‘Խմբագրական. Առաջին նախագահի ելույթը. կարկաս եւ դետալներ’

2845

Բնական է, որ մարդիկ կարող են համաձայնել կամ չհամաձայնել նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթի այս կամ այն դրույթի  հետ, վիճարկել որոշ թեզեր, քննարկել դրանք եւ այլն:  Ավելին. կարելի է միայն ուրախանալ, որ Հայաստանում դեռ արտասանվում են քաղաքական տեքստեր, որոնք ի զորու են բովանդակային քննարկումներ առաջացնել (անշուշտ՝ նկատի ունենք իրոք բովանդակային արձագանքի փորձերը, այլ ոչ թե «միաբջիջ» բացականչականներ-արձագանքները): Բայց նախքան հարցի քննարկումը, եկեք մեկ անգամ եւս հասկանանք, թե ի՞նչ է ասել առաջին նախագահն իր վերջին ելույթում, ո՞րն է այդ ասելիքի էական, այսպես ասած՝ կարկասային մասը, իսկ որոնք են դետալները:

Ըստ մեզ՝ Տեր-Պետրոսյանի հիմնական ասելիքը կարելի է ամփոփել հետեւյալ կերպ՝ Հայաստանում հնարավոր չէ ծավալել զանգվածային հրապարակային շարժում հակառուսականության հողի վրա, եվրոպամետ կարգախոսներով («Մայդան»): Մյուս կողմից՝ նույն զանգվածային հրապարակային պայքարը Սերժ Սարգսյանի վարչակարգի հեռացման նպատակով ոչ միայն հնարավոր է, այլեւ «շուտով գալու է իշխանության հաշիվ տալու ժամանակը»: Այսինքն՝ եթե Մայդանը հնարավոր չէ, ապա Ազատության Հրապարակը ե՛ւ հնարավոր է, ե՛ւ անհրաժեշտ, ե՛ւ արդիական: Այժմ տեսնենք, թե ինչ խնդիրներ կարող են լինել այս երկու պնդումների առումով:

Մայդանն ընկավ մեյդան

Նախ՝ Մայդանի մասով: Ինքն՝ առաջին նախագահն ասում է, որ իր ասելիքի ժխտումը կարող է լինել միայն Մայդանի կազմակերպման փաստը: Կարծում ենք՝ սեպտեմբերի երեքից արդեն բավական ժամանակ է անցել, որպեսզի ապացուցված համարենք, որ այն ուժերը, որոնք կարծում են, թե Մայդանը հնարավոր է եւ անհրաժեշտ, գործնականորեն ապացուցելով իրենց ասելիքի ճշմարտացիությունը՝ կազմակերպեին այդ գործողությունը: Ակնհայտ է, որ դա արդեն չի եղել, եւ որեւէ միտում չի երեւում, որ կարող է լինել: Բայց եկեք մեղմացնենք Տեր-Պետրոսյանի պահանջը: Ենթադրենք, որ ոչ թե գործողություններով, այլ թեկուզ միայն խոսքի դաշտում կարելի է հերքել Մայդանի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի ասածը: Այդ դեպքում առաջին նախագահի ելույթը վիճարկողները պետք է հերքեն այն պնդումը, թե Հայաստանում զանգվածային հակառուսական, արեւմտամետ շարժում հնարավոր չէ: Երեւի թե չարժե ավելորդ անգամ հաստատել, որ դա գրեթե անհույս զբաղմունք է: Նույնիսկ զարմանալի է, որ պետք էր սպասել առաջին նախագահի ծանրակշիռ խոսքին՝ հասկանալու համար, որ Հայաստանում դա իրապաշտական ծրագիր չէ, որ Հայաստանի եւ Ուկրաինայի իրավիճակներն այդ առումով արմատապես տարբերվում են (դրա մասին, ի դեպ, ավելի մանրամասն գրվել է մեր կայքի խմբագրականներում եւ այլ հրապարակումներում): Մեզ կարող է դուր գալ կամ չգալ այդ հանգամանքը, կարող են համոզիչ կամ ոչ համոզիչ թվալ առաջին նախագահի պատմական հիմնավորումներն ամբողջությամբ կամ մասամբ, բայց բուն փաստը ժխտել անհնար է թվում: Իսկ քանի որ խոսքը քաղաքականության ծրագրավորման եւ իրականացման մասին է, ապա մենք պետք է ելնենք փաստից, այլ ոչ թե վերացական ցանկություններից: Մեկը կարող է համարել, որ ռուսները թուրքերից բեթար են, ու ցանկանալ, որ այդպես մտածի Հայաստանի բնակչության մեծ մասը, մյուսն էլ կարող է համարել, որ ռուսը չարյաց փոքրագույնն է, եւ այլն, բայց այդ ցանկությունները չեն կարող լինել քաղաքական ծրագրի հիմք:

Ուրեմն՝ եւս մեկ անգամ ամփոփենք այս հատվածը. առաջին նախագահի հիմնական ասելիքը՝ Հայաստանում հնարավոր չէ զանգվածային հակառուսական շարժում արեւմտամետ կարգախոսներով՝ հերքել գրեթե անհնարին է, իսկ մնացածը՝ թե ինչու է այդպես ստացվել, ինչ պատմական, հոգեբանական, քաղաքական պատճառներ կան՝ մանրամասներ են, որոնց շուրջ կարելի է վիճել՝ որքան ուզում ես, բայց որոնց հիման վրա հնարավոր չէ կառուցել իրապաշտական քաղաքական ծրագիր հենց այսօր ու այստեղ:

Հրապարակն այսօր ու այստեղ

Այժմ անցնենք երկրորդ մասին՝ Տեր-Պետրոսյանի ելույթի «կարկասի» դրական պնդմանը՝ Հայաստանում հնարավոր է, անհրաժեշտ է եւ մոտ ապագայում, մեծ հավանականությամբ, կանխատեսելի է զանգվածային հրապարակային շարժում՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Բուն ելույթում այս ասելիքը, թերեւս, այդքան շեշտված չէր, քանի որ ելույթն ուներ այլ հիմնական թեմա, բայց եզրափակիչ հատվածում բավականին հստակ ներկայացված է գործնական ծրագրի ուրվագիծը: Կարող ենք առանձնացնել երեք կետ:

1. Քաղաքական ուժը, տվյալ դեպքում՝ ՀԱԿ-ը, չի կարող պայքարել կատարված փաստի դեմ, բայց ոչ միայն կարող է, այլեւ պարտավոր է պայքարել այդ փաստին հանգեցրած պատճառների դեմ՝ նպատակ դնելով իշխանությունից հեռացնել Սերժ Սարգսյանի վարչակարգը: Այդ պայքարը անհրաժեշտ է նաեւ նրա համար, որպեսզի ապագայում չունենաք այլ «կատարված փաստեր»՝ կանխենք դրանց հնարավորությունը:

2. ՀԱԿ-ը, ինչպես եւ ցանկացած այլ քաղաքական ուժ, ի զորու չէ միայնակ ստանձնել այդ պայքարի պատասխանատվությունը: Նույնիսկ եթե ՀԱԿ-ը միայն իր ուժերով կարողանա զանգված հավաքել Հրապարակում, դա դեռ բավական չէ՝ անհրաժեշտ է ավելի լայն քաղաքական եւ հասարակական մոբիլիզացիա:

3. Այս ամենով հանդերձ՝ իրավիճակն այնքան է հասունացել, որ մոտ ապագայում հրապարակային զանգվածային մոբիլիզացիան կարող է իրականություն դառնալ:

Կարծում ենք, որ հենց այս վերջին՝ դրական եւ գործնական ծրագրի վրա էլ պետք է կենտրոնանա մեր հասարակության ակտիվ հատվածը՝ ակադեմիական բովանդակության վեճերը Ռուսաստանի պատմական դերի մասին հայ ժողովրդի կյանքում թողնելով ապագա՝ ավելի պատեհ առիթին:

Նախորդ հոդվածը‘Կրքեր ԱԺ դահլիճում. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն կեղծիքով «վավերացրեց» վասալական, կապիտուլյացիոն համաձայնագիրը (տեսանյութ)’