‘Խմբագրական. Բոլորն ընդդեմ Սերժի՝ չհաշված «հերոսները»’

2567

Արդեն բազմիցս առիթ ենք ունեցել նշելու, որ վերջին շրջանի իրադարձություններն էապես թուլացրել են Սերժ Սարգսյանի դիրքերը: Ամեն ինչից զատ, սա ցցուն կերպով արտահայտվում է իշխանության ներկայիս պահվածքում: Վախեցածի շարժումներ անող, նոքդաունից հետո դեռևս կոորդինացումը կորցրած, ապագա անելիքների մասին մշուշոտ պատկերացումներ ունեցող մի մարմին է հիշեցնում Սերժ Սարգսյանի ներկայիս վարչախումբը: Վերջինս, նվաստացված կայացնելով Մաքսային միության մեջ ընդգրկվելու որոշումը, էապես փչացրեց իր հարաբերություններն ինչպես Եվրամիության, այնպես էլ Ռուսաստանի հետ՝ որքան էլ տարօրինակ հնչի (հարգում են նույնիսկ պատվով պարտվածին, բայց ոչ սփրթնած կապիտուլացվածին, ինչը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի պարագայում): Բայց այս ամենին զուգահեռ, այս քաղաքական տապալումը որակական ազդեցություն է ունեցել և ապագայում էլ ունենալու է Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Ընդ որում, Սերժ Սարգսյանի դիրքերը գնալով թուլանալու են:

Եվ ահա թե ինչու:

Նախ,  ինչպես արդեն նշեցինք, Սերժ Սարգսյանը կարողացավ ծայրաստիճան լարել իր հարաբերությունները ռուսական իշխանությունների հետ: Այն աստիճանի, որ ռուսական իշխանական շրջանակները նրան այլևս չեն դիտում որպես վստահելի գործընկերոջ: Այս վերաբերմունքն, իհարկե, անմիջապես տարածում է գտել հայաստանյան իշխանական շրջանակներում (վատ լուրերը միշտ շուտ են հասնում տեղ) և հօդս ցնդեցրել ռեժիմին Կրեմլի կողմից անվերապահ աջակցության մասին ռեժիմի պարագլխի ազդեցիկ լծակը, ինչը հնարավորություն էր տալիս ձևավորել էլ ավելի կենտրոնաձիգ իշխանություն:

Իշխանության ներսում տարբեր խմբավորումներ կամ անհատներ, ստանալով վերը շարադրված «գույժը», փորձում են սեփական խաղը խաղալ և իրենց կաշին փրկել: Մասնավորապես, լրատվամիջոցներում արդեն հայտարարվեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղեկանալով, որ հակառակ ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հրապարակայնորեն հնչեցված  հայտարարությունների` Սերժ Սարգսյանը բարձրաձայնելու է Մաքսային միություն մտնելու մասին որոշում, Ռուսաստան կատարած իր այցի ընթացքում հասցնում է ուրանալ սեփական շեֆին և բացահայտել իշխանության ներսում գտնվող բոլոր արևմտամետ գործիչներին: Մյուս խմբավորումները նույնպես փորձում են իրենց տարանջատել Սերժ Սարգսյանից, որպեսզի չմնան հյուսիսային ցասման հետևանքների տակ: Սերժ Սարգսյանի հեղինակությունը բուրգի ներսում լրջորեն սասանված է: Ինչքան էլ նա արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձի պատճառ բերի անվտանգության, մասնավորապես՝ Ղարաբաղի հարցը, պարտավոր է լինելու բանական բացատրություն տալ այն մասին, թե ինչու այդ հաշվարկներն արված չէին մինչ այս գործընթացներում ներգրավվելը: Իսկ այդպիսի բանական բացատրություն չկա: Ու եթե չկա ու հետևաբար չի ներկայացվում, սա շարունակելու է խորացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ անվստահությունը` որպես իշխանությունը պահելուն անընդունակ պարագլխի:

Վատթարացել են հարաբերությունները նաև Եվրոպայի հետ: Ինչքան էլ վարչախումբն ու ԵՄ-ն փորձեն իրենց հրապարակային հայտարարություններում մնալ կոռեկտության սահմաններում և տապակվեն ապագայում համագործակցությունը շարունակելու ցանկությամբ, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը լուրջ հարված է հասցրել նաև Եվրամիության հեղինակությանը` էշն ուտելով, պոչին խռովելով: Եվ ապագայում առավել քան զգուշավոր են լինելու Սերժ Սարգսյանի ռեժիմը փառաբանելու, նրան տարատեսակ բնույթի աջակցություն ցույց տալու իրենց նախկին քաղաքականությանը վերադառնալու հարցում:

Բացասական տրամադրությունները Սերժ Սարգսյանի նկատմամբ խորանում են նաև տնտեսական շրջանակներում: Բոլորի մոտ, նույնիսկ իշխանական արտոնություններից օգտվողների: Բացառությամբ` Սերժ Սարգսյանի անձնական օգտագործման բիզնեսմենների: Այն պարզ պատճառով, որ ոչ միայն ի դերև ելան խոշոր բիզնեսի հույսերը՝ մտնելու եվրոպական շուկա, այլև հիմա առկա են լուրջ մտահոգություններ` կապված հայ-ռուսական հարաբերություններում առաջացած քաղաքական լարվածության հետ, որը չի կարող չունենալ իր ազդեցությունը նաև տնտեսության վրա: Բիզնեսը չի կարող գոյատևել անկայուն և մշուշոտ միջավայրում: Հենց սա է իրերի դրությունն այսօրվա Հայաստանում: Ընդհանրապես խոշոր բիզնեսի ներկայիս վարքագիծը և ռեժիմի հետ նրա հարաբերությունների ներկայիս որակը առանձին քննարկման նյութ են, և այստեղ էլ Սերժ Սարգսյանն առանձնապես մխիթարվելու բան չունի: Այս պահին առկա խուլ դիմադրությունը, որ կա միջին և խոշոր բուժուազիայի կողմից` լուրջ վտանգ է ներկայացնում Սերժ Սարգսյանի ռեժիմին, որովհետև այս տենդենցների խորացման պարագայում (իսկ իշխանական կրիզիսի ապաքինման որևէ նախանշան դեռևս չկա), վաղ թե ուշ, բիզնես շրջանակներն այլևս ռացիոնալ են համարելու երկու լուծում՝ դուրս բերել կապիտալը Հայաստանից կամ ներդրում անել Հայաստանի ժողովրդավարացման գործում և աջակցել սահմանադրական կարգի վերականգնմանն իր ջանքերն ուղղած քաղաքական ուժին՝ կայուն, մրցակցային և իրավական միջավայր ձևավորելու համար: Որովհետև, եթե նույնիսկ այդ պարագայում նրանց շահույթները նվազեն, դրանք կլինեն հնարավորինս երաշխավորված և օրենքով ու անկախ դատական համակարգով պաշտպանված:  

Ի՞նչ մնաց Սերժին այսքանից հետո: Գրեթե ոչինչ: Ու թե ինչքան կդիմանա Սերժ Սարգսյանն այս մարտահրավերներին` կախված է նրա հեռացումն իրենց օրակարգը դարձրած քաղաքական ուժերից, որոնք պետք է հմտորեն օգտագործեն ստեղծված իրավիճակը, որն է՝ համախմբել Սերժ Սարգսյանից դժգոհ քաղաքական, տնտեսական, հասարակական ու որ պակաս կարևոր չէ՝ իշխանական ռեսուրսն ու դուրս բերել փողոց: Եվ հասնել նոքդաունում գտնվող իշխանության վերջնական նոքաութին: Այսպիսի համախմբման դեմ ռեժիմը դեղամիջոց չունի: Իհարկե, Սերժ Սարգսյանին օգնության կհասնեն որոշակի շրջանակներ, որոնք կփորձեն ստեղծված իրավիճակի սլաքները թեքել այլ ուղղություններով՝ Ռուսաստանի, որ «ճնշեց», Եվրոպայի, որ հերթական անգամ «դավաճանեց», ընդդիմության, որ «ոչինչ չի անում, քանի որ ռուսամետ է, ու ընդհանրապես` նրանք էլ մի բան չեն»: Միայն` ոչ Սերժ Սարգսյանի: Բայց դա չի փրկի նրան: Մյուս կողմից` սա բուժիչ, նույնիսկ կարելի է ասել` ողջունելի գործընթաց է: Հասարակությունը պետք է իմանա բոլոր այն «հերոսներին», ովքեր քողարկված (իրանց արևին) գործի են դրել Սերժ Սարգսյանին աջակցելու ռազմավարությունը, օգտագործելով պարզագույն ու մաշված հնարք` մի արդարացրու նրան, ում պաշտպանում ես, այլ վարկաբեկիր բոլոր նրա հակառակորդներին: Ունենալով անձնական շահագրգռություններ կամ որ անհավատալի է՝ լինելով քաղաքականապես տհաս:

Նախորդ հոդվածը‘Մաքսայի միություն մտնելուց հետո Հայաստանի սահմանին ԱԱՀ չի գանձվի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել են Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները ‘