‘Լևոն Տեր–Պետրոսյանի ղարաբաղյան այցն ու Մովսես Հակոբյանի չհաջողված ասուլիսը (տեսանյութեր)’

2539

Բաղրամյան 26–ին կից գործող գեբելսյան քարոզչամեքենան հերթական անգամ ընկել է «հայրենասիրության» նոպայի մեջ։ Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում պատրաստվում է «նախաձեռնողական» դառնալ, այսինքն՝ գնալ զիջումների։

«Հայրենասիրության» ներկայիս դրսևորումներից է այն, որ իբր Լևոն Տեր–Պետրոսյանը առաջին անգամ Արցախ է եկել միայն 1996թ–ին, այսինքն՝ զինադադարի կնքումից երկու տարի անց։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը (տե՛ս կից առաջին տեսանյութը)։

Թե ինչ նպատակ է հետապնդել հարգարժան նախարարը նման բան հայտարարելիս, ինքը կիմանա։ Ամեն դեպքում ցավալի է արձանագրելը, որ Մ. Հակոբյանը կա՛մ միտումնավոր կերպով խեղաթյուրում է պատմությունը, կա՛մ պարզապես անտեղյակ է։ Երկու դեպքում էլ ԼՂՀ պաշտպանության նախարարը շահեկան վիճակում չի հայտնվում։

Մի կողմ թողնելով, այն հարցը, թե ինչու էր Քարվաճառի (նախկին Քելբաջար) ազատագրումից և 1993 թվականի ապրիլի 30–ին Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի թիվ 822 բանաձևի (պահանջվում էր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, հրադադարի հաստատում, ղարաբաղյան զորքերի դուրսբերում Քելբաջարի շրջանից) ընդունումից հետո Լևոն Տեր–Պետրոսյանը Գորիս, ապա Արցախ գնացել այդ օրերին՝ փաստը մնում է փաստ, որ ՀՀ առաջին նախագահը Արցախում եղել է ոչ թե 1996–ին (ինչպես ԼՂՀ պաշտպանության նախարարն է պնդում), այլ 1993–ին՝ այսինքն պատերազմի ժամանակ (տե՛ս կից երկրորդ տեսանյութը)։

Կարելի է չընդունել Տեր–Պետրոսյանի մոտեցումները Արցախի խնդրի կարգավորման առումով, կարելի է վիճել կոնֆլիկտի լուծման վերաբերյալ նրա որդեգրած փիլիսոփայության հետ և գաղափարապես հակադրվել այդ փիլիսոփայությանը։ Դա նորմալ է։ Բայց երբ էժանագին ձևով խեղաթյուրվում է պատմությունը, արդեն անընդունելի է։

Հետո էլ ուրիշներից ենք նեղանում, երբ Հայոց պատմություն է կեղծվում։ Եվ դա այն դեպքում, երբ ինքներս ենք ներքաղաքական խաղիկների պատճառով անպատասխանատու դիրքորոշում ցուցաբերում և մեր իսկ նորագույն պատմությունը կեղծում, այն էլ՝ ԼՂՀ պաշտպանության նախարարի մակարդակով։

Կորյուն Մանուկյան

 www.7or.am

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ չի հրապարակվում Ասոցացման համաձայնագրի բանակցային փաստաթուղթը’
Հաջորդ հոդվածը‘Եթե Էջեւիտը Կիպրոս չայցելեց, թուրքական զորքերը պակաս վերցրի՞ն Կիպրոսի տարածքի 37 տոկոսը’