‘Խմբագրական. Բիզնես դաշտի դիլեման’

2526

Սերժ Սարգսյանի փետրվարյան ահաբեկչական արշավը քաղաքական դաշտի և նրա առանձին ներկայացուցիչների նկատմամբ հասարակության մի որոշակի հատվածի համար ներքաղաքական պայքարի մի դրվագ է, այնինչ տեղի ունեցածը, վստահաբար, էական, եթե ոչ՝ ճակատագրական հետևանքներ է ունենալու Հայաստանի ապագայի վրա: Մի շարք առումներով, որոնցից առաջնայինն, իհարկե, Սահմանադրության փոփոխության միջոցով Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման և քաղաքական դաշտի վրա կատարյալ վերահսկողության հաստատման փորձն է: Վարչախումբն ու նրա պարագլուխը սա, մեծ հաշվով, չեն էլ թաքցնում: Ավելին, այս ամենի պատասխանատվությունն էլ դնում են իրենց ենթարկած քաղաքական ուժերի վրա՝ վաղը այդ հակապետական ու հանցագործ քայլի համար պատասխան տալու հեռանկարից խուսափելու համար: Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ինքը դեմ է խորհրդարանական համակարգին անցնելու գաղափարին, այն համակարգին, որը հենց ապահովելու է իր հավերժ իշխանությունը, և որի հաստատմանն են ուղղված իր բոլոր ջանքերը: Բայց քանի որ առկա է այսպիսի լաաա՜յն հասարակական կոնսոլիդացիա, ապա ինքը ճարահատյալ համաձայն է: Մեղքն այդ լայն «կոնսոլիդացիան» ապահոված կուսակցությունների վիզը:

Սահմանադրական փոփոխությունների, դրանց վտանգների մասին շատ է խոսվել ու դեռ շատ կխոսվի, որովհետև առաջիկա ամիսներին այս հարցն է լինելու Հայաստանի քաղաքական օրակարգի առանցքում: Բայց կա մեկ այլ՝ ոչ պակաս վտանգավոր ու սողացող գործընթաց, որը դժվար նկատելի է, բայց որը նույնպես էական նշանակություն ունի Հայաստանի քաղաքական ապագայի տեսանկյունից: Դա Սերժ Սարգսյանի վերջին ասպատակությունից հետո, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների անցկացումից հետո հայաստանյան գործարարության և բիզնես խավի ճակատագիրն է:

Սերժ Սարգսյանի իշխանության, կառավարման վարքագծի, ձևավորած թիմի տեսլականում կամ, եթե կուզեք, փիլիսոփայության մեջ փողը և տնտեսական լծակներին ու ֆինանսական հոսքերին տիրապետելը անկյունաքարային տեղ են գրավում: Սա այս ավազակապետական բուրգի առանցքն է: Սերժ Սարգսյանի համար Հայաստանի որևէ անկյունում գոյություն ունեցող անկախ ֆինանսական միջոցը մահացու վտանգ է ներկայացնում՝ մի կողմից, և անարդար է՝ մյուս կողմից (բա ինքը դրանից փայ չունենա՞): Մահացու վտանգ, որովհետև ցանկացած անկախ ֆինանսական միջոց և դրա տնօրինող հնարավոր մարտահրավեր է իր իշխանության համար: Այդ պատճառով Սերժ Սարգսյանը հետևողականորեն զբաղված է երկրի տնտեսական համակարգն ու ֆինանսական հոսքերը անձնական ու մենաշնորհ տիրապետության տակ առնելու՝ իր համար սրբազան, բայց պետության համար կործանարար գործին: Այս ճանապարհին մշտապես եղել է խոչընդոտ՝ ի դեմս նրա հակառակորդ քաղաքական ուժերի և ստեղծված քաղաքական բալանսի, որը նրան թույլ չի տվել իրագործել այս նպատակը: Քաղաքական ուժերը, իհարկե՝ ոչ ամբողջությամբ, միգուցե՝ անբավարար չափով, բայց պատնեշում էին բիզնես խավին՝ վերջնականապես Սերժ Սարգսյանի ու նրա մերձավորների ճորտը դառնալու հեռանկարից: Հիմա, երբ պետական և սեփական ահաբեկչական մեքենան ողջ թափով գործի դրվեց քաղաքական դաշտի ու նրա առանձին ներկայացուցիչների նկատմամբ, որի արդյունքում քաղաքական դաշտում բալանսը կտրուկ փոփոխության ենթարկվեց՝ հօգուտ Սերժ Սարգսյանի, վերջինս լայնամասշտաբ հարձակման է անցնելու հայաստանյան գործարարության այն հատվածի վրա, որ մինչ այդ գտնվում էր իր վերահսկողությունից դուրս կամ նույնիսկ՝ մասամբ դուրս:

Մի ճշտում. խոսքը հարկային տեռորի մասին չէ, այն մշտապես եղել է, բայց իր բնույթով սահմանափակվում է տուգանքներով և հավելյալ՝ առաջանցիկ հարկային քերթումներով: Այս պարագայում, միևնույն է, գործարարի գործը պետության ներկայացուցիչների հետ է, ոչ թե վարչախմբի: Խոսքը այդ բիզնեսները վերահսկողության տակ վերցնելու՝ Սերժ Սարգսյանի մտադրության մասին է: Հիմա, երբ Սերժ Սարգսյանն այլևս համարում է, որ վերացրել է քաղաքական արգելքները, նա իր շոշափուկները տարածելու է հայաստանյան ողջ բիզնես դաշտի վրա: Խոշորի հարցերը լուծելու է արագ, հետո անցնելու է միջինին: Գործարարները կանգնելու են ընտրության առաջ՝ կամ Սերժ Սարգսյանին, ի դեմս նրա մերձավորների, նվիրեն (կամ սիմվոլիկ գումարով վաճառեն) իրենց բիզնեսի մի պատկառելի մասը, կամ դեմ հանդիման կանգնեն Սերժ Սարգսյանի ահաբեկչական մեքենայի առաջ՝ իր բոլոր հետևանքներով: Թող անիրական չթվա, որ վաղը այս խնդրի առաջ կանգնեն միջին բիզնեսի ներկայացուցիչները՝ ռեստորան, տուրիստական գործակալություն, փոքրիկ արտադրություն և այլ տիպի գործունեություն վարող բիզնեսմենները: Դա տեղի է ունենալու, որովհետև սա է Սերժ Սարգսյանի՝ հավերժ իշխանություն պահելու առանցքային միջոցներից մեկը: Թող ոչ մեկը միամտաբար չկարծի, որ Սերժ Սարգսյանը մի քանի տասնյակ միլիարդ դոլար աշխատելուց հետո կասի՝ լավ, բավական է, մի քիչ էլ ազգի մասին մտածենք: Այս ամենը, փող աշխատելուց բացի՝ ավելի կարևոր առաքելություն ունի՝ հնարավորինս երկար պահել իշխանությունը, հնարավորինս երկար արգելակել անկախ գործարարության ձևավորումը, որը, ինչպես պատմությունը ցույց է տալիս, վաղ թե ուշ դուրս է գալիս բռնապետության դեմ և դառնում քաղաքական ու ժողովրդավարական բարեփոխումների մասնակից՝ հասարակության կողմից:

Գիտակցո՞ւմ է այս ամենը հայաստանյան գործարար խավը, թե՞ ոչ: Դժվար է ասել: Բայց անկախ դրանից, այս պետականակործան գործընթացը թավալգլոր ընթանալու է և իր հետ տանելու է բոլոր չգիտակցողներին կամ գիտակցած, բայց քայլ անելուց վախեցածներին:

Հայաստանյան բիզնես խավը պետք է հասկանա, որ Սերժ Սարգսյանի այս մտադրություններին հակադրվելը բխում է, նախևառաջ, իր շահերից, հասարակության շահերից և Հայաստանի ու Ղարաբաղի շահերից: Որ Սերժ Սարգսյանի իշխանությունն իր բնույթով հակաբիզնեսային է, և անհնար է ազատ ձեռնարկատիրության զարգացումը նրա իշխանության գոյության պայմաններում: Եվ որ իր ուսերին ընկած պատասխանատվությունը ոչնչով չի զիջում քաղաքական ուժերի վրա ընկած պատասխանատվությանը: Այն ուժերի, որոնք նույնպես գիտակցում են այս գործընթացների վտանգավորությունը: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ բիզնես խավի առաջադեմ հատվածը քայլեր ձեռնարկի՝ ինչպես բիզնես դաշտում այս վտանգի գիտակցումը խորացնելու ուղղությամբ և հիմքեր ստեղծի Սերժ Սարգսյանի այս նպատակների դեմ համակարգված դիմադրություն ցույց տալու նպատակով, այնպես էլ ակտիվորեն ընդգրկվի առաջիկա քաղաքական գործընթացներին՝ հատկապես և առաջնային կերպով դիմակայելու Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացմանն ուղղված սահմանադրական փոփոխությունների ծրագրին, որովհետև դրա իրագործումը Հայաստանի վերջն է, իրենց՝ որպես ձեռնարկատերերի վերջն է ու նրանց վերածումը «Սերժ Սարգսյան & Co.»-ի բատրակների:

Եվ եթե Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների ծրագիրը չվիժեցվեց քաղաքական ուժերի (այս պահին և կարծես թե ընդհանրապես՝ միայն Հայ ազգային կոնգրեսն է դրա ջատագովը), քաղաքացիական նախաձեռնությունների և բիզնես դաշտի ներկայացուցիչների համատեղ ջանքերով, ապա վերջիններս դրանից հետո գործունեություն ծավալելու համար կայցելեն ոչ թե արդարադատության նախարարություն կամ հարկային տեսչություն, ինչպես նորմալ երկրներում է, այլ «Սերժ Սարգսյան & Co.»-ի գրասենյակի տնօրեն Սաշիկ Սարգսյանին:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Եգորյան. Մարտի 15-ին կայացած ՏԻՄ ընտրությունները ոչ մրցակցային էին’
Հաջորդ հոդվածը‘Կապան-Գորիս ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է’