‘Լևոն Տեր-Պետրոսյան. Լեռնային Ղարաբաղի պատերազմը կարող է վերածվել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի’

1746

ԼՈՆԴՈՆ. 10 ՓԵՏՐՎԱՐ

 

«Պատերազմը, որ այսօր մղվում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, հնարավոր է, որ շուտով վերածվի պատերազմի Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսօր առավոտյան հայտարարեց ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Լոնդոնի Կարլտոն Թաուեր հյուրանոցում, երբ նախաճաշի շուրջ հանդիպում էր Լոնդոնի ու միջազգային խոշոր թերթերի ու լրատվական միջոցների հետ: Կարծում եմ, առաջին անգամ բարձրաձայն հայտարարեց ՀՀ նախագահը, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական ձևով կմիջամտի միայն այն դեպքում, եթե Ղարաբաղի բնակչությանն սպառնա ցեղասպանության կամ բռնի տեղահանման վտանգը: Այդ դեպքում, ընդգծեց Տեր-Պետրոսյանը, Հայաստանը կմասնակցի հակամարտությանը, անկախ այն բանից, թե այդ ժամանակ ով կլինի իշխանության գլուխ: Դա կախված կլինի ժողովրդի կամքից: Մեր ժողովուրդը թույլ չի տա նոր ցեղասպանություն»,- պնդեց նախագահը»:

Լևոն Տեր-Պետրոսյանը, որ շարունակում է իր չորսօրյա պաշտոնական այցը Մեծ Բրիտանիա, երեկվանից սկսած ծանրանում է Լեռնային Ղարաբաղի հարցի վրա: Երեկ երեկոյան ելույթ ունենալով Չաթըմ Հաուսում` Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, որ աշխարհի վերլուծական խոշոր կենտրոններից մեկն է, նա խոսեց նախկին Խ. Միության երկրներում ծավալվող հետխորհրդային իրադարձությունների վերաբերյալ, հատկապես` Կովկասի: Եւ Չաթըմ Հաուսում, և Կառլտոն Թաուեր հյուրանոցում Տեր-Պետրոսյանը հանգամանորեն շարադրեց Հայաստանի տեսակետը վեցամյա հակամարտության վերաբերյալ՝ հստակորեն ընդգծելով, որ Հայաստանը եղել և մնում է հարցի խաղաղ կարգավորման կողմնակիցը, անհեռանկար համարելով ուժային որևէ լուծում: «Կողմերից ոչ մեկը մյուսին չի կարող ծնկի բերել և պարտադրել իր լուծումը,- ասաց նա:- Միակ միջոցը փոխզիջումն է և այն պետք է բավարարի երկուսին»: Սակայն, ցավոք, ընդգծեց նախագահը` առավոտյան պատասխանելով իրեն ուղղված մի հարցի, թե ինչի՞ց են պատրաստ հրաժարվել կողմերը փոխզիջման դեպքում, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանն այսօր չեն ուզում հրաժարվել ոչնչից: Սա այսօրվա հոգեբանությունն է, հաստատեց Տեր-Պետրոսյանը` ավելացնելով, որ գոյություն ունի մեթոդոլոգիական նշանակության հարցը ևս. քանի դեռ պատերազմը չի դադարել, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է միայն հետաձգել հակամարտության լուծումը: Այս մեթոդոլոգիան, շարունակեց նախագահը, ընդունված է ԵԱՀԽ կողմից, նրա ծրագրում ԼՂ կարգավիճակի հարցը չի քննարկվում:

Զարգացնելով փոխզիջման վերաբերյալ իր տեսակետը՝ Տեր-Պետրոսյանն ասաց, թե հայկական կողմի համար գոյություն ունի նվազագույնը երկու սկզբունք. նախ, ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի միջազգային կազմակերպությունների կողմից, որը բացառի ադրբեջանական կողմի որևէ կամայականություն, և երկրորդ, միջազգային հանրությունը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը: Նախագահը զինված ինքնապաշտպանությունը համարեց առայժմ միակ երաշխիքը, որով կարող է ապահովվել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, քանի որ այսօր ոչ Ռուսաստանը, ոչ ԵԱՀԽ-ն և ոչ էլ միջազգային որևէ կազմակերպություն իրական երաշխիքներ չեն տալիս, շեշտեց նա: Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ համարեց Ղարաբաղի հարցի համեմատությունը վրաց-աբխազական հակամարտության հետ, քանի որ Վրաստանն ունակ է աբխազներին երաշխիքներ տալ, Ադրբեջանը Ղարաբաղին` ոչ:

Շրջանի հարցերի կարգավորման մեջ նախագահը չափազանց կարևորեց Ռուսաստանի դերը, որն իր հեռանալուց հետո խանդոտ հետևում է այնտեղ ծավալվող իրադարձություններին: Ռուսաստանը չի կարող հանդուրժել, շեշտեց Տեր-Պետրոսյանը, որ ստեղծված վակուումը լցնեն Թուրքիան, Իրանը կամ ՆԱՏՕ-ն: Նա գործնական համարեց Ռուսաստանի նոր նախաձեռնությունը, որը, ասաց նա, իրականում շատ չի տարբերվում ԵԱՀԽ ծրագրից, բացի մեկ` չափազանց կարևոր հարցից. Լեռնային Ղարաբաղի սահմաններում տեղադրել ռուսական խաղաղարար ուժեր, որոնց, ենթադրվում է, կարող են մաս կազմել նաև միջազգային չեզոք ուժեր, մասնավորապես ԵԱՀԽ 400 դիտորդները:

Հարցն այսօր Ռուսաստանի և ԵԱՀԽ ծրագրերի համատեղումն է կամ համաձայնեցումը, ասաց նախագահը: Արդեն իսկ Լոնդոն այցելության իմ հիմնական նպատակներից մեկն էլ դա է, շարունակեց Տեր-Պետրոսյանը. համոզել Մեծ Բրիտանիային ակտիվացնելու իր ջանքերը միջազգային կազմակերպություններում Ղարաբաղի հարցի կարգավորման կապակցությամբ: Մեծ Բրիտանիան կարող է հանդես գալ առաջարկներով, ասաց նա, համոզել Ադրբեջանին ընդունելու ԵԱՀԽ ծրագիրը, և օգտվելով այն հանգամանքից, որ հաջորդ շաբաթ վարչապետ Ջոն Մեյջորն այցելելու է Մոսկվա, խորհրդակցի Ռուսաստանի հետ երկու ծրագրերի համատեղման կապակցությամբ:

Մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվեց նաև Ադրբեջանում տեղակայված վարձկանների հարցը: «Մեր ունեցած ամենալուրջ տվյալներով, Ադրբեջանում այսօր կան 2000 աֆղան մոջահեդներ, 500 ռազմական խորհրդատուներ Թուրքիայից, մոտ 1000 նախկին խորհրդային զինվորականներ` Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ տեղերից: Դրանք ամենամասնագիտացվածներն են` օդուժ, տանկեր, շտաբային ծառայողներ»: Ինչ վերաբերում է բրիտանական վարձկաններին, ըստ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դուգլաս Հերդի պատասխան նամակի, դրանք չկան, թեև Ֆորին օֆիսը շարունակում է լրացուցիչ տեղեկություններ հավաքել: Տեր-Պետրոսյանն ասաց, որ վարչապետ Ջոն Մեյջորի հետ երեկ երկուսուկեսժամյա հանդիպման ժամանակ այդ հարցը չի քննարկվել, քանի որ Դուգլաս Հերդի պատասխանը բավարար համարվեց:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ նավթի գործոնին՝ նախագահ Տեր-Պետրոսյանը համաձայնեց, որ այդ խաղաքարտը չափազանց կարևոր է, և Ալիևն այն օգտագործում է ոչ միայն Ռուսաստանի, այլև Արևմուտքի և Թուրքիայի հետ իր հարաբերություններում, սակայն Հայաստանը հույսը դնում է միակ հակափաստարկի վրա` թե այդ հարցում Ադրբեջանի գործակիցների միջև կծագեն հակասություններ, որ արդեն իսկ նկատվում են, մանավանդ` Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

Նախագահ Տեր-Պետրոսյանը երեկ ընդհանրացրեց Մեծ Բրիտանիա իր այցի հիմնական նպատակները: Բացի Ղարաբաղի հարցից, Բրիտանիային առաջարկել ակտիվացնելու ջանքերը Հայաստանին ֆինանսական օգնության հարցում` ՎԶԵԲ-ի և ֆինանսական այլ կազմակերպություների միջոցով, և Բրիտանիայից տեխնիկական օգնություն խնդրել Հայաստանի ատոմակայանի վերաբացման առնչությամբ: Մինչ այդ, հայտնեց նախագահը, այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ են տարվել միջազգային փորձագետների ամենաբարձր մակարդակով: «Շատ շուտով,- հայտնեց Տեր-Պետրոսյանը,- մեկ-երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանի հետ կկնքվի լուրջ պայմանագիր, և Հայաստանի ատոմակայանը կդառնա ռուս-հայկական համատեղ ձեռնարկություն»:

 

«Ազգ», 11 փետրվար, 1994 թ.

Նախորդ հոդվածը‘«Անժին» Չավիին խոստացել է տարեկան 21 միլիոն եվրո’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետը Իսրայելնն անվանել է ահաբեկչական պետություն, իսկ ՄԱԿ-ը՝ անվստահելի կառույց’