‘Խաչիկյանին կհամաներե՞ն’

1112

Անկախության 22-րդ տարեդարձի առիթով հայտարարված համաներումը տարածվում է նաեւ այն հոդվածի վրա, որով անազատության մեջ է Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը։ Սակայն համաներումը , ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Ժորա Վարոսյանը, կտարածվի միայն մեկ դեպքում, եթե փոխհատուցվի պետությանը հասցված վնասը. «Հակառակ դեպքում՝ չի տարածվում»։

Ժորա Վարոսյանը չգիտի՝ գումարը կփոխանցվի, թե ոչ, նրա խոսքերով, բացի Վազգեն Խաչիկյանից, այս գործով անցնում են եւս 12-ը, եւ նրանց դիրքորոշումը դեռ պարզ չէ։ 
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վ. Խաչիկյանը, հանդիսանալով կազմակերպչական-տնօրինական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր կողմից ղեկավարված ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի ընդհանուր` 260.956.681 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ` պարզվել է նաև, որ Վ.Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար: Վազգեն Խաչիկյանն անազատության մեջ է անցյալ տարվա սեպտեմբերի 28-ից։

 

  

Նախորդ հոդվածը‘Հանուն ԵՄ-ին Ուկրաինայի ասոցացման՝ Տիմոշենկոն համաձայնել է մեկնել Գերմանիա’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը պարգեւատրել է ընտրություններին «լավ աշխատած» ՀՀԿ-ական տնօրեններին. Թվեր’