‘Խմբագրական. Բերձորի դեպքերը և ՀՀ իշխանության «անմեղությունը»’

2672

Բերձորում տեղի ունեցած դեպքերի իրավական գնահատականը պարզ է և միանշանակ. ակնհայտ է անհամաչափ և ոչ օրինական բռնության կիրառումը, և այստեղ շատ բան չկա ո՛չ ավելացնելու, ո՛չ էլ վերլուծելու: Շատ ավելի բարդ է խնդրի քաղաքական կողմը: Ցավոք, ունեցած տեղեկատվական ռեսուրսներով, հազիվ թե կարողանանք ունենալ բոլոր հարցերի պատասխանը: Նկատի ունեմ, օրինակ, որքա՞ն էր տեղի ունեցածում պատահականության, և որքա՞ն էր ծրագրավորվածի չափաբաժինը, և, բացի այդ, ի՛նչ աստիճանի էր տարբեր կողմերի, հատկապես՝ ՀՀ իշխանության, ԼՂՀ իշխանության, թերևս նաև՝ արտաքին ուժերի և, միգուցե, տուժող կողմի որոշ ներկայացուցիչների ներգրավվածությունը, եթե ենթադրենք, որ դեպքերը մասամբ սադրանքի տարր են ունեցել: Սակայն որոշ կարևոր դիտարկումներ այս խնդիրների վերաբերյալ էլ կարող ենք անել:

Որտե՞ղ է Երևանը գցել Ստեփանակերտին

Նախ՝ դեպքերի պատահական, թե ծրագրավորված լինելու վերաբերյալ: Կարծում եմ՝ այլ հավասար պայմաններում ամենաճիշտն է առաջնորդվել առավել պարզ վարկածով: Առաջին հերթին՝ պետք է ճշտել Հայաստանի իշխանության (= Սերժ Սարգսյանի) ներգրավվածության աստիճանն այս պատմության մեջ: Ամենապարզ վարկածն այստեղ պետք է լինի այն, որ դեպքերը չէին կարող տեղի ունենալ առանց ՀՀԿ առաջնորդի հավանության կամ իմացության: Հաշվի առնելով հայաստանյան իրականությունը՝ այս ենթադրությունը հավելյալ փաստարկման կարիք էլ չունի, ինչպես բոլոր, կոմպյուտերային լեզվով ասած՝ «դեֆոլթ» (տվյալ համակարգին լռելյայն բնորոշ) երևույթները: Հակառակը՝ այս իրողությունը կասկածի տակ դնողները պետք է փորձեն հավելյալ փաստարկներ բերել՝ այն ժխտելու համար: Այլ հարց է, թե ի՛նչ աստիճանի է եղել Սարգսյանի ներգրավվածությունը, ասենք՝ անմիջական հրահանգի՞, ընդհանուր «դաբրոյի՞», ծրագրավորված սադրանքի՞, թե՞ որևէ այլ կերպով (սա արդեն հնարավոր է պարզել միայն ուշադիր վերլուծությամբ և հավելյալ տեղեկատվություն ունենալով), բայց այն, որ ԼՂՀ իշխանությունը չէր կարող իրեն թույլ տալ նման ցուցադրական բռնություն՝ եթե ոչ առանց Երևանի ուղիղ հրահանգի, ապա, առնվազն՝ առանց վստահ լինելու, որ Երևանը խնդիր չունի դրա հետ, պետք է ընդունենք որպես առավել հավանական տարբերակ: Կարծում եմ, դժվար է չհամաձայնել այս ենթադրության ողջախոհության, նույնիսկ, ինչ-որ տեղ՝ տրիվիալության հետ, իսկ թե այս պատմության ո՞ր մասում է Երևանը «գցել» Ստեփանակերտին, դա էլ հարցի մյուս կողմն է:

Իշխանությունը ոչ հիմար է, ոչ էլ անմեղսունակ

Հիմա, եթե այսքանի հետ համաձայն ենք, կատարենք հաջորդ քայլը: Տարածված սխալ կա հանրային ընկալման մեջ, համաձայն որի՝ իշխանությունը հիմար է, իռացիոնալ է, կատարում է քայլեր, որոնց հետևանքները հենց իրեն են վնաս բերում: Ըստ այդմ՝ երբ տեղի է ունենում հերթական ապօրինությունը, որը իշխանության վարկանիշը իջեցնում է հանրության աչքում, շատերն ասում են՝ այնքան հիմար են, որ չեն հասկանում, թե հենց իրենք են տուժել դրա արդյունքում, չեն կարողանում ճիշտ հաշվարկել իրենց քայլերի հետևանքները և այլն: Ինչո՞ւ է այս մոտեցումը սխալ:

Նախ՝ դիմացինի հիմարության կանխավարկածը, այլ հավասար պայմաններում, ամենաանարդյունավետ վերլուծական մեթոդներից է: Ավելի ճիշտ՝ դա ընդհանրապես զրկում է մեզ վերուծելու, հասկանալու հնարավորությունից, որովհետև հիմար, ապաբանական երևույթը հնարավոր չէ վերլուծել: Դե հիմար են, էլի, ի՞նչ կարող ես հասկանալ կամ անել: Ինչպես ասում է ռուսական ասացվածքը՝ «մի հիմար ջրի մեջ քար գցեց, հարյուր խելոք չեն կարողանում հանել»: Թող հակասական չթվա այն միտքը, որ հիմարության, սխալ հաշվարկի վարկածն ինչ-որ տեղ նույնիսկ ձեռնտու է իշխող որևէ խմբի, և որոշ դեպքերում էլ՝ խրախուսելի նրա կողմից: Նախ՝ այդ կերպ իշխող խումբը հայտնվում է մի տեսակ անմեղսունակի, անպատասխանատուի կարգավիճակում, երկրորդ՝ եթե հանրությունը չի փորձում վերլուծել, հասկանալ իրավիճակները, իշխանության քայլերը (իսկ վերլուծել, հասկանալ՝ նշանակում է գտնել «բանական հատիկը»), ապա, բնականաբար, «հիմար» իշխանությունը կարող է շատ ավելի հանգիստ իրականացնել իր ծրագրերը՝ առանց զգուշանալու, որ դրանք կարող են բացահայտվել և հակազդվել:

Վերլուծության տարրական կանոնն է՝ եթե մի բան թվում է զարմանալի, անբացատրելի, անտրամաբանական, ուրեմն, ամենայն հավանականությամբ՝ սխալ դիտակետ է ընտրված, և պետք է փնտրել ու գտնել ա՛յն դիտակետը, որից տվյալ երևույթի տրամաբանությունը բացահայտվում է. ամեն բան տրամաբանական է իր հարազատ համակարգի մեջ, և հաճախ անտրամաբանական է թվում, երբ դիտում ենք մե՛ր հասկացած, մե՛ր իմացած կամ միայն մե՛զ հարազատ համակարգերի տրամաբանությունից:

Բերձորի դեպքերի հետ կապված՝ պետք է ոչ թե մտածել, թե իշխանությունը, ցուցադրական բռնություն կազմակերպելով, սխալ է հաշվարկել դրա հետևանքները, և հիմա ինքն էլ արդյունքում տուժել է, որովհետև հիմար է, այլ ճիշտ հակառակը՝ պետք է ելնել այն կանխավարկածից, որ իշխանությունը, հաշվարկելով հետևանքները, եկել է այն եզրակացության, որ դրանք առնվանզ չեն վնասում իր շահերին, և, ամենայն հավանականությամբ՝ նաև շահավետ են: Հենց սա պետք է ընդունել որպես «դեֆոլտ», այսինքն՝ հավելյալ ապացուցում չպահանջող կանխավարկած բոլոր նման դեպքերում, իսկ «հիմարության կանխավարկածը» պետք է ամեն կոնկրետ դեպքի համար հատուկ փաստարկվի: Թե չէ՝ տպավորություն կա, որ նմանակում ենք հայտնի հայկական կարծրատիպը՝ «ռուսները չեն հասկանում իրենց իրական շահերը, այլապես միշտ կլինեին մեր՝ հայերիս կողքին»:

 Քֆուրը Սերժին վնաս չէ

 Պարզապես՝ պետք է հասկանալ, թե ի՛նչն է տվյալ դեպքում իրական վնասը և իրական շահը՝ իշխանության տեսակետից: Սերժ Սարգսյանի քայլերի տրամաբանությունը հասկանալը շատ բարդ չէ, պարզապես՝ պետք է ընկալել, որ նրա քաղաքական քայլերը ենթարկված են մեկ հիմնական նպատակի՝ անձնական իշխանության պահպանմանը և ամրապնդմանը: Պետք չէ մտածել, որ սա նրան բնորոշ ինչ-որ հատուկ անձնական հրեշությունից, չարությունից է բխում, կամ ընդհանրապես՝ ինչ-որ առանձնահատուկ, պատմականորեն աննախադեպ երևույթ է, մի չարիք և երկնային պատիժ է, որը մարդկության պատմության մեջ միայն հայ ժողովրդի բազմատանջ և բազմաչարչար գլխին է ընկել: Իհարկե, անհատական հատկանիշները նշանակություն ունեն, բայց էականն այն է, որ անձնական իշխանության պահպանումը ցանկացած բռնապետության համակարգային տրամաբանության թիվ մեկ խնդիրն է: Հենց դրանով էլ բռնապետությունը, կարելի է ասել, տարբերվում է այլ քաղաքական համակարգերից, այլ ոչ թե, օրինակ, դաժանությամբ, միանձնյա իշխանությամբ և այլն: Պատճառը պարզ է՝ բռնապետն, ի տարբերություն ոչ միայն ժողովրդավարական իշխանության, այլև, օրինակ, միապետի՝ ունի օրինակարգության խնդիր և իշխանությունը կորցնելուց հետո՝ իրավական և քաղաքական լուրջ պրոբլեմներ ունենալու հեռանկար: Հետևանար՝ նա անընդհատ, այլ ոչ թե՝ միայն ժամանակ առ ժամանակ և որոշ ծայրահեղ դեպքերում, պետք է աչքի առաջ ունենա իշխանության պահպանման խնդիրը, որը դառնում է նրա վարած քաղաքականության շարժիչ ուժը:

Եվ պետք է ասել, որ Սերժ Սարգսյանը ցայսօր առանձնապես առիթ չի տվել մտածելու, որ այս խաղում նա վատ խաղացող է: Իհարկե, նա անպարտելի չէ, և եղել են դեպքեր, երբ շատ մոտ է եղել լուրջ պարտության, բայց վատ խաղացող չէ: Մնացած բոլոր հարցերում, օրինակ՝ արտաքին կամ տնտեսական քաղաքականությունում, նա չափազանց լուրջ, եթե չասենք՝ աննախադե՛պ լուրջ ձախողումներ է ունեցել, բայց պատճառն այստեղ էլ նրա կարծեցյալ հիմարությունը չէ, այլ այն, որ այդ ոլորտները նրա համար ստիպողաբար երկրորդական են, ստորադասված են հիմնական նպատակին, և հենց իր հիմնական նպատակին հասնելու համար էլ նա ստիպված է եղել գնալ, օրինակ, մեղմ ասած՝ ռիսկային արտաքին քաղաքական քայլերի:

Այս տեսակետից էլ պետք է հասկանալ ընդհանրապես բռնապետի, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի վնասն ու օգուտը: Իմիջը, վարկանիշի տատանումները, ով որքան իրենց հայհոյեց և այլն, կարող են, իհարկե, հետաքրքիր լինել նրան՝ որպես մարդու, բայց ինչպես և արտաքին քաղաքակության օրինակում՝ ստորադասված են հիմնական նպատակին: Հակասություն չկա՝ բռնապետի իշխանությունը կախված չէ վարկանիշից, իմիջից և այլնից: Եթե Հայաստանի 80 տոկսոսն էլ ամեն օր հայհոյի Սերժին կամ ատի և արհամարհի նրան, դա ամենևին էլ բավարար չէ նրա իշխանությանն իրական սպառնալիք ձևավորելու համար: Որևէ բռնապետություն քֆուրով դեռ չի տապալվել, և բազմաթիվ բռնապետություններ գոյատևել են տասնամյակներ, եթե ոչ ավելին՝ ցածր հասարակական վարկանիշի պայմաններում: Իրական սպառնալիք կարող է լինել միայն այն դեպքում, երբ հասարակական տարերային տրամադրություններին զուգահեռ՝ առկա է հզոր կազմակերպված ուժ՝ համապատասխան դիմադրության ռեսուրսներով, տարբեր ուժերի լայն համախմբում, ճակատ, և last but not least (վերջին, բայց ոչ անկարևոր) պառակտում կամ անկամություն իշխող վերնախավում:

 Միաչքանի դեղին օձը Սիրիուս Բ-ի միջուկում

 Հետևաբար՝ պետք է ուշադիր լինենք՝ հասկանալու համար, թե ի՛նչ շահույթներ կարող է ունենալ իշխող խումբը ստեղծված իրավիճակից և տեղի ունեցածի ո՛ր առումները կարող է շահարկել իր օգտին: Այս պահին չեմ ուզում ծավալվել այդ ուղղությամբ, միայն երկու կետ թռուցիկ կերպով հիշատակեմ: ա. Կարծել, թե քանի որ Սերժը ղարաբաղցի է, ապա նրան չի կարող ձեռ տալ հակաղարաբաղյան տրամադրությունների տարածումը Հայաստանում, միամտություն է: Ավելին. տպավորություն կա, որ հակաղարաբաղյան տրամադրությունների դրսևորումն այս անգամ լավ էլ ուղղորդվում է և, համենայն դեպս՝ չի սանձվում, լուրջ հակահարված չի ստանում: Պետք է հասկանալ, թե ինչո՛ւ է այդպես, և, համենայն դեպս, տուրք չտալ մանկամիտ, պարզ, Պավլովյան շան ռեֆլեքսները հիշեցնող կոչերին՝ բողոքի գործողություն Ղարաբաղի ներկայացուցչության դեմ, նոր ավտոերթ դեպի Ղարաբաղ և այլն: բ. «Հակաժողովրդավարական», «քյարթ», «չար» ղարաբաղցիները, ԼՂՀ իշխանությունը և, նրանց համեմատ՝ բարի և հանդուրժող Սերժը, ինչու ոչ՝ նաև աստվածավախ Վովան (բա Երևանում հո տենց բան չէր լինի) էժան մելոդրաման, ինչպես նաև Բակոյի հրաժարականի կոչերը եթե մի բանով խանգարում են Սերժ Սարգսյանին, ապա ես միաչքանի ոսկեգույն օձ եմ, որն ապրում է Սիրիուս Բ մարած աստղի միջուկում: Իսկ  որ հենց այդ ուղղությամբ էլ փորձ է արվում ուղղորդել հասարակական կարծիքը՝ նույնպես անժխտելի է:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘ԱԺ հաշվիչ հանձնաժողովը ձևավորվեց ընդդիմության առաջարկած կարգով’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Իշխան Զաքարյանի անձի նկատմամբ Աժ-ում ոչ մի սպառնալիք չէր լինելու’