‘Խելագար Մաքը՝ «Ֆրանկենշտեյնի նման սպիներով ծածկված» սենատորը’

1099

Ամերիկյան Time ամսագիրը Արիզոնայից 78-ամյա հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնին բազմիցս ընդգրկել է ԱՄՆ լավագույն սենատորների տասնյակում:

Մաքքեյնը հակասական կերպար է: Լրագրողները մշտապես ուշադրություն են դարձնում նրա անհետևողականությանը: Սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո նա, դիմելով «Ալ-Քաիդայի» ահաբեկիչներին՝ ասել էր. «Թող Աստված խնայի ձեզ, քանի որ մենք չենք խնայելու»: Սա չխանգարեց Մաքքեյնին, որ մեկնի Սիրիա և լուսանկարվի աշխարհազորայինների հետ: Ինչպես նկատել էին The National Interest-ի թղթակիցները՝ «12 տարի անց նա կարողացավ ընդհանուր թիրախ գտնել այդ ահաբեկչական կազմակերպության գրոհայինների հետ՝ Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի վարչակարգի տապալումը»:  Կուսակիցները նույնպես միանշանակ չեն վերաբերվում սենատորին՝ նրան անվանելով «սպիտակ ագռավ», քանի որ Մաքքեյնի նախաձեռնությունները հաճախ չեն համընկնում կուսակցության գծին:

Ամերիկյան լրատվամիջոցները մեկ անգամ չէ, որ նշել են, թե Մաքքեյնն «անտարբեր չէ» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ: 2008 թ. Միսիսիպիում բանավեճերի ժամանակ սենատորը խոստովանել էր, թե այն ժամանակ վարչապետ Պուտինի աչքերում երեք տառ է տեսել՝ ԿԳԲ: Քիչ ավելի ուշ սենատորն իր միկրոբլոգում սկսել էր գրել «նամակներ Վլադին»: «Արաբական գարնան» ընթացքում Մաքքեյնը մշտապես հիշեցնում էր, որ դա նյարդայնացնում է Պուտինին. «Թանկագին Վլադ, արաբական գարունը շարունակում է մոտենալ»: Մի անգամ «թանկագին Վլադը» նույնիսկ պատասխանել է նրան. 2011 թ. ուղիղ եթերի ընթացքում նա հայտարարել է. «Պարոն Մաքքեյնը, ինչպես հայտնի է, Վիետնամում գերի է ընկել և այնտեղ ոչ թե բանտ է նստել՝ նրան փոսի մեջ են պահել: Ինչ ասեմ, ուզածդ մարդ էլ կցնդեր»:

Երբ 2012 թ. Պուտինը հաղթեց նախագահական ընտրություններում, Մաքքեյնը գրեց. «Թանկագին Վլադ, անակնկա՛լ, անակնկա՛լ. դու հաղթել ես: Ռուսաստանի ժողովուրդը նույնպես արտասվում է»:

Մարտի սկզբին Ռուսաստանի ԱԳՆ-ն տեղեկացրեց, որ պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան սենատորի նկատմամբ: Երբ լրագրողները Մաքքեյնին հարցրել են, թե նա ինչպես է վերաբերվում նրան, որ իրեն արգելել են մուտքը Ռուսաստան, Մաքքեյնը պատասխանել է. «Սկզբում շատ վշտացա, որովհետև մտադիր էի գարնանային արձակուրդս անցկացնել Սիբիրում»:

Մաքքեյնը հայտնի է նաև իր հումորի զգացումով ու նաև հաճախ թույլ տված «սայթաքումներով»՝ այսպես կոչված՝ «մաքքեյնիզմներով»:

 Դեկտեմբերի սկզբին նա Հունգարիայի վարչապետին անվանել էր «նեոֆաշիստ բռնապետ», որն ուզում է «մտնել Վլադիմիր Պուտինի անկողինը»:

Հարցազրույցներից մեկում, դատողություններ անելով Աֆղանստանի իրադարձությունների մասին, սենատորը մտահոգություն էր հայտնել այն առիթով, որ «Իրաքի և Պակիստանի միջև սահմանին զինված բախումներ են տեղի ունեցել»:

Այս տարի մի քանի անգամ Մաքքեյնը Չեխիան անվանել է Չեխոսլովակիա:

«Վաշինգտոնը տգեղ մարդկանց Հոլիվուդն է, իսկ Հոլիվուդը՝ բթամիտների Վաշինգտոնը»:

Մի անգամ, կատակելով լսարանի հետ՝ քաղաքական գործիչը խոստովանել է. «Ես խարխուլ ավերակ եմ, ես ավելի շատ սպի ունեմ, քան Ֆրանկենշտեյնը»: Ի դեպ, սենատորն իրեն էլ է բավական հումորով վերաբերվում: Մի անգամ՝ սենատում 2013 թ. Սիրիայի դեմ ռազմական ուժ կիրառելու հարցի քննարկման ժամանակ, լրագրողները նկատել էին, որ Մաքքեյնը փոքեր է խաղում իր այֆոնով: Երբ լուսանկարը հայտնվել էր թերթերում, սենատորն իր Twitter-ում գրառել էր. «Սկանդա՛լ: Ինձ բռնացրել են սենատի լսումների ժամանակ այֆոնով խաղալիս: Բայց ամենավատն այն է, որ ես պարտվեցի այդ խաղում»:

Մաքքեյնը չի խնայում նաև իր ընտանիքի անդամներին: 2008 թ. ամերիկացի հրապարակախոս Քլիֆ Շեքթերը հրապարակել էր իր գիրքը՝ «Իսկական Մաքքեյնը», որտեղ նկարագրում է մի միջադեպ, որին ինքն ականատես է եղել. Մաքքեյնի կինը, ինչ-որ միջոցառման գնալիս, խառնել էր ամուսնու մազերն ու ասել. «Ճաղատանում ես, սիրելիս», ինչին սենատորը պատասխանել էր. «Համենայն դեպս՝ ի տարբերություն քեզ՝ ես պոռնիկի պես չեմ ներկվում»:

2008 թ. նախագահական քարոզարշավի ընթացքում հեռակա բանավեճի մեջ մտնելով իր կուսակից Միթ Ռոմնիի հետ, որն իրեն քննադատել էր անօրինական միգրանտներին ԱՄՆ-ում թողնելու առաջարկի համար, Մաքքեյն ասել էր. «Երբեք կռվի մի բռնվեք խոզի հետ. դուք երկուսդ էլ կկեղտոտվեք, իսկ նա դրանից նաև հաճույք կստանա»:

Ըստ lenta.ru-ի 

Նախորդ հոդվածը‘Խոդորկովսկին Պուտինին թշնամի չի համարում’
Հաջորդ հոդվածը‘«Բոկո Հարամի» գրոհայինները գերի են վերցրել 185 նիգերիացու’