‘Խաղամոլի նոթեր’

4354

Ա.

Մի օր ընկերս հարցրեց, թե բա՝ էսքան տարբեր սպորտային խաղատեսակներ նայելուց հետո, վերջը ո՞րն է, իմ կարծիքով՝ ամենալավը: Ասեցի, թե բա՝ երեւի ամեն դեպքում ֆուտբոլը: Հետո հասկացա, որ կեղծել եմ պատասխանս, գուցե հանուն ընկերոջս՝ հին ֆուտբոլասերի հանգստության: Իրականում ամենալավը ո՛չ ֆուտբոլն է, ո՛չ էլ այլ կոնկրետ սպորտային խաղատեսակ, այլ ինքը… խաղը, ավելի ճիշտ՝ այն պահը, երբ բացահայտվում եւ վերապրվում է ընդհանրապես խաղին բնորոշ բարձրագույն հաճույքը, ազարտը, «կայֆը»: Իրականում ամեն ձեւի խաղատեսակի էլ սովորում ես, որքան էլ մեջները լինեն առավել կամ պակաս նախընտրելի, բայց այն, ինչ փնտրում ես ամեն կոնկրետ խաղում, նույնն է՝ մի զգացում որի անունը դժվար է գտնել, եւ առավել դժվար է սահմանում տալ, բայց որը մարդուն տալիս է գերագույն բավարարություն: Իհարկե, կատարյալ խաղ հազվադեպ է լինում, թերեւս, ամեն սպորտաձեւի ամեն սեզոնում միայն մի քանի՝ մատների վրա հաշված անգամ կամ նույնիսկ ավելի քիչ: Դա բռնացնելու համար նայում ենք մի քանի տասնյակ միջինի մեջ լավ, սովորական կամ վատ խաղ՝ երբեք հաստատ չիմանալով, թե հատկապես որը կլինի է՜ն մեկը: Բայց սպասումն ու նույնիսկ վատնած ժամանակն արժեն այդքան, որովհետեւ կատարյալ խաղից մարդը վերապրում է ոչ թե սովորական, կենցաղային հաճույք, այլ մի քիչ ավելի, քան կարող է գտնել առօրյայում: Ինչի՞ վերապրում է դա: Ինձ թվում է՝ ամենակարեւորն այստեղ ճակատագրի, անկանխատեսելիի, անհնարինի, հին՝ հեթանոսական իմաստով աստվածայինի՝ դիցականի ներխուժումն է, հայտնությունն է, որը մարդուն տալիս է ազատության զգացողություն, մի պահ առօրյայի բոլոր սահմանափակումներից վերանալու հնարավորություն: Երբ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում թիմը պարտվում է 3-0, իսկ հետո 6 րոպեում 3 գոլ խփելով՝ կարողանում է ի վերջո նաեւ հաղթել, ապա դա հենց է՜ն խաղն է: Երբ այդ պահին աշխարհի երկու-երեք ամենաուժեղ ակումբի խաղացողները գավաթի կիսաեզրափակիչի 11-մետրանոցների սերիայում հերթով դուրս են գալիս եւ չեն կարողանում գոլ խփել 4 անընդմեջ տուգանայիններից՝ առաջինից մինչեւ վերջինը, դա բացարձակ անհնար թվացող իրականություն է, որը դիտելիս հնարավոր չէ չպատկերացնել, որ ինչպես Հոմերոսի հերոսներին ամենաբարդ իրավիճակներում աննկատ օգնության էին հասնում օլյումպոսյան դիք, այստեղ նույնպես մի Աթենաս կամ մի Ապոլոն շեղում է աշխարհի լավագույն խաղացողների 4 անընդմեջ հարվածները: Եվ հենց այդպիսի պահերի էինք սպասում խաղ նայելիս, հենց այդպիսի խաղերն են մնում հիշողության մեջ, ոչ թե պարզապես որպես լավ կամ նույնիսկ լավագույն, այլ որպես՝ Խաղ: Չափազանցություն չէ, ուրեմն, դիցականի հիշատակումը այստեղ: Ճակատագրի՝ բացարձակ պատահականության եւ անհնարինության ներխուժմանն ենք սպասում խաղը դիտելիս: Դրա վերապրումը մարդուն մեծագույն հաճույք է պատճառում, որովհետեւ քանդում է, արժեզրկում է անհրաժեշտության, օրինաչափության, կանխատեսելիության այն շղթաները, որոնք օղակում են մարդու կյանքը. եթե անհնարինն է հնարավոր եւ տեսանելի, ուրեմն կա եւ ազատության տիրույթը, կան Օլյումպոսի եւ Բարձր Հայքի բոլոր աստվածները: Պատահական չէ, որ հնում բոլոր խաղերը նվիրված էին աստվածներին: Հիմա էլ ասում ենք՝ օլիմպիական խաղեր…

Այսքանն, իհարկե, խաղի միայն ամենաընդհանուր էությունն է: Բայց արդեն այսքանով՝ որոշակի առնչություններ ունի քաղաքականության, ռազմարվեստի, պատմության եւ այլ ոլորտների հետ, որոնցում գործ ունենք օրինաչափության եւ պատահականության, անհրաժեշտության ու ազատության, կանխատեսելիության եւ անկանխատեսելիության բարդ փոխահարաբերակցության մեջ: Իսկ մենք դեռ չենք խոսում յուրաքանչյուր խաղատեսակի մեջ կարեւոր այնպիսի տարրերի մասին, ինչպիսիք են, ասենք, մարտավարությունը, թիմային եւ անհատական գործոնը, տեմպը եւ այլն, որոնք է՛լ ավելի են խորացնում խաղի եւ քաղաքականության զուգահեռները:

Վերադառնանք սկզբին: Ընկերոջս ակամայից խաբեցի: Լավագույն խաղը ֆուտբոլը չէ: Լավագույնն ինքը խաղն է: Եվ ինչպես ֆուտբոլը միայն Ռեալ-Բարսելոնը չէ կամ նույնիսկ 4 լավագույն առաջնությունների բարձրագույն լիգաները, նույնպես եւ՝ սպորտը միայն ֆուտբոլը չէ: Այսինքն՝ միայն մեր իմացած ֆուտբոլը չէ, այլեւ, օրինակ, այլ ֆուտբոլներ են՝ ամերիկյան ֆուտբոլ, կանադական ֆուտբոլ, իռլանդական ֆուտբոլ, ավստրալական ֆուտբոլ, վերջապես ռեգբի ֆուտբոլ իր երկու հիմնական՝ ռեգբի յունիոն եւ ռեգբի լիգ տարատեսակներով (եւ իհարկե՝ բազմաթիվ այլ խաղեր, որոնք ֆուտբոլ չեն): Այն, որ ամերիկացիները, որոնք, ինչպես հայտնի է՝ «ազգ չեն», ինչ-որ անհասկանալի խաղի անունը դրել են «ֆուտբոլ»՝ գիտենք, իսկ էն մնացած թվարկածների մասին մեծ մասդ, թերեւս, չեք էլ լսել: Ուրեմն, ամերիկացիք քիչ էին, մնացածներն էլ՝ վերադիր: Բայց ի՞նչ իրավունքով են այդ բոլորը «ֆուտբոլ» անունը դնում այլազան խաղերի վրա, որոնք «մեր» ֆուտբոլի հետ արտաքուստ շատ քիչ կապ ունեն (օրինակ՝ թույլատրված է խաղալ ձեռքով, միավորներ հաշվելու տարբեր եղանակներ կան՝ բացի գոլից եւ այլն): Այն իրավունքով, որ բոլոր թվարկածս ազգերի մայրենին, ի տարբերություն մերի՝ անգլերենն է, եւ իրենք մեզնից մի քիչ ավելի լավ են տիրապետում բնիկ անգլերեն՝ «ֆուտբոլ» բառի երանգներին: Իրականում այդ բառն անգլերենում (եթե նկատի ունենանք անգլալեզու ողջ աշխարհը) ունի շատ ավելի լայն նշանակություն, քան «մեր» ֆուտբոլը, եւ նույնիսկ Անգլիայի որոշ մասերում «ֆուտբոլ» ասելով՝ կարող են հասկանալ, օրինակ …ռեգբի: Ավստրալիայի հյուսիս-արեւմուտքում եւ Նոր Զելանդիայում նույնպես «ֆուտբոլ» ասելով, նախ՝ ռեգբի են հասկանում (գոնե մինչեւ վերջերս): Ասենք, եթե ավստրալական հեռուստատեսությամբ տեսնեք «Երկուշաբթի երեկոյան՝ ֆուտբոլ» անոնսը, չխառնվեք իրար, դա նրանց Ազգային ռեգբիի լիգայի առաջնության խաղի մասին է: Նույն Ավստրալիայի հարավում եւ արեւելքում «ֆուտբոլ» ասելով հասկանում են մեկ այլ խաղ՝ ավստրալական ֆուտբոլ, որն արմատապես տարբեր է մյուս «ֆուտբոլներից»: Ամերիկայում՝ դե գիտեք, եւ սրան էլ ավելացրեք Կանադան եւ Իռլանդիան, որոնցից ամեն մեկն ունի իր ֆուտբոլը (կանադականն ամերիկյանին շատ նման է, միայն մի քանի տեխնիկական մանրամասներում տարբերվող խաղ է, իսկ իռլանդականը՝ միանգամայն ուրույն խաղատեսակ):

Լավ, կասեք, էդ ամենը հասկացանք, բա ռեգբին ինչի՞ է ֆուտբոլ, կամ ինչպե՞ս է ֆուտբոլ, եթե ռեգբի է: Իրականում խաղի ամբողջական անունը Ռեգբի ֆուտբոլ է (մեր իմացած ֆուտբոլի ամբողջականն էլ՝ Ասոցիացիաի ֆուտբոլ (asossiation football), որից էլ անգլերեն asossiation բառի կրճատմամբ եւ –er ածանցի հավելմամբ՝ soccer՝ սոքեր, ինչպես «անգրագետ» ամերիկացիք կոչում են «մեր» ֆուտբոլը): «Ռեգբի ֆուտբոլ» անվանման մեջ բուն խաղի անունը հենց ֆուտբոլն է, իսկ Ռեգբին անգլիական քաղաք է, որտեղ անգլիական հայտնի դպրոցներից մեկն է, որում էլ նախապես մշակվել են խաղի կանոնները: Ըստ այդմ, ռեգբի ֆուտբոլ նշանակում է Ռեգբիի դպրոցի կանոններով խաղացվող ֆուտբոլ: Բայց ինչի՞ հենց ֆուտբոլ, այլ ոչ թե, ասենք՝ հոկեյ կամ բասկետբոլ: Դրա մասին կիմանանք հաջորդ դասին:

Խալդի Կուրոյան-Էրմեկբեկյան

 

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլային լրագրողները բարկացրել են’