‘Խմբագրական. Բուրժուազիայի երկընտրանքը’

3410

Հայաստանում առկա խորը քաղաքական ճգնաժամին բնականորեն հաջորդելու է տնտեսական ճգնաժամը, որը ներկայումս արագընթաց վարգով մոտենում է թիկունքից: Եվ այլ կերպ ուղղակի չի կարող լինել, որովհետև բոլոր այն միտումներն ու գործընթացները, որոնք բացասաբար են ազդում մեր երկրի՝ առանց այն էլ հիվանդ տնտեսության վրա, գնալով խորանում են:

Սերժ Սարգսյանի վարչախումբը գնալով ուժեղացնում է իր ճնշումը տնտեսվարողների վրա: Մանր ու միջին բիզնեսին հասցնելով մի վիճակի , երբ նրանք կամ դադարեցնեն իրենց գործունեությունը, կամ ուղղակի գոյություն պահպանեն՝ քրտնաջան աշխատանքի դիմաց փշրանքներ ստանալով, հիմա իշխանությունը հարձակման թիրախի մեջ է ընդգրկել նաև խոշոր բիզնեսին: Սերժ Սարգսյանի մտքում եղել և հիմա կա ընդամենը մեկ նպատակ՝ ամրապնդել իր իշխանությունը և փորձել այն երկարաձգել հնարավորինս երկար. կլինի դա սահմանադրական բարեփոխումների, թե իրեն հավատարիմ ինչ-որ մի խամաճիկի իշխանությունը փոխանցելու միջոցով՝ էական չէ: Եվ այս ճանապարհին Սերժ Սարգսյանը դաշնակից ունի միմիայն իրեն ու իր չափազանց նեղ մերձավոր շրջապատը: Մնացածներին անհրաժեշտ է ուղղակի հպատակեցնել՝ այս ծրագիրը իրագործելու համար: Իսկ չհպատակվողներին՝ սնանկացնել, վարկաբեկել, մեկուսացնել, հետապնդել, կաշառել կամ ուղղակի գնել (նրա գործիքակազմն այս առումով հարուստ է): Եվ խոշոր բիզնեսը այդ ծրագրի ճանապարհին լուրջ խոչընդոտ է: Տարածված այն կարծրատիպը, թե Սերժ Սարգսյանն արտահայտում է օլիգարխիայի և խոշոր բիզնեսի շահերը, իրականում հենց նրա կողմից նույն բիզնես միջավայրում իրականացվող քարոզչության մի տարր է, որի քողի տակ, ըստ էության, Հայաստանում տեղի է ունենում սեփականության վերաբաշխման, բիզնես շրջանակներին ունեզրկելու սողացող, հետևաբար՝ անփորձ աչքի համար ոչ տեսանելի մի քաղաքականություն, երկրի տնտեսական ու ֆինանսական կարողությունները Սերժ Սարգսյանի, նրա ընտանիքի և մերձավորների ձեռքում կենտրոնացնելու և վերը նշված նպատակին ծառայեցնելու համար: Ավելին, նույն միշիկյան (կարդալ Սերժ Սարգսյանի) քարոզչության մեջ կարմիր թելով անցնում է այն, որ իշխանության բացահայտ նպատակն է՝ թշնամացնել հասարակությանը բիզնես շրջանակների ու առավելապես խոշոր բուրժուազիայի հետ: Ու այս թշնամանքի մթնոլորտում հենց լուծել նրանց հարցերը վերջնականապես:

Եթե իրականում Սերժ Սարգսյանը լիներ ձեռնարկատիրության կամ, այլ կերպ ասած՝ բուժուազիայի շահերի պաշտպանը, ապա չէր անի ամեն ինչ, որ 6 տարվա ընթացքում Հայաստանը լքի շուրջ 300 հազար մարդ, ովքեր ոչ միայն որակյալ կադրեր  են և կարող էին օգտակար լինել նույն տնտեսվարող շրջանակների համար՝ ներգրավվելով նրանց բիզնեսներում: Չմոռանանք, որ Հայաստանից արտագաղթում է հիմնականում տնտեսապես ակտիվ բնակչությունը: Իսկ հատկապես վերջին տարիներին արտագաղթի կառուցվածքում տեղի է ունեցել որակական փոփոխություն: Արտագաղթում են արդեն այնպիսի մասնագիտությունների տեր քաղաքացիներ, ինչպիսիք են բժիշկները, իրավաբանները, ինժեներները, բարձր տեխնոլոգիաների մասնագետները և այլ արժեքավոր կադրեր և առավելապես՝ երիտասարդներ: Հիմա, բացի նրանից, որ այս մարդկանց արտահոսքով էապես աղքատանում է երկրի տնտեսական պոտենցիալը, հայկական բիզնես միջավայրը կորցրել է շուրջ 300 հազար սպառող, ովքեր պետք է օգտվեին բիզնեսի ծառայություններից և արտադրանքից՝ նպաստելով նրանց եկամտաբերության աճին և, ընդհանուր առմամբ՝ աշխուժացնելով երկրի տնտեսական կյանքը: Սերժ Սարգսյանը թևերը քշտած չէր ներդնի պարտադիր «կուտակայինի» ապօրինի և տնտեսապես բացարձակապես անհիմն համակարգը և քաղաքացիների գրպանից 25-40 տարով չէր հանի տարեկանի 100 միլիոն դոլարից ավելի գումար, որը նրանք պետք է ծախսեին իրենց կենցաղում և կրկին նպաստեին բիզնես միջավայրի բարելավմանն ու եկամուտների աճին: Չէր առաջացնի այն լարվածությունը, որը հիմա արդեն ստեղծվել է աշխատող-գործատու հարաբերություններում: Սերժ Սարգսյանն իր հանցագործ կառավարության և կամակատար ԱԺ մեծամասնության միջոցով լրացուցիչ հարկատեսակներ չէր սահմանի, որով բիզնեսի կյանքը դարձներ է՛լ ավելի անտանելի: Սերժ Սարգսյանը չէր նախաձեռնի, չէր վարի այն արկածախնդիր արտաքին քաղաքականությունը, որի արդյունքում Հայաստանը հայտնվեց Մաքսային միությունում, իսկ գազի գինը, որն, ի դեպ, տնտեսության մեջ գնագոյացման առումով անկյունաքարային նշանակություն ունի, հասավ տիեզերական մակարդակի:  Սերժ Սարգսյանն այնպես չէր անի, որ կոռուպցիան երկրում ունենար համակարգային (երեք փորձից կռահեք, թե ում կողմից համակարգված) բնույթ՝ Հայաստանն այս առումով դարձնելով աշխարհում առաջատարներից մեկը՝ աֆրիկյան մի քանի երկրների հետ միասին, ու դրա արդյունքում Հայաստանը չէր ունենա այնպիսի ներդրումային միջավայր, որտեղից ուղղակի փախչեին օտարերկրյա փողերը: Մի բան, որի համար աշխարհի ամենազարգացած և ամենաժողովրդավարական երկրները պատրաստ են բառացիորեն պատերազմել:

Որքանով է հայաստանյան բուրժուազիան գիտակցում այս ամենը՝ դժվար է ասել: Առավել հավանական է, որ այս մտահոգությունը կա, ամբողջովին գիտակցված է (բիզնեսի մարդիկ,  անկախ նրանց նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքից, տնտեսական գործընթացների անմիջական մասնակիցներ են և, այս առումով՝ բավականին ադեկվատ. բացառություններ, իհարկե, կլինեն), սակայն չկա բավարար համարձակություն՝ այս կործանարար պրոցեսին հրապարակավ դեմ գնալու համար: Հայաստանի ոչ իշխանական, Սերժ Սարգսյանի կողմից չվերահսկվող ու նրա հետ սկզբունքային տարբերություն ունեցող քաղաքական և հասարակական ուժերի շրջանում այս գիտակցումը կա: Սակայն այն բավարար չի լինելու՝ այս գործընթացներին արժանի քաղաքական դիմադրություն ցույց տալու և  այն չեզոքացնելու համար: Գործընթացը կանգ չի առնելու, քանի դեռ բուրժուազիան չի գիտակցել քաղաքական գործընթացներին ակտիվորեն ներգրավվելու, դերակատարություն ունենալու կարևորությունը՝ հանուն իր իսկ շահերի և հանուն հանրային և պետական շահերի, և որ առավել կարևոր է՝ քայլեր չի արել այդ ուղղությամբ:

Սերժ Սարգսյանի իր ամենօրյա քաղաքականությամբ, ըստ էության, խնդիր է դրել հասնել նրան, որ  հայաստանյան խոշոր բիզնեսը հայտնվի այնպիսի կախվածության կամ գործունեության սահմանային վիճակի մեջ, որ ստիպված խնդրի, աղաչի կամ աղերսի իշխանության պարագլխին՝ իրեն վերցնել հատուկ հոգածության տակ՝ դրա համար պատրաստ լինելով վճարել ցանկացած գին: Ոչ ոք հարվածներից չի խուսափելու: Մեկին իշխանությունը հարվածելու է թիկունքից, մյուսի վրա են նետելու իրավապահ, հարկային ու այլ «պատկան» մարմինների ուժերը, մեկ ուրիշին, դեմքին ժպտալով, հանգստացնելու են, որ մտահոգվելու ոչինչ չունի, քանի որ ինքը մերձավորների շրջանակում է՝ գորտի նման դնելով ատիճանաբար եռացող կաթսայի մեջ: Թիրախավորելու են անխտիր բոլորին, բայց չեզոքացնելու են հատ-հատ. համատարած և միաժամանակյա կուլակաթափության սովետական «հաջողված» փորձի ռեսուրսը Սերժ Սարգսյանը չունի: Հատ-հատ, որպեսզի դրա նկատմամբ համախմբված դիմադրություն և ընդվզում չառաջանա, և այդ պահին հարվածի տակ չեղած ամեն մեկն ուրախանա, որ ինքը պլստաց: Հետո հասկանալու է, որ պլստաց ժամանակավորապես:

Շարունակել նույն կերպ՝ խոնարհաբար սպասելով գիլյոտինին, թե կանխավ բարձրաձայն ընդվզել դրա դեմ՝ բուրժուազիայի երկընտրանքն է:

Արման Մուսինյան

Նախորդ հոդվածը‘Յուրիկ Վարդանյանը՝ վարչապետի հայտարարության մասին. «լուրջ բան չկա» («Հրապարակ»)’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ՀՀ խորհրդարանական հանձնաժողովի նիստը տապալվել է’