‘Խմբագրական. Գերխնդիրը մեկն է` ազատվել Սերժիկ Սարգսյանից’

6201

Թե երկու տարվա ընթացքում քանի անգամ են իրենց «անաչառությամբ» միմյանց հետ մրցող դատավորները մերժել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը՝ դժվար է հիշել: Միայն վերջին երկու ամսվա ընթացքում` երեք անգամ: Հենց այս կարճ ժամանակահատվածում քանի անգամ են բողոքի ակցիաների մասնակիցների վրա հարձակվել ու ծեծել ստահակների ոհմակները, որոնց հայտնաբերելը մեկ ժամվա խնդիր էր, սակայն երբեք չեն հայտնաբերել ակտիվիստների դեմ դատարաններում «գործ տվող» ոստիկանները (նույնիսկ՝ երբ մատնացույց են արվել նշված ստահակները)` կրկին դժվար է հիշել:

Այս ընթացքում ազատ արձակվեցին նաեւ Լիսկայի սիրասուն զավակը եւ նույնքան սիրասուն թիկնապահը. սրանցից ով որքան է մեղավոր հայտնի արյունահեղության համար` չվիճարկենք: Ընդամենը հիշենք` մարդ է սպանվել, մեկն էլ ծանր վիրավոր էր եւ հազիվ փրկվեց մահից: Ինքնապաշտպանվել էին մարդասպանները, թե հենց իրենք էին նախահարձակ եղել` սա էլ չվիճարկենք: Արձանագրենք փաստը. ըստ Սերժիկ Սարգսյանի եւ նրա կամակատար դատավորների`այս մարդասպանները, որոնց հագուստի ցանկացած ծալքի տակ հեշտությամբ կարելի է զենք հայտնաբերել, հոգիներում էլ` աջուձախ «սատկացնելու» անհագ ցանկություն` վտանգավոր չեն հասարակության համար, իսկ ահա այս իշխանությունների դեմ մերկ ձեռքերով եւ խոսքով պայքարող Տիգրան Առաքելյանը վտանգավոր է:

Բոլորին էլ վաղուց ի վեր հայտնի է, որ ռոբասերժական իշխանությունն ընդգծված հայրական գորովանքով է վերաբերվում մարդասպաններին: Առաջին «ծիծեռնակը» ոչ անհայտ Կուկուն էր, որն «Առագաստ» սրճարանում` բոլորի աչքի առաջ, ի դեպ` ո՛չ միայնակ, սպանեց վրացահայ Պողոս Պողոսյանին, եւ դատավորները նույնիսկ չհամարձակվեցին պարտադրել այս «անձեռնմխելի» պարոնին, որ ֆարս-դատավարության ժամանակ գոնե ձեւականորեն նստի ամբաստանյալի աթոռին: Այս մարդասպանը նույնիսկ մեկ օր բանտախցում չանցկացրեց: Հետաքրքրվողները թող թերթեն իշխանությունների հովանավորությունը վայելող մնացած մարդասպանների քրգործերը նույնպես. նրանցից ոչ ոք մեկ-երկու տարուց ավելի բանտում չի անցկացրել: Եվ չկասկածեք, որ սրանց հետ նույն բանտախցում կամ կողքի բանտախցերում չորս, հինգ, տասը տարի իրենց ազատությանն էին սպասում եւ հիմա էլ` Լիսկայի որդու ազատության ֆոնին, սպասում են մարդիկ, որոնք գուցե մեկ կամ երկու կես մետրանոց պղնձե խողովակ են թռցրել, որ վաճառեն ու հաց գնեն իրենց քաղցած ընտանիքների համար:

Իսկ դուք ասում եք` Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան: Նույնիսկ քաղաքական գործիչներից մեկն իր հուզիչ հարցազրույցում ընդգծել էր, որ այսուհետ «անողոք» պայքար է մղելու ներկա իշխանությունների, ինչը, բնականաբար, նշանակում է` Սերժիկ Սարգսյանի դեմ, որովհետեւ նա չի արդարացրել, հասկանում եք, իր ու իր նման եվրոպամետների սպասելիքները, մեկ էլ հանկարծ որոշել է ճորտության հավաստագիրը Ռուսաստանին հանձնել, ոչ թե` Եվրոպային: Այսինքն՝ եթե այս Սերժիկ Սարգսյանը որոշեր դեպի Եվրոպա թեքվել, կարելի էր նաեւ «անողոք» չպայքարել, կարելի էր մոռանալ նրա կատարած եւ հովանավորած հանցագործությունները եւ ապօրինությունները, որոնց թիվը վաղուց է կորցրել Հայաստանի քաղաքացին: Այսինքն՝ եթե Սերժիկ Սարգսյանն ասեր, որ ինքը եվրոպամետ է, ոչ թե` ռուսամետ, կարելի էր անտեսել, որ ոչ մի հանցանք չգործած Տիգրան Առաքելյանը երկու տարի բանտում է, որ նեմեցական «Հարսնաքար» ռեստորանում գազանաբար սպանեցին ռազմական բժիշկ Վահե Ավետյանին, որ  երկար տարիներ ճորտատեր Լիսկան սարսափի ճիրաններում է պահել Սյունյաց աշխարհը, եւ վախն այնպես է բուն դրել սյունեցիների հոգում, որ մինչեւ հիմա ծպտունները չի լսվում: Կյանքը ցույց տվեց, որ նրանց վախն անհիմն չէ. նրանք ոչ մեկիցս պակաս չգիտեին, որ Սերժիկ Սարգսյանը երբեք չի հրաժարվի Լիսկայի նմաններից, որովհետեւ հենց այս տեսակի շնորհիվ է մինչեւ հիմա Հայաստանի նախագահի աթոռին սոսնձված: Ավելին, ո՞վ կարող է բացառել, որ Սերժիկ Սարգսյանը սյունեցիներից մի բան էլ դենը չի վախենում Լիսկայից: Ոչ ոք: Հայաստանի նախագահի աթոռը զավթած այս պարոնն իր հյուսած սարդոստայնի գլխավոր որսն է. գուցե դեռ չի զգում, մի օր անպայման կզգա:

Եվրոպա ու Ռուսաստան խաղացնելուց առաջ պետք է ազատվել Սերժիկ Սարգսյանից: Շատ խելք պետք չէ սա հասկանալու համար: Շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ եթե նույնիսկ Եվրոպայի առաջարկած «բարաթի» տակ ստորագրեր այս պարոնը, միեւնույն է` ապօրինությունները շարունակվելու էին, ինչպես որ շարունակվել են այն տարիներին, երբ «ժողովրդավար» Սերժիկ Սարգսյանը կոտրատվում էր եվրոպացիների առաջ, եւ այս եվրոպացիներն էլ հաճույքով աչք էին փակում նրա ապօրինությունների նկատմամբ:

 Շատ խելք պետք չէ, ընդամենը ցանկություն է պետք` «անողոք» պայքարելու: Սակայն անողոք պայքարն էլ, հայտնի բան է, վտանգներով ու զրկանքներով է հղի: Հենց այստեղ էլ «անողոքության» սայլը սկսում է ճռճռալ: …Եվ պայքարողների մի մասը բավարարվում է «ծրագրային» հարցազրույցներ տալով: Կամ էլ` Երեւանի քաղաքապետարանի որեւէ աշխատակցի ու ոստիկանության որեւէ սերժանտի հրաժարականը պահանջելով:

Կամ էլ` մի խումբ իրական պայքարողների դեմ «անողոք» բարբաջելով:

Սերժիկի աչքը լույս:

Նախորդ հոդվածը‘Ածելիով ինքնավնասումից հետո տեղափոխել են ոչ թե հիվանդանոց, այլ ՔԿՀ. Մամուլ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օբաման Կոնգրեսին կոչ է արել հետաձգել Սիրիայի հարցով քվեարկությունը’