ սնուցման հիմնական աղբյուրներից մեկը։ Միջնադարում հատուկենտ թարգմանություններ են կատարվել նաեւ վրացերենից, պարսկերենից, հին ֆրանսերենից, թուրքերենից, եթովպերենից, ռուսերենից, անգլերենից, իտալերենից, լեհերենից եւ իսպաներենից։

Թարգմանական շարժումը Հայաստանում սկիզբ է առել գրերի գյուտից (405 թ.) անմիջապես հետո, հայ ժողովրդի հոգեւոր առաջնորդներ Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի նախաձեռնությամբ ու գործուն մասնակցությամբ։ Թարգմանական երկերը նշանակալից դեր են խաղացել հայկական ինքնուրույն մատենագրության զարգացման, հայ ընթերցողի մտահորիզոնի ընդլայնման եւ հայոց լեզվի հարստացման գործում։ Նրանցում իրենց շոշափելի արտահայտությունն են գտել նաեւ հայ ժողովրդի դարավոր մշակութային հարաբերությունները այլ ժողովուրդների, առաջին հերթին իրենց անմիջական հարեւանների` հույների եւ ասորիների, ինչպես նաեւ վրացիների, արաբների, պարսիկների եւ եվրոպացիների հետ։

Թարգմանության միջոցով հայ հասարակության սեփականությունն են դարձել անտիկ փիլիսոփայության ու բնագիտության, քրիստոնեական աստվածաբանության, միջնադարյան գեղարվեստական գրականության եւ արեւելյան բժշկագիտության բոլոր կարեւոր նվաճումները, որոնք հիմք են հանդիսացել սեփական արժեքների ստեղծման համար։

Պատմամշակութային տեսակետից թարգմանական եւ ինքնուրույն երկերի զանազանումը սոսկ պայմանական նշանակություն ունի, քանի որ թե՛ բովանդակության, թե՛ ձեւի առումով դրանք ներկայացնում են միասնական գրական իրողության հավասարարժեք կողմերը։ Միջնադարում, ըստ էության, նրանց տարբերությունը բոլորովին չի գիտակցվել, եւ հայ ընթերցողի կողմից միեւնույն պատվին են արժանացել ինչպես ազգային, այնպես եւ օտար հեղինակները։ Դրա վկայությունն են հայկական բազմահազար ձեռագրերը, որոնցում ինքնուրույն եւ թարգմանական գործերը հանդես են գալիս կողք-կողքի, առանց տարանջատման, եւ հազվադեպ կարելի է հանդիպել ձեռագիր ժողովածուների, որոնք կազմված լինեն միայն հայ հեղինակների երկերից։

Ինչպես բոլոր արեւելաքրիստոնեական գրականություններում, հայ գրականության մեջ նույնպես թարգմանությունները նախորդել են ինքնուրույն մատենագրության սկզբնավորմանը։ Սակայն անցումը թարգմանական գրականությունից դեպի ինքնուրույնը V դարի հայ իրականության մեջ տեղի է ունեցել այնքան կարճ ժամանակամիջոցում, որ այսօր էլ զարմանք է պատճառում հետազոտողներին։ Թարգմանական գործի ձեռնարկումից ընդամենը մի քանի տասնամյակ հետո հայ հեղինակների` Մաշտոցի, Կորյունի, Եզնիկ Կողբացու, Փավստոս Բուզանդի, Ագաթանգեղոսի, Եղիշեի, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու ջանքերով ստեղծվեցին բազմաթիվ բարձրարժեք եւ ինքնատիպ երկեր։ Ինքնուրույն մատենագրության ստեղծմամբ, սակայն, թարգմանչական գործը Հայաստանում ոչ միայն չդադարեց, այլեւ հետզհետե ընդգրկելով ավելի լայն բնագավառներ, գոյատեւեց ընդհուպ մինչեւ նորագույն ժամանակները։

Հայ թարգմանական գրականության պատմությունն իրենից ներկայացնում է մի անընդհատ շղթա, որը, բնականաբար, ունեցել է իր վերելքի եւ վայրէջքի դարաշրջանները՝ պայմանավորված մշակույթի ընդհանուր զարգացման օրինաչափություններով։ Ընդգրկած երկերի բնույթով, հետապնդած նպատակներով եւ թարգմանչական սկզբունքներով իրարից որոշակիորեն տարբերվում են հայ թարգմանական գրականության ծաղկման հետեւյալ հինգ շրջանները, որոնց պարբերացումը կատարված է մի կողմից ժամանակագրական, մյուս կողմից` պատմամշակութային հատկանիշների հաշվառման հիման վրա։

ա. Դասական թարգմանություններ (ողջ Vդ.).

բ. Հունաբան դպրոցի թարգմանություններ (Vդ. վերջ—VIIIդ. սկիզբ).

գ. Կիլիկյան շրջանի թարգմանություններ (XII– XIIIդդ.).

դ. Միարարական (ունիթոռական) միջավայրի թարգմանություններ (XIVդ.).

ե. Ուշմիջնադարյան թարգմանություններ (XVII—XVIIIդդ.)։

Ինչպես տեսնում ենք, սույն դասակարգումից դուրս են մնում VIII դարի սկզբից մինչեւ XI դարն ընդգրկող ժամանակահատվածը եւ XV—XVI դարերը, որոնք կարելի է բնորոշել որպես թարգմանական գրականության անկման շրջաններ։

* * *

Հայկական հնագույն եւ միջնադարյան թարգմանությունների պատմամշակութային արժեքի գնահատմանը նվիրված այս համառոտ ակնարկից, թվում է, կարելի է պատկերացում կազմել այն մասին, թե այդ թարգմանություններն ինչպիսի նշանակալից դեր են խաղացել հայ ժողովրդի մտավոր կյանքում, որքանով են նպաստել Հայաստանում համաշխարհային գիտության, արվեստի ու գրականության նվաճումների տարածմանը եւ հող նախապատրաստել բուն ազգային մշակույթի սկզբնավորման եւ զարգացման համար։ Թարգմանական գործը, որպես կանոն, բուռն ծավալում է ստացել հատկապես հայկական մշակույթի վերելքի եւ ծաղկման ժամանակաշրջաններում, երբ հայ ժողովրդի հոգեւոր կյանքը իր հարաճուն պահանջներն ու հետաքրքրությունները բավարարելու նպատակով կարիք է զգացել սնուցման նոր եւ առատ աղբյուրների։

«Չորրորդ իշխանություն»
22.11.2013

Նախորդ հոդվածը‘Շոյգու. Գյումրիի ռազմաբազայի հրամանատարի խոսքն աղավաղված է’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական եղանակ’