‘Խմբագրական. Անկախ Հայաստան. հպարտություն եւ ամոթ’

2870

1991-ին այսօրվա նման սեպտեմբերյան «մեղմաշունչ» մի օր հայտնի դարձան անկախության հանրաքվեի արդյունքները, համաձայն որոնց՝ մեր երկրի բնակչության 99 տոկոսը կողմ արտահայտվեց անկախությանն ու ՍՍՀՄ կազմից դուրս գալուն:

99 տոկոսանոց այս արդյունքը բավականին զարմանալի կարող է թվալ՝ հաշվի առնելով, որ մինչեւ 1988 թվականը անկախության ոչ թե կողմնակիցները, այլ այդ հարցը քննարկողներն իսկ փոքրամասնություն էին Հայաստանում, նաեւ՝ Ղարաբաղյան շարժման սկզբնական փուլում այդ հարցը չի դրվել մեծամասնության կողմից (ու թերեւս չէր էլ կարող դրվել), շարժման ծավալմանը զուգահեռ՝ նույնպես շատերի կողմից չի ընդունվել, եւ նույնիսկ անկախացումից հետո Հայաստանում եղել են եւ կան խմբեր կամ շերտեր, որոնք, եթե ոչ բացեիբաց, ապա գոնե «հոգու խորքում» չեն ընդունում անկախության գաղափարը: Պետք է ասել նաեւ, որ ՍՍՀՄ փլուզումը եւ հանրապետությունների անկախացումը ֆանտաստիկ տարբերակ էր ընկալվում դեռեւս, ասենք, 1987-ի դրությամբ՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ ՍՍՀՄ մեծ մասում, եւ բացի այդ, որոշ բացառություններով՝ ժամանակին չի կանխատեսվել, այսպես ասած՝ միջազգային փորձագիտական համայնքի կողմից էլ: Ավելին՝ սովետական այլախոհների՛ իսկ մեծ մասը չի պատկերացրել սովետական համակարգի արագ փլուզում:

Իհարկե, 1991-ի օգոստոսյան հեղաշրջման փորձի տապալումից հետո ՍՍՀՄ փաստացի փլուզումը սկսեց կրել անվերահսկելի եւ գրեթե տարերային բնույթ, եւ այդ օրերի մթնոլորտն, անշուշտ, ազդել է նաեւ հայաստանյան հանրաքվեի արդյունքների վրա՝ հասցնելով անկախության կողմնակիցների թիվը գրեթե 100 տոկոսի: Բայց նույնիսկ եթե համարենք, որ 99 տոկոսանոց արդյունքը հետեւանք է հասարակական որոշակի մթնոլորտի, եւ այլ պարագաներում անկախության կողմնակիցների թիվը կարող էր տարբեր լինել, ամեն դեպքում՝ պետք է ընդունենք, որ 99 տոկոսը չէր կարող զուտ օդից ձեւավորված թիվ կամ էլ պատահականության արդյունք լինել, այլ պետք է վկայի 1988-91 թթ. ընթացքում հայ հասարակության գոնե զգալի մասի արագ քաղաքական հասունացման մասին, ինչպես նաեւ այն մասին, որ անկախությունը գիտակցված ընտրություն էր հայաստանցիների մեծամասնության համար: Նույնի վկայությունը, կարծում ենք, պետք է համարել նաեւ այն, որ Հայաստանը պատվով դուրս եկավ անկախության առաջին շրջանի բոլոր փորձություններից:

«Թեպետ փոքր ածու ենք»

Իրոք, երեւի չենք չափազանցի, եթե պնդենք, որ նախկին ՍՍՀՄ հանրապետություններից Հայաստանն 90-ականների սկզբին հայտնվեց ամենածանր վիճակում՝ շնորհիվ, առաջին հերթին՝ արտաքին հանգամանքների եզակի դասավորության, ճիշտ այնպես, ինչպես ամենածանր վիճակում էր անկախ Հայաստանը 1918-21 թթ.: Իհարկե, կարելի է հիշել եւս մի քանի հետսովետական երկրների անուններ, որոնք առավել ծանր դրության մեջ հայտնվեցին՝ բացի մեր հարեւան Վրաստանից ու Ադրբեջանից, նաեւ, ասենք, Տաջիկստանը: Բայց, նախ՝ համեմատական վերլուծությունը պետք է ցույց տա, որ Հայաստանի պայմանները նույնիսկ այդ ցանկում եզակի էին, որովհետեւ նշված պետություններից ոչ մեկը չուներ ավերիչ երկրաշարժի հետեւանքների լուծման, շրջափակման եւ հայ-թուրքականի տիպի խնդիր, եւ բացի այդ՝ Հայաստանը նաեւ ամենափոքրն էր տարածքով եւ բնակչության թվով: Հայաստանի առավելությունները կարելի է համարել ներքին համեմատաբար միասնությունը, անկախությանը նախորդող շրջանի համազգային Շարժման հզորությունն ու կազմակերպվածությունը, նաեւ ազգային գիտակցության ուժեղությունը:  

Կարող ենք շատ երկար խոսել 90-ականներին դրսեւորված թերություններից պետական կառավարման համակարգում եւ հասարակական կյանքում, բայց այսօրվա հեռանկարից դիտված՝ մի բան պարզ է՝ անկախության առաջին շրջանի հիմնարար ձեռքբերումները գերակշռում են բոլոր թերությունները, եւ սրանք զուտ խոսքեր չեն: Այն, որ աննախադեպ ծանր պայմաններում Հայաստանը կարողացավ հաղթել պատերազմը, խուսափել Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ առճակատումից, միաժամանակ հարաբերություններ կառուցելով Իրանի եւ ԱՄՆ-ի հետ, էներգետիկ սուր ճգնաժամի պայմաններում պահպանեց պետական համակարգի կայունությունը, ներքին անվտանգությունը եւ նույնիսկ ապահովեց ժողովրդավարության քիչ թե շատ ընդունելի մակարդակ, իսկ պատերազմի ավարտից անմիջապես հետո գրանցեց տնտեսաան աճ, պետք է համարել ոչ թե պարզապես լավ, այլ գերազանց արդյունք, որով կարող ենք արդարացիորեն հպարտանալ՝ որպես հասարակություն:

Եթե որեւէ մեկը համարի գրածս չափազանցություն, ապա կարող է համեմատել մեր իրավիճակն 90-ականների Վրաստանի հետ: Չնայած ավելի բարենպաստ սկզբնական պայմանների (ավելի մեծ տարածք եւ բնակչություն, ելք դեպի ծով, շրջափակման բացակայություն, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խնդիրների բացակայություն, էներգետիկ լուրջ ճգնաժամի բացակայություն եւ այլն)՝ վրացիները պարտվեցին երկու պատերազմ (օսականը եւ աբխազականը), ներքաղաքական հարցերը լուծվում էին զենքի միջոցով (զինված հեղաշրջում եւ հրետանու ու տանկերի ներգրավմամբ մարտեր Թբիլիսիում 1992-ի հունվարին, քաղաքացիական պատերազմ Արեւմտյան Վրաստանում Գամսախուրդիայի կողմնակիցների եւ կառավարության միջեւ՝ 1993-ի աշնանը), պետական համակարգը կատարյալ փլուզման ենթարկվեց 1992-1993-ի ընթացքում, երբ Թբիլիսիի տեր ու տնօրենը, այսպես կոչված՝ Ազգային գվարդիայի եւ «Մխեդրիոնիի» (բառացի՝ «Այրուձի») զինված խմբերի անդամներն էին՝ գրեթե մշտապես հարբած կամ «ուռած» եւ «կալաշնիկովով» զինված երիտասարդները, որոնք գործում էին ավազախմբերի կանոններով, իսկ արդարադատությունն իրականացվում էր ոչ թե պետության, այլ ժողովրդական «սամոսուդների» միջոցով, եւ չնայած իրավիճակի որոշակի կայունացմանը 1993-ի ամռանից՝ միեւնույնն է, մինչեւ 2000-ականների կեսը Վրաստանը մնաց անկազմակերպ, աղքատ եւ կոռումպացված պետություն՝ նույնիսկ Հայաստանի համեմատ: Նման սցենարով էր զարգանում իրավիճակը 90-ականների սկզբին նաեւ Ադրբեջանում՝ ռազմական պարտություն, ռազմական հեղաշրջումներ, զինված ապստամբություններ, «բեսպրեդել»: Ի դեպ, այդ տարիներին Թբիլիսիում ապրելով՝ ես շատ լավ հիշում եմ հպարտության զգացումս Հայաստանի համար, եւ վրացի ընկերներիս անթաքույց նախանձը մեր ռազական հաջողությունների, ինչպես նաեւ՝ մեր ներքին կայունության նկատմամբ: Ցավալի է հիշել, որ ի տարբերություն այսօրվա, եւ չնայած բոլոր դժվարությունների, որ կրեց Հայաստանը, այն ժամանակ հայ լինելը օտար միջավայրում հպարտ քայլելու եւ ինչ-որ տեղ նույնիսկ վերեւից նայելու առիթ էր՝ շնորհիվ հայաստանյան հասարակության եւ Հայաստան պետության դրսեւորած կենսունակության: Եվ սա այն դեպքերից է, երբ ազգային հպարտությունը ոչ թե սնապարծության, այլ շոշափելի իրականության հետեւանք է:

Ի դեպ, պատերազմում հաղթանակի մասին: Խնդիրը ոչ միայն ինքնին ռազմական հաջողությունն է, որը նույնպես, անշուշտ, կարեւոր է, այլ նաեւ դրա քաղաքական եւ կազմակերպչական ապահովումը: Հայերը միշտ էլ՝ թե՛ հնում ու միջնադարում, թե՛ նոր ժամանակներում, եղել են բավականին մարտունակ ազգ: Եթե մի կողմ դնենք հայերի՝ որպես կարեւոր ռազմական գործոնի դերը Բյուզանդական կայսրության, Սասանյան Պարսկաստանի, Արաբական Խալիֆայության եւ Խաչակրաց արշավանքների շրջանում, ապա միայն 1890-1921 թթ.-ը բավական են՝ վկայելու համար հայ զենքի համեմատական զորության մասին՝ նույնիսկ պարտությամբ ավարտված կռիվներում: Բայց քաղաքական արդյունքը գրեթե միշտ եղել է բացասական: Թերեւս միայն 1915-ի Վանի ինքնապաշտպանությունն ու 1918-ի մայիսի ճակատամարտերը, նաեւ Նժդեհի ղեկավարած Սյունիքի կռիվերը որոշակի՝ համեստ արդյունք տվեցին՝ գոնե պահպանելով բնակչություն կամ տարածք: Այս իմաստով 1994-ին ավարտված Արցախյան պատերազմը եզակի կարելի է համարել հայոց նոր պատմության մեջ՝ որպես ռազմական եւ քաղաքական խոշոր հաջողության համադրում: Չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ կարելի է պատերազմ շահել միայն ռազմական գործողությունների շնորհիվ՝ առանց քաղաքական ղեկավարման եւ կազմակերպման:

Հակապետական քարոզչություն

Ամենացավալին այն է, որ այսօր գրեթե պաշտոնական մակարդակով հակաքարոզչություն է իրականացվում անկախության առաջին տարիների դեմ: Մարդկանց թվում է, որ դրանով իրենք ներքաղաքական հայտնի հարցեր են լուծում՝ հարվածում են այսօր ընդդիմադիր դիրքերից հանդես եկող առաջին նախագահին: Իրականում հարվածում են պետության հիմքերին: Ներքաղաքական պայքարը, այդ թվում՝ հակաքարոզչությունը, ունեն թույլատրելիի սահման՝ այդ սահմանը հավատարմությունն է (լոյալությունը) պետության, ազգային-պետական շահի նկատմամբ, որն ավելի բարձր է, քան ցանկացած, այդ թվում՝ գերսկզբունքային ներքաղաքական բաժանում: Օրինակ, եթե պետությունը պատերազմի մեջ է գտնվում, ընդդիմությունը, որքան էլ արմատական լինի, եթե հավատարիմ է իր երկրին, չի կարող հակակառավարական գործունեություն ծավալել: Բայց 90-ականների դեմ այսօր իրականացվող պաշտոնական քարոզչությունը փաստացի նույնն է, ինչ թիկունքից խփել պատերազմի մեջ գտնվող հայրենիքին: Ներկայացնել անկախության առաջին տարիները (այսինքն՝ նաեւ պատերազմի տարիները) միայն սեւ գույներով, որպես անկման շրջան՝ անտեսելով անկման առարկայական պատճառները եւ աննախադեպ ծանր պայմաններից երկիրը գրեթե ոսկերչական նրբությամբ դուրս բերելու հանգամանքը (կրկնեմ՝ չանտեսելով նաեւ բոլոր սուբյեկտիվ թերությունները), այլ բան չէ, քան պետական դավաճանություն, պարզապես անընդունելի ստորություն, որը չի կարող արդարացվել նույնիսկ ամենասուր ներքաղաքական պայքարով: Մարդիկ, որոնք հովանավորում են նման քարոզչությունը, կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են: Զարմանալի է, բայց ներկա իշխանությունն այս դեպքում հանդես է գալիս հենց որպես յուրահատուկ «ստոր» ընդդիմություն, որովհետեւ սեփական երկրի, այսպես ասած՝ հետադարձ պարտություն է քարոզում:

Ապագայի վերլուծությունը եւ ներկայի պատասխանատվությունը

Տեղը եւ ժամանակը չէ մանրամասն խոսելու անկախ Հայաստանի հետագա պատմության մասին՝ 2000-ականներին եւ 2010-ականներին: Միայն կարող ենք փաստել, որ այսօր հասել ենք մի կետի, ուր հպարտանալու առիթները միայն անցյալում կարելի է գտնել, եւ սա էլ չափազանցություն չէ: Որեւէ մեկը կարո՞ղ է նշել, թե ինչո՞վ կարող է հպարտանալ այսօրվա Հայաստանի քաղաքացին, ներկայի ո՞ր ձեռքբերմամբ, ո՞ր զարգացմամբ: Իհարկե, ապագա պատմաբանները, եթե այդպիսիք հայտնվեն, այսօրվա վիճակն էլ կբխեցնեն ինչ-ինչ առարկայական օրինաչափություններից, ցույց կտան, թե մեր հասարակության ներուժն այս կամ այն պատճառով հերիքեց միայն այսքանի: Բայց դա ապագա, այլ ոչ թե ներկա սերնդի խնդիրն է: Ապագայի որեւէ վելուծություն չի կարող արդարացնել ներկա սերնդին, որի պարտքն է ամեն բան անել՝ փոփոխության հասնելու համար, եւ ոչ թե գեղեցիկ խոսքերով ու ցանկություններով, այլ կոնկրետ իրավիճակում եղած վատ կամ լավ բոլոր հնարավորությունները փորձելով, չվախենալով սեւ աշխատանքից, ոչ էլ խորշելով սեփական պուպուշ եւ մաքրամաքուր տոտիկները պետք եղած դեպքում մի քիչ ցեխոտելուց՝ թող սուրբ եւ անսխալական մնան միայն ոչինչ չանողները: Եվ հետաքրքիրն այն է, որ ինչ արդյունքի էլ հասնենք այսօր՝ հաջողենք, թե ձախողենք, ապագա պատմաբանները գտնելու են դրա առարկայական պատճառները եւ տեղավորելու են մեր արդյունքն ինչ-ինչ օրինաչափությունների մեջ:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Թբիլիսիում վիրահատված Հրանտ փիղը ուշքի է եկել ‘
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյան. Արցախը պատրաստակամ է համակարգված աշխատանք իրականացնել մի շարք ոլորտներում ‘