‘Խմբագրական. Ամեն ինչ ճիշտ է` «սաքուլիկը» պե՛տք է պրոռեկտոր դառնար’

2406

Այս շաբաթ էլ հասարակությունը չձանձրացավ:

Ոչ անհայտ «սաքուլիկներից» («գիտնական» Մարգարյան Տարոնի, այսպես կոչված, ատենախոսության «անձեռնմխելիությունը» պաշտպանող ուսանողների պարագլուխներից էր) մեկը դարձավ Երեւանի տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր:

Արտակարգ իրավիճակների նախարար Երիցյան Արմենը գործակցության համար մեդալ կախեց Լիսկայի (այս պարագայում «ոչ անհայտ» բնորոշումը ծաղր կարող է թվալ` սա կարկառու՛ն ծանրագույն դեպք է) եւ իր պալատի մատույցներում հանգուցյալ Ավետիք Բուդաղյանից եւ նրա ծանր վիրավորված եղբորից` Լիսկայի սիրասուն զավակի հետ ուս-ուսի անձնազոհաբար «ինքնապաշտպանվող» Նիկոլայ Աբրահամյանի արնահոտ դոշերից:

Սերժիկ Սարգսյանը այցելեց ծաղկաձորյան «դժվարին պայմաններում»` հանուն հայրենիքի ամեն տարի հարկատուներիս հաշվին կտրիճաբար մաքառող բազեականներին ու նրանց «անսպասելի» հարցերին ի պատասխան` հա՛ զարմացավ, թե սրանք ախր որտեղի՞ց գիտեն, որ Հայաստանից շատ են արտագաղթում, կամ` էդ ո՞նց են տեսնում էդ «ստվերը», է՞, եւ ընդհանրապես` էդ ո՞ր երկրից չեն արտագաղթում, բոլոր երկրներից էլ արտագաղթում են, ու ամեն տեղ էլ «ստվեր» կա, պա՛հ:

Այսքանով սահմանակվենք, չնայած շաբաթը հարուստ էր նաեւ աշոԾյանական եւ հանրապետական զանազան այլ մտքի գիգանտների ալեբախումներով, եւ դառնանք մեր հասարակությանը, որը չի դադարում զարմանալ ու զայրանալ, թե ոնց պատահեց, որ սաքուլիկանման մեկը պրոռեկտոր է դարձել, լիսկայանմաններին մեդալ են շնորհում, իսկ սարգսյանսերժիկանմանն էլ մինչ օրս նստած է ՀՀ նախագահի աթոռին:

Հարց. եթե մինչ օրս Հայաստանի նախագահի աթոռը զավթած է պահում Սերժիկ Սարգսյանը, ապա, ըստ մեր զարմացած ու զայրացած հասարակության` ո՞վ պետք է դառնար պրոռեկտոր, եթե ոչ` ոմն արատավոր սաքուլիկ, կամ` ու՞մ պետք է մեդալ շնորհեին, եթե ոչ` Լիսկայի նմաններին: Սրա՛նք ու սրանց նմաններն են Սերժիկ Սարգսյանի թեւութիկունքը, սրա՛նց ու սրանց նմանների օգնությամբ է այս պարոնը երկու անգամ «հաղթել» նախագահական ընտրություններում, սրա՛նց ու սրանց նմանների աջակցությամբ  է մինչ օրս նստած Բաղրամյան 26-ում: Հասարակությունը կգոհանա՞ր, եթե հանցագործների գլխավոր հովանավորի ավազակախմբի շարքերը ստվարանային ազնիվ եւ արժանավոր մարդկանց համալրմամբ: Որ ի՞նչ լիներ դրանից հետո: Որ հասարակությունն իր բազմաթիվ հիասթափությունների սեւ ցուցակում, սրտի կսկիծով՝ ավելացներ այնպիսի մարդկանց անուններ, որոնց մինչ այդ հանցագործ ու թալանչի չի՞ համարել: Թե՞ դեռ Հայաստանում միամիտ մարդիկ են մնացել, որոնք կարծում են` հնարավոր է ավազակախմբի որոշիչ օղակ դառնալ ու ազնիվ մնալ:

Այդպես չի լինում: Եթե մարդը կամ քաղաքական ուժը համաձայնում է դառնալ Սերժիկ Սարգսյանի իշխանության կարեւորագույն լծակներից մեկը, ուրեմն այդ իսկ պահից պատասխանատու է երկրում կատարվող ապօրինությունների, թալանի ու անպատիժ մնացած հանցագործությունների համար: Կամ` «ռոմանԾիկ» է (ավելի կոպիտ` անմեղսունակ է), եթե մինչ օրս չի հասկացել այն պարզագույն ճշմարտությունը, որ իշխանական ճահճում եթե գորտի պես չկռռա, այլ փորձի աղավնու պես ղունղունալ, իրեն պարզապես դուրս կնետեն այդ ճահճից` լավագույն դեպքում: Իսկ վատագույն դեպքում` իրենց գործած ու «չբացահայտված» հանցագործություններից որեւէ մեկը, մեր «արդար» դատարանի օգնությամբ, կկարեն այս «ռոմանտիկ աղունիկի հագով» ու կուղարկեն ճաղավանդակի ներսում «փիքր անելու էս աշխարհքի բաները»:

Հայաստանն այսօր այնպիսի ծանրագույն վիճակում է, որ Բաղրամյան 26-ի պնդերես տնվորի իշխանության երկարաձգմանը աջակցող ոչ մեկը չի ներվելու:

Այնպես որ` ուրախ եղեք, որ Սերժիկ Սարգսյանը բավարարվում է իր «բուծած» կադրերով, եւ փայփայեք ձեր հարգանքին արժանացած մարդկանց, որ հանկարծ չընկնեն Սերժիկի «հաճախորդների» ցուցակի մեջ:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն լուծարել է Ուկրաինայի խորհրդարանը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն հետախուզական թռիչքներ կիրականացնի Սիրիայում’