Լևոն Տեր-Պետրոսյանի ցավակցական հեռագիրը Ստանիսլավ Շուշկևիչի մահվան առիթով

2076

Ականավոր գիտնական և քաղաքական գործիչ, իսկական դեմոկրատ, բելոռուսական անկախ պետության հիմնադիր, իմ մտերիմ բարեկամ Ստանիսլավ Շուշկևիչի մահվան առիթով անկեղծորեն ցավակցում եմ նրա ընտանիքին, հարազատներին և ողջ բելոռուս ժողովրդին: Խորին հարգանքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյան 04․05․2022։

Выражаю своё искреннее соболезнование семье, родным, друзьям и всему белорусскому народу по поводу кончины крупного учёного и политического деятеля, истинного демократа, основателя независимого белорусского государства — Станислава Станиславовича Шушкевича, с которым меня связывали близкие дружественные отношения. С глубоким уважением, Левон Тер-Петросян 04.05.2022։

***

Ստանիսլավ Շուշկևիչի և Լևոն Տեր-Պետրոսյանի հարաբերությունների մասին որոշ պատկերացում կազմելու նպատակով ստորև հրապարակում ենք հետևյալ երկու փաստաթղթերը:

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԲԵԼՈՎԵԺՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ (16.03.1996թ.)

Ռուսաստանի Պետդումայի որոշումը պետք է գնահատել ոչ այլ կերպ, քան որպես սադրիչ մի գործողություն՝ ուղղված ԱՊՀ մասնակից երկրների ինքնիշխանության դեմ: Լոկ կոնյունկտուրային շահերով թելադրված՝ այն նպատակ ունի ապակողմնորոշելու հասարակությանը եւ թաքցնելու ճշմարտությունը ԽՍՀՄ փլուզման իսկական մեղավորների մասին, որոնք են իրականում ԽՄԿԿ-ն՝ իր 70-ամյա հակաժողովրդական բռնատիրական վարչակարգով, եւ 1991թ. օգոստոսյան դավադրության հեղինակները: Ստորագրելով Բելովեժյան համաձայնագրերը՝ Բ. Ելցինը, Լ. Կրավչուկը եւ Ս. Շուշկեվիչը սոսկ արձանագրեցին հանցավոր կայսրության փլուզման արդեն իսկ կայացած փաստը եւ դրանով էլ, ըստ էության, փրկեցին ԽՍՀՄ ժողովուրդներին կործանարար հարավսլավական տարբերակով դեպքերի զարգացումից: Դումայի որոշումը ես դիտում եմ որպես կոմունիստական ռեւանշի բացահայտ մի փորձ, որը կարող է ստեղծել անկանխատեսելի հետեւանքներով հղի պայթյունավտանգ իրավիճակ ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ԱՊՀ բոլոր երկրներում (Գիտնականը եւ Նախագահը. Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ, Անտարես–Երեւան, 2019, էջ 543):

***

ԲԵԼՈՌՈՒՍԻ ԳԽ ՆԱԽԱԳԱՀ (1991-1994թթ) ՍՏԱՆԻՍԼԱՎ ՇՈՒՇԿԵՎԻՉԻ ԵՒ  ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ (1991-1992թթ) ՖԻԼԻՊ ԴԻՄԻՏՐՈՎԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մենք ամբողջ սրտով աջակցում եւ ողջունում ենք պրոֆեսոր Լեւոն Տեր-Պետրոսյանի նոր մուտքը իր մեծ երկրի՝ Հայաստանի, քաղաքական բեմահարթակ։ Տեր-Պետրոսյանը ղեկավարել է այն խաղաղ պայքարը, որը միավորեց Հայաստանի քաղաքացիական հասարակությանը՝ ավելի մեծ ազատություններ, ինքնուրույնություն, արժանապատվություն, աստիճանաբար նաեւ պետական անկախություն պահանջելու շուրջ։ Ինչպես մի ֆրանսիացի սովետաբան է գրել՝ «Բեռլինի պատը նախ սկսեց փլվել Հայաստանում», երբ այս փոքր խորհրդային հանրապետությունը Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ճանապարհ հարթեց այն գաղափարների համար, որոնք հետագայում հաջողությամբ որդեգրեցին դեմոկրատական այլ շարժումներ եւ ժողովրդական ճակատներ՝ ներառյալ Բալթիկայում, Ուկրաինայում, Մոլդովայում եւ Ռուսաստանում։ Հայաստանի անհնազանդության համարձակ գործողությունը ոգեշնչեց նաեւ Կենտրոնական Եւրոպայի գերեվարված ազգերին՝ հարստացնելով «Սոլիդարնոստի» փորձառությունը եւ ի վերջո հանգեցնելով 1989թ. նրանց խաղաղ հեղափոխությունների ոսկեդարի բարձրակետին։ Որպես առաջնորդներ, որ մասնակցություն են ունեցել վերոհիշյալ իրադարձություններում, մենք արժանին ենք մատուցում Լեւոն Տեր-Պետրոսյանի այս կարեւոր եւ օրինակելի քայլին։ Քաղաքականության մեջ նման փորձված եւ իրազեկ գիտնականի եւ կազմակերպչի վերադարձը կհարստացնի Հայաստանն ընտրության հնարավորությամբ, բանավեճով եւ ժողովրդավարական բազմակարծությամբ՝ հայ ժողովրդի հսկայական եւ հանրաճանաչ տաղանդը ծառայեցնելով առաջիկա դժվարին խնդիրների լուծմանը։ Առաջին Քրիստոնյա Ազգի Առաջին Նախագահը վերադարձել է իր երկիրը Առաջինը դարձնելու. Ստանիսլավ Շուշկեվիչ, Ֆիլիպ Դիմիտրով. 19.01.2008թ. (Գիտնականը եւ Նախագահը. Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ, Անտարես–Երեւան, 2019, էջ 158–159):

Նախորդ հոդվածըԵՀ ղեկավարը կոչ է արել աշխատել Ուկրաինայի վերականգնման միջոցառումների ուղղությամբ
Հաջորդ հոդվածըԱյսօր բերման ենթարկվածների թիվը հասել է 41-ի. «Ազատություն»