‘Խմբագրական. Ավարտ եւ նոր սկիզբ ‘

1882

Ինչպես եւ նախապես ասել էինք, դեկտեմբերի 10-ի երթը, մի կողմից՝ ամփոփում կարելի է համարել անցած քաղաքական տարվա (գուցե նույնիսկ տարիների), մյուս կողմից էլ՝ կամուրջ դեպի ապագա՝ յուրահատուկ կանխատեսում գալիք իրադարձությունների: Խնդիրը 2-3 հազարանոց՝ Հայաստանի քաղաքական պատմության համար բավականին համեստ երթով «անկապ» ոգեւորվելը չէ: Խնդիրը առարկայական միտումներն են: Ավարտվում է ոչ միայն օրացուցային տարին, այլեւ հերթական քաղաքական փուլ: Փուլի ավարտի հիմնական հատկանիշներից են՝ ա. «առաջադեմ Սերժ» նախագծի վերջնական տապալումը, Սերժից դեռ ինչ-որ հույսեր ունեցող հասարակական խավերի հիասթափությունը, բ. «գեոպոլիտիկ» օրակագերի սպառումը եւ ներքին օրակարգերի գերակայության վերադարձը (հայաստանցիների մեծ մասի համար ներքին օրակարգերը միշտ էլ առաջնային են եղել, սակայն վերնախավերի մի մասի համար դրանք ժամանակ առ ժամանակ ստվերվել են «գեոպոլիտիկայով»): Իսկ ապագայի հիմնական միտումներ կարելի է համարել՝ ա. վերադարձ նույն կետին, որից սկսել ենք՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ, բ. լայն քաղաքական եւ հասարակական համախմբում, զանգվածային հրապարակային քաղաքականություն: Սրանք ընդամենը միտումներ են, որոնք դեռ պետք է իրականություն դառնան կամ չդառնան՝ կախված արդեն կոնկրետ խմբերի գործողություններից: Փորձենք շատ համառոտ քարտեզագրել իրավիճակը՝ առանց լայն վերլուծության հավակնության:

Քարտեզն ունի երեք խոշոր հատվածներ: Առաջինն իշխանությունն է, որն այս պահին այլեւս ասելիք եւ առաջարկ չունի հասարակության որեւէ շերտի, ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին ոլորտում: Փաստացի՝ ասելիք չունի նաեւ դրսին (բացի, թերեւս, Գյուլիստանի պայմանագրի տիպի «առաջարկներից»): Սա նոր իրավիճակ է, որովհետեւ ցայսօր իշխանությունը՝ վատ կամ լավ, ուղիղ կամ միջնորդավորված, բայց ինչ-որ առաջարկներ փորձում էր ձեւակերպել: Արտաքին ոլորտում դա հայ-թուրքական կարգավորումն էր, ապա եւ եվրաասոցացումը, իսկ ներքին ոլորտում դա զուգակցվում էր բարեփոխումների, որոշ դեպքերում՝ նույնիսկ «վերեւից հեղափոխության» ակնարկներով: Սա, այսպես ասած, «ողջամիտ երիտթեւի» ծրագիրը կարելի է համարել, որի շրջանակներում նաեւ փորձ արվեց բազմաթիվ «նոր» ընդդիմադիր նախագծեր իրականացնել, մանավանդ ՀԱԿ-իշխանություն երկխոսության ձախողումից հետո: Բայց այդ բոլոր փորձերը հերթով տապալվեցին, եւ այսօր կարող ենք, թերեւս, նախապատրաստվել «առաջադեմ իշխանություն» մեծ նախագծի հանդիսավոր հուղարկավորության արարողությանը՝ իր բոլոր՝ վերը թվարկված առումներով: Այդ նախագծի միակ քիչ թե շատ հաջողված ծրագիրը՝ լրատվական դաշտի նվաճումը, թեեւ անտեսելի չէ, բայց մնում է կոնտեքստից դուրս, քանի որ «ողջախոհ» ԶԼՄ-ների աստղաբույլը, ընգրկելով իր մեջ նախկին ընդդիմադիր դաշտի բավականին աչքի ընկնող սուբյեկտների, կոչված էր սպասարկել շատ որոշակի նախագիծ, որի չիրականացմամբ այդ ԶԼՄ-ներին մնում է միայն բամբասանքը եւ իշխանական այս կամ այն թեւիկի մանր գզվռտոցային բախումները սպասարկելը՝ առանց որեւէ դրական հեռանկարի եւ, համաձայն որոշ տեղեկությունների՝ կրճատված ֆինանսավորմամբ: Բայց սա արդեն երկրորդական է. կարեւորն արձանագրեցինք՝ իշխանական օրակարգի բացարձակ սպառում: Ընդ որում՝ չի երեւում որեւէ միտում, որի հիման վրա իշխանական որեւէ դրական օրակարգ կարող է արագ վերականգնվել, քանի որ սպառվել է ոչ թե կոնկրետ ասելիքը, այլ մի ամբողջ մոդել, որը գործում էր 2008-ից, եւ որն ինչ-որ տեղ իր գագաթին հասավ ու միաժամանակ գահավիժեց 2013-ի ընթացքում: Այլ կերպ ասած՝ իշխանական «նախաձեռնողականությունը» սպառվեց իր սնուցման աղբյուրից, եւ նոր «ոգեշնչման» աղբյուր հորիզոնում չի նշմարվում:

Քարտեզի երկրորդ խոշոր հատվածը, պայմանականորեն ասած՝ հասարակության միջին շերտն է: Այս պայմանական անվանմամբ, բայց իրական գոյությամբ հատվածի մեջ կարող ենք ընդգրկել ոչ իշխանական քաղաքական ուժերը, գործարար դաշտը (անկախ նրանից, թե ինչպիսին է այս պահին նրանց «պաշտոնական» հրապարակային դիրքորոշումը իշխանության նկատմամբ), քաղաքացիական ակտիվություն դրսեւորող խմբերն ու անհատներին, հրապարակային դաշտում կարծիք ձեւավորողներին եւ այլն: Այս խմբից շատ բան է կախված ապագա զարգացումներում: Այն միջանկյալ դիրք է զբաղեցնում հասարակության ավելի լայն շերտերի եւ իշխող վերնախավի միջեւ: Հենց այդ խումբն է սովորաբար ձեւակերպում հասարակության ընդհանուր պահանջները: Նա ե՛ւ արտահայտիչն է, ե՛ւ ձեւավորողը հասարակական լայն պահանջների, մյուս կողմից էլ՝ միայն այս շերտի մեկ կամ զգալի մասին չեզոքացնելով կամ յուրացնելով՝ իշխանությունը կարող է ապահովել իր դիրքերը նույնիսկ այն պայմաններում, երբ հասարակության մեծ մասը դժգոհ է իրավիճակից: Հենց այս շերտի մեծ մասի լայն համախմբումը պետք է դառնա կարեւոր նախնական փուլը նոր զանգվածային շարժման: Վերջին մոտ երկու տարվա ընթացքում այս շերտի համեմատաբար խոշոր հատված պոկվեց ընդդիմադիր շարժումից եւ իր տեղը գտավ մերձիշխանական դաշտում՝ իր այս քայլն արդարացնելով վերեւից բարեփոխումներ անելու նախագծին մասնակցությամբ կամ էլ «գեոպոլիտիկ» հանգամանքներով: Այս «վազքը» դեպի «կառուցողականություն»՝ յուրահատուկ հակահեղափոխություն էր, թեկուզ եւ հանուն վերեւից հեղափոխության ակնկալիքի: Այժմ, իշխանական օրակարգի սպառմամբ, սպառվում է նաեւ այս «վազքի» մոտիվացիան: Չնայած այդ գործընթացի հիմնական սուբյեկտներն այլեւս հետդարձի ճամփա չունեն, քանի որ բաց թողեցին իշխանությունից պոկվելու իրենց լավագույն հնարավորությունը սեպտեմբերի 3-ից անմիջապես հետո, սակայն նրանց համար կարեւորը ոչ այնքան իրենց անձերն են, որքան իրենց ազդեցության չափը, որը նոր պայմաններում պետք է գնալով նվազի: Ամփոփելով քարտեզի այս հատվածի մասին խոսակցությունը (թեման շատ մեծ է, բայց այս պահին պետք է բավարարվենք այսքանով)՝ նշենք, որ նպատակը շատ պարզ է՝ լայն համախմբում բոլորի կողմից քննարկված եւ մարսված նոր օրակարգի շուրջ: Իշխանության ասելիքի բացակայության պարագայում ասելիքի ձեւակերպման մենաշնորհը մնում է հասարակության միջին շերտերին: Այս լայն համախմբումն էլ ոչ այլ ինչ է, քան բուրժուա-դեմոկրատական կամ, ավելի պարզ լեզվով ասած՝ քաղաքացիական հեղափոխության նախագիծ: Այս նախագիծը ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ հիմնված է երկրում ստեղծված առարկայական իրավիճակի վրա, ինչն առանձին խոսակցության թեմա է:

Վերջապես՝ քարտեզի երրորդ եւ կարեւոր մասը, այսպես կոչված՝ հասարակական լայն խավերն են: Դրանց մեծ մասը վաղուց որեւէ ակնկալիք չունի իշխանությունից: Ի տարբերություն միջին եւ վերին շերտերի՝ չի հետաքրքրվում նաեւ արտաքին քաղաքական օրակարգերով: Ճիշտ է, այս շերտի մի մասին իշխանությանը հաջողվել է ընդգրկել իր ցանցի մեջ՝ պարտադրված ընտրակաշառքի եւ այլ հայտնի միջոցներով: Բայց կարեւոր է հասկանալ այն, որ այս շերտը սպասում է ողջամիտ առաջարկի միջին եւ վերին խավերից: Նման առաջարկի դեպքում նույնիսկ վերոնշյալ ավանդական գործիքների թափը կոտրվում է, ինչպես ցույց է տալիս փորձը: Միջին խավի եւ հասարակության լայն շերտերի նոր միավորումը կարող է եւ պետք է ստեղծի նոր հայաստանակենտրոն ուժի բեւեռ, որը, լուծելով երկրի ներքին հարցերը, հաջորդիվ կկարողանա աստիճանաբար դնել նաեւ արտաքին մարտահրավերների խնդիրը:

Դեկտեմբերի 10-ի երթը պետք է գնահատել հենց ա՛յս իմաստով: Այն գուցե ոչ առաջին, բայց թերեւս ամենահաջողված փորձն էր միջին խավը ներկայացնող տարբեր խմբերի, թեկուզեւ՝ ապակենտրոնացված (իսկ կենտրոնացվածը, տվյալ դեպքում, չի էլ պահանջվում) միավորման: Լայն զանգվածները դեռ ընդգրկված չէին եւ չէին էլ կարող ընդգրկված լինել այս գործողության մեջ: Սակայն միավորման փորձը հուշում է, որ զանգվածայնությունը կարող է դառնալ հաջորդ նպատակը:

 

Նախորդ հոդվածը‘Օրվա պատմությունը’
Հաջորդ հոդվածը‘STOP. «Ամոթ, ամոթ» վանկարկումներով Երեւանում դիմավորեցին Ահմեդ Դավութօղլուին (Ֆոտոշարք)’