‘Լ.Սարգսյան. Առայժմ բոլորիդ վրա տարածվում է անմեղության կանխավարկածը, չզրկե՛ք ձեզ դրանից. Տեսանյութ’

1192

Աժ-ում շարունակվում է մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ որոշման նախագծի քննարկումը: Այժմ պատգամավորները հանդես են գալիս ելույթներով: Իր ելույթում Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ իր խոսքն ուղղելու է ՀՀԿ-ում եղած այն ազնիվ մարդկանց, որոնք կարեւորում են նման հանձնաժողովի ստեղծումը, եւ լավ մտածելու դեպքում՝ կողմ կքվեարկեն:

«Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրելու մեր բոլոր փորձերը ՀՀԿ-ի կողմից ամեն կերպ խոչընդոտվեց: Նման պահվածքի բացատրությունը մեկն է. դուք հավանաբար վաղուց համոզված եք, որ իշխանությունը մարտի մեկին կատարել է հակասահմանադրական գործողություններ, գիտակցում եք կատարված գործողությունների իրավակական հետեւանքների ծանրությունը: Նման քայլերով դուք ակամա կիսում եք կատարված հանցանքի մեղքը, հստակ է, որ իրական պատասխանատուները, որոնք կազմակերպել եւ իրականացրել են սպանդը, մեզ բոլորիս հայտնի մարդիկ ենք, եւ երեւի ձեր մեջ կան մարդիկ, ովքեր մտածում են, թե մենք մերոնց չենք հանձնի, ուրեմն, մտածեք՝ այդ դեպքում դուք հայ ժողովրդի՞ն եք ներկայացնում»,- նշեց Սարգսյանը:

Նա հավելեց, որ Կոնգրեսի կողմից սա հերթական փորձն է լույս սփռել ողբերգական իրադարձությունների բացահայտման ուղղությամբ, քանի որ հանրությունը դեռ չի ստացել այդ օրերին ժողովրդի դեմ կատարված հանցագործության հետ կապված հարցերի պատասխանները: «Քվեարկելով դուք արտահայտում եք այդ հարցում ձեր անձնական շահագրգռվածության չափը: Առայժմ բոլորիդ վրա տարածվում է անմեղության կանխավարկածը, կոչ եմ անում չզրկել ձեզ դրանից»,- հայտարարեց Սարգսյանը: 

Նախորդ հոդվածը‘ Պետդուման կպարզեցնի ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը ԱՊՀ քաղաքացիների համար’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյանը հերքում է ուկրահինուհու հետ ամուսնության լուրը, այն որակելով «զառանցանք»’