‘Խմբագրական. Ազատությունը երկու դեմք ունի’

2587

Պատկերացրեք` «խենթուխելառ» ստեղծագործողների մի խումբ, որն օրվա մի մասը գիրք է կարդում, մշակութային զանազան միջոցառումների է մասնակցում, ստեղծագործում է, իսկ օրվա որոշակի ժամերի սեփական կյանքն է «մաշում»` ինչպես ինքն է ցանկանում, ոչ թե ինչպես չափված-ձեւված հասարակությունը կցանկանար: Այսինքն, այս խենթուխելառներն ուզում են` հարբում են, ուզում են` ծխում են, ուզում են` խմիչքի հոտի ու ծխախոտի ծածկույթի տակ աշխարհն են առնում-դնում` իրենց պոետներով, նկարիչներով, դերասաններով, փիլիսոփաներով, ուզում են` սիրում են, չեն ուզում` էլ չեն սիրում: Այս ամենին ընդունված է «բոհեմ» ասել: Մենք էլ ասենք:

Եվ ահա, չգիտես` որտեղից, չգիտես` ոնց, այս բոհեմի կենտրոնում է հայտնվում մի «լուսե» աղջիկ, որը դպրոցում ընթերցել է միայն «Հացավանի» կեսը, «Հեյ, ձեզ մատաղ, բանվոր տղերք»-ը, մի քանի լիտր արցունք է թափել հնդկական ֆիլմերում հանուն սրտամաշ սիրո իրար հետեւից կոտորվող գանգաջամնաների համար, խմիչքից հոտ քաշած չկա, ծխախոտի ձեռք տված չկա, կինոդահլիճում նստած ժամանակ նույնիսկ ծունկը որեւէ պատանու ծնկին կպած չկա: Միով բանիվ` ոտքերն ամպոտ հրեշտակ: Սակայն այս հրեշտակն ազատություն է ուզում ու այդ ազատության զգլխիչ բույրն այս խենթուխելառների միջավայրում գտավ: Երջանիկ է: Ու սկսում է ընդօրինակել ազատասերներին: Սովորում է ծխել, սովորում է հարբել, սովորում է ազատ-անկաշկանդ սիրել, այսինքն` սովորում է այն ամենն, ինչը ջանք չի պահանջում, ինչն ընդունակ է ընկալել իր ծույլ ուղեղը: Եվ մի օր էլ պարզվում է` ազատասեր «լուսե» աղջիկը գիշերային թիթեռնիկ է դարձել: Ովքե՞ր շիտակ ճանապարհից հանեցին այս անմեղ հրեշտակին: Դե, մի՞թե պարզ չէ` այդ սանձարձակ խենթուխելառները:

Հետո՞ ինչ, որ այս սանձարձակները տաղանդավոր մարդիկ են, որոնք մի օր կհոգնեն բոհեմից, բայց չեն դադարի ստեղծագործել ու իրենց ներկայությամբ աշխարհը գեղեցկացնել: Փաստ է` «լուսե» աղջիկն ընկավ «վատ շրջապատ» ու կործանվեց:

Սովետմիության փլուզումից հետո բացվեց մեծ աշխարհի դուռը, եւ 70-ամյա բանտարկությունից հետո նախկին կալանավորներս սկսեցինք վայելել ազատությունն այնքան ու այնպես, որքան եւ ինչպես յուրաքանչյուրիս գիտակցությանն էր հասանելի: Մի մասը հասկացավ, որ որքան լեզու գիտես` այնքան մարդ ես, ու սկսեց լեզուներ սերտել, մինչ այդ մեզ անհայտ բարձրարժեք մշակույթ ու գրականություն կլանել ագահորեն, նախկինում անհասանելի պատկերասրահների դռները մաշել, մյուսներն էլ, «լուսե» աղջկա նման, չափչփեցին քաղաքակիրթ աշխարհի կազինոները, սթրիփակումբները, ռեստորանները, հասարակաց տները, կարճ ասած` «վատ շրջապատ» ընկան, հղփացան ու լկտիացան:

Ո՞վ է մեղավոր, որ նախկին սովետական քաղաքացիների մի զգալի մասը երկրորդ ճանապարհն ընտրեց: Քաղաքակիրթ աշխա՞րհը: Քաղաքակիրթ աշխա՞րհն է մեղավոր, որ մեզանից ոմանք նույն ֆիլմն են դիտում, եւ մի մասի համար դա ընդամենն այլասերվածություն է, որովհետեւ իր ուղեղն ընդունակ է ընկալել միայն՝ որ ֆիլմի հերոսը թմրամոլ է, որին պետք է շուտափույթ մեկուսացնել հասարակությունից, իսկ մյուսն այդ թմրամոլի բզկտված երակների մեջ մարդկային ողբերգություն է տեսնում, եւ թմրամոլի գլխավերեւում կախված կտավն էլ, գիտի, Վան Գոգի «Արեւածաղիկներն» է , ոչ թե` դեռ կարգին չհասունացած չրթելու սեմուշկա:

  Հիմա Հայաստանի ճակատագիրն այն մարդկանց ձեռքերում է, ում համար քաղաքակիրթ կենսակերպն ուրվագծվում է մարմնավաճառների ընկերակցությամբ սաունաների, կազինոների ու չալաղաջների, երաժշտությունը` արմենչիկների, գրականությունը` զորիբալայանների, կինոն` անմեղսունակ սերիալների, նկարչությունը` չրթելու սեմուշկայի տեսքով ու բովանդակությամբ, եւ սոցիալական խնդիրների տակ կքված Հայաստանի քաղաքացիների զգալի մասը ոչ սիրտ ունի, ոչ էլ ցանկություն` գիտակցելու, որ իրական արժեքներից այնքան է հեռացել «հայեցի-հայեցի» խաղը խաղալով, որ վաղը ոչ միայն Լարս Ֆոն Թրիերի վերջին ֆիլմն է իրեն պոռնո թվալու, այլեւ Չարենցի «Ասպետականը»: 

Եվ այսպես` օրեցօր իբր «հայեցիանում ենք», իսկ իրականում` գլորվում ենք միջնադար` «հայ ես դու, հայ եմ ես, վայ, քո ցավը տանեմ ես» ազգային ազատագրական բայաթիների «թեւերի» վրա օրորվելով, եւ թե մինչեւ ուր է հասցնելու մեզ այս գահավիժումը` ո՛չ առաջադեմ արեւմուտքը կարող է հուշել, ո՛չ էլ ավանդապահ արեւելքը, այլ ինքներս պետք է գիտակցենք:

Այս գետնաքարշ ճանապարհը մեզ պարտադրել են Հայաստանը զավթած «սեմուշկա չրթողները», եւ «Արեւածաղիկների»  ճանապարհը վերագտնելու մի ելք կա` ազատվել այս զավթիչներից:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Պարտադիր կուտակայինի դեմ դուրս են եկել Մետրոպոլիտենի աշխատակիցները (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ցույցերը կարող են վերաճել համազգային գործադուլի. Մետրոն ոտքի է ելել (տեսանյութ)’