‘Խմբագրական. «Աշխարհը», Թուրքիան եւ մենք ‘

1936

Վերջին շրջանում, հասկանալի պատճառներով, մամուլը հեղեղված էր Մեծ եղեռնի 100-ամյակի հետ առնչվող նյութերով: Գուցե նույնիսկ հասցրինք որոշ չափով ձանձրացնել ընթերցողին, բայց ճիշտ եմ համարում եւս մեկ՝ ամփոփիչ անդրադարձ կատարել  թեմային: Չափազանց կարեւոր է, որ այն բնական, մարդկայնորեն հասկանալի ոգեւորությունը, որը մեր հասարակությունն ապրում է արտաքին աշխարհում հայասիրական դրսեւորումներից, չվերածվի հերթական հիասթափության «աշխարհից»: Իսկ դրա համար պետք է սառնասրտորեն, նույնիսկ, ինչ-որ տեղ՝ դաժանորեն, քանդենք մի քանի կարծրատիպեր, որոնք նորից, ինչպես եւ 100 տարի առաջ, փարթամորեն  ծաղկում են մեր հանրային խոսքում: 

ա. «Աշխարհի դիրքորոշումն աննախադեպ հայանպաստ է»: Ինքնին վատ չէ, անշուշտ, այն, որ աշխարհում իրոք ավելի շատ մարդ իմացավ հայերի եւ Մեծ եղեռնի մասին, ինչպես եւ այն, որ Հայոց ցեղասպանության մասին խոսվեց պաշտոնական մակարդակով մի շարք երկրներում: Բայց…..

Նախ՝ պետք չէ երբեք մոռանալ, որ «աշխարհը» չի սահմանափակվում արեւմտյան զարգացած երկրներով, ոչ էլ, առավել եւս, «Սիսթեմ օֆ ը Դաունի» կամ Քարդաշյանի երկրպագուներով: Աշխարհի մեծ մասն ապրում է Արեւմուտքից դուրս: Աշխարհի այդ մեծ մասի դիրքորոշումները պակաս կարեւոր չեն, իսկ հեռանկարում, համաշխարհային քաղաքական, տնտեսական տեղաշարժերին զուգահեռ՝ առավել կարեւոր են դառնալու: Չինացի բանվորները, հնդիկ առեւտրականները, փուշթուն ցեղապետերը, պարսիկ մոլլաները, արաբ շեյխերը, տնտեսական բուռն աճ ապրող Եթովպիայի կամ Քենիայի բնակիչները եւ այլք կա՛մ մեծամասամբ մնում են անտեղյակ մեր դարդերից, կա՛մ էլ, եթե տեղյակ են, ապա ո՛չ «Սիսթեմ օֆ ը Դաունը», ո՛չ Քարդաշյանը, ո՛չ էլ նույնիսկ Հռոմի պապի խոսքը նրանց համար «հիմք» չէ:

Երկրորդ եւ է՛լ ավելի կարեւոր. այսօրվա հայանպաստ աշխարհն ամենեւին էլ աննախադեպ երեւույթ չէ մեր նոր պատմության մեջ: Աննախադեպ չէ՝ շատ թույլ է ասված, իրականում պետք է ասեի, որ այսօրվա հայանպաստ հայտարարությունները ոչի՛նչ են՝ համեմատած նրա հետ, ինչ ժամանակին՝ 19 եւ 20-րդ դդ. ունեցել ենք: Ավելին՝ աշխարհը երբեք չի եղել ավելի հայանպաստ, քան 1912-21 թթ.՝ այն շրջանում, երբ կորցրինք մեր հայրենիքի մեծ մասը եւ ժողովրդի կեսը: Ռուսաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի, ԱՄՆ եւ մյուս երկրների ամբողջ քաղաքական վերնախավը՝ պահպանողականներն ու հեղափոխականները, ամբողջ մամուլն ու մտավորականությունն այդ շրջանում ոչ միայն տեղյակ էին Հայկական դատից, այլեւ գրեթե միահամուռ կերպով հայանպաստ դիրքորոշում ունեին (գոնե արտաքուստ), որն արտահայտվում էր այդ թվում ամենաբարձր պաշտոնական մակարդակով: Երբեք հայկական քարոզչությունը Եվրոպայում այդքան մեծ ազդեցություն չի ունեցել եւ, նույնիսկ չվախենամ պնդել՝ այլեւս երբեք չի էլ հասնի ազդեցության այդ չափի: Հայաստանի անկախացումը կամ գոնե Օսմանյան լծից ազատումն այդ շրջանում համարվում էր միջազգային քաղաքական ինքնին պարզ եւ անվիճելի նպատակ: Եվ այս ամենի գագաթը եղավ Սեւրի պայմանագիրը՝ բոլոր կարեւոր տերությունների կողմից պաշտոնապես ստորագրված միջազգային մի պայմանագիր, որով Արեւմտյան Հայաստանի մեծ մասը ճանաչվում էր Հայաստանի Հանրապետության մաս: Բոլորս գիտենք, թե ո՛րն էր այս ամենի վերջնարդյունքը (ասում եմ՝ գիտենք, բայց սկսել եմ արդեն կասկածել, թե միգուցե, այնուամենայնիվ, մի մասս ո՛չ գիտի, ո՛չ էլ գիտեր երբեւէ՝ հայտնի անեկդոտի պես, որ ասում է, թե՝ վարո՛րդ, քշի՜ Թուրքիա, ես նոր եմ իմացել, որ դրանք մեզ կոտորել են): Տեղը չէ վերլուծելու, թե ինչու այդպես եղավ, մանավանդ, որ առիթներ եղել են դրա մասին խոսելու: Կարեւոր է փաստը՝ հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ «աշխարհի» հայանպաստ դիրքորոշումն աննախադեպ էր իր միասնությամբ, ուժգնությամբ եւ նույնիսկ՝ իրավական-քաղաքական ձեւակերպումներով: Աշխարհի հայանպաստ դիրքորոշումը ինքնին դեռ ոչ միայն ոչինչ չի նշանակում, այլեւ արգելք չէ հայերի ոչնչացման, եթե չասենք՝ որոշ իմաստով նույնիսկ առիթ է ողբերգական զարգացումների:

Բ. «Թուրքիան փոխվում է»: Իհարկե, ինչպես եւ ամեն բան այս փոփոխական եւ, ինչու ոչ՝ փուչ աշխարհում, Թուրքիան նույնպես փոխվում է: Զարմանալի կլիներ, եթե թուրքերը ենթակա չլինեին այս՝ «ամեն բան հոսում է, ամեն բան փոխվում» տիեզերական օրինաչափությանը՝ այդժամ կարելի էր պնդել, որ անփոփոխ անդրանցական աշխարհի մասին փիլիսոփաների եւ աստվածաբանների պատկերացումներն իրականացել են մեկ առանձին վերցված երկրում: Բայց ինչպե՞ս եւ դեպի ո՞ւր է փոխվում Թուրքիան: Այդ փոփոխությունը շատ չի տարբերվում մնացած աշխարհի փոփոխման ընդհանուր վեկտորից: Օրինակ, 20-րդ դարի սկզբին Թուրքիան անցում կատարեց Կայսրությունից՝ Հանրապետություն, ապա 20-րդ դարի գրեթե ողջ ընթացքում այդ երկրում իշխեցին արեւմտյան տիպի բարեփոխումներ իրականացնող ազգայնականները՝ քեմալականները, իսկ 21-րդ դարի սկզբին իշխանության եկան իսլամականները: Զարգացման այս ուղին այս կամ այն չափով եւ ձեւով բնորոշ է Մերձավոր եւ Միջին Արեւելքի բոլոր երկրներին: Հետաքրքիր է, թե այդ փոփոխությունները ի՞նչ ազդեցություն ունեցան հայերիս վրա:

Նախքան այդ հարցին անդրադառնալը՝ մի ճշտում եւս մտցնենք: Պարզ է, որ երբ բազմանշանակ տոնով ասում են, թե Թուրքիան փոխվում է, նկատի ունեն, որ թուրք հասարակությունն առաջադիմում է, թեկուզ դանդաղորեն, բայց ընթանում է դեպի ավելի մարդասիրական արժեքներ, եւ որ թուրք հասարակության մեջ գնալով աճում է այն մարդկանց թիվը, որոնք պատրաստ են, ինչպես հիմա մոդայիկ է ասել՝ «առերեսվել սեփական պատմությանը», եւ մի օր էլ այդ առաջադիմությունը կհանգեցնի Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ գառների ու առյուծների համատեղ երանավետ հովվերգությանը Ելիսյան դաշտերում կամ, տվյալ դեպքում ավելի ճիշտ կլիներ ասել՝ Տվարածատափի եւ Դալառի դալար արոտավայրերում: Սրանք, իհարկե, պատմական առաջադիմության նման բարդ, բազմաշերտ, երբեք ուղղագիծ եւ միանշանակ բնույթ չունեցող, հովվերգությունից ծայրահեղ հեռու երեւույթի մասին մանկապատանեկան պատկերացումներ են, որոնք ներելի են գուցե պիոներական ճամբարներում, բայց առնվազն տարակուսելի 30 եւ ավելի ձմեռ ու ամառ բոլորած այրերի գլուխներում:

Դժվար է, օրինակ, ժխտել, որ 1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունն ընդհանուր առմամբ առաջադիմական երեւույթ էր Օսմանյան կայսրության համար, որովհետեւ տապալվեց Աբդուլ Համիդի հետադիմական ռեժիմը: Ի դեպ, մեծ էր նաեւ անխտիր բոլոր հայ շրջանակների ոգեւորությունը 1908 թվի հեղափոխությունից: Ավելին՝ սարերից իջած հայ ֆիդայիները մի պահ դարձել էին թուրք ամբոխի հերոսները՝ նրանց բառացիորեն ձեռքերի վրա էին տանում հենց թուրքերը: Դժվար է վիճել նաեւ, որ Քեմալի բարեփոխումները նույնպես առաջադիմական էին Թուրքիայի համար: Բայց հետաքրքիր է, ի դեպ, որ հենց որ Թուրքիայում, քեմալականների երկարատեւ մենիշխանությունից հետո, հաստատվեցին քիչ թե շատ ժողովրդավարական կարգեր, ապա թուրք ժողովուրդը, որը 70 տարուց ավելի քեմալականների կողմից դաստիարակվել էր աշխարհիկ, արեւմտամետ, ազգայնական ոգով, ընտրեց քեմալականների կողմից այդքան հալածված, այդ թվում՝ բազմիցս բանտեր նետված իսլամիստներին: Դա վկայությունն է թուրք ժողովրդի պահպանողական հոգեբանության եւ աշխարհիկ, արեւմտյան վերնախավի իրական փոքրամասնություն լինելու: Ի դեպ, իսլամիստներին, որքան տեղյակ եմ, ձայն են տվել եւ տալիս են նաեւ պոլսահայերը, քանի որ իսլամիստները հակադրվում են ավանդապես նացիոնալիստ քեմալականներին եւ ավելի բարյացակամ են տրամադրված փոքրամասնությունների նկատմամբ: Ահա, այսքան ավելի բարդ է իրական պատկերը սովորական սեւ ու սպիտակ՝ առաջադիմություն-հետադիմություն կոմիքսից: Թող պիոներական ճամբարներում դասերը լավ սերտածները կողմնորոշվեն, թե թուրքական այս խճանկարում ո՛վ է առաջադեմը, իսկ ո՛վ է հետադեմը, եւ ո՛ւմ վրա պետք է հույս դնի խեղճ հայ ժողովուրդը՝ որպես համամարդկային արժեքների լիազոր ներկայացուցիչ Թուրքիայում՝ իսլամականների՞, քեմալականների՞, թե՞ այլ խմբի: Իսկ մեզ համար պարզ պետք է լինի միայն այն, որ «Թուրքիան փոխվում է», «Թուրքիան առաջադիմում է» պնդումներն ինքնին՝ կոնկրետ պայմաններից դուրս, վերացականորեն վերցված՝ դեռ ոչինչ չեն նշանակում մեզ համար:

Իհարկե, երբ ասում են՝ առաջադիմական Թուրքիա, նկատի ունեն նաեւ մեծ քաղաքներում, հիմնականում՝ Պոլսում կենտրոնացած առավել եվրոպականացված թուրք հասարակության այն հատվածը, որը տրամադրված է հակաազգայնականորեն, պատրաստ է հենց այսօր ընդունել հայկական ցեղասպանության իրողությունը եւ այլն: Բայց նման շերտերը բոլոր հասարակություններում էլ փոքրամասնություն են, եւ հույս դնել, որ մի օր նրանք պետք է քաղաքականություն թելադրեն Թուրքիայում, նշանակում է փրփուրներից կախվել եւ ավելի լուրջ փաստարկներ չունենալով՝ հայ ժողովորդի գլխին լոլոներ կարդալ:

Եվ վերջապես, երբեք չպետք է անտեսենք եւ մոռանանք՝ հայերի ցեղասպանությունն իրականացվել է ոչ թե հետադիմական միջնադարում՝ սուլթանական վարչակարգի, այլ արդի ժամանակաշրջանում՝ հեղափոխական եւ առաջադիմական երիտթուրքերի կողմից: Իհարկե, զանգվածային կոտորածները սկսվեցին դեռ սուլթան Աբդուլ Համիդի օրոք, այսինքն՝ Օսմանյան կայսրության անկումային եւ փոփոխության ուղին բռնած շրջանում, բայց բուն ցեղասպանությունն իրականացրին «Միություն եւ առաջադիմություն» անունը կրող եւ ժամանակին էլ հենց բոլորի կողմից որպես առաջադիմականներ ընկալվող կուսակցության ղեկավարները՝ հայ եւ այլազգի, օրինակ, մակեդոնացի հեղափոխականների ընկերները: Եվ այնպես չէ, որ դա ինչ-որ  չտեսնված պատահականություն է, աշխարհի զարգացման օրինաչափություններին բացարձակապես հակասող աննախադեպ երեւույթ. նոր չպիտի իմանանք, որ հաճախ մարդկության դեմ առավել զարհուրելի հանցագործություններ իրականացվել են հեղափոխական եւ առաջադիմական համարվող ուժերի կողմից, բավական է հիշել միայն բոլշեւիկներին ԽՍՀՄ-ում, կամ էլ պոլպոտականներին Կամբոջայում (ի դեպ, նացիստները 20-30-ականների Գերմանիայում նույնպես զուտ հետադիմական, պահպանողական շարժում չէին՝ նրանց գաղափարախոսությունն ընդգրկում էր ձախ եւ առաջադիմական համարվող բազմաթիվ տարրեր, իսկ նրանց ընդդիմացողների շրջանակը երկրի ներսում զգալի չափով բաղկացած էր պահպանողական պրուսական սպաներից): Իսկ Հայկական հարցի վերջնական թաղումն էլ իրականացավ ոչ պակաս առաջադիմական եւ հեղափոխական քեմալականների օրոք: Չգիտեմ՝ այսքանից ավելի ի՞նչ փորձ պետք է ունենա մի որեւէ ժողովուրդ, որ նրա վերնախավը վերջապես դադարի առաջադիմության եւ հետադիմության խնդիրները դիտարկել վառվռուն աչուկներով կարմիրփողկապավորի հայացքով եւ ամեն անգամ չապակողմնորոշի մեր հասարակությանը նման հակապատմական, սեւուսպիտակ պատկերով:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Range Rover-ը բախվել է Բաղրամյան 26-ի առջև ծառայություն իրականացնող ոստիկանության մեքենային’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’