‘Խմբագրական. Ասոցացրեք մեզ, թեկուզ ոչ խորը և համապարփակ’

1821

Հայաստան-Եվրոպա հարաբերությունների, ԵՄ ասոցացման թեման չի իջնում հայաստանցի իշխանավորների և եվրոպացի դիվանագետների շուրթերից: Թվում էր, թե ամեն ինչ այլևս անկհայտ է. Սերժ Սարգսյանը որոշել է Հայաստանը մտցնել Մաքսային միություն, ուստի թեման վերջնականապես փակված պետք է համարվեր: Անկախ ունեցած դիրքորոշումներից: Անկախ երկրում տիրող տրամադրություններից: Կատարվել է ընտրություն, թեման փակված է: Բայց արի ու տես, որ արդեն մեկ ամիս է անցել , բայց չգիտես ինչու` Հայաստանի իշխանությունները ամեն հնարավոր առիթով հայտարարում են, որ նախատեսված երկու պայմանագրերից Ասոցացման պայմանագիրը իրենք հիմա էլ պատրաստ են ստորագրել: Մեկ անգամ հայտարարեցին` ի պատասխան՝ եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները (Բիլդտ, Ֆյուլե և այլք) հստակ ասացին՝ ոչ, հնարավոր չէ՝ մանրամասնորեն բացատրելով, թե ինչու: Ասացին բոլոր հնարավոր մակարդակներով: Էլ մարդ չմնաց ԵՄ պաշտոնական ներկայացուցիչներից, էսպես որ գնա, շուտով ասոցացման պայմանագրի ստորագրման անհնարինության մասին կսկսեն խոսել նաև դեսպանատների հյուպատոսական բաժնի աշխատակիցները:

Թվում էր, թե թասիբ ունեցող իշխանությունը (անկախ նրանից, թե մինչ այդ ինչ քայլ է արել) պիտի սոլիդ գտնվեր այնքան, որ չշարունակեր լացակումած դեմքով նաղլ կապել: Բայց ինչպե՞ս նման բան ակնկալես Սերժ Սարգսյանի իշխանությունից: Նույնիսկ հայտնի կենդանին կնախանձի այն համառությանը, որ դրսևորում է այսօրվա իշխանությունը: Օրը մեջ խնդրից հասկացող կամ չհասկացող մեկը վեր է կենում ու կրկին հայտարարում, որ մենք պատրաստ ենք ԵՄ-ի հետ ստորագրել այդ պայմանագիրը: «Խնդրում ենք, ասոցացրեք մեզ՝ թեկուզ ոչ խորը և համապարփակ, բայց մի ձևի էլ ա՝ ասոցացրեք», — աղաչում են հայրենի իշխանավորները: Այս «քաղաքականության» (ուր ենք հասել, որ սա արդեն անվանում ենք քաղաքականություն) կուլմինացիան հոկտեմբերի 2-ին Սերժ Սարգսյանի ելույթն էր ԵԽԽՎ նիստում: Արդեն ամենաբարձր մակարդակով, ձեռ առնելով և ապուշի տեղ դնելով եվրոպական հանրությանը, է՛լ ավելի լարելով հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ կրկին հայտարարվեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել ասոցացման պայմանագիրը: Ինչ փույթ, որ եվրոպացիք քրտնեցին ասելով, որ՝ եղբա՛յր, դա անհնար է:

Սերժ Սարգսյանը հստակ գիտի, որ դա հնարավոր չէ: Նրան թվում է, թե այս պարզամիտ «դիվանագիտությամբ» կարող է ինչ-որ կերպ կոմպենսացնել իր քաղաքական տապալման և նվաստացման հետևանքները: Թե Սերժ Սարգսյանը Մաքսային միություն մտնելը հաղթանակ համարեր, մի ամբողջ տարի դուրս չէր գա  հեռուստացույցի միջից ու օրը 24 ժամ կգովերգեր այն: Իշխանական սազանդարները կսղոցեին հասարակության ուղեղները ներբողներով առ Սերժ Սարգսյան: Իսկ դա այդպես չէ: Նա գիտի, որ տապալվել է: Գիտի, բայց չի հասկանում երկու բան. նախ՝ որ դրանով նոր խնդիրներ է ստեղծելու արտաքին քաղաքական ասպարեզում:  Երկրորդ՝ որ նույնիսկ տապալման կամ պարտության մեջ պիտի կարողանալ սոլիդ երևալ: Իր սխալին տեր կանգնելու տղամարդկություն էլ չունեցավ այս ռեժիմը: Ու միամտություն կլինի հուսալ, որ երբևէ կգիտակցի, որ երբեք, նույնիսկ տապալման կամ կապիտուլյացիայի պարագայում չարժե քո սեփական գործունեությամբ պետությանը մուրացիկի տեսք տալ, ով իրեն քանի անգամ դեն հրելուց հետո էլ անինքնասերի նման շարունակում է կախ ընկնել թևքերից ու խնդրել՝ լա՜վ էլի, ասոցացրե՜ք մեզ, թեկուզ ոչ խորը և համապարփակ, բայց ասոցացրեք, է՛լի: 

Նախորդ հոդվածը‘Դատավոր Գագիկ Պողոսյանի ֆոկուսը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Տղամարդը պայթեցրել է իրեն Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին’