‘Խառը կանաչի’

5842

90-ականների սկզբին մի սիրուն ամերիկյան մուլտֆիլմ կար, որտեղ մկների հանրահավաքի ժամանակ վերջին պահին հրապարակավ մերկացված չարագործ կատուն մկներին ասում է՝ չեմ հասկանում, դուք ի՞նձ եք հավատում, թե՞ ձեր աչքերին:

Հիմա «մեր» իշխանություններն են: Մարդը գնում է խանութ, տեսնում՝ միսը, որ երեկ մի գնով էր վաճառվում, թանկացել է: Հետո նայում է մյուս ապրանքներին ու տեսնում՝ կարագն էլ է թանկացել, կաթնամթերքը, այլեւայլ ապրանքներն էլ հետը: Մի խոսքով, եթե մի շաբաթ առաջ էդ ամբողջի համար  5000 դրամ էր վճարում, այսօր 7000 է վճարում: Ասել կուզի՝ սեփական մաշկի/գրպանի վրա զգում է այդ թանկացումը:

Հետո գնում է մեքենան լիցքավորելու, տեսնում է՝ բենզինն էլ է թանկացել, տո գազն էլ: Ու էլի՝ սեփական գրպանի վրա զգում է այդ ամենը:

Հետո գալիս է տուն, միացնում է հեռուստացույցը, ու ի՞նչ. բոլոր ալիքներով նրանք են խոսում՝ է՛լ վարչապետը, է՛լ նախարարներն ու նրանց տեղակալները, է՛լ պատգամավորները, եւ բոլորը միաբերան պնդում են՝ թանկացում չկա: Այո, այո, էական գնաճ չկա: Մարդն ընդզվում է՝ թե բա, ո՞նց չկա, նոր եմ խանութից գալիս: Սրանք էլ թե՝ չկա, էլի, մենք հաշվել ենք, հաշվարկել ենք, վիճակագրական ծառայությունը մոնիթորինգ է արել եւ տեսել, որ չկա: Էս մարդու աչքերն արդեն ճակատին են հասնում զարմանքից, բայց սրանք շարունակում են՝  չկա ու չկա: Համարյա քիչ է մնում կատվի նման շարունակեն՝ չենք հասկանում, դուք մե՞զ եք հավատում, թե՞ ձեր աչքերին:

Վերջը, մարդը ալիքները փոխում է, որ հասկանա, եթե մի բան տեսանելի է, ու կա, բայց ուրիշներն ասում են՝ չկա, էդ ո՞նց է ստացվում, որ չկա: Մեկ էլ՝ ալե՜- հոպ, պարզվում է՝ ֆոկուսի գլուխը թաքնված է հաշվարկների մեթոդների մեջ: Մի իշխանավոր բացատրում է մի կերպ, որ գնաճ չկա, որովհետեւ հաշվարկի մեթոդ կա. բոլոր ապրանքների գները համեմատում են՝ թանկացածները եւ էժանացածները, հետո հանում են միջին թիվ ու ստանում գնաճի թիվը: Այդպես էլ ստացվել է, որ նույնիսկ իրենց հաշվարկով գնաճ կա, բայց՝ ոչ էական: Մարդը էլ ավելի շատ է զարմանում, սրանք շարունակում են. ասենք՝ կարագը, միսը թանկացե՞լ են, իսկ ահա մանրահատակն էժանացել է, ըհը +/- ու ստացվեց, որ գնաճն էական չէ: Պարզ է, չէ՞,  մեթոդը: Բայց մարդը դեռ ընդվզում է, ասում է՝ ախր ես էդ մանրահատակը 10 տարին մեկ կամ առնեմ, կամ՝ չէ, ու ես դրա թանկացում/էժանացումը չեմ զգում, խնդիրն այն է, որ թանկացել են այն ապրանքները, որ ես գրեթե ամեն օր սպառում եմ, հասկանո՞ւմ եք: Ուտելիքն է թանկացել, առաջին սպառման, հասկանո՞ւմ եք: Ա՜խ, ուտելու բաների՞ց եք ցանկանում խոսել, հնչում է պատասխանը, խնդրեմ. հո ամեն ինչ չի թանկացել, էժանացած ուտելու բաներ էլ կան: Օրինակ՝ խառը կանաչին:

Իշխան Պողոսյան

 

Նախորդ հոդվածը‘Tradewise Gibraltar Masters. Արոնյանն առաջին տուրում ոչ-ոքի խաղաց հունգարուհի Անիտա Գարայի հետ’
Հաջորդ հոդվածը‘Մադուրո. Ես միշտ պատրաստ եմ նախագահելու’