Խաղաղապահներ, որոնց չհրավիրեցին․ Մաս 2

7278

Մաս 1

ՀԱՊԿ  «Սերժ Ազատիչ, քո դիրքորոշումը թույլոտ է»

Հանրության առավել անտեղյակ հատվածին անհասկանալի, հետեւաբար նաեւ` էական չէր թվում այն, որ հայկական կողմը պարբերաբար քննարկում է հենց ռուսական խաղաղապահների հարցը, հատկապես որ` Մադրիդյան սկզբունքներն ընդունելիս ներքին կարգով ջենթլմենական պայմանավորվածություն է եղել, որ միջնորդները չպետք է զորք տեղակայեն հակամարտության գոտում, ասել է թե՝ ՄԽ համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցություններում այդ հարցը չի քննարկվում։

Սակայն, հարցն էլ հենց այն է, որ ինչ-որ պահից ռուսական կողմի համար դա դարձել էր գերխնդիր, ու թեեւ շատերին անտեսանելի էր, բայց, ՄԽ համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցություններին համընթաց, կուլիսներում տեղի էր ունենում այլ պրոցես եւս՝ զուգահեռ բանակցություններ։ Ինչպես իրավացիորեն նշում է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, կողմերին այդ հարցով սեպարատ համաձայնություն էր առաջարկվում։ 

Իսկ բացի հայտարարություններից, կա՞ արդյոք հրապարակային ապացույց՝ ՄԽ ֆորմատից դուրս այդ հարցի վերաբերյալ քննարկումների մասին։ Կա։

Կա ապացույց, որ քննարկվել է խաղաղապահների հարցը, եւ որ ռուսական ներկայությունը դե ֆակտո կարող էր տեղի ունենալ նաեւ ՀԱՊԿ զորքերի տեղակայման տեսքով։

Շատերն են հիշում 2020-ի պատերազմից հետո հրապարակված մի ձայնագրություն, որտեղ Սերժ Սարգսյանը զրուցում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Ըստ Սերժ Սարգսյանի՝ այդ խոսակցությունը տեղի է ունեցել 2016-ի հոկտեմբերի 14-ին Երեւանում, ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ, Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ կազմով նախագահների հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցել էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, Ղազախստանի վարչապետ Բակըտժան Սագինտաեւը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Ձայնագրությունից բոլորը հիշում են այն հատվածը, որտեղ Լուկաշենկոն Սարգսյանին առաջարկում է վերադարձնել 5 շրջանները եւ նշում, որ դրանց դիմաց Ալիեւը խոստացել է 5 մլրդ դոլար, ինչին Սարգսյանը պատասխանում է, որ ինքն էլ պատրաստ է 6 մլրդ տալ Ալիեւին, որպեսզի նա չհարձակվի։ Բայց այդ ձայնագրության մեջ կա եւս մեկ շատ կարեւոր, առանցքային հատված, որն աններելի անուշադրության մատնվեց 5 մլրդ դոլարի մասին խոսակցության ֆոնին․ այդ քննարկման ընթացքում արծարծվում է նաեւ տարածաշրջան 20 հազար թվակազմով խաղաղապահներ ուղարկելու մասին առաջարկը։  

Ստորեւ ներկայացնում ենք այդ խոսակցությունը․

«Սերժ Սարգսյան— Մենք ցանկանում ենք ապրել խաղաղ, բայց, ցավոք, մեր ցանկությունը բավարար չէ։

Ալեքսանդր Լուկաշենկո— Դե, ոնց որ այսպես, ահա ես՝ 7 շրջանները, իսկ հետո նրանք սկսեն պատերազմել. իսկ եթե չսկսե՞ն։

Սարգսյան- Ինչպե՞ս թե՝ եթե, մի՞թե եթե-ին պետք է թողնել 150 հազար բնակչությանը։ 

Լուկաշենկո— Դե հենց ես էդ էլ ասում եմ, որ` լավ, եթե մենք կազմակերպություն ենք, պաշտպանենք, այնպես անենք, որ պատերազմ չլինի վերադարձնելուց հետո։

Սարգսյան— Ինչպե՞ս անել։

Լուկաշենկո— Դա արդեն մենք պետք է որոշենք, ընդհուպ մինչեւ այն, որ պետք է այնտեղ որոշակի խաղաղապահ ուժեր ուղարկենք, օրինակի համար։

Ձայն— Այո, Լեռնային Ղարաբաղ, կտեղակայենք սահմանին։

Լուկաշենկո- Ինչո՞ւ՝ ոչ, մենք հո պատերազմելու չենք գալու այնտեղ, այլ՝ պայմանավորվածությունները պահելու համար, հասկանո՞ւմ ես, այստեղ քո դիրքորոշումը թույլոտ է՝ իմ կարծիքով։

Սարգսյան— Ի՞մ դիրքորոշումն է թույլոտ։

Լուկաշենկո — Այո։

Սարգսյան- Ինչո՞ւ։

Լուկաշենկո -Դե՝ թե չեմ տա 7 շրջանները, որովհետեւ դու հետո իմ դեմ պատերազմ կսկսես. իսկ եթե չսկսի՞։

Սարգսյան- Իհարկե, իսկ ի՞նչ ասել է՝ եթե չսկսի, իսկ եթե սկսի՞։

Ձայն— Եթե այնտեղ խաղաղապահներ տեղակայվեն, այո՞։

Լուկաշենկո- Դե, ես ասում եմ՝ երաշխավորներն են գործի մեջ մտնում։

Սարգսյան— Ինչո՞ւ հենց այնպես տալ, («հենց այնպես»-ը ծանոթ արտահայտություն չէ՞-հեղ․) ես չեմ հասկանում։

Լուկաշենկո— Ինչպե՞ս թե` հենց այնպես, նա կվճարի։

Սարգսյան— Կվճարի՞։

Լուկաշենկո- Նա քեզ առաջարկել է 5 մլրդ առաջին էտապում, եթե դու․․․

Սարգսյան— Թող ես իրեն տալիս եմ 6 մլրդ, թող նա հրաժարվի դրանից։

Լուկաշենկո – Ինչի՞ց, 7 շրջանների՞ց, ի՞նչ ես խոսում, Սերժ Ազատիչ, եթե դու ասեիր՝ ես տալիս եմ 7 շրջանները, չե՞ս ուզում ճանաչել, ահա դուք ռուսների հետ խելացի եք, եկեք 20 հազար այնտեղ, որպեսզի իրավիճակը կայունանա, եւ մենք ոչ մի տեղ չէինք կորչի, եւ բոլորս միասին կլուծեինք այդ հարցը, բայց դու այն լուծել չես ցանկանում, դա իմ կարծիքն է, սա որպես ընկեր եմ ասում։

Սարգսյան – Լսիր, խնդրում եմ, ես դա չեմ կարող անել, ինչո՞ւ, քանի որ այդ 7 շրջանները նվաճվել է այնտեղ զոհված 5000 կյանքի գնով, 5000 մարդ է այնտեղ զոհվել։

Լուկաշենկո— Եւ ի՞նչ։

Սարգսյան — Եւ ի՞նչ, դե եթե քեզ համար եւ ինչ է, ինձ համար․․․

Լուկաշենկո— Ոչ, մեզ մոտ 30 մլն մարդ է զոհվել, եւ ի՞նչ, մենք այսօր գերմանացիների հետ պատերազմո՞ւմ ենք։

Սարգսյան- Նախ, մենք պակաս զոհեր չենք տվել, միայն 30 հազարը զոհվել է Բելառուսի ճակատում։

Լուկաշենկո— Առավել եւս»։

Առավել ուշագրավն այն է, որ ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցության բովանդակության մասին առաջինը հենց ինքը՝ Լուկաշենկոն էր պատմել դեռեւս 2018 թվականին. «Բելառուսն ու Ռուսաստանը կառուցողական դիրքորոշում էին որդեգրել, այդ թվում` խոստանալով անհրաժեշտության դեպքում զորակազմ տեղակայել՝ անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ տրամադրելու համար»։

«Մենք Պուտինի հետ կառուցողական դիրքորոշում էինք որդեգրել` Սե՛րժ, տուր այդ 5 շրջանները, ո՞րն է դրանք չվերադարձնելու պատճառը, եթե դրանք դատարկ են։ Նա ասաց՝ ես վերադարձնում եմ շրջանները, հետո նրանք (նկատի ունի Ադրբեջանին- հեղ.) ճանապարհը կփակեն, կօկուպացնեն Ղարաբաղը եւ այլն։ Եւ մենք Պուտինի հետ հստակ խոստացանք, որ մենք մեր զորքը (խոսակցությունը ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ է տեղի ունենում- հեղ.) կտեղակայենք եւ դա թույլ չենք տա ադրբեջանցիների ներկայությամբ ասացինք։ Նա ասաց՝ ոչ»,- պատմել էր Լուկաշենկոն։  

Լուկաշենկոն հավելել էր, որ Սարգսյանի «այդ դիրքորոշումը իր համար զարմանալի էր՝ դատարկ 5 շրջանների պարագայում, որ դա կլիներ առաջին քայլը, եւ այդ ժամանակ «եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը կլինեին ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, որ դա պայմանն էր, որի դեպքում Ադրբեջանը կարող էր անդամակցել այդ կազմակերպություններին»։

«Լավ, Բելառուսը հասկացանք, բայց Ռուսաստանն է հանդես գալիս որպես երաշխավոր, որ թե դուք ազատեք այդ շրջանները, որոնք դուք ճանաչում եք որպես ադրբեջանական  (խոսքը Ղարաբաղի մասին չէ), այնտեղ էլ երբեք պատերազմ չի լինելու»,- ասել էր Լուկաշենկոն։

Վերջինս նաեւ մի դրվագի մասին էր պատմել, որն ամենայն հավանականությամբ ձայնագրության մեջ հիշատակվող 5 մլրդ-ի վերաբերյալ առաջարկն է։ 2018-ին Լուկաշենկոն ասել էր, որ այն ժամանակ ադրբեջանցիները դեպի Վրաստան «ինչ-որ խողովակաշար էին տեղադրում, կարծեմ՝ գազատար, որը պետք է շրջանցեր Հայաստանը», եւ ահա ինքն այդ հարցի մասին զրուցել էր Ադրբեջանի նախագահի հետ, որպեսզի խողովակաշարն անցնի Հայաստանով։ Սերժ Սարգսյանը եւս վերջերս անդրադարձել էր այդ հարցին՝ պնդելով, որ «կանխիկ գումար» փոխանցելու մասին խոսք չի եղել։ Սարգսյանին հարցրել էին. «Նա Ձեզ անձնապե՞ս է առաջարկել այդ գումարը»: Սարգսյանը պատասխանել էր․ «Ոչ, չի եղել այդպիսի բան՝ կա՛մ անձնապես, կա՛մ պետությանը, ուղղակի այդպես է ասվել»: Այստեղից կարող ենք ենթադրել, որ խոսքը ոչ թե «հողերը առձեռն գումարով ծախելու» մասին էր, այլ հնարավոր կարգավորմանը հետեւելիք ինչ-որ ներդրում անելու։

Լուկաշենկոյի այս խոսքերը գուցե կարելի էր կասկածի տակ դնել (ինչը եւ 2018-ին անում էին հայ փորձագետները), բայց հրապարակված ձայնագրությունը (որտեղ լսելի է Լուկաշենկոյի խոսքերի մեծ մասը), ինչպես նաեւ ՌԴ նախագահի վերջերս արված հայտարարությունը, որտեղ նույնպես հիշատակվում են «դատարկ շրջանները»,  հաստատում են, որ Լուկաշենկոն ամբողջությամբ տեղի ունեցած խոսակցությունն է փոխանցել։

Հիշեցնենք, որ 2022-ի նոյեմբերին «Վալդայ» ակումբում Վլադիմիր Պուտինը հայտարարել էր․

«Մենք երկար տարիների ընթացքում երկխոսություն ենք վարել Հայաստանի հետ եւ առաջարկել ենք Ղարաբաղի հետ կապված հարցը կարգավորել հետեւյալ ձեւով․ Հայաստանը, փաստացի, վերահսկում էր Ադրբեջանի յոթ շրջանները, մենք ասում էինք՝ եկեք շարժվենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Կա երկու շրջան՝ Քարվաճառը եւ ավելի հարավ գտնվող (Լաչինի) շրջանը, ինչ-որ փուլում համաձայնության կգանք Ադրբեջանի հետ՝ տվեք նրանց այդ 5 շրջանները, դրանք պետք չեն, անիմաստ է պահելը, քանի որ դատարկ են, մարդիկ հեռացել են, փաստացի` վտարվել են, եւ այդ տարածքները պահելու իմաստ չկա։ Իսկ Ղարաբաղի հետ կապը պահելու համար բավարար են երկու շրջանները, որոնք, ի դեպ, բավական մեծ են։ Կարծում ենք՝ դա արդարացի կլիներ՝ վերադարձնել փախստականներին եւ այլն, դա լավ քայլ կլիներ ընդհանրապես տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, սակայն Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Դա հանգեցրեց այն իրավիճակին, որն առկա է այսօր»։

Այսինքն, շրջանների «դատարկ» լինելու մասին միտքը որպես իր եւ ՌԴ նախագահի մոտեցման պատճառաբանություն հիշատակելը չէր կարող պարզապես Լուկաշենկոյի երեւակայության արդյունքը լինել ։

Ի դեպ, որ նման առանձին՝ ՄԽ-ից դուրս առաջարկ եղել է, ՌԴ նախագահի հայտարարության «հերքումով» հաստատել էր նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ ի պատասխան Վլադիմիր Պուտինի այս հայտարարության` Աշոտյանն ասել էր

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Վլադիմիր Պուտինի կողմից հնչեցված բանաձեւը երբեք չի քննարկվել Հայաստանի կողմից, երբեք չի առաջարկվել Հայաստանին պաշտոնապես, երբեք չի եղել ՄԽ համանախագահների հետ քննարկման առարկա, երբեք այդպիսի բանաձեւ չի հնչել բարձր կամ բարձրագույն դիվանագիտական խողովակներով։ Այսինքն, այն, ինչի մասին խոսում էր ՌԴ նախագահը՝ չի քննարկվել, չի բանակցվել, չի առաջարկվել ՌԴ կողմից բարձր ու բարձրագույն խողովակներով՝ ԱԳՆ կամ նախագահի մակարդակով»։

Հետաքրքիր է նաեւ, որ նրանք, ովքեր հրապարակել էին ՀԱՊԿ-ում տեղի ունեցած այդ քննարկումից արված ձայնագրությունը, հրապարակել եւ ապա քննարկման առարկա  էին դարձրել խոսակցության միայն մի հատվածը՝ շեշտը դնելով 5 մլրդ դոլարի վրա, որպեսզի մարդկանց մոտ կարգավորման մասին պատկերացումները նորից ձեւավորվեն հող ծախել-չծախելու թեմայի շրջանակներում, բայց իրական պատկերացում չլինի կարգավորման եւ բանակցային պրոցեսի էության, աշխարհաքաղաքական զարգացումների եւ փոփոխությունների, եւ բանակցությունների այդ պահին եղած վիճակի մասին։ Ինչո՞ւ էր պետք կրկին այնպես անել, որ անգամ 2020 թվականի պատերազմից հետո մեր հանրությունը նույնիսկ հետահայաց չտեսներ տարեցտարի մեզ մոտեցող աղետը, հետեւաբար եւ` չհասկանար, թե որքան ծանր գին ենք վճարել՝ աղետն անտեսելու եւ կանխարգելիչ քայլեր չձեռնարկելու պատճառով։

Ուշագրավ է նաեւ, որ հրապարակողները միայն քննարկման այդ կարճ երկխոսության արտահոսքն էին կազմակերպել, թեեւ ենթադրաբար պիտի որ խոսակցության ամբողջ ձայնագրությունն ունենային, որտեղ նաեւ գագաթնաժողովի մյուս մասնակիցներն են տեսակետներ հայտնում։ Ինչո՞ւ 2020-ի պատերազմից հետո արտահոսած այդ ձայնագրության մեջ մյուս երկրների ղեկավարների եւ մասնավորապես՝  ՌԴ նախագահի տեսակետները չկային։

Ինչո՞ւ էր եւ է անհրաժեշտ` շարունակել մարդկանց պահել անտեղյակության մեջ, ձեւավորել տպավորություն անսպասելի եւ անկանխելի պատերազմի մասին, չխոսել, մասնավորապես, ռուսական կողմի դիրքորոշման՝ իր համար օբյեկտիվորեն տեղի ունեցած փոփոխությունների եւ այդ համատեքստում մեզ արված առաջարկների վերաբերյալ, որոնք մենք՝ հանուն մեր պետության, պարտավոր էինք հաշվի առնել, հատկապես որ այդ փոփոխությունները տեսանելի էին, անակնկալ ու անսպասելի չէին։

Այս համատեքստում նորից ցանկանում եմ հիշատակել ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ դեռեւս 2015-ին արված զգուշացումները եւ ՀՀ իշխանություններին ուղղված կոչերը։

Նախ, Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հրապարակային հոդվածով, որտեղ գրել էր․ «Շուրջ քսանհինգամյա ընդմիջումից հետո աշխարհն այսօր թեւակոխում է սառը պատերազմի մի նոր շրջափուլ, որի կիզակետերից մեկը կրկին դառնալու է Մերձավորարեւելյան տարածաշրջանը։ Դրա նախանշաններն արդեն իսկ առկա են։ Եռանդուն կերպով ներքաշվելով սիրիական իրադարձությունների հորձանուտը եւ սերտացնելով հարաբերություններն Իրանի հետ, Ռուսաստանը բացահայտում է իր երկարատեւ ստրատեգիական շահերն այդ տարածաշրջանում։ Նման պարագայում ակնհայտ է, որ իր թիկունքն ապահովելու նպատակով առաջիկայում նա լուրջ քայլեր է ձեռնարկելու՝ Մերձավոր Արեւելքին անմիջականորեն հարող երկրամասերում սեփական դիրքերն ամրապնդելու համար։ Այդ երկրամասերից մեկը, գուցեեւ ամենագլխավորը, բնականաբար, Անդրկովկասը լինելով, Ռուսաստանն իր առաջնահերթ խնդիրների շարքին է դասելու Ղարաբաղի խնդրի լուծումը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ինչի վկայությունն են, մասնավորապես, Լավրովի Բաքու եւ Երեւան կատարած վերջին այցերը»։

Ապա` Գագիկ Հարությունյանի միջոցով, Սերժ Սարգսյանին վերահաս վտանգի մասին զգուշացնող նամակ գրեց, որը հետո հրապարակայնացվեց։ Նամակում նույնպես Տեր-Պետրոսյանը գրել էր․ «Այնուամենայնիվ, հարկ եմ համարում քեզ տեղեկացնել, որ խուճապ չառաջացնելու ու Ռուսաստանի հանդեպ բացասական տրամադրությունների տեղիք չտալու նկատառումներով, իրավիճակի պարունակած որոշ այլ վտանգների մասին լռել եմ։ ․․․

Միջազգային լարվածության խորացման եւ Մերձավոր Արեւելքում իրավիճակի թեժացման պարագայում Ռուսաստանն ստիպված է լինելու ուժեղացնել Հայաստանում տեղակայված իր ռազմական հենակետը եւ այստեղից եւս մասնակցել Սիրիայում եւ Իրաքում ընթացող պատերազմական գործողություններին։

 …Ռուսաստանը ձգտելու է իր ռազմական ներկայությունն ապահովել նաեւ Ադրբեջանում, ինչը, 1920-21թթ նման, հնարավոր է միայն Ղարաբաղի հարցը վերջինիս համար նպաստավոր պայմաններով լուծելու դեպքում»։

Այսինքն, այնպես չէր, որ մեկ օրում հանկարծ կարգավորման շուրջ մթնոլորտ էր փոխվել, դրանք մեր աչքի առաջ տեղի ունեցող փոփոխություններ էին, որոնք ժամառժամ ավելի ու ավելի էին մոտենում մեզ, մինչեւ որ դարձան անխուսափելի։

Իհարկե՝ ոչ

2021 թվականի ապրիլին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է «Արդյո՞ ք Մինսկի խումբը դեռ դեր ունի» հոդվածը: Այս հոդվածում Հոգլանդն անդրադարձել էր Լավրովյան պլանին եւ մի ուշագրավ մեջբերում արել․

«Այն ժամանակահատվածում, երբ ես ԱՄՆ համանախագահն էի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացահայտեց հակամարտության կարգավորման իր պլանը, որը շատ նման էր առկա Մադրիդյան սկզբունքներին եւ ոչ պաշտոնապես հայտնի դարձավ որպես «Լավրովի պլան»: Սակայն մեզ նախազգուշացրել էին այն անվանել «բանակցային սեղանի վրա դրված պլան»:  

Երբ այսպես կոչված «Լավրովի պլանը» հրապարակվել էր, ես հարցրեցի իմ հիանալի գործընկերոջը` ռուսաստանցի համանախագահ Պոպովին. արդյո՞ք Կրեմլը իսկապես կհամաձայնի իրականացնել այն, եթե Երեւանն ու Բաքուն զիջեն եւ ընդունեն այն: Նրա անկեղծ պատասխանն էր. «Իհարկե՝ ոչ»: Սա ինձ հասկացրեց, որ Լեռնային Ղարաբաղը պարզապես երկկողմ խնդիր չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Իրականում սա եռակողմ խնդիր է, որում Ռուսաստանը խաղում է առանցքային, գուցե նույնիսկ որոշիչ դեր»:   

Մեզ այս հատվածից հետաքրքրում է «իհարկե՝ ոչ» արտահայտությունը։ Հոգլանդը համանախագահ է դարձել 2017 թվականի հունվարին, այսինքն` խոսակցությունը պետք է առնվազն հունվարից հետո տեղի ունեցած լիներ։ Ի՞նչ կարող էր նշանակել Պոպովի այս պատասխանը։

Շատերը դա մեկնաբանում են որպես հաստատումն այն բանի, որ անգամ եթե կողմերը գային համաձայնության, ՌԴ-ն, միեւնույն է, տորպեդահարելու էր բոլոր խաղաղ պայմանավորվածությունները, որպեսզի արդյունքում ամեն գնով տեղի ունենա պատերազմ, որպեսզի դրա արդյունքում էլ ռուսական զորքը հնարավորություն ստանա մտնելու տարածաշրջան, քանի որ առանց պատերազմի նման տեղակայումն ուղղակի հնարավոր չէր։

Նման պնդումները կարող են հիմնավոր լինել միայն այն պարագայում, եթե որպես եզրահանգման հիմք վերցնում ես կարգավորման շուրջ տեղի ունեցած երկու զուգահեռ պրոցեսներից մեկը միայն՝ ՄԽ եռյակի հովանու ներքո ընթացող բանակցությունները։ Բայց երբ հարցին նայում ես երկու զուգահեռ պրոցեսների տեսանկյունից, ապա հասկանալի է դառնում, թե ինչ էր ասում Պոպովը։

Ռուսական կողմը ոչ թե ցանկացած պայմանավորվածություն տորպեդահարելու մտադրություն ուներ, այլ զուգահեռ ընթացող պայմանավորվածություններին խանգարող քննարկումները, այն էլ այն դեպքում, եթե զուգահեռ պրոցեսը մերժվեր։ Նրա համար այդ զուգահեռ պրոցեսն էր կարեւոր, որի կոնցեպտը շատ պարզ էր. դա ռուսական կողմին շատ հանգիստ հնարավորություն էր տալիս ԱՌԱՆՑ պատերազմի մտնելու հակամարտության գոտի եւ ունենալու շատ ավելի մեծ ներկայություն, հետեւաբար եւ` ազդեցություն, քան ունեցավ պատերազմի արդյունքում։ 5 շրջանների վերադարձ, խաղաղապահների տեղակայում, Լաչինի եւ Քելբաջարի շրջանները մնալու էին որպես կապող օղակ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, եւ ապա շատ տարիներ անց քննարկվելու էր ԼՂ կարգավիճակի եւ այդ երկու շրջանների հարցը՝ փոխկապակցված։

Ինչպես Լավրովն էր ասում․ «․․ հայերը դուրս են գալիս Ղարաբաղի շուրջ հինգ ադրբեջանական շրջաններից՝ պահելով Հայաստանը Ղարաբաղին կապող երկու շրջանները։ Դրանց (այդ երկու շրջանների- հեղ) ճակատագիրը (որեւէ մեկը չի վիճարկում, որ դրանք ադրբեջանական են) կորոշակիացվեր Ղարաբաղի կարգավիճակի որոշակիացման ժամանակահատվածի հետ փոխկապակցված։ Այդ ժամանակ ի հայտ եկավ կարգավիճակի հարցը ապագային՝ հաջորդ սերունդներին թողնելու կոնցեպտը»։ 

Սա այն էր, ինչ հայկական տեղեկատվական դաշտն անվանեց «տարածքներ` անվտանգության կամ խաղաղության դիմաց», եւ արդեն 2018-ից սկսած պատերազմ հայտարարեց այդ կոնցեպտին։

Կարող է հարց ծագել` այդ դեպքում ռուսական կողմը փորձում էր հարցը դո՞ւրս բերել ՄԽ քննարկումների շրջանակից։ Խնդիրը ոչ թե ՄԽ շրջանակից դուրս բերելն էր, այլ առանձին տեղի ունեցող պրոցեսն այնպիսի կետի հասցնելը, երբ վերջինս կա՛մ պիտի մտներ այդ ֆորմատ, կա՛մ ՄԽ մյուս երկրներն իրենք կանգնեին երկընտրանքի առաջ։

Առանձին պայմանավորվածության դեպքում ՌԴ-ն առաջին փուլով հաստատված կլիներ հակամարտության գոտում, այնտեղ կունենար այնպիսի լուրջ ներկայություն, որ ՄԽ-ն պիտի ընտրեր. կամ` համակերպվել առկա իրավիճակի հետ եւ առկա իրողությունները տեղավորել ՄԽ շրջանակներում, այսինքն` ռուսական կամ ՀԱՊԿ զորքին տալ միջազգային մանդատ, կամ՝ առկա իրավիճակի հետ չհաշտվելով, լվանալ ձեռքերը՝ տարածաշրջանն այդպիսով ամբողջությամբ հանձնելով Ռուսաստանին։ Սա իդեալական լուծում էր լինելու ՌԴ-ի համար, երբ խաղաղ պայմանավորվածությանը հետեւած երկու հնարավոր սցենարների դեպքում էլ ինքը շահած դուրս կգար։

Հենց այս համատեքստում վերհիշենք Լուկաշենկոյի առաջարկած 20 հազար թիվը․ ենթադրենք՝ դա պայմանական կամ մոտավոր թիվ էր, բայց այդ թիվը գրեթե 10 անգամ գերազանցում է ռուս խաղաղապահների այն թվակազմին, որն այսօր տեղակայված է Արցախում։ Լեռնային Ղարաբաղում այսօր մոտավորապես 2000 ռուսաստանցի խաղաղապահ կա, որոնք Արցախի ներկայիս սահմանների ամբողջ երկայնքով չեն տեղակայված։ Դրանից զատ, այս թիվը քննարկելիս հիշենք, թե մինչեւ պատերազմը մոտավորապես որքան էր Արցախի ՊԲ թվակազմը։

Սա նշանակում է՝ մեզ, ամենայն հավանականությամբ, առաջարկում էին ոչ թե պարզապես ստանդարտ ընդունված թվով խաղաղապահներ տեղակայել կողմերի միջեւ, այլ վերադարձվելիք 5 շրջանների ուղղություններով մեր զորքը փոխարինել խաղաղապահներով, որոնք կտեղակայվեին այդ ուղղություններով՝ նախկին ԼՂԻՄ սահմանների երկայնքով։ Խաղաղ ճանապարհով։

Այս համատեքստում ուշագրավ է 2021 թվականին BBC-ին տված Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա խոսում էր կարգավորման պրոցեսի վերաբերյալ՝ ասելով․

«․․․Մենք կպարտավորվեինք Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները, ամուր կկապեինք երկու շրջանի վերադարձը հանրաքվեի անցկացման օրվա հետ՝ բացառությամբ միջանցքի, որն ապահովում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը։ Կտեղակայվեին խաղաղապահ ուժեր, եւ մենք կսկսեինք հաշտեցման գործընթաց։ …. Խաղաղապահները կկանգնեին մեր կողմից (миротворцы бы встали с нашей стороны), եւ խնդիրը կլուծվեր, կարծում եմ»։

Այստեղից հարց՝ արդյո՞ք հիմնավոր է այն պնդումը, որ ՌԴ-ին անպայման պետք էր պատերազմ՝ խաղաղապահներ տեղակայելու համար։ Ուստի, արդյո՞ք պատերազմն անխուսափելի էր ուրեմն։

Պնդումը, որ պատերազմն անխուսափելի էր խաղաղապահների այլ պարագայում տեղակայման անհնարինության հիմքով,  ինչպես տեսնում ենք՝ հիմնավոր չէ։ Մեղմ ասած։ Քանի որ խաղաղ ճանապարհով դա մեզ առաջարկվել է, այն էլ՝ ռուսական կողմի համար ավելի նպաստավոր պայմաններով։

Այլ հարց է, եթե նման պնդման հեղինակներն այդ պնդումը կառուցում են սեփական ցանկության, նախապատվության կամ նախապայմանի, կամ` բացառման, կամ, ի վերջո, բանակցային դետալների եւ քաղաքական պրոցեսների սրընթաց զարգացման չիմացության վրա։

Այդ դեպքում հարցի պատասխանն է՝ այո, անխուսափելի էր, եթե մեր մոտեցման ու դատողությունների հիմքն այն է, որ մեզ համար ընդունելի չէր բացառապես ռուսական կամ ՀԱՊԿ խաղաղապահների ներկայությունը, եւ մենք մերժում էինք դա։ Կամ` մեզ համար ընդունելի չէ, որ մեր զորքը, ասել է թե` անվտանգության երաշխավորը, փոխարինվեր այդ զորքով։ Այո, մեզ փաստացի առաջարկվում էր Արցախի անվտանգությունը հանձնել ռուսական կողմին կամ ՀԱՊԿ-ին՝ ի դեմս Ռուսաստանի։

Այո, եթե մենք մերժում էինք այդ առաջարկը, պատերազմը դառնալու էր անխուսափելի, քանի որ ռուսական կողմը՝ առաջնորդվելով իր շահերով եւ իր առջեւ դրված գերխնդրով,  կդադարեր պատերազմը զսպելու իր քաղաքականությունն ու մի կողմ կքաշվեր այնքան ժամանակ, որքան նրան անհրաժեշտ կլիներ, եւ այնքան` մինչեւ իրեն արդեն կխնդրեին խաղաղապահներ տեղակայել։

Հետեւաբար, պատերազմն անխուսափելի չէր, անխուսափելին այն էր, ինչի դեմ մենք` մեր կարծիքով, «ինքնիշխան կռիվ» էինք տալիս, այն` ինչը չէինք ցանկանում ընդունել որպես այլեւս անխուսափելի զարգացում, եւ ինչի հետեւանքով էլ ստացանք ավելի մեծ կախվածություն Ռուսաստանից։

Այլ հարց է, որ հաշվի առնելով, թե ինչպես էին պրոռուսական գործիչները երկար տարիներ եւ հատկապես 2016-ից մինչեւ 2020 թվականը Հայաստանում եւ Արցախում քարոզչություն իրականացնում կարգավորման դեմ՝ կարող ենք ենթադրել, որ ռուսական կողմին՝ իր աշխարհաքաղաքական շահերից եւ ապագայի հետ կապված ինչ-ինչ պլաններից ելնելով, ձեռնտու էր հայկական կողմի անհեռատեսությունը, թվացյալ սկզբունքայնությունն ու վնասակար մերժողականությունը, եւ որպես արդյունք՝ հարցի խաղաղ կարգավորման առաջարկների դիտավորյալ ձգձգումը կամ մերժումը։ Որպես դրա արդյունք էլ՝ պատերազմն անխուսափելի դարձնելը։ Կարող էր ձեռնտու լինել, քանի որ այդ անհեռատեսության եւ համառության հետեւանքով հետո՝ ինչ-ինչ հարցերում Հայաստանն էր ստիպված լինելու վճարել այնպիսի գնով, որից կարելի էր խուսափել խաղաղ կարգավորմամբ։

Նման մոտեցման բանալին նաեւ այն պիտի լիներ, որ հայկական կողմը հաշվարկ անելու ունակություն եւս կունենա, եւ գոնե պատերազմի ժամանակ կհաշվարկի մեր դիմադրողական կարողությունները, եւ այդ հաշվարկի արդյունքում՝ ռուսական առաջարկը կընդունի մինչեւ պատերազմում կրիտիկական պահի հասունացումն ու անդառնալիության կետի հատումը՝  առանց զգալի մարդկային, դիրքային, տարածքային կորուստներ թույլ տալու, եւ այդպիսով կկանխի բանակի ու մեր բանակցային դիրքերի տոտալ ջախջախումը։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանի ղեկավարը մի քանի անգամ կանցներ կրիտիկական կետերը, կմերժեր առաջարկն ու կձգեր այնքան` մինչեւ որ ադրբեջանցիները կհասնեին գրեթե Ստեփանակերտի մատույցներ։ Խուսափելին դարձավ անխուսափելի, բայց ոչ միայն մեզ համար աններելի աննպաստավոր հետեւանքներով, այլեւ՝ անգամ ռուսական կողմի համար, մեղմ ասած, զգալի աննպաստ պայմաններով։ Խաղաղ ճանապարհով առաջարկված 20 հազարի փոխարեն ՌԴ-ն ունեցավ ուղիղ 10 անգամ ավելի քիչ թվակազմով ներկայություն։

Մի նրբություն․ կհարցնեք՝ բա կարգավիճակի հարցը, չէ՞ որ մենք այդ հարցն էինք կարեւորում եւ հայտարարում, որ հենց այդ հարցը պետք է ներառել փաթեթային լուծման մեջ։ Ճիշտ է, այս նյութի թեման բացառապես խաղաղապահներն են, այդուհանդերձ` կարճ անդրադարձ։ Թեեւ հայկական կողմը պնդում էր կարգավիճակի հարցի փաթեթային լուծման վրա եւ հայտարարում, որ գրեթե հասել էր դրա ամրագրմանը, այդուհանդերձ` ռուսական մոտեցումը, ինչպես հղում կատարեցինք Լավրովին, փուլայինն էր, հարցը շատ հեռու ապագային՝ սերունդներին թողնելը։ Կհարցնեք` բայց չէ՞ որ, օրինակ, Սերժ Սարգսյանը, կամ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Պոպովն իր հայտնի հայտարարության մեջ խոսում են կարգավիճակից։ Այո, բայց այդ հայտարարություններում նրբություններ կան։

Օրինակ, Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվելիք փաստաթղթից հանվել էր հանրաքվեին վերաբերող «օրակարգը ոչնչով չի սահմանափակվում» արտահայտությունն այն հիմքով, որ դա չի տեղավորվում Ադրբեջանի Սահմանադրության մեջ․ Ադրբեջանի Սահմանադրությամբ` չի կարող լինել հանրաքվե «Ադրբեջանի տարածքային ամբողջությանը վերաբերող»։ Հանված տողը, ըստ Սարգսյանի, պետք է ներառված լիներ համանախագահող երկրների հայտարարության մեջ, որը պիտի հետեւեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փաստաթղթի ստորագրմանը։ Ինչ վերաբերում է Պոպովի հայտարարությանը, ապա նա հաստատել էր Լավրովի խոսքերը։

Պոպովն ասել էր«Ինչ վերաբերում է ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՆ, ապա վերջին տարիներին բանակցային սեղանին եղած առաջարկները որպես ՎԵՐՋՆԱՆՊԱՏԱԿ նախատեսել են «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը կողմերի կողմից համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքն արտահայտող եւ միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան պարտադիր իրավական ուժ ունեցող համաժողովրդական քվեարկության ճանապարհով»։

Այստեղ շատ առանցքային  է ՎԵՐՋՆԱՆՊԱՏԱԿ բառը։ Սա նշանակում է, որ այս հարցը ոչ թե փաթեթային լուծում էր ստացել, այլ սահմանվել էր որպես նպատակ հաջորդ փուլի քննարկումների համար՝ առաջին փուլում տեղի ունենալիք տարածքների վերադարձից եւ խաղաղապահների տեղակայումից հետո։ 

Այս նախադասությունն է հենց գրված 2018-ի հունվարին առաջարկված Կրակովյան փաստաթղթում։ 

Ասել է թե՝ բանակցային սեղանին եղել է հակամարտության փուլային լուծման առաջարկ, եւ անկախ այն բանից, թե ինչ պատրվակով է մերժվել, հենց դա է հանգեցրել պատերազմին։

Անցում

Ամփոփելով այս հատվածը՝ մոտավորապես այսպիսի պատկեր ենք ստանում ապրիլյան պատերազմին նախորդող եւ դրան հաջորդած երկու տարիների կտրվածքով․ թեեւ հայկական կողմը պնդում էր, որ մենք պատրաստ ենք կարգավորել հակամարտությունը,  մի կողմից` երկրի ներսում ակտիվ հակաքարոզչություն էր վարում այդ հնարավոր կարգավորման առանցքային կետերից մեկի դեմ, մյուս կողմից՝ որոշ ներքաղաքական պրոցեսներ անընդհատ հետաձգում էին այդ կարգավորումը։ Ապրիլյանին հաջորդած ժամանակահատվածի սկզբում տեղի ունեցավ «Սասնա ծռերի» հարձակումը ոստիկանական գնդի վրա, եւ ներքաղաքական իրավիճակը լարվեց եւ մի տեւական ժամանակ չէր կայունանում։ Հետո Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը ազդարարեց կարգավորման գնալու մտադրությանը հակոտնյա՝ «Ազգ-բանակ» հայեցակարգի մեկնարկը։ Հետո վրա հասան խորհրդարանական ընտրությունները։ Հայաստանն զբաղված էր ընտրություններով, մեկ էլ հանկարծ պարզվեց, որ նախագահի լիազորությունների ավարտի ժամկետում գտնվող Սերժ Սարգսյանն «անսպասելիորեն» չի պատրաստվում կատարել իշխանությունից հեռանալու իր խոստումն ու հիմնախնդրի պատճառաբանությամբ առաջադրվելու է վարչապետի թեկնածու։ Եւ հենց այդ՝ իշխանության մնալու Սարգսյանի մտադրությունն էլ դարձավ առիթ․ այդ ժամանակ Հայաստանում մեկ էլ հանկարծ տեղի ունեցավ հեղափոխություն։

Քրիստինե Խանումյան

Մաս 3

Նախորդ հոդվածըԿազեմիրոն կորակազրկվի 4 խաղով
Հաջորդ հոդվածըՀայտնի է, թե ով կարող է փոխարինել Անչելոտիին