‘Լ. Զուրաբյան. Հայաստանը չի պայքարում միջազգային ատյաններում իրեն տրվելիք հաճախականությունների համար (տեսանյութ)’

1374

Հայաստանը չի պայքարում միջազգային ատյաններում իրեն տրվելիք հաճախականություների համար, իսկ դա նշանակում է, որ Հայաստանն իր ազգային շահի համար պատշաճ կռիվ չի տալիս, և մենք դրա համար մեղադրում ենք իշխանություններին: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ մանրամասնելով, որ Հայաստանն ուներ 21 անալոգային հաճախականության հնարավորոթյուն, սակայն միջազգային ատյանները կրճատեցին այդ հաճախականությունների թիվը մինչև 7-ը:

«Հայաստանում հեռուստատեսային անալոգային հաճախականությունների քանակը 21 էր, և մեզ խոստացել էին, որ երբ թվայնացումը արվի, ամեն անալոգային հաճախականություն կբաժանվի վեց թվային հաճախականության, և արդյունքում մենք կստանանք 60-70 հաճախականություն, ինչը հնարավորություն կտա բոլոր հայտերը բավարարել: Իրականում այդ չարաբաստիկ թվայնացման հետևանքով (խոսքը հեռուստատեսության մասին է), ոչ միայն խոստացվածը չկատարվեց, ոչ միայն հաճախականությունների քանակը չավելացավ 21-ից 60-70, այլև 21-ից ընկավ 18-ի»,- նշեց Զուրաբյանը:

Նա հիշեցրեց, որ 2008-ին  ԵԽԽՎ-ի կողմից ընդունվել են բանաձևեր, որոնք վերաբերում են ժողովրդավարության հաստատմանը Հայաստանում, և մասնավորապես՝ լրատվամիջոցների ազատությունը և հեռուստատեսության և ռադիոյի զարգացման առաջնահերթությունները համարվել են ամենաառանցքային կետերից մեկը:

«Այն ժամանակ մենք բանակցության մեջ էինք Եվրոպային խորհրդի ներկայացուցչության հետ՝ գլխավոր քարտուղարի հետ, և միջնորդված բանակցություններ էին իշխանությունների հետ այս հարցի շուրջ, որովհետև մեզ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հայտնեց, թե իշխանությունները խնդրել են երկու տարվա «թայմաութ», որ կարղանան իրականացնել թվայնացում, ինչի հետևանքով 2010-ին կստեղծվի մի վիճակ, որ բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան ստանալ հաճախություն հեռարձակման համար՝ հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում»,- ասաց Զուրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենք խորհրդակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մասնավորապես՝ Երևանի մամուլի ակումբի հետ, և հանգել են այն եզրակացության, որ իշխանությունները միտումնավոր հետաձգում են այս գործընթացները, ուստի Կոնգրեսի խմբակցությունը դեմ է քվեարկելու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին:

Նա հետաքրքրվեց, թե  թվայնացման հետևանքով ռադիոյի բնագավառում քանի հաճախականություն ենք ունենալու, ինչին ի պատասխան հիմնական զեկուցողն ասաց, թե թվայնացումից հետո հաճախականությունների թիվը «հինգից վեցով հաստատ կավելանա»: «Ամեն ինչ արվում է, որ 2015-ի երկրորդ եռամսյակին խնդիրը ավարտենք»,- նշեց նա: 

Նախորդ հոդվածը‘Femen-ը Կիևում է գրոհել է Լուկաշենկոյի վրա’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը, Օբաման և Օլանդը կոչ են արել արագ լուծել ԼՂ հիմնախնդիրը’