Խաղաղապահներ, որոնց չհրավիրեցին․ Մաս 1

7356

«Երկու օրերի քննարկումն, այսպիսով, ինձ լուրջ հիմքեր է տալիս կասկածելու, թե փուլային տարբերակին ընդդիմացողներն ընդհանրապես Ղարաբաղի հարցը լուծելու մտադրություն ունեն։ Շատերն առանձնապես դա չեն էլ թաքցնում, ինչը պարզորոշ կերպով երեւում է ելույթիս սկզբում ամփոփված կարծիքներից։ Փաթեթային, փուլային կամ այլ տարբերակների շուրջ թվացյալ բանավեճը, վստահ եմ, սոսկ շղարշ է՝ կարգավորման պրոցեսը ձգձգելու, այսօրվա իրավիճակը, այսինքն ստատուս-քվոն որքան հնարավոր է երկար պահպանելու համար։ Ես ցավով նախազգում եմ, թե դա ինչ ահավոր վտանգ է ներկայացնում թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի գոյության համար։ Այսօր մենք, ինչպես Բաթումից ու Ալեքսանդրապոլից առաջ, թերեւս Ղարաբաղի հարցի նպաստավոր լուծման եւ Հայաստանի բարգավաճման վերջին պատեհությունն ենք կորցնում։ Եւ դրա համար մենք բոլորս էլ պատասխան ենք տալու մեր ժողովրդին»։

Լեւոն Տեր-Պետրոսյան

Ելույթ ԱԽ նիստում

1998

Որպես նախաբան

Ներքոգրյալ նյութը փորձ է ներկայացնելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման տարրերից մեկի` ըստ արժանվույն եւ վտանգավորության տեսակետից չկարեւորված՝ խաղաղապահների տեղակայման հարցը, եւ պատասխանելու չարչրկված այն պնդմանը, թե արդյո՞ք հնարավոր էր, մասնավորապես, ռուս խաղաղապահների տեղակայումը տարածաշրջանում առանց պատերազմի։ Նյութը գրվել է ե՛ւ անձնական, ե՛ւ ազգային էմոցիաներից եւ իղձերից ձերբազատված, ներկայացված են փաստեր, որոնք ի ցույց են դնում, թե ինչպես այդ հարցը ինչ-որ պահից խիստ կարեւորվեց, եւ ինչպես մենք արձագանքեցինք դրան, ավելի ճիշտ՝ չտեսանք կամ չցանկացանք տեսնել դրա կարեւորությունը, ինչպես հաշվի չառանք եւ, համապատասխանաբար, ճկուն քայլեր չձեռնարկեցինք աղետից խուսափելու համար։

Ուստի կխնդրեի ընթերցողին` նյութն ընթերցելուց առաջ մի կողմ դնել որեւէ պետության, Հայաստանի որեւէ իշխանության հանդեպ ունեցած անձնական` դրական կամ բացասական մոտեցումները եւ ստորեւ ներկայացվելիք նյութն ընթերցել անկախ ու չեզոք դիտորդի տեսանկյունից։

Աշխարհը պահող երեք կետերը

Արցախյան հակամարտության կարգավորմամբ քիչ թե շատ հետաքրքրվող յուրաքանչյուր ոք գիտեր, որ բանակցությունները հենված են երեք հայտնի սկզբունքների վրա։ Աշխարհը պահող երեք կետերի լեգենդի նման՝ այդ երեք սկզբունքները հռչակվել էին կարգավորման ներկայացվող տարբերակների առանցքը, դրանց շուրջ էին հյուսվում բոլոր առաջարկները։ Դրանք էին՝ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը։ Բայց հայտնի էր նաեւ, որ, ինչպես եւ պետք է լիներ, յուրաքանչյուր կողմ կամ շահագրգիռ այլ պետություն այդ կետերին նայում էր իր սեփական դիտանկյունից եւ կարեւորում էր այդ կետերից մեկը՝ իր պետական շահերին համապատասխան։ Մեզ համար, օրինակ, այդ առանցքն ազգերի ինքնորոշման հարցն էր (կարգավիճակի հարցը), Ադրբեջանի համար` բնականաբար, տարածքային ամբողջականության հարցը։

Բայց կար նաեւ մեկ առանցք, որը մենք հաճախ չէինք կարեւորում։ Կամ` մեծամտորեն անտեսում էինք՝ համարելով, որ մեր պահանջները եթե կամ քանի դեռ ի կատար չեն ածվում, ինչի պատճառով էլ ձգում ենք ստատուս քվոն, ապա այդ ընթացքում աշխարհում ոչինչ չի կատարվում, կամ աշխարհում կատարվող մնացյալ բոլոր զարգացումները ձեւական պրոցեսներ են եւ կոնկրետ այս դեպքում որեւէ ազդեցություն չեն ունենում կարգավորման ընթացքի, դրա հնարավորությունների, դրա շուրջ ձեւավորվող մթնոլորտի վրա։ Խոսքը, մասնավորապես, այդ երեք սկզբունքների հիման վրա կազմված վեց տարրերից մեկի՝  անվտանգության երաշխիքների կամ խաղաղապահների խնդրի մասին է։ Թվում էր` մեր հանրային դիսկուրսում այդ հարցն այնքան էլ չէր կարեւորվում. երբ կհաջողենք ստանալ ցանկալի փաստաթուղթը, երբ մեր հիմնական գերխնդիրը կլուծվի, այդ ժամանակ էլ կտեղակայվեն «ինչ-որ» խաղաղապահներ, ինչ-որ անհայտ միջազգային խաղաղապահներ։ Կամ էլ` չեն տեղակայվի, քանի որ գուցե հաջողեցնենք պրոցեսը հավերժ սառեցնել։ Մենք համառորեն չէինք ցանկանում տեսնել, որ գերտերությունների համար այդ հարցը կարող է իրենց աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված գերխնդիր լինել կամ դառնալ, ինչն էլ իր հերթին կարող էր ազդեցություն ունենալ բանակցային պրոցեսի շուրջ ձեւավորված մթնոլորտի վրա, ասել է թե՝ այդ պետությունների մոտեցումների, վարքի եւ վարած քաղաքականության վրա։ Մեր այդ «արխայինությանը» նպաստում էին նաեւ իշխանությունները, որոնք պարբերաբար շեշտում էին, որ խաղաղապահների թեման առաջնային քննարկման հարց չէ, եւ որ Ադրբեջանի ապակառուցողականության պատճառով բանակցություններն այնչափ առաջ չեն էլ գնում, որ բանը հասնի խաղաղապահների թեմային, եւ որ դրան մանրամասն անդրադարձ պետք է լինի Մեծ պայմանագրով, որին դեռեւս չենք հասել։

Մեր պատերի ներքո կարգավորման հարցում տեղի ունեցողի վերաբերյալ կար պատկերացումների մի պատկեր՝ մի իրականություն, եւ կար մեկ այլ՝ բանակցային իրական գործընթացի իրականություն, որն աստիճանաբար ավելի ու ավելի էր հեռանում այն իրականությունից, որն ունեինք մեր ներսում։ Մենք համառորեն չէինք ցանկանում տեսնել, որ ստատուս քվոն ձգելով՝ ժամանակը հօգուտ մեզ չի աշխատում։ Երբեմն հակառակն էինք պնդում, ինչպես օրինակ՝ Սերժ Սարգսյանը, որ անգամ 2017-ին՝ ապրիլյան պատերազմից հետո, հայտարարեց․ «Չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ժամացույցի սլաքը շփման գծի միայն մեկ կողմում է պտտվում»։

Մենք մի քանի անգամ կորցրինք խաղաղ կարգավորման հնարավորությունը, քանի որ մեր սրտով չէր, քանի որ չէինք ցանկանում խոստովանել, որ` այո, կարգավորման առաջարկների կապը մեր երազանքի հետ` հետզհետե բարակում է։ Եւ որ` այո, հնարավոր է`ստատուս քվոն աշխատի կողմերից մեկի օգտին։ Դա փաստ էր, եւ ամեն անգամ չտեսնելու տալով փաստը՝ բախվում էինք հաջորդ՝ ավելի վատ տարբերակին, ավելի դառն իրականությանը, եւ հետեւանքը 2020-ի աղետալի պատերազմն էր։

Սակայն, այդ հետեւանքից հետո սթափվելու ու դասեր քաղելու փոխարեն, վախենալով առերեսվել իրականությանն ու խոստովանել, որ մենք սխալ էինք պետականության հետ կապ չունեցող մեր պաթոսի եւ վերամբարձության մեջ, որ պարտավոր էինք, բայց չցանկացանք տարանջատել մեր ցանկությունները հնարավորություններից, կարելին` անկարելիից, ընտրեցինք շատ ավելի հեշտ ու հարմարավետ ուղի՝ հայտարարեցինք, որ պատերազմն անխուսափելի էր։ Ասել է թե՝ մեզանից ոչինչ կախված չէր, եւ ուրեմն` մեզանից ոչինչ կախված չէ նաեւ հիմա եւ չի լինելու ապագայում։ Այդպես ահա ամեն անգամ կբախվենք նոր աղետների՝ նախապես ազատված լինելով աղետները կանխելու համար բարդ եւ տհաճ որոշումներ կայացնելու պատասխանատվությունից։    

Խաղաղապահների թեմայի «թեժացումը»

Ինչպես նշեցինք, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված միջնորդների առաջարկած գրեթե բոլոր տարբերակներում մշտապես առաջարկվել է նաեւ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում` որպես անվտանգության երաշխիք։ Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք բանակցային պրոցեսի վերաբերյալ բավականին բաց դիսկուրս կար, եւ Նախագահն ինքն էր անգամ ամենաոչականջահաճո իրողությունների վերաբերյալ անթաքույց խոսում, 1998-ից հետո մեզ կա՛մ ասում էին՝ հարցն արդեն լուծված է, հիմա միայն դա ենք ամրագրում, կա՛մ ասում էին՝ մի՛ մտածեք այն հարցի շուրջ, թե ի՛նչ ենք փոխզիջելու, մտածեք, թե դրա դիմաց ի՛նչ ենք ստանալու։

Չնայած ընթացող բանակցություններին, դրանց բովանդակության մասին տարեցտարի իրականությունից ավելի ու ավելի հեռացող տեղեկություններ էին հաղորդվում։ Իսկ Մադրիդյան սկզբունքների ընդունումից հետո` արդեն կայացած հաղթանակ եւ կատարված փաստ գնահատվեց փաստաթղթում ներառված հանրաքվեի մասին կետը, եւ ուղղորդված քննարկումներն արդեն ընթանում էին հենց այդ առանցքի շուրջ՝ միաժամանակ թեժ պահելով այն տեսակետը, թե արդյո՞ք ընդհանրապես պետք է վերադարձնել որեւէ տարածք։ Այն, որ կարգավորման սկզբունքները նախանշող այդ փաստաթղթում սահմանված էր նաեւ խաղաղապահների տեղակայում, կարծես` այնքան էլ չէր հուզում հայ հանրությանն ու հայ քաղաքական-փորձագիտական-վերլուծական մտքին։ Համենայն դեպս, սկզբնական շրջանում այդ հարցի շուրջ այնպիսի թեժ քննարկումներ չէին ընթանում, ինչպես որ քննարկում էին, օրինակ, տարածքների հարցը. խաղաղապահների թեման կարծես համարվում էր մի հեռավոր, անիրական վտանգ։ Քննարկումների բացակայությանն իր որդեգրած կեցվածքով, բնականաբար, նպաստում էր նաեւ օրվա իշխանությունը, որն, ինչպես արդեն նշեցինք, պարբերաբար հայտարարում էր, որ այդ հարցին բանակցությունների ժամանակ իսկի չեն էլ հասել։ Նաեւ` կարծես չէր ընկալվում կամ ձեւացվում էր, թե չի ընկալվում, թե որքան կարեւոր կարող է լինել այդ հարցն ու ինչ ազդեցություն կարող է ունենալ նաեւ մյուս հարցերի, հետեւաբար եւ` ողջ պրոցեսի վրա։

Սակայն կազանյան տապալումից որոշ ժամանակ անց այդ խնդրի համատեքստում որոշակի փոփոխություններ նկատվեցին․ հանկարծ սկսեցին մեկնաբանություններ հայտնվել խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին, ավելի կոնկրետ` իշխանության ներկայացուցիչներին սկսեցին, իբր` պատահաբար, նման հնարավորության մասին հարցեր տալ, իշխանության ներկայացուցիչներն էլ, իբր` պատահաբար, սկսեցին մեկնաբանել այդ հարցը։ Այսինքն, ինչ-որ պահից սկսած՝ հնարավոր կարգավորման շղթայում ամենավերջին օղակը համարվող խաղաղապահների թեման հանկարծ սկսեց քննարկվել առաջնահերթությամբ։

Բայց ուշագրավն այն է, որ հարցերն ու մեկնաբանություններն առնչվում էին ոչ թե ընդհանրապես միջազգային խաղաղապահների գաղափարին, այլ հենց ռուսական խաղաղապահների տեղակայման հնարավորությանը։

Բանակցություններից տեղյակ ՀՀԿ իմ աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական խաղաղապահների թեմայի վերաբերյալ իրենց ուղղված առաջարկներն սկզբնավորվել են 2015 թվականից։ Այդուհանդերձ, այս եւ այլ թեմաների վերաբերյալ ունենալով սեփական տեղեկությունները, սույն վերլուծությունը հիմնված է լինելու հիմնականում բաց աղբյուրներում առկա տեղեկատվության վրա։ Ուստի դառնանք բաց աղբյուրներին։

Իմ դիտարկումներով, այդպիսի լուրջ առաջին նախանշանները նկատվեցին 2014-ին։  

2014-ի օգոստոսի սկզբին տեղի ունեցած սահմանային բախումներից հետո (դադարեցին Սոչիում կայացած Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո) ՀՀ իշխանությունները սկսեցին հանկարծ անդրադառնալ խաղաղապահների տեղակայման հնարավորությանը։ Այդ ժամանակ, սակայն, դեռ այնքան էլ պարզ չէր` իշխանությունների պնդմամբ` եթե նման հարց դեռ չի քննարկվում, ինչո՞ւ էր այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություններ անելու անհրաժեշտությունը ծագել։  

Մասնավորապես, 2014-ի օգոստոսի 6-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՊՆախարար Սեյրան Օհանյանին հարց տրվեց. «Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած ռազմական գործողությունների ֆոնին արդյոք կարիք կա՞ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայել»:

Օհանյանն այսպես արձագանքեց․ «Ճիշտ է, իրավիճակը մենք մշտապես գնահատում ենք որպես «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակ, որովհետեւ հակառակորդի կողմից մշտապես խախտվում են հրադադարի պայմանները, բայց մեր ստորաբաժանումների պատրաստության շնորհիվ մենք պահպանում ենք այդ իրավիճակը: Ասել է թե՝ այդ ուժերի հավասարակշռության մասին երբ որ մենք խոսում ենք, միանգամից կարելի է եզրակացություն անել, թե ինչ նշանակություն ունի քանակը կամ որակական պատրաստությունը: Այդ առումով մենք մեր առջեւ դրված խնդիրները ինքնուրույն կարող ենք լուծել, եւ խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք այսօր չկա»։   

Կարծես պատահաբար, բայց նույն թեմային օրեր անց՝ օգոստոսի 11-ին, «Արմնյուզ»-ի եթերում անդրադարձավ նաեւ անձամբ Սերժ Սարգսյանը։

Հատված այդ հարցազրույցից

«Արտակ Ալեքսանյան — Այս օրերին, ի դեպ, շատ էր խոսվում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հնարավոր խաղաղապահների տեղակայման հարցի մասին: Խոսվում էր անգամ ռուս խաղաղապահների մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հեռանկարին:

Սերժ Սարգսյան — Ես առաջին անգամ եմ լսում միայն ռուս խաղաղապահների մասին, իսկ, ընդհանրապես, Մադրիդյան սկզբունքները ենթադրում են խաղաղապահների տեղակայում շփման գծի ողջ երկայնքով, այսինքն` կողմերի միջեւ: Բայց դա այս բանակցությունների առարկան չէ եւ թեման չէ, որովհետեւ այստեղ միայն զուտ սկզբունքը պետք է քննարկվի̀ լինելո՞ւ են արդյոք խաղաղապահներ, թե՞ չէ: Կազանյան փաստաթղթում այդ դրույթը կա: Իսկ խաղաղապահ ուժերի կազմը, լիազորությունները կորոշվեն Մեծ համաձայնագրում, որը պետք է հետեւի այս փաստաթուղթը ստորագրելուն»:

2014-ի այս հայտարարություններին չէինք անդրադառնա, եթե չլիներ նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջերս արված մեկնաբանությունն այն մասին, որ իրենք կարգավորման վերաբերյալ ռուսական մոտեցումները ներկայացրել էին դեռ 2012 թվականին։  

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2022 թվականի դեկտեմբերին հայտարարել էր

«Իրապես ռուսական առաջարկները․․․ սկսենք նրանից, որ մենք դեռ 2012-ին ունեինք առաջարկներ, որոնց ընդունման դեպքում կարող էին փակել այս խնդիրը մեկընդմիշտ։ Համենայն դեպս, այդ ժամանակաշրջանում ի հայտ եկավ Ղարաբաղի կարգավիճակի հարցը «ապագային» թողնելու կոնցեպտը։ Պարզ բան էր հայերը դուրս են գալիս Ղարաբաղի շուրջ հինգ ադրբեջանական շրջաններից՝ պահելով Հայաստանը Ղարաբաղին կապող երկու շրջանները։ Դրանց (այդ երկու շրջանների- հեղ) ճակատագիրը (որեւէ մեկը չի վիճարկում, որ դրանք ադրբեջանական են) կորոշակիացվեր Ղարաբաղի կարգավիճակի որոշակիացման ժամանակահատվածի հետ փոխկապակցված։ Այդ ժամանակ ի հայտ եկավ կարգավիճակի հարցը ապագային՝ հաջորդ սերունդներին թողնելու կոնցեպտը»։ 

2014-ին, այսպիսով, այդ թեման կարծես փակվեց, բայց առավել ակտիվացավ 2016-ին՝ ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։

Ընդ որում, թեման մեկնաբանում էին ոչ միայն իշխանամերձ կամ ակնհայտ իշխանամերձ գործիչները, փորձագետներն ու վերլուծաբանները, այլեւ արդեն իշխող ուժի ներկայացուցիչները, Արցախի իշխանությունները, անձամբ Սերժ Սարգսյանը։ Բնականաբար, առավել բաց քննադատությունն ու խաղաղապահների դեմ քարոզն անում էին հենց առաջինները (ակնհայտորեն` իշխանությունների «դաբրոյով»), հենց նրանք էին քարոզչական մարտադաշտի առաջնագծում՝ «մեզ խաղաղապահներ պետք չեն, մենք խաղաղապահներ արդեն տեսել ենք» մտայնության շրջանակներում։ Այդ հայտարարությունները բաց են, համացանցում կարելի է գտնել դրանք։ Մենք, սակայն, անդրադառնանք առավել բարձր մակարդակով հնչած մի քանի հայտարարությունների՝ իրավիճակը հասկանալու համար։

2016-ի ապրիլի 8-ին Գերմանիա կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել Deutsche Wellе-ին։ Գերմանական լրատվամիջոցը հարց էր ուղղել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժեր, օրինակ՝ ռուսական զորք տեղակայելու հնարավորության մասին, ինչին Սերժ Սարգսյանն արձագանքել էր․ «Մենք երբեք դրան դեմ չենք, բայց համարում ենք, որ խնդիրը պետք է կարգավորվի համապարփակ: Ընդհակառակը, մենք համաձայնվել էինք ստորագրել այն փաստաթուղթը, որը ենթադրում էր համապարփակ կարգավորում, եւ այդ փաստաթուղթը ենթադրում էր նաեւ խաղաղապահների տեղադրում շփման գծի ողջ երկայնքով: Ադրբեջանցիներն են հրաժարվել դրանից»:

Թեեւ այդ ժամանակ տպավորություն էր ստեղծվել, որ Սարգսյանը կողմ էր արտահայտվել հենց ռուսական ուժերի տեղակայմանը, բայց ինչպես դրանից առաջ, այնպես էլ հետո՝ կազանյան պրոցեսի հետ կապված իր մեկնաբանություններում պարզաբանել էր, որ կազանյան օրինակը հիշեցնելով՝ ինքը ոչ թե կոնկրետ որեւէ երկրի խաղաղապահների, այլ՝ ընդհանրապես խաղաղապահների գաղափարն է նկատի ունեցել։  

Մեր կարծիքով, այդ առումով առավել առանցքային է Սարգսյանի մեկ այլ հարցազրույց, որը նա տվել էր դրանից օրեր անց` 2016-ի ապրիլի 25-ին՝ Bloomberg գործակալությանը։

Այս հատվածը բավականին կարեւոր է, քանի որ Սարգսյանը, նախ, ներկայացնում է, թե նախկինում ինչպես պետք է տեղի ունենար որեւէ խաղաղապահ ուժի տեղակայումը, նաեւ` թե «տեսականորեն» ինչպես կարող են ռուսական խաղաղապահները հայտնվել տարածաշրջանում։

Այդ հարցազրույցից մի հատված․

«ԼրագրողՌուսական մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան առ այն, որ Լավրովի առաջարկների մի մասը ներառում էր հայկական ուժերի հետքաշում ԼՂ հարակից ադրբեջանական տարածքներից եւ ռուսական խաղաղապահների ինչ-որ կերպ ներկայություն այդ հատվածում: Կա՞ Հայաստանի համար նման ընդունելի մի բան, եւ երբեւէ քննարկվե՞լ է դա:

Սերժ ՍարգսյանԱյդպես չէ, բայց ես հասկանում եմ` դուք ինչ եք ասում: Եվ դա որոշակի հիմքեր ուներ, բայց անկեղծ պիտի ասեմ, որ կոռեկտ հնչի` այն լրագրողները, որոնք աշխատում էին այդ հոդվածների վրա, շատ լավ չէին պատկերացնում իրավիճակը եւ քիչ տեղեկություններ ունեին: Դրա համար մի տեսակ անհասկանալի շիլաշփոթ էր իրենց ասածը:

Ես որ ասում էի` հիմք կար, ինչը նկատի ունեի. իրոք, Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին հետեւյալ պատկերը… իսկ Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների վրա արված փաստաթուղթ էր` արդեն շատ ավելի ծավալուն: Այն ենթադրում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` ազատ կամարտահայտության միջոցով, եւ ասված է, որ այդ ազատ կամարտահայտությունն անպայման պետք է ունենա իրավական ուժ, եւ այսպես` մանրամասներ որոշակի: Բայց ժամկետ նշված չէ, թե երբ պետք է տեղի ունենա այդ ազատ կամարտահայտությունը: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստանում էր ժամանակավոր կարգավիճակ` ժամանակավոր այն հատվածի համար, որ պետք է լիներ, այսինքն` այդ փաստաթուղթը ստորագրելուց մինչեւ ազատ կամարտահայտություն անցկացնելու պահը: Ինչքան էլ տեւեր` 5 տարի, 50 տարի, 500 տարի: Այս փաստաթուղթը նաեւ նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար 5 տարածքներից, եւ պետք է գային խաղաղապահ ուժեր, որպեսզի այլեւս կոնֆլիկտ չլիներ: Բայց խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեին ոչ թե այդ ազատագրված ողջ տարածքում, այլ կողմերի միջեւ: Իսկ ազատված տարածքներ պետք է վերադառնար ադրբեջանական բնակչությունը: Սա էր: Երեւի ինչ լսել են, չեն տեսել փաստաթուղթը, եւ իրենց մակարդակն էլ այդքան է հերիքել, որ այդպես ներկայացնեն:

Լրագրող- Արդյոք այժմ` ներկա իրադրությունում, ռուս խաղաղապահների որեւէ դերակատարություն տեսնո՞ւմ եք` ճնշումները նվազեցնելու, էսկալացիան մեղմելու տեսանկյունից: Նույնիսկ եթե անմիջական բանակցություններ իրականացնելու հնարավորություն չկա…

Սերժ ՍարգսյանԳիտեք, ես այդպիսի հնարավորություն չեմ տեսնում: Եթե բանակցություններ չկան, ռուսական զորքն ինչպե՞ս պետք է հայտնվի Ղարաբաղում կամ Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի միջեւ: Ես այդպես եմ կարծում, որ ռուսական զորքն այստեղ կարող է հայտնվել կողմերից մեկի հրավերով` առնվազն»: 

Ճիշտ է, Սարգսյանն իր խոսքում տեղակայման հնարավորությունների մասին խոսում է` ներկայացնելով որպես իր կարծիք, բայց եթե ասելիքի համար որեւէ հիմք չլիներ, ապա հազիվ թե նա նման մանրամասներ ներկայացներ, փոխարենը կասեր այն, ինչ որ, օրինակ, ասել էր 2014-ին՝ Արտակ Ալեքսանյանին։

Բայց այս դեպքում արդեն ասելիքի բովանդակության ակնհայտ, անգամ ռադիկալ փոփոխություն կա, եւ դատելով նրա խոսքից, կարելի է ենթադրել, որ ռուսական զորքի տեղակայման երկու հնարավորություն էր քննարկվում կամ առաջարկվում` կողմերի եւ առնվազն կողմերից մեկի հրավերով։

1՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնում էին. այդ դեպքում զորքը կտեղակայվեր հակամարտող կողմերի միջեւ,

2՝ կողմերից մեկի հրավերով. հասկանալի է, որ այդ կողմը չէր կարող լինել Ադրբեջանը, հետեւաբար, եթե այդ կողմը մենք ենք, եւ զուգահեռաբար չկա Ադրբեջանի համաձայնությունը, ապա ռուսական զորքը կարող էր տեղակայվել «չվերադարձվող» կամ, այսպես ասած՝ մեզ մնացող տարածքում։

Եւ հազիվ թե Սերժ Սարգսյանը լեզվի սայթաքում աներ՝ տարբերակված նշելով առանձին «Ղարաբաղում»-ը եւ առանձին` «Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ»-ը։

Ինչ վերաբերում է Սարգսյանի նշած «հրավիրել» բառին, ապա այդ ժամանակ նույն միտքը ՝ արդեն խնդրել իմաստով, մեկ այլ հանրապետական եւս հնչեցրեց՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

2016-ի ապրիլի 8-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է

«․․․հայկական կողմը որեւէ անգամ խնդրանքով հանդես չի եկել, որ ԼՂՀ-ում տեղակայվեն խաղաղապահներ, սակայն նաեւ դեմ չենք եղել դրան: Եթե պնդում են, մենք դեմ չենք, բայց որեւէ անգամ մենք խնդրանքով հանդես չենք եկել»։ («Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» ոճի ծանոթ մտածելակերպ չէ՞- հեղ.)։

Հարցին, թե միջազգային հանրության ներկայացուցիչներից ովքե՞ր են պնդում, ո՞ր կողմը՝ ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան, Բաղդասարյանը պատասխանել է. «Ոչ մի կողմն էլ չի պնդում, նման քննարկումներ եւ առաջարկություններ կան»:

Նույն ճեպազրույցի ժամանակ նույն թեմայից խոսել է նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը․

«Քանի դեռ մենք կարողանում ենք վերահսկել սահմանների պաշտպանությունը, եւ վստահ եմ, որ կարող ենք շարունակել մենք մեզ պաշտպանել, խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությունը չկա»:
Ռուստամյանը հայտարարել է, թե այս հարցը կարող է մտնել որոշ երկրների քաղաքական շահերի մեջ․ «Չեմ բացառում, որ նման ծրագիր քննարկվի»։

Հարցին, թե ո՞ր երկրներին կարող է ձեռք տալ խաղաղապահների տեղակայումը,  Ռուստամյանը պատասխանել է, թե՝ որոնք ուղղակի ներկայություն են ուզում ունենալ տվյալ տարածքներում։

Կրկին 2016-ի ապրիլին, ավելի կոնկրետ՝ ապրիլի 4-ին, եւ կրկին` ռուսական խաղաղապահների հնարավորության դեմ խոսում է Արցախի այն ժամանակվա ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը՝ «Медуза»-ին տված հարցազրույցում։

«Լրագրող- Ռուսական խաղաղապահների տարբերակը բացառո՞ւմ եք։

ՄիրզոյանԻմ անձնական կարծիքով՝ լավագույն խաղաղապահները ղարաբաղցի զինվորներն են։

Լրագրող— Բայց չէ՞ որ ձեզ մոտ շփման գծում փոխհրաձգություններ են տեղի ունենում, զինվորներ են զոհվում։

ՄիրզոյանԲայց մենք պահպանում ենք հրադադարի այս ռեժիմը։

ԼրագրողԱյդ զոհերից կարելի էր խուսափել։

ՄիրզոյանԵթե կարծում եք, որ խաղաղապահների գալուց հետո Ադրբեջանը փոխելու է իր դիրքորոշումը, դուք մոլորության մեջ եք։

ԼրագրողԲայց ռուսների ուղղությամբ չեն կրակի։

ՄիրզոյանԴուք երաշխիքներ ունե՞ք։ Այս պահի դրությամբ խաղաղապահների հրատապ կարիք չկա։ Նրանք ներգրավվում են այն պահին, երբ իրավիճակն ամբողջությամբ դուրս է գալիս վերահսկողությունից, եւ իրական հեռանկար է բացվում քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային կորուստների համար։ Այսօրվա դրությամբ ԼՂՀ ՊԲ-ն արդյունավետ կերպով կարողանում է իրականացնել իր գործառույթները․․․»։

Թերեւս, կարիք չկա ընդգծելու, որ Արցախի ԱԳ նախարարը հազիվ թե` այն էլ այդ ժամանակ, ՀՀ իշխանությունների հետ չհամաձայնեցված՝ անձնական տեսակետներ ներկայացներ։

Մեկ այլ հարցազրույց Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության անդամ Գագիկ Պետրոսյանի հետ (Tert.am)։

«ԼրագրողՆաեւ շրջանառության մեջ է դրվել առաջնագծում խաղաղապահների տեղակայման հարցը: Կարծում եք` Արցախի անվտանգությունը կարո՞ղ են լուծել խաղաղապահների տեղակայման միջոցով:

ՊետրոսյանՉգիտես ինչու` 22 տարվա փխրուն հրադադարից հետո, որն ապահովվել է ուժերի հավասարակշռությամբ, հանկարծ սկսեցին խոսել խաղաղապահների մասին։ Միգուցե նրանք մտածում են, որ այդ հավասարակշռությունը խախտվա՞ծ է: Բայց ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այն կա, եւ եթե ներդնեին վերահսկողության մեխանիզմներ, հրադադարը դեռ երկար կարելի կլինի պահպանել: Այսինքն` խաղաղապահներ կարող են լինել միայն Արցախի միջազգային ճանաչումից հետո: Ըստ որում` այդ խաղաղապահ կոնտինգենտը պետք է լինի բազմազգ, բնականաբար` առանց Թուրքիայի մասնակցության»:

Այսպիսով, ֆիքսում ենք, որ ապրիլյան պատերազմից հետո հանկարծ տեղի է ունենում քննարկումների ձեւաչափի փոփոխություն ռուսական խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին, եւ հնչում են հայտարարություններ, որ մենք խաղաղապահների կարիք չունենք։ Ընդ որում, եթե իշխանություններն առավել զգույշ էին իրենց խոսքում, ապա իշխանամերձ փորձագիտական շրջանակների կողմից կարգավորման թեմայի քննարկումներում ռադիկալ մոտեցումներն ուժգնանում էին՝ արդեն հետպատերազմյան իրողությունների համատեքստում, այն  է՝ ապրիլյան պատերազմում մենք հաղթել ենք, եւ եթե կարգավորման մեր ցանկալի տարբերակի այլընտրանքը պատերազմն է, ապա մենք պատերազմից չպետք է վախենանք, քանի որ արդեն հաղթել ենք նորից, եւ ուրեմն` եթե կարգավորման մեր ցանկալի տարբերակը չլինի, պետք է ծանրութեթեւ անենք՝ ընդհանրապես գնա՞լ փոխզիջման, թե՝ ոչ։

Այդ օրերի իրադարձություններից, թերեւս, արժե մեջբերել նաեւ մեկ երկխոսություն, որ տեղի էր ունեցել ապրիլի 22-ին՝ Երեւան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Սերժ Սարգսյանի միջեւ։

«Սերժ Սարգսյան- Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Դրա համար էլ ինձ համար չափազանց կարեւոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց»:

Սերգեյ Լավրով- Ինչո՞ւ իրավիճակը հայտնվեց նման ճգնաժամային կետում, ես չեմ կարող որոշել Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն, բայց կարծում եմ, որ եթե մեզ հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել` թեկուզ մի փոքր, եթե մենք թեկուզ նախանշեինք ընդհանուր սկզբունքները, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, իհարկե` դա ոչ միայն կարեւոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլ նաեւ զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար»։

«Ինչո՞ւ դա պատահեց» հարցի կապակցությամբ էլ՝ մեկ այլ ուշագրավ հղում։

2016 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի Խորհրդարանում, Խորհրդարանի նախագահի ներկայությամբ, Մինսկի խմբի այն պահին արդեն նախկին համանախագահ Պիեռ Անդրիոյի մասնակցությամբ տեղի է ունենում քննարկում հետեւյալ թեմայով՝ «Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական հարաբերությունները, մասնավորապես, ֆրանսիական նպատակները՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության եւ ժողովրդավարության զարգացմանը»։

Բավականին ուշագրավ այս քննարկման ժամանակ ահա այսպիսի երկխոսություն է նաեւ տեղի ունենում պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի եւ համանախագահ Անդրիոյի միջեւ․

«Ռոշբլուան— Դուք այն ժամանակ պատկերացնո՞ւմ էիք, թե ինչ կարող է տեղի ունենա։ Ունեի՞ք՝ մտավախություններ։

Անդրիյո- Իհրակե, միշտ էլ առկա են մտավախություններ, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից՝ այս կամ այն կողմից եղած այս կամ այն սադրանքի արդյունքում։ Բայց մենք գաղափար չունեինք, թե ինչ կարող է տեղի ունենալ, հատկապես, որ երկու նախագահներն էլ գտնվում էին արտասահմանում։ Արդեն տեղում, օրեր անց, մենք հանդիպեցինք չափից դուրս ինքնավստահ ադրբեջանական պաշտոնյաների, որոնք ասում էին․ «Հիմա մենք կարող ենք անել այն, ինչ ցանկանում ենք»։ Մյուս կողմից, պետք է խոստովանել, որ հայկական պաշտոնյաները ասես գլխին հարված ստացած լինեին։ Նրանց համար դա իրապես տհաճ անակնկալ էր։ Բացառված չէ, որ ռուսները գիտեին այդ գործի մասին եւ քաղաքական պատճառներով նրանք ձգտել են չգործել, որպեսզի հանդարտեցնեն Հայաստանին, որը չէր ցանկանում քննարկել նրանց արված առաջարկը»։

Ասել, թե միայն 2016-ին են եղել խաղաղապահներին վերաբերող հայտարարություններ, սխալ կլինի, դրանք շարունակվել են նաեւ հետագայում, բայց բարձրագույն մակարդակով արդեն ոչ այն ուժգնությամբ եւ ինտենսիվությամբ, ինչպես 2016-ին։ Օրինակ, 2017-ին «Բազե» ճամբարի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին, իբր` պատահաբար, հարց էր ուղղվել, թե որքանո՞վ են ճիշտ խոսակցությունները, որ ինքը ՌԴ նախագահի հետ վերջին հանդիպմանը քննարկել է Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը։

Սարգսյանն էլ պատասխանել էր․ «Մենք ոչ միայն խաղաղապահ ուժերի մասով քննարկում չենք անցկացրել, այլ ընդհանրապես քննարկում չենք անցկացրել: Ես մի քանի բառով ուղղակի ներկայացրել եմ իրավիճակը, որ այսօր տիրում է շփման գծում եւ ասել եմ իմ պատկերացումը մեր հարեւանի մտադրությունների հետ կապված: Ընդամենը: Ուրիշ որեւէ այդպիսի հարց չենք քննարկել»։

Դրանից մեկ տարի անց՝ 2018-ի ապրիլին, Սերժ Սարգսյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ բանակցությունները լավատեսություն չեն ներշնչում․ «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած` այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետեւ այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի մեզ համար․․․»:

ՄՃԽ կողմերը պետք է շտապեն

Խաղաղապահների հարցի վերաբերյալ  բավականին ուշագրավ դետալներ կան 2019-ի վերջին Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած «Ելքեր փակուղուց Լեռնային Ղարաբաղում» վերնագրով զեկույցում։ Ի դեպ, հենց այդ զեկույցում ՄՃԽ-ն պնդում էր նաեւ, որ Երեւանն ու Բաքուն պետք է շտապեն, պետք է արագ գործեն. «Եթե կողմերը հապաղեն, ապա կարող են բաց թողնել առաջընթացի հասնելու հնարավորությունը, որի պայմաններում հարաբերական խաղաղությունը չի կարող շարունակվել»: Կարճ ասած՝ արդեն 2019-ին զգուշացնում էին հնարավոր պատերազմի մասին։ Ի պատասխան այդ զեկույցի, Արցախի ԱԳ նախկին նախարար, այն ժամանակ ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել էր, թե դա այնքան էլ ազդեցիկ զեկույց չէ. «Նման զեկույցները ոչ լիարժեքորեն են արտացոլում իրերի դրությունը կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄՃԽ-ում էական մեծ է թուրքական եւ ադրբեջանական լոբբիի ազդեցությունը, ինչը միանշանակ է թե՛ փորձագետների, թե՛ իրենց կազմի, թե՛ իրենց մոտ ընդգրկված եւ ֆինանսավորված կազմակերպությունների տեսքով»։ Հետեւաբար, Բաբայանի գնահատմամբ՝ այնտեղ բնական է, որ ոչ լիարժեք եւ օբյեկտիվ տեղեկություններ են։ Կյանքը ցույց տվեց, որ զեկույցում հիշատակված նախազգուշացումներն իրականացան, բայց Դավիթ Բաբայանն այդպես էլ մնաց իր կարծիքին, որ կարգավորման գնալ պետք չէր։ Ինչեւէ, դառնանք զեկույցում նշված կոնկրետ ռուսական առաջարկների վերաբերյալ հատվածին։

Զեկույցում նշվում էր․

«Ռուսաստանը տարածաշրջանային միակ տերությունն է, որը հրապարակավ խաղաղապահության պատրաստակամություն է հայտնել՝ 1992-1994 թվականների պատերազմի սկզբից ի վեր առնվազն երկու անգամ առաջարկելով զորքեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում (սկզբում՝ 1994-ի Բիշքեկի արձանագրության ստորագրումից անմիջապես հետո, ապա՝ 2015-ից հետո, ինչը քննարկվում է ստորեւ)։ Ներկա եւ նախկին ռուս պաշտոնյաները պնդում են, որ Ռուսաստանի գլխավորած խաղաղապահ ուժերը կարող են օգնել կանխել հետագա ռազմական գործողությունները, նույնիսկ ավելի լայն համաձայնագրի բացակայության դեպքում: Իսկապես, Ռուսաստանը համաշխարհային միակ տերությունն է, որը դեռ ակտիվ մասնակցություն ունի Լեռնային Ղարաբաղում։

․․․Լեռնային Ղարաբաղում զորքերի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները հետեւողականորեն մերժվել են Հայաստանի, Ադրբեջանի կամ երկուսի կողմից: Երկու երկրներն էլ կիսում են այն մտավախությունը, որ Ռուսաստանի գլխավորած կամ նրա ուժերից բաղկացած առաքելությունը չի կարողանա լուծել հակամարտությունը՝ ստեղծելով նոր վտանգներ։ Հոռետեսները պնդում են, որ խաղաղապահները քողաշղարշ կծառայեն տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայությունն ամրապնդելու համար։ Երեւանն ու Բաքուն նաեւ մտավախություն ունեն, որ ռուսական առաքելությունը կարող է խարխլել իրենց ինքնիշխանությունը եւ ուժեղացնել կախվածությունը Մոսկվայից: Երկուսն էլ լավ հարաբերություններ են պահպանում Ռուսաստանի հետ, սակայն նրանցից ոչ մեկը լիովին չի վստահում Մոսկվայի մտադրություններին, երբ Կրեմլը զենք է վաճառում նրանց երկուսին էլ եւ աշխատում է ավելի լայն տարածաշրջանում (այդ թվում՝ Թուրքիայում, Իրանում եւ Վրաստանում) իր ազդեցությունն ընդլայնելու վրա»։

Խաղաղապահներ ուղարկելու մասին Մոսկվայի վերջին առաջարկը, այսպես կոչված, Լավրովի պլանի մի մասն էր։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ 2015-ին առաջին անգամ քննարկած եւ 2016-ի ռազմական գործողություններից հետո կրկին առաջ քաշած պլանը երբեք պաշտոնապես չի ճանաչվել Կրեմլի կողմից: Պլանով առաջարկվում էր Լեռնային Ղարաբաղում ռուսական զինված ուժերի տեղակայումը կապել հարակից տարածքներից հայկական զորքերի աստիճանական դուրսբերման եւ անորոշ ժամկետով «ժամանակավոր կարգավիճակի» տրամադրման հետ։ Վերջինս որեւէ հստակություն չի պարունակում այն մասին, թե ինչպիսին է լինելու հանրաքվեն կամ երկարաժամկետ կարգավիճակը։

Ադրբեջանի ղեկավարները, հետ կանգնելով ռուսական ներկայությանը իրենց սովորական ընդդիմությունից, սկզբում պաշտպանեցին այդ պլանը՝ հույս ունենալով, որ դա կարող է հիմք դնել Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձին եւ հակամարտության գոտում հայկական ուժերի թվի կրճատմանը։ Ռուսաստանի առաջարկը դիտարկելու Բաքվի պատրաստակամությունը, չնայած Մոսկվայի եւ զինված խաղաղապահների դերի վերաբերյալ նրա վերապահումներին, եւս արտացոլում է նրա համակերպումը, որ Արեւմուտքի շահագրգռության բացակայության պայմաններում որեւէ այլ արտաքին ուժ, ամենայն հավանականությամբ, չի ներգրավվի: Ժամանակի ընթացքում ադրբեջանական իշխող վերնախավը աստիճանաբար ավելի ընդունելի է համարում Ռուսաստանի մասնակցությունը հակամարտության ցանկացած կարգավորմանը։ Իսկապես, 2016-ին Ադրբեջանը պատրաստակամ էր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հարցում, որը, ինչպես նա հույս ուներ, կփոխարիներ հայկական ուժերին եւ կապահովեր վերաբնակիչների անվտանգությունը մինչեւ տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողությանը (որից հետո տեղահանվածները կկարողանային վերադառնալ)։

Երեւանն իր հերթին մերժեց այդ առաջարկը։ Գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ դրույթների բացակայությունը եւ հայ ղեկավարների մտավախություններն էին, որ նման խաղաղապահները, փաստորեն, Ղարաբաղին կզրկեն անկախության հեռանկարից: Հայ որոշ պաշտոնյաներ, ըստ հաղորդումների, հայտարարել են, որ փաստաթուղթը, թերեւս, մշակվել էր Բաքվում՝ նկատի ունենալով, թե որքան համահունչ է այն, իրենց կարծիքով, ադրբեջանական շահերին։

Այսօր Լավրովի առաջարկը չի քննարկվում։ Ոչ միայն Հայաստանն է շարունակում մերժել այն, այլեւ Ադրբեջանն է վերադարձել «հավասարակշռված խաղաղապահ ուժերի» նախկին կոչերին, որոնք ներառում են ոչ թե միայն Ռուսաստանի, այլեւ մի քանի երկրների խաղաղապահներից կազմված զորակազմեր: Ոմանք Բաքվում նույնիսկ վերադարձել են հին բանաձեւերին՝ պնդելով, որ համանախագահող երկրները եթե իրենց ներդրումն են ունենում խաղաղապահ ուժերում, ապա նրանց անհատական ներդրումները պետք է կազմեն առաքելության անձնակազմի թվի 10 տոկոսից ոչ ավելին՝ դրանով իսկ կրճատելով ռուս զինծառայողների թիվը, եւ որ` խաղաղապահները պետք է անզեն լինեն։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա նախկինի պես պատրաստ է աջակցել Ռուսաստանի մասնակցությամբ բազմազգ ներկայությանը, քանի դեռ բանակցությունները շարունակվում են, քանի դեռ այդ հավաքակազմը զինված չէ եւ ունի միայն դիտարկման մանդատ ու չի պահանջում հայկական զորքերի անհապաղ դուրսբերում:

ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խումբը, հավանաբար, պետք է հաշվի առնի Հայաստանի եւ Ադրբեջանի անհանգստությունը ռուսական մեծ զորակազմի վերաբերյալ: Պարտադիր չէ, որ Բաքվի ու Երեւանի առարկությունները բացառեն Ռուսաստանի կարեւոր դերակատարությունը։ Իսկապես, նախկինում Ադրբեջանի կողմից Լավրովի պլանի ընդունումը վկայում է, որ նա կարող էր համաձայնել որոշակի պայմաններում Ռուսաստանի ղեկավարության ներքո խաղաղապահ առաքելությանը։ Բայց Բարձր մակարդակի պլանավորման խումբը կարող է որոնել մի բանաձեւ, որը թույլ կտա ունենալ խառը զորակազմ՝ առանց որեւէ պետության մեծամասնության, ինչը եւ կարող է զսպել ռուսական ավելորդ ազդեցության շուրջ մտավախությունները»։

Քրիստինե Խանումյան

Մաս 2 Մաս 3

Նախորդ հոդվածըԱՄՆ նախկին հետախույզ․ Վաշինգտոնն ուզում է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Վրաստանում
Հաջորդ հոդվածըՀայաստան — Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են