‘Խմբագրական. Գահին թառած մանր խուլիգանը’

3775

Այն, որ ՀՀ-ում իշխանությունը զավթած փոքրիկ խմբի եւ անձամբ հանցախմբի պարագլուխ՝ ոչընտիր «նախագահ» Սերժիկ Սարգսյանի համար խուլիգանությունը սովորական գործելաոճ է, մտածողություն, կենսակերպ, այսօ՛ր չենք իմանում, եւ ոչ էլ միամիտ հույս կա, որ երբեւէ այդ մարդիկ մարդ կդառնան: Եթե հասնելով բարձրագույն պաշտոնների, դիզելով միլիոնների կարողություն, «մարդամեջ» դուրս գալով եւ, ի վերջո, պարզապես հասուն տարիքում դու ունես քուչի լակոտի հոգեբանություն՝ դա այլեւս անբուժելի է, եւ Հռոմի պապ էլ դառնաս, մնալու ես չինքնահաստատված ծիպուկ:

Մենք այստեղ մտածելու բան չունենք: Թող մտածեն նրանք, ովքեր, իրենք իրենց կիրթ մարդ համարելով՝ լծվել են Սերժի գործին ծառայելուն եւ կաշվից դուրս են գալիս, որ ապացուցեն, թե այսօրվա իշխանությունն, «այնուամենայնիվ», ավելի «պուպուշն է», ավելի ազատամիտ է, ավելի առաջադեմ է, նույնիսկ, Աստված ների՝ «եվրոպամետ է», քան դեռ մի 10 տարի առա՛ջ էր, նրանք, ովքեր ենթատեքստով միտք են անցկացնում, որ ունենք այս առումով առաջընթաց: Թող մտածեն, ոչ թե մե՛զ, այլ հենց իրենք իրենց համար, թե չէ՝ մեզ այդ տափակ տեխնոլոգիական հնարից ո՛չ ցուրտ է, ո՛չ շոգ: Լավ կլինի մտածեն նաեւ նրանք, ովքեր մի քանի օր առաջ ոչ միայն մասնակցում էին, այլեւ նախաձեռնողն էին Արամ Մանուկյանի դեմ զզվելի տեղեկատվական արշավի (չեմ էլ ուզում այս պահին մանրամասնել, թե ի՛նչ տիպի մարդիկ էին դրանք), նրա հետեւից «դավաճան» բոռացողները: Թող մտածեն նաեւ նրանք, ովքեր, «եքա մարդ» լինելով՝ հրապարակայնորեն հարցնում էին՝ բա ինչո՞ւ Կոնգրեսի վրա հարձակումներ չեն գործում. յանի, ուզում էիք հարձակում լինե՞ր, թե՞ այսքան տարվա մեջ Կոնգրեսի դեմ գործած բռնությունները քիչ եք համարում, կամ գուցե քաղաքականությունը «ո՛ւմ վրա ավելի շատ հարձակվեցին» մազոխիզմի մրցո՞ւյթ է:

Իսկ ինչ վերաբերում է իշխող խմբի անդամներին, ապա, կարծում եմ, նույնիսկ իրենք արդեն հասկացած պիտի լինեն, որ ՀԱԿ-ին վախեցնելը ֆանտաստիկայի ժանրից է: Չնայած, կարծում եմ՝ հենց իշխող խմբի անդամներից շատերը հիմա մի շատ երջանիկ վիճակում չեն՝ նրանք մեզնից շատ կարող է վախեցած կամ անհանգստացած լինեն: Իրենց շեֆն իր մանր լակոտությամբ իրենց էլ է խնդրի առաջ կանգնեցնում, իսկ քանի որ իրենք մեզնից շատ ավելի փխրուն ու փափկասուն նյութից են սարքած, շատ ավելի թույլ նյարդեր ունեն, ապա «նա վսյակի» կանհանգստանան:

Սեփական քաղաքական ուժը չափից ավելի գովելը լավ բան չէ (թեեւ՝ Հայաստանում ընդունված), բայց կան դեպքեր, երբ թույլատրելի է: Ուրեմն, նրանք, ովքեր ցայսօր Կոնգրեսում մնացել են՝ բոլոր փորձություններն անցած մարդիկ են, ու ժամանակն է հասկանալ, որ դրանք «ուրիշ ջրեն են»: Մինչեւ այսօր Կոնգրեսին հնարավոր չի եղել չեզոքացնել ո՛չ փողով, ո՛չ «տեխնոլոգիաներով», ո՛չ բռնությամբ, ո՛չ ամբողջ քարոզչական դաշտն օր ու գիշեր մեր դեմ աշխատեցնելով, ո՛չ էլ այլ միջոցներով: Ու այդպես ոչ միայն եղել է ու կա, այլեւ՝ լինելու է: Մեր դեմ ուղղված ամեն գործողություն շրջվելու է, ի վերջո, մեր դեմ գործողություն կատարողի դեմ, ոնց որ երկաթին հարվածողը ոչ թե երկաթին, այլ իրեն է վնասում:

Իսկ ոչընտիր Սերժն, ավելի լավ է՝ թող մտածի՝ ինչպե՞ս է եկող տարի քաղաքական խնդիրների տակից դուրս գալու, որոնք ոչ մի տեղ չկորան դրանց հետաձգմամբ: Դրանք խուլիգանությամբ ու լակոտությամբ լուծելի չեն: Ի՞նչ է անելու վերջապես սահմանադրական փոփոխությունների նախագծի հետ: Կրկին հետաձգելո՞ւ է, հրաժարվելո՞ւ է դրանից, թե՞ վերջապես զարկ է տալու այդ գործընթացին, ինչը նշանակում է, որ ստիպված է լինելու մոբիլիզացնել իր ողջ ուժերն ու բաց կռվի գնալ՝ ավելի քան անորոշ ելքով: Իշխող թիմի այն հատվածը, որը հասկանում է, թե ի՛նչ է իրականում կատարվում երկրում՝ ի տարբերություն մանր կամակատարների, շատ լավ գիտի, որ Սերժի դիրքերը քաղաքական խաղում ամենեւին էլ հուսալի չեն եւ ամենեւին էլ նույն ամրությունը չունեն, ինչ ունեին նույնիսկ անցած տարվա դրությամբ: Եթե Սերժը որոշել է, որ պիտի իր խուլիգանությամբ վերակենդանացնի նախկին վստահությունն իր ուժի նկատամբ, թեկուզ՝ իշխող խմբի անդամների մեջ, ապա, կարծում եմ, նա այս հարցում էլ սխալվում է: Բոլորս էլ լուրջ մարդիկ ենք, գիտենք, հասկանում ենք՝ ինչն ինչոց է:

Այնպես որ՝ լավ է ապագայի մասին մտածի, թե չէ, ո՞վ իմանա, արդյո՞ք վերջինը չէ եկող տարին իր համար:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Դրամի արժեզրկումը շարունակվում է. Փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանցի դիվերսանտների հետ’