‘Խմբագրական. Գիլյոտինի չափ պատասխանատու’

2056

Եթե անցյալ տարվա վերջին լսեինք հայոց մեծն իմաստունների եւ փորձագետների «ծանր» խոսքը, որը տարածվում եւ սփռվում էր «անկախ, ազատ եւ միացյալ» մամուլի կողմից, ապա ինչի՜ ժամանակներն ասես չէին անցել՝ հանրահավաքների՛, լիդերների՛, եւ Վատիկանի դեսպանը գիտի, թե է՛լ ինչի: Հիմնականում «անցնում էին» ա՛յն երեւույթների ժամանակները, որոնք փորձագետների եւ նրանց հովանավոր Միքայել հրեշտակապետի երեւակայության մեջ կարող էին կապվել ՀԱԿ-ի հետ: Հետո, իհարկե, նույն փորձագետները մեծ ոգեւորությամբ մասնակցում էին հետընտրական հանրահավաքների, կոչ էին անում նաեւ այլոց մասնակցել դրանց եւ չէին խորշում լիդերներից՝ մոռանալով, որ «ժամանակներն անցել են»: Իրականում այսօր կարող ենք փաստել, որ անցնում են եւ անցել են հենց նրանց ժամանակները՝ կեղծ փորձագետների, գրագետիկների, «իմաստունների» ժամանակները: Օֆշորը, հաստլիկ դատախազ Կլերիդիսի փոքրիկ, բայց գործուն օգնությամբ, ստիպում է բացվել բոլորին, եւ ես կասեի՝ եկել է գրագետների ինքնահրկիզվելու, կախվելու, խարակիրի անելու կամ նման այլ կերպով ունայն կյանքին հրաժեշտ տալու՝ ամենեւին էլ ոչ հայկական (գուցե ճապոնակա՞ն) ժամանակը:

Ի՞նչն է խնդիրը, եւ ո՞վ է, այսպես ասած՝ մեղավոր: Օֆշորային սկանդալն՝ անկախ իր ավարտից, անկախ նրանից, թե ինչ հետեւանքներ կունենա քաղաքական դաշտի դասավորություններում, ներիշխանական թեւերի պայքարում, ընդդիմադիր դաշտի ականների ճակատագրում, մի գիծ է, մի սահման, որը պետք է սկիզբ դառնա բազում միֆերի տապալման եւ բազում խելոք գլուխների հանդիսավոր ու խորհդանշական գլխատման՝ պատասխանատվության եւ բանականության գիլյոտինի կողմից:

Միֆերից կարեւորը՝ գրագետների միֆն է: Այն ունի շատ հին ակունքներ եւ ձեւափոխումների ենթարկվելով՝ լայն տարածում հասարակության մեջ ցայսօր: Ըստ այդմ՝ ժամանակով (մոտավորապես՝ Հայաստանի անկախության առաջին շրջանում) անհայտ տեղից դեսանտավորված անգրագետների մի խումբ դավադրաբար տիրեց Հայաստանին՝ արտամղելով գրագետներին: Այդ միֆական պահից սկսած՝ երկրիս բոլոր խնդիրները իբր գալիս են «անգրագիտությունից» (այսինքն՝ նախկին սովետական նոմենկլատուրայի եւ նրան կից խավերի ու խավիկների՝ իշխանական լծակներից զրկվելուց):

Ինչ-որ պահից սկսած՝ իշխանությունն ինքը կամ նրա թեւերից մեկը սկսեց օգտագործել գրագետների եւ անգրագետների միֆը՝ սեփական խնդիրները լուծելու նպատակով: Իշխանության ներսում հայտնվեցին «գրագետների» ներկայացուցիչները՝ այն կոնգլոմերատը, որը քաղաքական հաճախորդներից մեկի թեթեւ ձեռքով ընդունված է կոչել իշխանական «ողջախոհ» երիտթեւ: Տիգրան Սարգսյանը՝ մի կողմից, եւ Միքայել Մինասյանը՝ մյուս կողմից (որպես ստվերային գործիչ), դարձան «գրագիտության» գործակալները եւ առաքյալները քյարթ եւ անգրագետ իշխանության ներսում: Իհարկե, այդ եւ մյուս ավելի մանր մասշտաբի անձինք իրականում նույնքան գրագետ են, որքան Նեմեց Ռուբոն՝ ջութակահար, բայց լիովին համապատասխանում են գրագիտության մասին մեր գրագետ խավի ձեւական չափանիշներին, քանզի գրագիտությունը ոչ թե բովանդակություն է  մեզանում, այլ միայն ու միայն ձեւ՝ այսինչ տեսքն ունենալ, այսինչ երաժշտությունը լսել, այսինչ կոշիկը հագնել եւ այլն:

Երբ իշխանություն-ընդդիմություն երկխոսության ձախողման արդյունքում ՀԱԿ-ի դիրքերը թուլացան (իսկ ՀԱԿ-ի դիրքերը զգալիորեն թուլացան հենց այդ պահից), ազգափրկիչ տղաներին հաջողվեց դուրս գալ բիրիքնոց շուկա՝ իրականացնելով տարբեր կալիբրի «առաջադեմ» գործիչների, խմբագիրների եւ գրողների գնման փոխշահավետ գործողությունը: Իհարկե, սովոր ենք, որ ավանդական սովետահայ մտավորականությունը միշտ էլ հաճույքով համագործակցել է իշխանության հետ՝ ձեռի հետ չմոռանալով նվնվալ երկրի վիճակից եւ վախճանաբանական պատկերներ ստեղծել երկրի մոտալուտ կործանման վերաբերյալ: Բայց տվյալ դեպքում խոսքը ոչ թե ավանդական՝ ռուսամետ ու «ազգային-պահպանողական», այլ նոր տիպի՝ «առաջադեմ», «ընդդիմադիր» եւ «արեւմտամետ», կարելի է ասել՝ խիստ սկզբունքային մտավորականության եւ գործիչների սերնդի մասին է: Ահա այս շերտն է, որ վերաձեւակերպեց ավանդական մտավորականությունից եկող՝ «անգրագետների եւ գրագետների» միֆը, եւ գործարքի գնալով իշխանության ողջախոհ եւ նույնքան «առաջադեմ», «արեւմտամետ» եւ, ինչու ոչ՝ «հեղափոխական» թեւի հետ՝ որակապես նոր բարձունքի հասցրեց հասարակական անբարոյականությունը, որի համեմատ՝ ավանդական մտավորականության վարքը կարող է դասվել համեմատաբար միամիտների շարքում:

Արդյունքում՝ ունեցանք իշխանության ներսում ծվարած «գրագետների», «ռոքեր» տղերքի եւ միջին դասի (գործիչներ, խմբագիրներ, լրագրողներ, ակտիվիստներ) մի զգալի մասի դաշինքն ընդդեմ, չվախենանք ասել՝ հայ հասարակության եւ Հայաստանի անկախության: Ձեւակերպվեց համապատասխան գաղափարաբանությունը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ դրա տեխնոլոգիակական-քարոզչական մի նմանակումը: Ըստ այդ՝ անգրագետների ու գրագետների մասին առասպելույթի մերօրյա խմբագրության՝ Հայաստանի հիմնական խնդիրը մականունավոր անգրագետ քյարթ «օլիգարխներն են», որոնք նաեւ ռուսամետ են, իսկ ահա իշխանության մեջ սողոսկած գրագետ, երիտասսրադ, ողջախոհ, «արեւմտամետ», «առաջադեմ» թեւն օր առաջ ծրագրավորում է ազատվել «քրեա-օլիգարխիկ», «կլանա-օլիգարխիկ» (զգո՞ւմ եք՝ որքան պոետիկ են այդ անվանումները՝ վկայություններից մեկը նրա, որ հայ գրագետ խավին բացարձակ չի հետաքրքրում եզրերի ճշգրտությունը, միայն թե անունը հնչեղ լինի) համակարգից: Բայց այդ հեղափոխական մտահղացումներին խանգարում են իշխանության քյարթերը, ինչպես նաեւ վատ ընդդիմությունը: Մեծերի համար այս հեքիաթը բաց կամ քողարկված, ուղիղ կամ ակնարկով՝ նայած պահի եւ հեղինակի, կարող եք առատորեն կարդալ վերջին երկու տարվա ազատ մամուլի ֆլագման ԶԼՄ-ներում: Իհարկե, Հայաստանում այնքան շատ չեն միամիտները, որոնք հավատում էին, ասենք, Տիգրան Սարգսյանի կամ Միքայել Մինասյանի եւ նմանների հեղափոխական նկրտումների անկեղծությանը: Բայց դա ծրագրի տեսակետից այդքան էլ էական չէր: Էական էր շահագործել հասարակության կարծրատիպերը եւ դժգոհության հիմնական ալիքն ուղղել երկրոդական թիրախների ուղղությամբ, իսկ եթե դա էլ չստացվի, ապա գոնե լղոզել եւ միստիֆիկացնել իրավիճակը:

Ինչո՞ւ միստիֆիկացնել: Որովհետեւ Հայաստանի խնդիրն ամենեւին էլ անձինք չեն, ամենեւին էլ գրագիտությունն ու անգրագիտությունը չէ, այլ համակարգն է ամբողջության մեջ: Այդ համակարգում, որը, մեծ հաշվով, ոչ այլ ինչ է, քան դասական բռնապետության մի ենթատեսակ (այլ ոչ թե օլիգարխիա, որն ավելի ապակենտրոնացված համակարգ է, չնայած դրա շուրջ կարելի է վիճել), ցանկացած անձ կամ խումբ՝ անկախ գրագիտության աստիճանից, չի կարող չլինել կոռումպացված: Այդ համակարգի ձեւավորումը ոչ մի կապ չունի ոչ մեկի բարի կամ չար կամքի հետ, ոչ էլ գրագիտության եւ անգրագիտության հետ, այլ պայմանավորված է առարկակայն հասարակական գործընթացների տրամաբանությամբ: Դրա հիմքում ընկած է իշխանության ոչ սահմանադրական ճանապարհով ձեւավորումը, այլ ոչ թե ինչ-որ մեկի կրթական ցենզը: Սա մեկ:

Երկրորդ՝ այն ծրագիրը, որը վերջին տարիներին քարոզում են իշխանության կողմից վարձված «անկախներն» ու «առաջադեմները»՝ ներքին հեղաշրջման կամ վերեւից իրականացված հեղափոխության ծրագիրը, իրականացվելու դեպքում իսկ ոչ միայն չի լուծելու մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները, այլեւ է՛լ ավելի է խորացնելու դրանք: Ինչո՞ւ: Որովհետեւ «օլիգարխիայի» դեմ պայքարի անվան տակ իրականում թաքնված է է՛լ ավելի կենտրոնացված տնտեսական եւ քաղաքական համակարգի անցնելու ծրագիրը: Խնդիրն այն է, որ օլիգարխիան ավելի ապակենտրոնացված համակարգ է, եւ եթե մեզանում կան իսկ օլիգարխիայի տարրեր, ապա դրանց վերացմամբ ստանում ենք ավելի մաքուր տիպի, այսինքն՝ ավելի կենտրոնացված բռնակալություն: Սա ճիշտ է, իհարկե, միայն այն դեպքում, եթե օլիգարխիայի վերացումը տեղի է ունենում վերեւից՝ ներիշխանական պայքարի արդյունքում: Եթե ուզում ենք օլիգարխիայից անցում դեպի ավելի ազատ համակարգ, ապա պետք է ճնշում ներքեւից:

Ասեցինք՝ ծրագիր, բայց սա այդքան էլ գիտակցված ծրագիր չէ, այլ համակարգի տրամաբանություն, այսինքն՝ վերանձնական, վերգիտակցական գործոնի ազդեցություն: Մարդիկ կարող են ծրագրավորել եւ պատկերացնել շատ բան, բայց իրենց գործողությունների արդյունքները կարող են լինել շատ տարբեր գիտակցված կամքից՝ մի երկրի համար, ուր մարքսիզմը եղել է տասնամյակաների պետական գաղափարախոսություն, վատ չէր լինի հիշել հասարակական այս օրինաչափությունը: Խնդիրն, ուրեմն, համակարգային է, ու բոլոր նրանք, ովքեր այսօրվա իրավիճակը նկարագրում են որպես անգրագետների եւ գրագետների խնդիր, զբաղված են բանասիրությամբ կամ ճարտասանությամբ, այլ ոչ թե քաղաքականությամբ:

Օֆշորային սկանդալը լավ առիթ է այս առասպելաբանությունից վերջնականապես ազատվելու: Նախ՝ եթե կային կասկածողներ, ապա հիմա դրանք էլ պետք է հասկանան, որ «գրագետներն» ու ողջախոհները պակաս կոռումպացված չեն, քան քյարթերն ու անգրագետները, իսկ «արեւմտամետությունն» ու «առաջադիմականությունը» չեն կարող դառնալ կոռուպցիայի «կռիշ», այլապես այդ բոլոր հասկացությունները վերածվում են պայմանական ձեւականությունների (իսկ դրանք Հայաստանում վաղուց են ձեւական):

Ի՞նչ պետք է անի հասարակությունը: Անպայման պետք է սովորի քաղաքական եւ հասարակական գործընթացներին նայել սառը հաշվարկի, շահերի բախման, համակարգային վերանձնական եւ վերգիտակցական տրամաբանության տեսակետից, եւ կարողանա ինքը օգտվել ներվերնախավային «ռազբորկեքից», այլ ոչ թե դառնա այդ ռազբորկաների սուբյեկտ կողմերից մեկի ձեռնածության զոհը: Պետք է նոր, իրապես գրագետ՝ եթե ոչ խավ, ապա հանրային խոսք՝ իրապես անկախ, հայաստանակենտրոն, բովանդակային, կոնկրետ ու, եթե կուզեք՝ դաժան ու համարձակ: Պետք է սիմվոլիկ Ռոբեսպիեր՝ անկաշառ ու «ահաբեկող» (խոսքի դաշտում): Նոր խոսք՝ գիլյոտինի պես հատու եւ գիլյոտինի չափ պատասխանատու:

Նախորդ հոդվածը‘Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’