‘Խմբագրական. Ավիրակ ջաղաց օթեւան դարձան. հայոց ազատագրական պայքարի ողբերգականը’

3000

Մեծ Եղեռնի 100-ամյակի նշմանն ընդառաջ, բնականաբար, ուշադրության կենտրոնում են հայտնվում նաեւ նախորդ դարասկզբի հայոց ազգային-ազատագրական պայքարի հետ կապված խնդիրները, մանավանդ որ այդ խնդիրները բազմաթիվ թելերով կապված են նաեւ մեր այսօրվա հետ: Հուսամ, դեռ շատ չեմ ձանձրացրել ընթերցողին՝ վերջին շրջանում խնդրին չափազանց հաճախ անդրադարձներով, եւ այսօր էլ փորձեմ մի քանի նկատառում ներկայացնել այն հարցի շուրջ, թե ինչո՞ւ, ի վերջո, պարտություն կրեց մեր ազատագրական պայքարը՝ ավարտվելով ցեղասպանությամբ եւ Արեւմտյան, այլեւ՝ Արեւելյան Հայաստանի մի մասի կորստյամբ:

 

Արյունոտ դրոշ մեր ազատության

Նախ՝ 19-20-րդ դդ. մեր ազգային-ազատագրական պայքարի ընդհանուր կարճ բնութագրումը: Դա ունի երկու առում: Առաջինը՝ հայկական ազգային-ազատագրական պայքարը իր դարաշրջանի հարազատ մասն էր, համաշխարհային պատմության տվյալ փուլի օրինաչափ դրսեւորում հայկական հողում: 19-րդ դարի կեսից սկսած՝ տարբեր ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումները, ծագելով Եվրոպայում, տարածվում են Արեւմուտքից-Արեւելք: Օրինակելի կարելի է համարել հանուն Իտալիայի միավորման պայքարը, որի հերոսը՝ Գարիբալդին, արխետիպային է ազգային պայքարների համար: Պատահական չէ, ի դեպ, որ մեր այսօրվա պետական օրհներգը՝ «Մեր Հայրենիքը», հիմնված է Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության վրա՝ դա հենց վկայությունն է այն ազդեցության, որ իտալացիների պայքարն ունեցավ այլ ժողովուրդների, այդ թվում՝ հայերիս վրա: Ազգային-ազատագրական շարժումը, տարածվելով արեւելք՝ նախ հասնում է Արեւելյան Եվրոպա՝ հուժկու դրսեւորումներ է ունենում Հունգարիայում, Լեհաստանում, այլ երկրներում, ապա եւ Օսմանյան տիրապետության տակ գտնվող Բալկաններում՝ Հունաստանում, Սերբիայում, Բուլղարիայում, Մակեդոնիայում, ուշացմամբ՝ Ալբանիայում եւ այլն: Վերջապես, ավելի արեւելք ընդարձակվելով՝ այն հասնում է նաեւ Մերձավոր Արեւելք, այդ թվում՝ Հայաստան: Այս իմաստով, ուրեմն, հայկական դեպքը որեւէ հատուկ, եզակի դեպք չէ, այլ միայն ժամանակի ոգու տիպիկ դրսեւորում է:

Կա եւ մեր ազատագրական պայքարի բնութագրի երկրորդ կողմը: Եթե, մի կողմից, այն համաշխարհային միտումների օրինաչափ մասն էր, ապա, մյուս կողմից՝ կար եւ ազատագրական գաղափարի զուտ տեղական՝ հայկական ավանդույթը: Առնվազն Կիլիկիայի թագավորության անկումից ի վեր հայկական վերնախավերում կենդանի է եղել մահմեդական լծից ազատվելու գաղափարը, եւ որոշ դեպքերում գործնական փորձեր են արվել այդ ուղղությամբ, իսկ 18-րդ դարի սկզբից, երբ քրիստոնյա մեծ տերությունները՝ Ավստրիան, Ռուսաստանը, հետո՝ նաեւ մյուսները, իրենց ռազմական, քաղաքական եւ տնտեսական շահերով ներթափանցեցին Մերձավոր Արեւելք, ավանդական այդ ազատագրական գաղափարը նոր թափ ստացավ:

Ազատագրական գաղափարի այդ փուլը հայտնի պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը կոչել է ազատագրական լեգենդ: Շատ համառոտ եւ պարզունակ ձեւակերպված՝ դրա էությունը հետեւյալն է՝ մի որեւէ քրիստոնյա պետության ռազմական միջամտության միջոցով ազատագրել Հայաստանը՝ հնարավորության դեպքում վերստեղծելով անկախ կամ ինքնավար հայկական մի պետություն պատմական Հայաստանի մի որեւէ մասում: Այլ կերպ ասած՝ սա խաչակրաց արշավանքի հին գաղափարի վերաձեւակերպումն է նոր պայմաններում: Այս հղացքը ձեւակերպվել է դեռեւս միջնադարյան պատկերացումներով ապրող հասարակության մեջ (կրոնակիցները նույնացվում են քաղաքական դաշնակիցների հետ), պետական ավանդույթի բացակայության պայմաններում, ասպարեզից վերացած ազնվականության փոխարեն՝ հոգեւորականների եւ առեւտրական կապիտալի կողմից առաջնորդվող ազգի կողմից, որի զգալի մասը, բացի այդ, ապրել է հայրենիքից դուրս՝ խոշոր գաղթօջախներում: Նշենք նաեւ, որ այս առումով էլ հայերը շատ ինքնատիպ չէին: Արեւելքի քրիստոնյա ազգերի, օրինակ՝ վրացիների, ասորիների մեջ այս կամ այն չափով տարածված էին նմանատիպ պատկերացումներ, իհարկե, տեղական կարեւոր առանձնահատկություններով հանդերձ:

Այսպիսով, ուրեմն, արդիական դարաշրջանին բնորոշ ազգային-ազատագրական պայքարի մոդելը մեզանում զուգակցվում է ավանդապես գոյություն ունեցող ազատագրական լեգենդի հետ, եւ դրա արդյունքում էլ ձեւավորվում է 19-20-րդ դդ. հայոց ազգային-ազատագրական պայքարը: Թե այս երկակի ծագումն ինչ ազդեցություն ունեցավ մեր պայքարի զարգացման վրա, այստեղ չենք քննարկում, քանի որ դա մեզ այլ տեղ կտաներ: Տվյալ դեպքում էական էր ճիշտ բնութագրել մեր ազատագրական պայքարի տեղը համաշխարհային եւ հայոց պատմության մեջ:

 

Ելիր, Գեւորգ, ելիր, դուշմանը շատ է

Այժմ նշենք հայոց ազգային շարժման մի քանի կարեւոր առանձնահատկություն: Նախ՝ դա հայերիս առավել հարուստ եւ կիրթ խավերի բնակությունն է բուն Հայաստանից դուրս՝ գաղթօջախներում: Գաղութային աշխարհընկալումը, բուն հողից կտրված լինելը իր ուժեղ կնիքը թողեց մեր շարժման վրա: Երկրորդը՝ բուն Հայաստանի բաժանված վիճակն էր երկու՝ Օսմանյան եւ Ռուսական կայսրությունների միջեւ: Սրանից եւս մի հակասություն ծնվեց: Մի կողմից՝ Ռուսահայաստանն ավելի զարգացած եւ արդիականացված էր, եւ բնական է, որ ազգային պայքարի եվրոպական նոր մոդելի ազդեցությունը, նախեւառաջ, այստեղի հայերի մեջ տարածվեց, մյուս կողմից՝ որպես հայ ազատագրական պայքարի նպատակ ձեւակերպվեց ոչ թե առավել զարգացած Ռուսահայաստանի, այլ Տաճկահայաստանի ազատագրումը: Սա բնական էր, որովհետեւ տաճկահայերն ավելի վատ պայմաններում էին ապրում, բայց համաշխարհային միտումների տեսակետից՝ ոչ այնքան օրինաչափ, որովհետեւ ազատագրական շարժումները ձեւավորվում էին 19-րդ դարում ոչ թե առավել հետամնաց, այլ առավել զարգացած հասարակություններում: Արեմտյան Հայաստանի ազատագրական պայքարում առաջնորդող դերը ստանձնեց ռուսահայ մտավորականությունը, չնայած, իհարկե, սխալ է կարծել, որ տեղացիների մեջ այդ շարժումը որեւէ հիմք չուներ: Համենայն դեպս՝ այս հարցերում մեր ազատագրական պայքարն արդեն զգալիորեն շեղվում է համաշխահային կաղապարից, եւ այստեղ զգացվում է ազատագրական լեգենդի ազդեցությունը՝ օտար է ընկալվում միայն այլակրոն լուծը, իսկ քրիստոնյա երկրում ապրող արեւելահայերը յուրահատուկ խաչակիրների դեր են կատարում (չնայած՝ պետք չէ մոռանալ, որ բալկանյան ժողովուրդների, հատկապես՝ հույների պայքարում էլ սփյուռքը կարեւոր դեր կատարեց, բայց ահա երկատված հայրենիքի խնդիր չկար որեւէ տեղ):

 

Սասուն ելնելով, զենքեր վերցնելով, մինչեւ ապրիլը գյուղեր ման գալով

Բայց առավել կարեւոր պետք է համարել աշխարհագրական եւ ժողովրդագրական (դեմոգրաֆիկ) գործոնները: Ճիշտն ասած՝ առանց այս գործոնների դիտարկման, թեմայի ցանկացած քննարկում, ըստ իս, մնում է օդում կախված: Կհամարձակվեի պնդել նույնիսկ, որ մնացած ամեն ինչը երկրորդական է դառնում այն վճռորոշ ազդեցության համեմատ, որը պետք է վերագրել այս գործոններին: Միայն դրանք՝ իրենք իրենցով, կիսով չափ, եթե ոչ ավելին՝ կանխորոշում են մեր ազատագրական պայքարի ելքը: Իհարկե, սա չի նշանակում ազատագրական պայքարն առաջնորդող քաղաքական ուժերի եւ հասարակական շերտերի պատասխանատվության բացակայություն, թեկուզ հենց այնքանով, որ առարկայական գործոնների գիտակցումը եւ ճիշտ գնահատումը նրանց պարտականությունն էր, բայց նաեւ վերլուծել անցած դարում տեղի ունեցածը՝ ծավալվող գործողությունների բնական միջավայրից դուրս՝ նշանակում է խոսել ոչնչից:

Աշխարհագրական գործոնը բավականին քննարկված է մեզանում: Նոր չի նկատված, որ Հայաստանի դիրքը՝ Եվրոպայից հեռու, մեկուսացված, արդեն բավականին ուժեղ հիմք էր, որ մեր ազատագրական պայքարը նույն ընթացքը չունենա, ինչ Բալկաններում (իսկ մեր գործիչները հիմք էին ընդունում հենց բալկանյան մոդելը): Բայց, կարծես, մի փոքր ստվերված՝ աշխարհագրական խնդիրը ժողովրդագրականի հետ զուգակցված:

Որպեսզի հասկանանք դրա կարեւորությունը, նախ տեսնենք, թե ազգային-ազատագրական դասական պայքարն ի՛նչ մարտավարություն է ենթադրում:

Օտար լծի տակ ապրող ժողովուրդը, բնականաբար, չի կարող կանոնավոր պատերազմ վարել պետության դեմ: Եթե ընտրվել է զինված դիմադրության տարբերակը, ապա դա կարող է լինել միայն պարտիզանական՝ ֆիդայական պայքար: Իսկ ֆիդայական պայքարն էլ ունի իր պայմաններն ու կանոնները: Պարտիզանական պայքար մղելու համար անհրաժեշտ է ունենալ ամուր եւ լայն հենք՝ տվյալ երկրի ներսում, ինչպես նաեւ՝ կայուն կապ երկրից դուրս գտնվող՝ սեփական կամ դաշնակից ուժերի հետ: Ի՞նչ է դա նշանակում՝ ավելի կոնկրետ:

Շատ պարզ բաներ. ֆիդային, ցանկացած մարդու պես, պետք է սնվի, նա պետք է ունենա թաքնվելու հնարավորություն եւ տեղ, որը ոչ ոք չմատնի, նա պետք է ունենա զենք, եւ նա պետք է ունենա նվազագույն տեղեկություններ հակառակորդի, մյուս ֆիդայական խմբերի եւ դրսում տիրող իրավիճակի մասին: Հետեւաբար՝ պարտիզանական պայքար կազմակերպելու համար պետք է ֆիդայուն համակրող ժողովրդով հոծ եւ, ցանկալի է՝ հնարավորինս միատարր բնակեցված տարածք եւ պայքարի կազմակերպչական հարցերն ապահովող ընդհատակյա կազմակերպություն: Ոչ ոք չի կարող ինքն իրենով լեռներում զենքը ձեռքին տռճիկ տալ՝ գոնե մի քանի ամիս հաջող եւ ազդեցիկ պայքար մղելու նպատակով: Այդ տարածքը պետք է ապահովի ֆիդայու ամենօրյա հոգսերը (ֆիդային, բնականաբար, չի կարող ինքն իրեն ապահովել սննդով), այդպիսի տարածքներով պետք է անցնեն զենքի եւ տեղեկությունների եւ այլնի մատակարարման ճանապարհները, այդ տարածքների ժողովրդից պետք է անդամագրվի ընդհատակյա կազմակերպությունը:

Բացի ներքին, տեղական հենքից՝ շատ կարեւոր է նաեւ դրսինը: Զինված պայքարը շատ ծախսատար է: Միայն հազվադեպ է հնարավոր այն կազմակերպել զուտ տեղական ռեսուրսի վրա: Անհրաժեշտ է կայուն աջակցություն դրսից, որտեղից պետք է գան զենքը, փողը, տեղեկությունները, որոշ չափով նաեւ՝ նոր մարդիկ եւ այլն: Դրսի հենքը կարող են լինել կամ պայքար մղող ժողովրդի հայրենակիցները՝ իրենք, իրենց հերթին, դրսում ամուր հենարան ունեցող, կամ էլ դաշնակից մի որեւէ ուժ: Բնականաբար, առաջնային է երկու՝ ներսի եւ դրսի հենքերի կայուն, հուսալի եւ մշտական կապը:

 

Սոսկումն ահավոր պատեց Մշո դաշտ

Այժմ տեսնենք, թե ի՞նչ ունեինք այդ առումով մենք Արեւմտյան Հայաստանում նախորդ դարում: Առաջին բանը, որ աչք է զարնում, այն է, որ ի տարբերություն նույն Բալկանյան ժողովուրդների՝ մեր հենքը թույլ էր: Չնայած Արեւմտյան Հայաստանին վերաբերող ժողովրդագրական տվյալները հակասական են եւ ոչ այնքան ստույգ, միեւնույն է, ընդհանուր պատկեր դրանք տալիս են: Կարող ենք առանձնացնել համեմատաբար հոծ հայկական մեծամասնություն ունեցող (այն էլ՝ մեծամասնություն հաշվում ենք մոտավորապես 30-40 տոկոսից սկսած հայ բնակչություն ունեցողները, որովհետեւ եթե վերցնենք 50 տոկոսից ավելին ունեցողները, ապա կունենանք միայն մի երկու փոքր տարածք) 4 քիչ թե շատ խոշոր շրջան՝ Լեռնային Կիլիկիան, Կարնո դաշտը, Մուշ-Սասուն-Մանազկերտը, Վան-Մոկս-Շատախ:

Առաջին երկուսը պետք է միանգամից բացառենք՝ որպես ազատագրական պայքարի հնարավոր հենք: Լեռնային Կիլիկիան մյուս հայաբնակ մեծամասնություն ունեցող շրջաններից չափազանց հեռու եւ չորս կողմից շրջապատված տարածք էր: Այդ շրջանը փորձեր արվեց կազմակերպել, երբ դեռ պատկերացում կար, որ հայկական ինքնավար շրջանը կարող է լինել Կիլիկիայում: Հիմնական ուժն այստեղ մինչեւ վերջ էլ մնաց հնչակյան կուսակցությունը: «Նյութեր ՀՅԴ պատմության» բազմահատոր հրատարակության նյութերից բխում է, որ այդ շրջանը կազմակերպելու հարցը միշտ եղել է Դաշնակցության օրակարգում, սակայն գրեթե առանց շոշափելի գործնական հետեւանքների: Մյուսը՝ Կարնո դաշտը, նախ, ինքն իրենով բավականին փոքր էր, նույնպես բավականին հեռու եւ մեկուսացած էր մյուսներից եւ, բացի այդ, Արեւելյան Հայաստանից էլ բաժանված էր հայկական մեծամասնությունը կորցրած տարածքներով՝ Բասենի դաշտով (Հասանքալա): Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ Կարինը՝ Էրզրումը, թուրքական տիրապետության հենակետն էր Հայաստանում, եւ այստեղ, ի տարբերություն մյուս շրջանների, պետական իշխանությունը միշտ համեմատաբար ամուր է եղել, բուն քաղաքի բնակչության մեծամասնությունն էլ, ի տարբերություն դաշտի գյուղերի, թուրքերն էին: Նման պայմաններում, բնականաբար, հնարավոր չէր այդտեղ ունենալ զինված պայքարի հենակետ:

Մնում են Մուշ-Սասունն ու Վան-Մոկս-Շատախը, որոնք էլ դարձան հայկական ազատագրական պայքարի հենակետեր: Այստեղ կար համեմատական հայկական մեծամասնություն, պետական իշխանությունն ավանդապես թույլ է եղել (ավելի շուտ՝ եղել է տեղական քրդական ցեղապետերի ձեռքում), տեղի հայ բնակչությունն ավանդապես պահպանել էր ինքնավարության որոշ մնացորդներ եւ անկախության մասին հուշեր, ընդհանրապես՝ ավելի ռազմունակ էր, իսկ Վանն էլ կարելի է համարել Արեմտյան Հայաստանի մասշտաբով քիչ թե շատ աչքի ընկնող քաղաքային կենտրոն, ուր, ի տարբերություն Կարինի՝ թուրքական ներկայությունն այդքան ուժեղ չէր: Սրանք էին այն նպաստավոր պայմանները, որոնց շնորհիվ այդ երկու շրջանները կարող էին եւ դարձան ազատագրական պայքարի հենակետեր: Բայց խոչընդոտները նույնիսկ այստեղ ավելին էին, քան առավելությունները:

Նախ, այս շրջաններում էլ հայերը միակ ուժը չէին: Քրդերը, թեեւ ոչ մեծամասնություն, բայց ավելի կազմակերպված, ռազմունակ, ավանդապես իշխող եւ պետության հովանավորությունը հայերի դեմ վայելող էին:

Երկրորդ՝ նույնիսկ այս երկու իրար հարեւան շրջաններից (Մուշ-Սասուն եւ Վան կենտրոններով) հնարավոր չէր կազմակերպել միասնական հենակետային գոտի: Երկու շրջաններն իրարից բաժանվում էին Բաղեշով (Բիթլիսով), որը Կարինից հետո Արեւմտյան Հայաստանի երկրորդ կարեւոր ռազմավարական կետն է, եւ որտեղ հայերի ներկայությունը փոքր էր, իսկ թուրքական իշխանությունն՝ ուժեղ: Բաղեշի շրջանի կազմակերպման փորձեր հայ հեղափոխական ուժերի կողմից թեեւ արվեցին, բայց անհաջողությամբ պսակվեցին: Կար Վանի եւ Մուշի կապի հնարավորություն ավելի երկար ճանապարհով՝ Վանա լճի հյուսիսային ափի միջոցով, ուր առկա էր հայկական մեծամասնություն (բայց նաեւ՝ մի փոքր սեպ ևս՝ Ախլաթում), բայց ռեսուրսների սղության պայմաններում այդ ավելի երկար ճանապարհով երկու շրջանները կազմակերպչական առումով իրար միավորել չհաջողվեց:

Հետեւաբար, այս պայմաններում, նախ, Մուշ-Սասունի շրջանը՝ զինված պայքարի ամենահայտնի հենակետը (շնորհիվ, նախ,, Սասնո լեռնային դիրքի եւ տեղի հայերի ավանդական ինքնավարության) վերածվում էր գոնե կիսով չափ նույնքան մեկուսացված, չորս կողմից շրջապատված կղզու, որքան, ասենք, Լեռնային Կիլիկիան: Ինչ վերաբերում է Վանին, ապա տեսականորեն այն, լինելով սահմանային գոտի (Թուրքիայի եւ Իրանի սահմանին), ավելի նպաստավոր դիրքում էր: Բայց այստեղ էլ խնդիրն այն էր, որ բուն սահմանը մեծամասամբ քրդաբնակ էր, ու չնայած Պարսկաստանում հայկական ուժերը կարողացել էին կազմակերպել բավականին ամուր դրսի հենակետեր, բայց քրդաբնակ սահմանի գործոնն այդ ջանքի արժեքն էլ զգալիորեն իջեցնում էր: Ամեն դեպքում՝ Վանի շրջանն առավել նպաստավոր պայմաններում էր:


Հորի՞ ես կանգնել, լաո, մտիր գոտեմարտ

Ուրեմն, ի՞նչ ենք ստանում արդյունքում: Տեղական հենքն, ինչպես տեսնում ենք, թույլ էր նույնիսկ այն շրջաններում, ուր պայմանները համեմատաբար նպաստավոր էին: Դրսի հենքն էլ ինքն իրենով առանձնապես ուժեղ չէր, քանի որ հայկական շարժումը չուներ կայուն արտաքին դաշնակից օտարների մեջ: Արեւելյան Հայաստանում հայկական հեղափոխական ուժերը գործում էին նույնպես ընդհատակում, չնայած ժամանակ առ ժամանակ նրանց գործողությունների վրա ռուսական իշխանությունը կարող էր աչք փակել (բայց միայն՝ ժամանակ առ ժամանակ, այն էլ՝ կարճատեւ հատվածներում): Ուրեմն, դրսի հենքը միայն արեւելահայերն էին, որոնք իրենք ո՛չ պետություն ունեին, ո՛չ էլ գոնե իրենց գործունեության կայուն արտաքին հովանավորում:

Դրսի եւ ներսի կապը չափազանց խնդրահարույց էր՝ զենք, մարդ, տեղեկություն տեղափոխելը դեպի զինված պայքարի օջախներ՝ չափազանց ծախսատար էր: Ռուս-թուրքական սահմանը, բացի այն, որ ուժեղ վերահսկվում էր, նաեւ հեռու էր ներսի հենակետերից, եւ ճանապարհն անցնում էր գերազանցապես քրդաբնակ շրջաններով, ինչը գրեթե անօգտագործելի էր դարձնում այդ ուղին: Պարսկա-թուրքական սահմանը պակաս վերահսկելի էր, բայց քրդերի խնդիրն այստեղ էլ կար: Արդյունքում՝ հայկական պայքարն ավելի շատ զոհ ու ծախս է տվել զենք եւ մարդ փոխադրելիս, քան բուն կռվում: Ստույգ թվեր, իհարկե, չկան, բայց կարծում եմ՝ խոսքը մի քանի անգամ ավելի շատ կորստի մասին կարող է լինել: Բազմաթիվ խմբեր կազմակերպվեցին եւ զինվեցին՝ Արեւմտյան Հայաստան փոխադրվելու համար, բայց դրանց մեծամասնությունը կամ տեղ չհասավ՝ զոհվելով ճանապարհին, կամ էլ տեղ հասավ ահռելի կորուստներով: Մատների վրա կարելի է հաշվել քիչ թե շատ հաջողված փորձերը: Հերթական տապալված մի փորձի մասին է երգվում Առաքել-Մուշեղ հայտնի երգում: Միայն այս փաստը բավական է՝ ըմբռնելու համար հայկական պայքարի՝ ի սկզբանե ողբերգական դատապարտվածությունը:

Հենքի այս թուլությունից էլ բխում է հայկական պայքարի մարտավարությունը: Նման թույլ հենքի պայմաններում գրեթե անիմաստ է խոսել սեփական ուժերով գոնե նվազագույն նպատակների հասնելու մասին: Առավել եւս անիմաստ է խոսել համընդհանուր ժողովրդական ապստամբության մասին (չնայած նման մարտավարության կողմնակիցներ կային, օրինակ՝ հայտնի Հրայր Դժոխքը եւ ուրիշները): Արեւմտյան Հայաստանը 1919-21 թվի Զանգեզուրը չէր, որ Նժդեհը, հենվելով ամուր տեղական, ժողովրդական հենքի վրա, կարող էր եռամյա պայքար մղել՝ հասնելով նվազագույն արդյունքի՝ Զանգեզուրի միավորմանը Հայաստանի հետ:

Մի քանի ամիս դիմադրություն՝ շատ սահմանափակ տեղանքում, մեծագույն զոհերի եւ բոլոր ուժերի եւ ջանքերի կենտրոնացման գնով՝ անխուսափելի ռազմական պարտության եւ ոչնչացման հեռանկարով՝ ահա առավելագույնը, ինչին կարող էր հասնել հայկական զինված շարժումը, եւ ավելին չենք էլ ունեցել: Նույնիսկ ամենանպաստավոր պայմաններում, ասենք, արտաքին ռազմական միջամտության դեպքում, համընդհանուր ժողովրդական ապստամբությունն անհնար էր՝ հնարավոր էր միայն նույն տեղական դիմադրությունը, քիչ թե շատ նշմարելի հաջողության հույսով՝ միայն սահմանին առավել մոտ շրջաններում: Այդպես էլ եղավ 1915-ին, չնայած՝ բազմաթիվ հայկական շրջաններ դիմեցին ինքնապաշտպանության (Սասունում այն տեւեց աննախադեպ 7 ամիս), բայց փրկվեց միայն Վանը՝ շնորհիվ իր համեմատաբար նպաստավոր դիրքի, նաեւ Մուսա Լեռը՝ շնորհիվ ծովային տեղանքի:

Հետեւաբար՝ միակ մարտավարությունը, որը մնում էր, ոչ թե ընդհանուր կամ տեղական ապստամբությունն էր՝ սեփական ուժերով որեւէ դրական ելքի հասնելու նպատակով, այլ միայն, այսպես կոչված, ցուցական գործողությունները: Դրանց էությունը հետեւյալն էր՝ հայկական հենակետերից մեկում կենտրոնացնել բոլոր առկա ուժերը, դիմել զինված ապստամբության, որպեսզի արտաքին աշխարհի ուշադրությունը կենտրոնանա հայկական հարցի վրա, եւ արտաքին միջամտության շնորհիվ հնարավոր լինի թուրքերից զիջումներ կորզել: Սա եղել է գիտակցված նպատակ, եւ այդպես էլ ձեւակերպվել է սկզբում հնչակյանների, իսկ ապա Դաշնակցության ժողովների որոշումների մեջ: Նման ցուցական գործողության դասական օրինակն է 1904-ի Սասնո ապստամբությունը (կազմակերպված Դաշնակցության կողմից, նախորդը՝ 1894-ինը, հիմնականում հնչակյանների գործն էր): Մեր պատմության դասագրքերը սովորաբար լղոզում են այդ հանգամանքը, ինչ-որ անորոշ ու անհասկանալի բաներ գրում 1894-96 եւ 1904 թվականի ապստամբությունների մասին (այդ գրածներից դեռ որեւէ մարդ գլուխ չի հանել, եւ ես էլ հիշում եմ, թե ժամանակին որքան եմ տանջվել հասկանալու համար, թե ինչ է կատարվել իրականում): Իրականությունն այն է, որ դրանք նախապես որոշված եւ կազմակերպված ցուցական գործողություններ էին՝ արտաքին ուժերի ուշադրությունը գրավելու, այլ ոչ թե սեփական ուժերով որեւէ դրական արդյունքի հասնելու համար, ոչ էլ զուտ ինքնապաշտպանություն էին թուրքերի հարձակումից, ինչպես, չգիտես ում եւ ինչու համար խաբելով՝ ուզում են հրամցնել մեր ժողովրդին: Ցանկացողները կարող են ծանոթանալ այդ որոշումների ընդունման մանրամասներին արդեն հիշյալ «Նյութեր ՀՅԴ պատմության» հատորներում:

 

Ազատորդիներ, Գեւորգ եւ Ռուբեն, ի՞նչ միջոց պետք էր, որ ի գործ դնեն

Առանց այդ էլ շատ երկար ստացված նյութս չեմ ուզում ծանրացնեմ՝ մանրամասն փաստարկելով, թե որքան ռիսկային, եթե չասենք՝ արկածախնդրական էր, նաեւ՝ կորստաբեր եւ անարդյունավետ՝ նման մարտավարությունը: Մի բան է, որ այն բխում էր երկրի բնական պայմաններից, բայց լրիվ այլ բան է, որ դա որդեգրվել է որպես ազատագրական պայքարի հիմնական մարտավարություն: Իհարկե, ցանկացած պայքար, այն էլ՝ զինված, ենթադրում է պարտության ռիսկ, բայց եթե խոսքը ոչ թե պարտության ռիսկի, այլ անխուսափելի ռազմական պարտության մասին է, ապա դա մի ամբողջ ազգի վզին փաթաթելը՝ որպես հիմնական գործելակերպ՝ հազիվ թե ունի արդարացում: Ճիշտ է, հանուն արդարության՝ պետք է մի երկու ճշտում կատարել: Արտաքին միջամտությունն ինքնին վատ բան չէ, եթե կարելի է հաշվարկել, որ դա իրոք կարող է լուծել քո խնդիրները: Ի վերջո, հույները կամ բուլղարները միայն սեփական ուժերով չազատվեցին օսմանյան լծից, բայց նրանց պայքարի ներքին եւ արտաքին հենքը բավականաչափ ուժեղ էր, որպեսզի այդ ժողովուրդները սեփական ուժերով կարողանային հասնել որոշ արդյունքների, ինչի հիման վրա էլ, վերածվելով ինքնուրույն քաղաքական եւ ռազմական գործոնի, արտաքին օգնություն ակնկալեին եւ ստանային: Մեր դեպքում՝ արտաքին միջամտությունը, ապա՝ դրա արդյունքները, մնում էին թղթի վրա, քանի որ տեղում չկար ուժ, որը կարողանար կյանքի կոչել թղթի վրա ամրագրածը: Իսկ ցուցական գործողությունների գինը հայկական կոտորածներն էին, Արեւմտյան Հայաստանի ուժգնացող հայաթափումը, առանց այդ էլ սահմանափակ ժողովրդական ռեսուրսի մսխումը, ազգի լավագույն, ինքնազոհ անհատների չարդարացված կորուստը:

Պետք է նաեւ ասել, որ այս մարտավարության արդյունավետությունը վիճարկվել է հենց նաեւ Դաշնակցության ներսում եւ հիմնականում այն գործիչների կողմից, որոնք անմիջականորեն ներգրավված են եղել զինված պայքարի մեջ, բուն երկրում: Ինքը Դաշնակցությունը, Հնչակների հետ մրցակցության շրջանում, հենց նույն մարտավարության համար մեղադրում էր հնչակներին, բայց, ի վերջո, վերջնական որոշումներում հաղթող է դուրս եկել «ցուցական» գիծը, թերեւս, կարող ենք ասել շնորհիվ բուն երկրից եւ գործից կտրված, գաղթօջախներում ապրող եւ ավանդական, ապաքաղաքական աշխարհայացք ունեցող կուսակցական մեծամասնության: Ավանդականը պատահական չհիշատակեցի: Հոդվածի սկզբում հիշատակել էի ազատագրական լեգենդը, համաձայն որի՝ Հայաստանը պետք է ազատագրվի «խաչակրաց» զորքի կողմից: Բնականաբար, ավանդական աշխարհայացքի վերածված այս կաղապարը նույնպես իր ազդեցությունն ուներ ցուցական մարտավարության ընտրության հարցում: Փաստորեն՝ հայ հեղափոխական ուժերը եւ, նախ՝ Դաշնակցությունը, որպես ազատագրկան պայքարի անվիճելի առաջատար 1896-ից հետո, այդպես էլ չկարողացավ հաղթահարել ի սկզբանե ներդրված հակասական երկվությունը՝ մնալով ավանդական, միջնադարից եկող պատկերացումների եւ կենդանի հեղափոխական փորձից թելադրված քաղաքական իրապաշտության հնարավորության՝ երկու քարերի արանքը:

 

Զարնվեց Գեւորգ, սարերու ասլան, մեկ զենքին նայեց, մեկ էլ իր արյան

 

Առաջին համաշխարհայինի տարիներին՝ 1914-18-ին, քաղեցինք դառը պտուղները, որոնք հասունանում էին նախորդ տարիներին: Արտաքին ռազմական միջամտությունը վերջապես երազանքից դարձավ իրականություն, ընդ որում՝ առանց հայերի կողմից ձեռնարկված որեւէ ցուցական գործողության, ինքն իրենով: Ծավալվեց հայկական կամավորական շարժում՝ ի նպաստ Անտանտի, որն անմիջական առիթ հանդիսացավ հայերի վերջնական ոչնչացման՝ թուրքական որոշման համար: Եթե Արեւմտյան Հայաստանում ունենայինք ամուր ներքին հենք, գուցե իրոք հասնեինք մեր նպատակին՝ Արեւմտյան Հայաստանի ազատագրմանը, անկախ նույնիսկ ռուս-թուրքական ճակատի փլուզումից 1917-18-ի ընթացքում, թերեւս նույնիսկ՝ շնորհիվ դրա: Ամուր ներքին հենքի դեպքում կարող էինք ունենալ համաժողովրդական զինված ապստամբություն, որն ինքն իր ուժերով կարող էր երկար դիմադրել թուրքերին եւ դրական արդյունքի հասնել: Այդ դեպքում, բնականաբար, այլ՝ ավելի հարգալից եւ մեր շահերը հաշվի առնող կլիներ նաեւ արտաքին ուժերի՝ դաշնակիցների վերաբերմունքը մեր նկատմամբ: Ռուսական նահանջից հետո էլ կարող էինք, պահելով Երկրի մի մասը, արժանապատիվ հաշտություն կնքել թուրքերի հետ: Բայց ունեցանք հակառակը: Առավելագույնը, ինչը ներում էին մեր ուժերը՝ տեղական, իրարից կտրված, մեծամասամբ՝ ի սկզբանե իսկ անհույս ինքնապաշտպանական մարտերն էին (իհարկե, եթե այսպես թե այնպես պետք է սպանվես, լավ է գոնե դիմադրելով սպանվես, բայց խնդիրը հո 1915-ին չառաջացավ): Դրանց կազմակերպիչներն ու մասնակիցները, ինչպես նաեւ՝ ընդհանրապես մեր ազատագրական պայքարի մարտիկները, հիրավի արժանի են մեծագույն հիացման՝ շնորհիվ գրեթե գերմարդկային հերոսության, որի դրսեւորումներով ցանկացած՝ նույնիսկ ամենահզոր ազգ կարող է հպարտանալ, բայց դա միայն ավելացնում է ողբերգության դառնությունը: Մենք պետք է վերջապես հասունություն ունենանք ազնիվ լինելու ինքներս մեզ հետ եւ գոնե այսօր՝ 100 տարի անց, անհրաժեշտ հետություններ անենք:

Հրանտ Տեր-Աբրահամյան

 

Նախորդ հոդվածը‘Ստացվել են Գյումրիի սպանության գործով դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները’
Հաջորդ հոդվածը‘Ավագ քննիչը կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է’