‘Խաչիկյանը դատարանում ընթերցում էր «MY TICKET ROAD» գիրքը’

942

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Վազգեն Խաչիկյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մնացած տասներկու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը,  որի ընթացքում ցուցմունք տվեցին վկաներից ութը:

Կենսաթոշակները դուրս էին գրվել վկաների հարազատների կամ ազգականների անունով, սակայն տեղ չէին հասել: Շատերն անակնկալի էին եկել՝ իմանալով այդ լուրը: Մասնավորապես՝ վկա Լյուսյա Մկրտչյանը նշեց, որ իր ծնողների թոշակը ստացած լինելու մասին իմացել է միայն ոստիկանության բաժանմունքում՝ ստորագրությունը տեսնելուց հետո, որը չէր պատկանում իրեն կամ իր հորը:

Քաղաքացիները, որոնց անունով դուրս են գրվել կենսաթոշակները, կա՛մ մահացած են եղել, կա՛մ էլ բնակվել են արտերկրում, հիմնականում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Վկաներից շատերն այսօր չէին ներկայացել դատարան, քանի որ ներկա պահին գտնվում են Հայաստանի տարածքից դուրս, սակայն նախաքննության ժամանակ հնարավորություն են ունեցել ցուցմունք տալու, այդ իսկ պատճառով հիմք ընդունվեցին քննիչին տրված ցուցմունքները: Նշենք նաև, որ վկաների քանակը բավականին մեծ է, և նրանցից ոչ բոլորն են դեռևս դատակոչվել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա երկու շաբաթից ՝ դեկտեմբերի 31-ին, ժամը՝ 12:00-ին, որի ընթացքում կշարունակվի վկաների հարցաքննությունը:

Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը մեղադրվում է բազմաթիվ քաղաքացիների կենսաթոշակները և նպաստները յուրացնելու մեջ, որի վնասն ընդհանուր առմամբ կազմում  է 289.956.681 դրամ:

Հ. Գ. Այսօրվա ողջ դատաքննության ընթացքում Խաչիկյանը ընթերցում էր «MY TICKET ROAD» գիրքը:

Նախորդ հոդվածը‘Ըստ պետբյուջեի նախագծի, 2014-ին արդյունաբերական արտադրությունը կաճի 7 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘Գորիսի քաղաքապետին պատկանող ընկերությունը քաղաքային մրցույթներում հիմնական հաղթողն է’