‘Խիարի թարս բուսման մեխանիկան’

1867

Մի հանրահայտ ասացվածք կա, որը շատ է կիրառվում ռուսների կողմից՝ բոլոր այն դեպքերում, երբ մարդը ցանկալին խառնում է իրականության հետ, որն էլ, իր հերթին՝  հանգեցնում է «սպասելի» արդյունքի. «Ցանկացան, որ լավ լինի, ստացվեց՝ ինչպես միշտ»:

Այս ասացվածքի հայերեն համարժեք տարբերակը «խիարի թարս բուսնելն» է, որը Սերժ Սարգսյանի ամենասիրած ասացվածքն է, ու ըստ Ֆրոյդի՝ հենց սրանով էլ կարելի է բացահայտել Սերժ Սարգսյանի հոգեբանական կերպարը:

Չնայած՝ ինչո՞ւ ենք գնում հեռուն ու փորձում անգիտակցականի միջոցով բացահայտել Սերժ Սարգսյանի հոգեբանական կերպարը. դա այնքան բացահայտ է, որ պարզապես հարկավոր է միայն Սերժ Սարգսյանի կատարած քայլերը կողք կողքի դնել:

Ս.Սարգսյանը 2008 թ. նախընտրական  քարոզարշավի ժամանակ հայտարարում էր իր հակառակորդ թիմի հետ «եղբայրներ ու քույրեր» լինելու մասին և նշում, որ պետք է քանդել անհանդուրժողականության պատը. վերջում ստացվեց այնպես, որ նա իր «քույրերի ու եղբայրների» վրա բանակը հանեց, և ունեցանք տասը զոհ՝ խաղաղ ցուցարարներից  ու ժամկետային զինծառայողներից: Ինչ վերաբերում է «պատին», ապա նրանք, ովքեր իրեն դեմ էին արտահայտվել, հայտնվեցին բանտի պատի ետևում, ու երևի այդ միջոցով քանդվեց Սերժ Սարգսյանի նշած անհասկացողության պատը:

Սրանից հետո Սերժ Սարգսյանը որոշեց Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավել, որպեսզի սահմանները բացվեն, ու այդ ուղղությամբ նա, հերիք չի՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկի վրայից հանել տվեց Մասիս սարը, դեռ մի բան էլ հայ-թուրքական արձանագրություններում մտցրեց պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցը, ու այսքանից հետո ստացվեց այնպես, որ ոչ միայն սահմանները չբացվեցին, այլ նաև Թուրքիան այժմ  նախկինից ավելի հաստատակամ պնդում է, որ առանց Ղարաբաղի հարցի լուծման՝ սահմանների բացման մասին խոսք լինել չի կարող:

Հետո  Սերժ Սարգսյանը վերադարձավ ներքաղաքական խնդիրներին ու ընդդիմության հետ երկխոսության սեղանին նստեց քաղբանտարկյալների ազատ արձակումից ու Մարտի մեկի մարդասպաններին բացահայտելու խոստումից հետո, այնուհետև բանակցությունների կեսից Հայաստանն ունեցավ նոր քաղբանտարկյալներ, իսկ Մարտի մեկի սպանություններն էլ մինչ օրս բացահայտված չեն:

Այնուհետև Սերժ Սարգսյանը սկսեց խոսել Հայաստանը քայքայող կոռուպցիայի մասին, որից հետո ընթացքում մոռացվեց ՀՀ արդեն նախկին վարչապետի մասնակցությամբ օֆշորային գործարքը, իսկ օֆշորային սկանդալի հերոսը դարձավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: Մեկ այլ միլիոնատեր, ով ամբողջ կյանքում միայն պետական պաշտոններ էր ունեցել ու  չգիտես ինչ ձևով էր կուտակել իր ունեցվածքը` դարձավ ՀՀ նոր վարչապետ:

Սրան զուգահեռ՝ Սերժ Սարգսյանը փորձեց Հայաստանին դուրս բերել Ռուսաստանի «ճիրաններից» ու այս ուղղությամբ սկսեց Եվրոպայի Ասոցացման պայմանագրի հետ կապված խաղը, որից հետո Հայաստանը դուրս մնաց եվրոպական ասոցացումից, և Սերժ Սարգսյանն էլ մինչ այժմ դեռ աղաչում է, որ Հայաստանը անդամագրվի Մաքսային միությանը, սակայն ղազախներն ու բելառուսներն ամեն անգամ նոր պայմաններ են դնում Հայաստանի առջև՝ ընդհուպ Արցախի ու Հայաստանի միջև մաքսակետեր տեղադրելու պահանջը:

Այսքանից հետո Սերժ Սարգսյանը Արգենտինայում հարցազրույց տվեց ու իր մտահոգությունը հայտնեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելու փաստի առնչությամբ, որից հետո Ռուսաստանը է՛լ ավելի շատ զենքեր վաճառեց Ադրբեջանին ու մինչ օրս էլ շարունակում է վաճառել:

ՆԱՏՕ-ի սիրտը սիրաշահելու համար Սերժ Սարգսյանը որոշեց Արցախի հարցի վերաբերյալ ընդունվելիք հռչակագրից առաջ ԼՂ հիմնախնդրի իր տեսակետը բարձրացնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որից հետո հռչակագիր ընդունվեց այն մասին, որ ՆԱՏՕ-ն պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Նույնիսկ միջպետական չէ, անձնական հարաբերությունների ոլորտում է Սերժ Սարգսյանի մոտ աշխատում «խիարի թարս բուսման» փիլիսոփայությունը: Վերջինս Պուտինի հետ հանդիպման ժամանակ  խնդրեց, որ ՌԴ նախագահը միջոցներ ձեռնարկի հայտնի արցախցի բարերար Լևոն Հայարապետյանի ձերբակալության առնչությամբ, իսկ երեկ էլ լուր տարածվեց, որ Ռուսաստանի դատախազությունը Լևոն Հայարապետյանի դեմ բացված քրեական գործին նոր հոդվածներ է ավելացրել:

Սկզբունքային մարդը պետք է լինի այնպիսին, որ իր սկզբունքները կիրառի ցանկացած ասպարեզում և հետամուտ լինի իր հայտարարած սկզբունքների կյանքի կոչմանը: Ինչ-ինչ, սակայն Սերժ Սարգսյանն՝ իր «խիարի թարս բուսման սկզբունքը» երբեք չի խախտել, ու այս հարցում նրան  որևէ մեկը մեղադրել չի կարող:

Միսակ Մարտինյան

 

Նախորդ հոդվածը‘Գերմանիայում 93-ամյա ՍՍ-ականը դատարանի առաջ կկանգնի ‘
Հաջորդ հոդվածը‘Բելգիայում ցմահ դատապարտյալին թույլատրել են էֆթանազիայի դիմել ‘