‘Խմբագրական. Գալու է միմյանց աչքերի մեջ նայելու ժամանակը’

2449

Խառը ժամանակներ են, շա՜տ խառը: Մի կողմից՝ օֆշորային խայտառակ պատմությունը, մյուս կողմից՝ Վերստուգիչ պալատի աղմկոտ բացահայտումները, սրան հետեւած՝ որոշ հանրապետականների բոցաշունչ ելույթներն ընդդեմ թալանչիների, ու մեկ էլ՝ Սերժիկ Սարգսյանի հերթական հրապարակային հոխորտանք-շոուն: Այս ամենի գլխին էլ՝ բացահայտորեն եւ ծածուկ իշխանություններին ծառայող լրատվական դաշտի խառնիփնթոր խաղերը: Դե արի´ ու կողմնորոշվիր, քաղաքական խարդավանքներից անտեղյակ Հայաստանի քաղաքացի, թե արդարության, ազնվության, ճշմարտության մասին աղմկողների այս քամելեոնական ներկապնակի մեջ ո´ր մեկն է երեսպաշտության ջահակիր գալուստսահակյանների ու շարմազանովների արժանի հետնորդը, ո´ր մեկը՝ օֆշորական «արեւմտամետի» գլխին մոմ բռնողը:

Երեկվա գողն էլ է ասում՝ բռնեք գողին, այսօրվա գողն էլ: Երեկվա մարդասպանն էլ է աղմկում՝ պատժեք մարդասպանին, այսօրվա մարդասպանն էլ: Երեկվա ծախու արարածն էլ է ճառեր արտասանում անկաշառության մասին, այսօրվա ծախու արարածն էլ: «Անաչառ» լրատվամիջոցներն էլ երջանկության գագաթնակետին են: Ավանդաբար եւ օրինաչափորեն՝ սրանց գործերն աջ են գնում գլխավորապես ընտրարշավների շրջանում, միջակայքերում մնում են մանր-մունր «նվիրատվությունների» հույսին: Իսկ հիմա, երբ, թվում է, ամենահանգած ու տաղտկալի շրջանը պետք է լիներ (հորիզոնում ընտրություններ չեն նշմարվում, ընդդիմադիր հանրահավաքներ չկան, տապ ամառ է)՝ այս ճարպիկ գրչակների «գործը» ծաղկում է ու ծաղկում: Ավելին, իշխանությունները շարունակում են նորանոր «անաչառների» հավաքագրել:

Թե ինչու է օրինաչափությունը խախտվել՝ շատ է գրվել. իշխանական բուրգը ճաքեր է տվել ու տալիս, Բաղրամյան 26-ում արշալույսները խաղաղ չեն:  

Եվ այս «շունը տիրոջը չճանաչող» ժամանակներում դժվար է, չէ՞, մարդուն մեղադրել, եթե նա «կտրիճ Դավոյի» նման դիմակազերծ է անում, օրինակ, Վերստուգիչ պալատի նախագահին՝ նրա քթի առաջ թափահարելով նրա շքեղ ապարանքը՝ էս դու ուրիշների թալանից ես խոսում, իսկ քո ապարանքը աշխատավարձո՞վ ես կառուցել: Նույնքան դժվար է մեղադրել նրանց, ովքեր լծվել են այս նույն Իշխան Զաքարյանի «ծագումնաբանության» բացահայտմանը՝ Քոչարյան Ռոբերտի «մարդն է»: Իսկ հենց այս նույն լրատվամիջոցների ջանքերի «շնորհիվ» ո՞վ չգիտի, հարգելի հայ միամիտ հասարակություն, որ Սերժիկը Ռոբիկից լավն է: Չար Ռոբիկը մարտի 1-ին մայրաքաղաքի կենտրոնում սպանդ կազմակերպեց, իսկ բարի Սերժիկն ընդամենն այդ արյան վրայով բարձրացավ ու բազմեց Հայաստանի նախագահի աթոռին:   

Գրողի ծոցը, որ այս նույն մարդիկ տասը տարի շարունակ ստորաքարշորեն ծառայում էին նաեւ այս Քոչարյան Ռոբերտին: Առավե´լ գրողի ծոցը, որ սրանցից ոմանք գերագույն հաճույքով աշխատում էին հենց այդ նույն Իշխան Զաքարյանի «կանտորայում»: Հիմա էլ նույնքան ստորաքարշորեն ծառայում են Սերժիկ Սարգսյանին եւ հավաքագրում «անաչառների», որոնք կուսական հեշտանքով նետվում են սրանց գիրկը, դեռ մի բան էլ ավելի՝ ազնվության դասեր են տալիս իրենց փոխակերպումներն օվացիայով չընդունող անհանդուրժողներին:

Այս մարդիկ իրենց հույսը դրել են դիմացինների կարճ հիշողության վրա եւ նրանց վրա, ովքեր խուսափում են մտածել, որովհետեւ մտածելուց իրենց գլուխը ցավում է: Եվ պատկերացրեք՝ այդպիսիք քիչ չեն:

Անկախությունից ի վեր՝ այսքան լկտի, այսքան բացահայտ եւ այսքան շռնդալից մարդավաճառություն չի իրականացվել: Սերժիկ Սարգսյանը ճարպիկ վաճառական է. Հայաստանում գյադաների ժամանակից սահուն անցում ենք կատարել էժանագին չարչիների ժամանակը:

Չարչիներն էլ կգան ու կանցնեն՝ մագիլներով աթոռին կառչած իրենց խուճապահար վաճառականի հետ միասին: Ո´չ երանի չարչիների վրա թեւերը փռողներին: Ոչ ոք սրանց պատի տակ չի շարելու, պարզապես գալու է նաեւ միմյանց աչքերի մեջ նայելու ժամանակը:

Նախորդ հոդվածը‘ՊԵԿ նախագահի ընկերություններում չգրանցված աշխատակիցներ կան. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’