‘Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը’

788

Խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնում էր 259 թեկնածու, նրանցից 50-ը՝ հասարակական և միջազգային կազմակերպություններ:

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Օսլոյում հայտարարվել է մրցանակակրի անունը: Խաղաղության Նոբելյան մրցանակակիր է դարձել Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը, որը սեպտեմբերի վերջին հաստատեց Սիրիայում քիմիական զենքը ոչնչացնելու ծրագիրը: Այդ ծրագրի համաձայն՝ փորձագետները պետք է 30 օրվա ընթացքում ուսումնասիրեն Սիրիայի իշխանությունների կողմից նշված և քիմիական զենքի հետ առնչություն ունեցող բոլոր օբյեկտները և սեղմ ժամկետներում այցելեն ՔԶԱԿ-ի անդամ-պետությունների կողմից նշվող այլ օբյեկտներ:

Մինչ այդ Խաղաղության Նոբելյան մրցանակակրի հավակնորդներից ֆավորիտը համարվում էր պակիստանցի Մալալա Յուսուֆզայը, ով նաև Անդրեյ Սախարովի անվան «Հանուն ազատ մտքի» մրցանակակիրն է:

Ռուսաստանցի քաղաքական գործիչների կարծիքով՝ արդարացի կլիներ Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնել Վլադիմիր Պուտինին՝ սիրիական հակամարտության լուծմանը նպաստելու համար, քանի որ նա առաջինն էր առաջարկել Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնել:

Հիշեցնենք, որ մրցանակակիրներից յուրաքանչյուրը՝ ըստ ոլորտների, կստանա 8 միլիոն շվեդական կռոն՝ 926 հազար եվրո կամ մեկ միլիոն ԱՄՆ դոլար: Դափնեկիրների պարգևատրման արարողությունը կկայանա շվեդ ձեռներեց և գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին, փոխանցում է kp.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. Տպավորություն է, որ գյուղնախարարության ղեկավարները Հայաստանում չեն ապրում ‘
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետի մամուլի խոսնակը քննադատողներին «ուռոդ» եւ «տականք» է համարում’