‘Խմբագրական. Բրդյա գուլպա գործեք, սեւ հաց չորացրեք’

4289

Կդատե՞ն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, դարակներից կհանե՞ն նախկինում կատարած իր հանցագործությունների հաստլիկ տրցակը, թե՞ կփորձեն մի քանի ձեռքի տակով անցած տեսանյութի օգնությամբ նրան եւ նրա ընտանիքին հագցնել զոհի պատմուճանը՝ ապագան ցույց կտա: Բաղրամյան 26-ն ապօրինաբար սեփականաշնորհած պարոնը պետք է հաշվարկի՝ դեռ անհրաժե՞շտ են իրեն Լիսկայի ծառայությունները, թե՞ մի Լիսկա ավելի, մի Լիսկա պակաս՝ էական չէ:

Ինչպիսի դատավճիռ էլ կայացվի տարիներ շարունակ Սյունիքը գերեվարած այս պարոնի համար, մի բան հաստատ է՝ իրենց «թաղերում» նրա ամենազորության պատը ճաք է տվել, նա նախկին Լիսկան չէ եւ այլեւս չի լինելու: Այնպես, ինչպես այլեւս նախկինը չէ, օրինակ, Գյումրու «ցարիբոգ» Վարդանիկ Ղուկասյանը: Գուցե Լիսկային եւս մինչեւ վերջ չի ոչնչացնի Սերժիկ Սարգսյանը, գուցե «մեծահոգաբար» թույլ կտա, որ տարիների ընթացքում կուտակած թալանը վայելի, «քուջուջ անի, գլուխը պահի»: Կամ, ո՞վ գիտե, գուցեեւ Վազգեն Խաչիկյանի եւ Հովիկ Թամամյանի «զրուցընկերը» դարձնի:

Ինչ որոշում էլ կայացնի ավազակապետը, սեփական կաշին գերագույն արժեք հռչակած նժդեհատարոնահանրապետականները եւ սրանց արբանյակներն օր օրի ավելի են համոզվում, որ Սերժիկ Սարգսյանի «պատկերքի» առջեւ մի քանի տեղից ծալծլվելն ապահովության երաշխիք չէ, եւ ցանկացած պահի էն «գերանդիով մարդը» կարող է նաեւ իրենց դուռը բախել: Ստորաքարշորեն ծառայելով ոչ մի արժանիքով չփայլող միջակությանը, իրենց ճղճիմ շահերով առաջնորդվող իշխանական մեծ ու փոքր պնակալեզները միակ եւ անքննելի «ցարիբոգի» պատվանդանին են բազմեցրել Սերժիկ Սարգսյանին, իսկ իրենք՝ որքան էլ խլվլան լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ, որքան էլ հոխորտան, որքան էլ լկտության սեանսներ տան, թալանեն ու վայելեն, սպանեն ու մարսեն, միեւնույնն է՝ գիտեն, որ իրենք ամենասովորական ստրուկներ են, եւ իրենց գոյությունը պայմանավորված է այդ միակ անքննելիի քմահաճույքից: Ուզենա՝ բթամատը վեր կտնկի, ուզենա՝ վար կկախի:

Կարճ ասած՝ ոչինչ հավերժական չէ այս աշխարհում, պարոնայք: Նույնիսկ՝ պալատական խեղկատակ Գալուստ Սահակյանը: Բրդյա գուլպաներ գործեք, սեւ հացի փոքրիկ կտորներին աղ ցանեք, սխտոր քսեք ու լա՜վ չորացրեք:

Ո՞վ իմանա՝ ո´ր մի ստրուկիդ դռանը կչոքի Սերժիկ Սարգսյանի «արդարադատությունը»: 

Նախորդ հոդվածը‘«Բավարիայի»՝ հաջորդ մրցաշրջանի տնային բոլոր հանդիպումների տոմսերն արդեն սպառվել են’
Հաջորդ հոդվածը‘Սուրիկ Խաչատրյանին աջակցում են մտավորականները. Մամուլ’