‘Խաղամոլի նոթեր- 2’

4871

Ֆուտբոլը՝ ժողովրդական եւ վերնախավային

(Առաջին մասը)

Գ

Մեզ՝ բարի զատիկ, ձե՛զ՝ բարեկենդան

Աշխարհի բոլոր կողմերում էլ խաղացվել են գնդակի հետ ավանդական ժողովրդական խաղեր, բայց սպորտն այն ձեւով, որը մեզ ծանոթ է այսօր, առաջացել է Անգլիայում՝ 19-րդ դարի շատ կոնկրետ պայմաններում: Դրանք են՝ արագ ինդուստրիալիզացիան եւ երկաթուղիների կառուցումը, ինչը թույլ էր տալիս արագ տեղափովել քաղաքից քաղաք, հետեւաբար եւ՝ խաղեր կազմակերպել տարբեր շրջանների ներկայացուցիչների միջեւ, բարձրագույն դպրոցներում նոր կրթական համակարգի զարգացումը, որով կարեւորություն էր տրվում նաեւ ուսանողների ֆիզիկական զարգացմանը եւ այլն:  Բայց ամենակարեւորներից էր Վիկտորիանական շրջանի կայսերական գաղափարը. կայսրությանն անհրաժեշտ էին ֆիզիկապես եւ հոգեբանորեն կոփված սպաներ եւ զինվորներ, որով կարեւորվեց սպորտային խաղերի կազմակերպումը եւ տարածումը վերնախավային դպրոցներում, եւ, մյուս կողմից՝ վիկտորիանական պահպանողականությունը ջանում էր սպորտի միջոցով շեղել երիտասարդ ուսանողներին մարմնական, հատկապես՝ սեռական հաճույքներից:

Ֆուտբոլն Ագլիայում հիշատակվում է վաղ միջնադարից, բայց այդ ֆուտբոլը շատ քիչ կապ ունի այսօրվա «ֆուտբոլների» հետ՝ նույնն են միայն անունը եւ գնդակով խաղալու գաղափարը: Հին կամ միջնադարյան ֆուտբոլը ժողովրդական, տարերային խաղ էր, իսկ նորը՝ վիկտորիանականը, բարձր եւ միջին դասերի, կազմակերպված, համակարգված սպորտաձեւ: Ժողովրդական ֆուտբոլը զուրկ է մեզ համար սովորական սպորտային այնպիսի տարրերից, ինչպիսիք են խաղացողների քանակը, սահմանազատված խաղադաշտը, խաղի սահմանված տեւողությունը եւ այլն, եւ այլն: Նախնական ֆուտբոլի գաղափարը պարզունակ էր. այս կամ տոնին՝ Բարեկենդան, Զատիկ եւ այլն, երկու հարեւան գյուղերի կամ քաղաքի տարբեր թաղերի բնակիչները կազմում են յուրաքանչյուրը մեկ թիմ եւ գնդակը խլում են ձեռից ձեռ: Նպատակն էր՝ գնդակը հասցնել մինչեւ նախապես որոշված կետ, օրինակ՝ հակառակորդի գյուղի եկեղեցու բակը, ինչն էլ համարվում էր հաղթանակ կամ «գոլ» (անգլերեն՝ goal` նպատակ): Նպատակին հասնելու համար թույլատրված են բոլոր միջոցները՝ ուզածդ ձեւով գնդակով վազելը, խլելը, փոխանցելը եւ այլն: Արգելված էր, փաստորեն, միայն իրար սպանելը: Բայց, իհարկե, սպանություններ էլ էին լինում, եւ բավականին հաճախ, այնպես որ անգլիական թագավորները մի քանի անգամ փորձել են հատուկ հրովարտակներով արգելել ֆուտբոլը: Ֆուտբոլի օրերին փակվում էին քաղաքի խանութները՝ ավելորդ ավերածություններից խուսափելու համար:

Չնայած արգելքներին, սակայն, ժողովրդական ֆուտբոլը ծաղկում էր մինչեւ 19-րդ դար, իսկ հետո արագ անկում է ապրում: Այսօր Մեծ Բրիտանիայի միայն մի քանի վայրերում է պահպանվել այդ նախնական ֆուտբոլի ավանդույթը: Այդ խաղերի տեսարանը կողքից նայողի համար բացարձակ քաոսի եւ կառնավալային անզուսպ ուրախության տպավորություն է թողնում: Ի դեպ, եթե չալարեք եւ նայեք տեսանյութը, ապա գուցե նկատեք, որ որքան էլ հեռու այսօրվա խաղերից, այնուամենայնիվ, նախնական ֆուտբոլն իր ոգով մի փոքր ավելի նման է այսօրվա ռեգբիին, քան «մեր» ֆուտբոլին:

Դ

Ֆուտբոլ՝ հանուն կայսրության

19-րդ դարի սկզբին ժողովրդական ֆուտբոլն, ուրեմն, սկսեց անկում ապրել: Նոր դարաշրջանի մշակութային, քաղաքական եւ տնտեսական ոգին դեմ էր ավանդական այդ «վայրենությանը»: Ֆուտբոլը կմահանար, եւ մենք այսօր այդ բառն իսկ չէինք իմանա, եթե ժողովրդական ֆուտբոլի մահվանը զուգահեռ՝ չծնվեր ու չզարգանար նոր՝ «ակադեմիական» ֆուտբոլը: Դրա ծնունդը, նախեւառաջ, կապված է, այսպես կոչված՝ «հանրային դպրոցների» (public school) հետ: Սկզբնապես դրանք հատուկ դպրոցներ էին՝ համայնքների հաշվին ֆինանսավորվող, որտեղ սովորում էին ոչ այնքան ապահով ընտանիքների զավակները: Բայց հետագայում  իրավիճակը փոխվեց, եւ «հանրային դպրոցները» դարձան բարձր եւ միջին դասերին սպասարկող հաստատություններ: Դրանց քանակը վերջնականապես հաստատվեց 1860-ականներին հատուկ օրենքով՝ Չարթերհաուսի, Իթոնի, Հեռոուի, Ռագբիի, Շրոսբերիի, Վեսթմինսթերի, Վինչեսթերի եւ այլն: Դրանք այսօր էլ բրիտանական վերնախավի եւ բրիտանական «ոգու» «բուծարաններն են»: Այստեղ է, որ «փողոցից» դպրոցներ բերված ժողովրդական ֆուտբոլը ստանում է կազմակերպված ձեւ՝ որպես բրիտանական վերնախավի զավակների հայրենասիրական, ռազմական եւ բարոյական դաստիարակման միջոցներից մեկը:

Նորացված ֆուտբոլը ստացավ արդեն մեզ ավելի ծանոթ կանոնակարգված տեսք՝ երկու թիմ՝ խաղացողների հավասար թվով, հատուկ խաղադաշտ, խաղի սահմանված տեւողություն եւ այլն: Բայց մեկ միասնական խաղ դեռ չէր ստեղծվել՝ ամեն դպրոց մշակեց իր կանոնները: 1860-ականների վերջից սկսվեցին դպրոցական ֆուտբոլի միասնականացման փորձերը, ընդ որում՝ խոսքն արդեն դպրոցներից դուրս եկած խաղի մասին էր: Բնական է, որ տարբեր դպրոցների շրջանավարտները պայքարի մեջ մտան այն հարցի շուրջ, թե հատկապես ո՛ր դպրոցի կանոնները պետք է հիմք դառնան միասնական խաղի: Անգլիայի նորաստեղծ Ֆուտբոլի ասոցիացիայում տեւական եւ թեժ պայքարի արդյունքում (ընդհուպ մինչեւ քվեարկության կեղծում) հաղթեց Վեսթմինսթերի եւ Չարթերհաուսի դպրոցների կաննոների հիմքով մշակված խաղը, որի հիմքում գնդակը ոտքով առաջ տեղափոխելու եւ փոխանցումներով խաղալու գաղափարն էր: Հենց այդ խաղը իր հիմնական գծերով մեր այսօրվա իմացած ֆուտբոլի առաջին տարբերակն է:

Ե

Անկախ Վինչեսթերն ու Իթոնը եւ պայքարող Ռեգբին

Այսօր երեք հանրային դպրոցներում դեռ շարունակում են խաղալ իրենց ավանդական կանոններով «ֆուտբոլներ»՝ Իթոնում (երկու խաղ՝ Իթոնի դաշտի խաղ եւ Իթոնի պատի խաղ) Հոռոուում եւ Վինչեսթերում: Բայց դրանք զուտ դպրոցական խաղեր են՝ տարածում չունեն յուրաքանչյուրն իր դպրոցի պատերից դուրս: Սրանք կենդանի հուշարձան են ֆուտբոլի զարգացման երկրորդ՝ դպրոցական փուլի:

Մեծ Բրիտանիայում միայն Ռեգբիի դպրոցի խաղը տեղի չտվեց Ֆուտբոլի ասոցիացիայի միասնական կանոնների առջեւ, եւ ասոցիացիայի ֆուտբոլի հետ միասին թեւակոխեց ֆուտբոլի զարգացման երրորդ, այսպես ասած՝ համաշխարհային փուլը: Թեեւ ռեգբի ֆուտբոլն այն տարածումը չունի, ինչ ասոցիացիայի ֆուտբոլը, բայց, այնուամենայնիվ, նա այսօրվա ամենաինքնատիպ եւ գրավիչ սպորտաձեւերից է: Ավելի շատ, քան «մեր» ֆուտբոլը, նա պահպանել է իր կապերը ֆուտբոլի նախնական՝ ժողովրդական եւ դպրոցական ձեւերի, ինչպես նաեւ վիկտորիանական Անգլիայի փառավոր օրերի ոգու հետ:

Հաջորդ անգամ արդեն անմիջականորեն կխոսենք ռեգբիի մասին:

Հ.Գ. Աշխարհում այսօր տարածված ֆուտբոլի մյուս մայր ձեւերից (այսինք այնպիսիներից, որոնցից ճյուղավորվում են տեղական նշանակության ենթատեսակները)՝ ամերիկյան եւ կանադական ֆուտբոլները ծագում են ռեգբիից, իսկ ավստրալական եւ իռլանդական ֆուտբոլները, թեեւ ծագումով կապված են անգլիական ժողովրդական եւ դպրոցական տարբերակների հետ, բայց զարգացել են տեղում ինքուրույնաբար:

 

Խալդի Էրմեկբեկյան

 

Նախորդ հոդվածը‘Նեթանյահուի ներկայացուցիչ. Իսրայելի և Թուրքիայի միջև բանակցություններում առաջընթաց կա’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսին տրվել է «Անվեհեր» ծածկանունը’