‘Լ. Զուրաբյան. Մեկ է՝ երգելու եք ճշմարտությունը (տեսանյութ, ֆոտոշարք)’

2235

Ներկայացնում ենք Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ելույթը գլխավոր դատախազության ամենուրբաթյա բողոքի ակցիայի ժամանակ:

«Բնականաբար, նորից հավաքվել ենք այստեղ, որ պահանջենք Տիգրան Առաքելյանի ազատումը, ոչ թե Տիգրան Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի ազատումով հետո կզբաղվենք… Գործն ինչ-որ տարօրինակ ընթացք է ստանում. թեև Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր Վերաքննիչ դատարան, Վերաքննիչ դատարանը կարծես դեռ վարույթ չի սկսել: Անհասկանալի է, թե ինչով է զբաղված մեր դատական համակարգը: Մենք, իհարկե, հետամուտ ենք: Երբ պատասխան ունենաք՝ ձեզ կհայտնենք դրա մասին: Բոլորիդ անունից ուզում եմ մեր եղբորը, մեր մարտական ընկերոջը՝ Տիգրան Առաքելյանին հայտնել, որ մենք իր թիկունքին կանգնած ենք և մինչև վերջ պայքարելու ենք իր ազատության համար: Ինքը՝ Տիգրան Առաքելյանը մեզ կների, եթե մենք, համաձայն սովորության՝ անցնենք այնպիսի թեմաների, որոնք հետաքրքրում են մեր համաքաղաքացիներին:

Ես կարծում եմ՝ դուք բոլորդ հետևում էիք քառօրյանին, իսկ հետո էլ դրան հաջորդած Ազգային ժողովի արտահերթ նիստին, որը բավականին բուռն զարգացումներ գրանցեց, շատ հետաքրքիր բաներ տեղի ունեցան: Ընդ որում՝ չգիտես ինչու՝ բոլորը զարմացել են, զարմացել է Հովիկ Աբրահամյանը, զարմացել է Տիգրան Սարգսյանը, զարմացել են հանրապետական խմբակցության կարկառուն դեմքերը: Բոլորը զարմացած են: Մեկը զարմացած է թալանի մասշտաբների պատճառով, մյուսը զարմացած է էդ զարմանքի վրա, երրորդը զարմացած է նրա վրա, որ ընդհանրապես դրա մասին խոսակցություն է գնում: Ինչո՞ւ են զարմացել. ես, օրինակ, չեմ հասկանում: Իրականում եկեք անաչառ լինենք: 2008 թվականից սկսած՝ Հայաստանի Վերահսկիչ պալատն ամեն տարի ներկայացնում է հաշվետվություն այն մասին, թե ինչպես է թալանվում Հայաստանի պետական բյուջեն: Ավելին ձեզ ասեմ, 2009, 2010, 2011 թվականների հաշվետվություններն ավելի խայտառակ փաստեր են բացահայտել, քան այն, ինչ ներակայացված է 2012 թվականի հաշտվետության մեջ:

Իրականում տեղի չի ունեցել ինչ-որ արտառոց բան: Հայաստանի պետական բյուջեի թալանի մասին ամեն տարի զեկուցվել է Ազգային ժողովում, էդ ի՞նչ եղավ, որ այս տարի մեկ էլ զարմացան: Շատ պարզ բան է եղել: Ուղղակի առաջ դրա մասին Ազգային ժողովում ոչ ոք չէր խոսում, գալիս էր Վերահսկիչ պալատի նախագահը, գլուխը կախ իր հաշտվետությունը կարդում էր, ֆորմալ մի երկու բառ ասում էին, սեղմում էին կոճակները կամ չէին սեղմում, ի գիտություն ընդունում էին, և դրանով ավարտվում էր հարցի քննարկումը: Իսկ հիմա Հայաստանի Ազգային ժողովում հայտնվել է մի անկաշկանդ ընդդիմություն, որը թույլ չի տա, որ որևէ հարց այդպես արագ անցկացնեն, կոճակները սեղմեն և անցնեն առաջ: Ընդամենը սա է պատահել: Մի հնարք փորձեցին կիրառել. գիտեին, որ կառավարության ծրագրի հաստատման խնդիր կա, գիտեին, որ բյուջեի կատարողականի խնդիր կա, իսկ Վերահսկիչ պալատի հաշվետվությունն ավելի շուտ էր եկել, բայց նրանք որոշեցին չքննարկել դա, հաստատել բյուջեի կատարողական հաշվետվությունը, նոր անդրադառնալ Վերահսկիչ պալատին, բայց բնական է՝ եթե մեր նման ընդդիմութուն կա պառլամենտում, մենք դա թույլ չէինք տա: Մենք օգտագործեցինք Վերահսկիչ պալատի այդ խայտառակ փաստերի մասին հաշվետվությունը և՛ կառավարության ծրագրի, և՛ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ: Մենք բերեցինք այնպիսի փաստարկներ, որոնցից իրենք փախուստ չունեին: Կարևոր է, որ մենք մեր հղումները կատարել ենք Վերահսկիչ պալատի հաշվետվության վրա, այսինքն՝ ոչ թե մենք ինչ-որ փաստեր ենք ասել, որ իրենք կարող էին հերքել՝ ասելով, որ դա ընդդիմության սուբյեկտիվ գնահատականն է: Ո՛չ, մենք մեր բոլոր մեղադրանքները և ամբողջ քննադատությունը հիմնել ենք Վերահսկիչ պալատի հաշտվետվության վրա, որի հետ իրենք կռիվ չեն կարող անել, և նրանք հայտնվեցին շատ խայտառակ վիճակում: Նորությունը այն է, որ էդ ռումբը միշտ էլ բերվում էր ԱԺ, բայց այդ ռումբը պայթեցնող չկար, իսկ այսօր մենք այդ ռումբը պայթեցրինք, և սկսեց այդ ամբողջ ղալմաղալը: Իրենք չգիտեն՝ ինչ անեն: Եթե այս փաստերը ճիշտ են, դա նշանակում է՝ պետբյուջեի հիմնական մասն ուղղակի գողացվում է, էդ մարդիկ տանում, դնում են իրենց գրպանները: Ի՞նչ է դրանից հետևում: Էն է հետևում, ինչի մասին ստիպված խոսեցին ԱԺ նախագահը և մնացած այլ պատգամավորներ՝ Հանրապետական կուսակցությունից: Շատ զարմացած հարց են տալիս՝ ժողովուրդ ջան, բա եթե մենք այդ փաստերին ոչ մի պատասխան չենք տալիս, կարող է, չէ՞, ժողովուրդը կարծի, որ այս գողության հետևը մենք ենք կանգնած: Զարմացել են, տրամաբանության կանոններ են բացում իրենց համար: Այո՛, սիրելի կարկառուն հանրապետական պատգամավորններ, դա տպավորություն չէ, խորին համոզմունք է ամբողջ ժողովրդի մոտ, որ դուք զբաղված եք այս երկրի թալանով: Տպավորություն չէ, ոչ ոք չի կասկածում, ուղղակի ձեզ համար է նորություն, որ այս ամբողջի մասին պառլամենտում բացեիբաց բոլորը խոսում են:

Երկրորդ ռազմավարությունը, որ իրենք փորձեցին կիրառել, այն էր, որ ինչ-որ պահի, երբ տեսան, որ աղմուկը շատ մեծ է, հասարակական արձագանքը շատ մեծ է, կառավարությունը կարծես սթափվեց, փորձեց ինչ-որ պատասխաններ տալ: Ո՞նց պիտի  էդ պատասխանը տան: Պիտի տան՝ հերքելով Վերահսկիչ պալատի բերած փաստերը: Էդպես եղավ, երբ Իշխան Զաքարյանի բերած մալուխին պատասխանեցին Հրայր Թովմասյանի բերած փայտով: Դա ծիծաղելի է , ողորմելի մի վիճակ է: Ասում է՝ հա, մալուխը 10 անգամ թանկ են առել, էս փայտն էլ՝ 20 անգամ էժան: Մեկը լիներ, հարցներ՝ բա էդ ո՞նց է եղել, որ էդ փայտը 20 անգամ էժան են առել, ո՞նց է էդպիսի բան հնարավոր, էդ ո՞վ է այդ բարերարը, որ շուկայական գնից էժան փայտ է ծախել, ի՞նչ է ստացել դրա փոխարեն: Իրենք էլ չեն հասկանում, որ իրենց փաստարկներն էնքան հիմար են, որ ամեն մի փաստարկով խոստովանական ցուցմունք են տալիս իրենք իրենց դեմ, որոնք կօգտագործվեն ապագա դատավարություններում, մի րոպե չկասկածեք: Կրակն են ընկել. հերքեն՝ կստացվի, որ ակնհայտ ճշմարտությունը հերքում են, իրենք իրենց հիմարի, ապուշի տեղ են դնում, ընդունեն՝ ընդդիմությունից առաջ են ընկնում, սկսում են գոռալ՝ բռնել գողին: Ստացվում է, որ ընդդիմության հետ միասին իրենք էլ են զբաղված այս խայտառակության բացահայտումով: Պարզ չէ՞, որ հայտնվել են հիմար վիճակում: Եվ հիմա վարչապետը  կառավարության վերջին նիստին այս խայտառակություններից դուրս գալու համար հանձնարարություններ է տալիս գերատեսչությունների ղեկավարներին, ասում է՝ գնացեք, ուսումնասիրեք, հերքեք էդ փաստերը: Էդ նոր պիտի ուսումնասիրե՞ք, 6 տարի է՝ այդ հաշվետվությունները դրվում են սեղաններին, նո՞ր պիտի ուսումնասիրեք: Այսինքն, դուք ուսումնասիրում եք որևէ բան այն բանից հետո, երբ ընդդիմությունը աղմո՞ւկ է բարձրացնում:

Հիմա էլ մի նոր բացատրություն են գտել այդ օֆշորային սկանդալին: Պարոն Ջհանգիրյանը, որպես փորձառու դատախազ,«Սիվիլնեթին» տված հարցազրույցում կանխատեսել էր, որ այս իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու համար կմշակեն հետևյալ սխեման՝ որ Աշոտ Սուքիասյանը մի բարի օր կհայտարարի, որ այդ օֆշորային գոտում այդ չարաբաստիկ ընկերությունը բացել է ինքը, և ինքն էլ, առանց Տիգրան Սարգսյանի ու արքեպիսկոպոս Կճոյանի իմացության, նրանց դարձրել է բաժնետեր: Ո՞նց եղավ, որ Ջհանգիրյանի հայտարարությունից 5-6 օր հետո Աշոտ Սուքիասյանը դատախազությանը նամակ է ուղարկում, որտեղ գրում է ճիշտ այն, ինչ որ կանխատեսել էր Գագիկ Ջհանգիրյանը: Սա ծիծաղելի է, որևէ տրամաբանական բացատրություն չունի: Տիգրան Սարգսյանը մեկ ասում էր՝ ես չեմ, իրական Տիգրան Սարգսյանը չի, մեկ ասում էր՝ չէ, էդ հասցեն սխալ են գրել, մեկ ասում էր՝ էդ փաստաթղթերը կեղծ են, բայց երբ արդեն «Հետքի» կողմից հրապարակվեց Կիպրոսի պետական ռեգիստրի փաստաթուղթը, այդ պաշտպանական գիծն էլ չկարողացան պահել:

Այս մարդիկ այս մեղադրանքներից պաշտպանվելուց իրենց պաշտպանական գիծը ամեն անգամ հետ էին քաշում, բայց իրենք չեն հասկանում, որ եթե մի տեղ պաշտպանվել ես, հետո հետ ես քաշվում, ուրեմն՝ քո ասած փաստարկներն արդեն արժեզրկվեցին, նաև արժեզրկվեց քո տրամաբանությունը: Վաղն ի՞նչ են ասելու, եթե պարզվի, օրինակ, որ առանց Տիգրան Սարգսյանի համաձայնության ու առանց իր փաստաթղթերի ներկայացման՝ ոչ ոք չէր կարող նրան բաժնեմաս վերագրել, դրանից հետո ի՞նչ է ասելու: Ասելու է, որ եկել, խաբել են իրեն, փաստաթղթերը վերցրել, տարե՞լ են: Էդպես հա կարելի է պաշտպանական նոր գծեր կառուցել, բայց ավելի լավ չի՞ լինի ասել վերջապես ճշմարտությունը, որովհետև մեկ է՝ ասելու ես, ասելու եք բոլորդ, ա՛յ հանրապետականներ: Ճշմարտությունն ասելու եք կամ երգելու եք:

Ես կարծում եմ՝ այն փաստը, որ այսքան մեծ հետաքրքրություն ստացավ, մեծ արձագանք եղավ այս փաստերի շուրջ, մի կարևոր բան է ապացուցում: Հիշո՞ւմ եք, կային մարդիկ, որոնք կասկածում էին, ասում էին՝ դե ի՞նչ եղավ, որ, ասենք, յոթ հոգի Հայ ազգային կոնգրեսից մտավ Ազգային ժողով, ի՞նչ է դա փոխելու: Պարզվում է՝ յոթ հոգով, այո՛, յոթ հոգով Կոնգրեսի խմբակցությունը կարողանում է այդ հանցագործներին պատասխանի կանչել, կանգնեցնել հասարակական կարծիքի առջև և, ըստ էության, վերածել ԱԺ նիստերը ժողովրդական դատարանի նիստերի: Բա սա քիչ բա՞ն է: Սա լուրջ մթնոլորտ է փոխել, և եթե մենք հետևողական շարունակենք այս գործընթացները, վստահ եղեք՝ այս իշխանությունները երկար չեն դիմանալու:

Այստեղ դուք էլ անելիք ունեք: Մեր ուժը միայն մեր համարձակության, ազնվության, անհատական որակների մեջ չէ: Մեր ուժն առաջին հերթին այն ժողովուրդն է, որ կանգնած է մեր թիկունքին: Եթե մեր հանրությունը, ժողովուրդը կանգնած չլինի մեր թիկունքին, եթե մենք չիմանանք, որ Ազգային ժողովում ներկայացնում ենք ժողովրդին, մեր հանրությանը, մեր հասարակությանը, ձե՛զ, հավատացեք՝ մենք չենք կարողանա նման համարձակ ձևով այնտեղ խոսել: Եվ ուրեմն՝ ես դիմում եմ ամբողջ մեր հասարակությանը՝ եթե ուզում եք ինչ-որ բան փոխվի, եթե ուզում եք, որ մենք մեր պառլամենտում լրջագույն փոփոխություններ կատարենք, եթե ուզում եք, որ մենք հասնենք նրան, որ այս իշխանությունն ի վերջո ընդունի իր պարտությունը, ուրեմն օգնեք մեզ, օգնեք ամեն օր ակցիաներին ձեր մասնակցությամբ, ապագա մեր հանրահավաքների մարդաշատությունն ապահովելով, որովհետև այս իշխանությունների համար հասարակական կարծիքի պարսավանքերը երկրորդական բան են, իրենք սրանից չեն վախենում, իրենք թքած ունեն ժողովրդի կարծիքի վրա, իրենք վախենում են ժողովրդից միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը հավաքված է Ազատության հրապարակում: Պատրաստվենք այդ ապագա հավաքներին, երբ այս մեղադրանքներին կհետևի նաև ժողովրդի հսկայական ցասումը»:

Նախորդ հոդվածը‘Շառլ Ազնավուրը ներկա կգտնվի «Ոսկե Ծիրան» 10-րդ կինոփառատոնին’
Հաջորդ հոդվածը‘Հայտնաբերվել է ական’