‘Խաչատուր Քոքոբելյան. Մեկ է՝ սատարելու՛ ենք ‘

1114

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի այսօր արած հայտնի հայտարարությունից քիչ անց` հայտարարությամբ հանդես եկավ նաեւ «Ազատ Դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Հիշեցնենք, որ իր հայտարարությամբ Հովհաննիսյանը մեղադրել էր Քոքեբելյանին ստախոսության մեջ:

«Ցավում եմ, որ իմ բացակայության ընթացքում իմ գործընկեր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, թե իբր մենք համատեղ պայմանավորվածություն ենք ունեցել վայր դնելու պատգամավորական մանդատները: Այս հայտարարությամբ,պարոն Հովհաննիսյանը մեզ համար անհասկանալի պատճառներով սեպ խրեց

մեր միասնական թիմի միջև: Պետք է նշեմ, որ Ազատ դեմոկրատների կողմից արվել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի միասնական թիմի պառակտում տեղի չունենա, այդ իսկ պատճառով ես ցանկացա մինչ հայտարարությամբ հանդես

գալը հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ խնդրահարույց հարցերը հստակեցնելու նպատակով: Տեղեկացնում եմ, որ մանդատներից հրաժարվելու վերաբերյալ պայմանավորվածություն իմ և պարոն Հովհաննիսյանի միջև չի եղել, ավելին՝ ազատական ուժի համարում ունեցող քաղաքական մարմինը չի կարող մանդատը վերցնել-չվերցնելու որոշումը կայացնել երկու անձի քննարկմամբ, առավել ևս՝միանձնյա: Մանդատից հրաժարվելու հարցը չի կարող կախված լինել մեկ անձի քմահաճույքից՝ դա քաղաքական լուրջ վճիռ է, որը կարող էր տեղի ունենալ բացառապես քաղաքական քննարկման, քաղաքական իրավիճակի փոփոխության և մեր քաղաքական թիմերի

քննարկումների արդյունքում: Բնականաբար, ես նման որոշման, առավել ևս՝ պայմանավորվածության չէի կարող գնալ՝ հաշվի առնելով իմ հարգանքը կոլեգիալ որոշման և համաժողովրդական քվեի գերակայության նկատմամբ:

Տեղին եմ համարում ևս մեկ անգամ հղում անել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության սույն թվականի մայիսի 13-ի որոշմանը, որտեղ վարչությունը միաձայն որոշում է կայացրել, որ «Ազատ դեմոկրատներ» —

«Ժառանգություն» միասնական համամասնական ցուցակում «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչների տեղերը չեն կարող փոփոխության կամ տեղաշարժի ենթարկվել:

Ավելորդ չեմ համարում նաև տեղեկացնել, որ «Ազատ դեմոկրատներ» — «Ժառանգություն» դաշինքի շրջանակներում երկարաժամկետ համագործակցության պայմանավորվածություն է եղել, այդ թվում՝ առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թիմով հանդես գալու հարցում: Սակայն, ներկա իրավիճակում, հաշվի առնելով ստեղծված միջկուսակցական խնդիրները, հայտարարում եմ,որ ֆորմալ առումով մնալով ԱԺ Ժառանգություն խմբակցության անդամ, այս պահից սկսած ես որևիցե պատասխանատվություն չեմ կրում խմբակցության գործողությունների համար և կաշկանդված չեմ խմբակցության որոշումներով:

Ընդսմին, վերահաստատելով «Ազատ դեմոկրատներ»-«Ժառանգություն» դաշինքի գաղափարական սկզբունքներին մեր հավատարմությունը, հայտարարում եմ, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, որոշում կայացնի նախագահական ընտրություններում իր առաջադրման վերաբերյալ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ համաձայն մեր երկու թիմերի միջև եղած քաղաքական համաձայնության, պատրաստ է սատարել և աջակցել նրան», — ասվում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հայտարարության մեջ:

Երբ iLur.am-ը պատրաստվում էր հրապարակել այս հայտարարությունը, «Ազատ դեմոկրատների» մամուլի ծառայությունից ստացվեց նոր հաղորդագրություն, որտեղ նշվում էր, որ վերեւում նշված հայտարարությունը առ ոչինչ է, եւ կուսակցությունն ուղարկել է նոր հայտարարության տեքստ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ափսոսանք եմ հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պահի թելադրանքով արված, հուզական հայտարարության կապակցությամբ: Եվս մեկ անգամ հարկ եմ համարում հիշեցնել, որ ընդհանուր խմբակցության մաս կազմելը բնավ չի նշանակում անկախ քաղաքական ուժի մանդատների միանձնյա տնօրինում, մեկ այլ անհատի կողմից: Ցավում եմ, որ ընդդիմադիր դաշինքը կայացնելու մեր բոլոր ջանքերն ու ներդրումները հետևողականորեն փոշիացվում են անհասկանալի դրդապատճառներով»,-ասվոմ է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության՝ այս պահին վերջին հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Հայաստան – Իտալիա՝ 1:3. իտալական ֆուտբոլի կարգը բարձր էր’
Հաջորդ հոդվածը‘Ուրբաթօրյա ակցիա՝ դատախազության մոտ (Տեսանյութ)’