‘Խմբագրական. Գոռացինք, գոռգոռացինք՝ անցավ-գնաց’

1584

Գոռացինք, գոռգոռացինք, «վճռական ոչ»-ն ասացինք, վրդովվեցինք՝ անցավ-գնաց:  Կրկին մի նոր թեմայի շուրջ՝ գոռացինք, գոռգոռացինք, «վճռական ոչ»-ն ասացինք, վրդովվեցինք՝ անցավ-գնաց: Նորից….: Անվերջ է թվում այս շղթան: Թեմայից-թեմա ենք թռչում, շաբաթը մեկ՝ վրդովվելու մի նոր՝ գերակտուալ առիթ է առաջանում, որի շուրջ կուտակվում են կրքերը, ու թվում է, որ ա՛յս անգամ բորբոքված կրակից հրդեհ կլինի, կպայթի, բայց արագ վառվում գնում է, նույնիսկ մոխրի հետքը չի մնում: Իշխանությունը վաղուց սովորել է ոչ միայն թեթև տանել այս բորբոքման նոպաները, այլև հաճախ կառավարել դրանք, մի երկու կաթիլ բենզին էլ իր կողմից լցնել կրակի վրա՝ եթե անհրաժեշտ է: Դրանով հասարակական կյանքը վերածվում է ինքնանպատակ և իրար հետ կապ չունեցող, իրար հետ միասնական «կինո» չստեղծող, արագ փոփոխվող կադրերի շարքի: Այնտեղ, ուր վրդովմունքը, «ով ավելի բարձր գոռա՝ նա էլ ճիշտ է», «ով ավելի վրդովված տեսք ընդունի, ավելի դատապարտող խոսքեր ասի՝ նա էլ ավելի «հզոր» «տղա է»» կաղապարն է գերակայում, քիչ տեղ է մնում բանականությունից ծնվող հետևողականությանը, նպատակների հստակ ձևակերպմանը և գործողության կազմակերպմանը: Երբ ասում էինք, թե հայհոյանքը քաղաքական ստորոգություն չէ, ոչ էլ արմատականության երաշխիք, շատերը չէին հավատում, և «ինադ» էին ընկնում, բայց տեսնում ենք, որ կարելի է «ծիծիլիոն» ուժգնությամբ դեմ արտահայտվել, օրինակ, Մաքսային միությանը կամ որևէ այլ քաղաքական որոշման, բայց այդ «դեմ»-ից ոչինչ չի բխում, եթե չկա գոնե հստակ քաղաքական պահանջի ձևակերպում: Ավելին. բարձր գոռալը՝ առանց քաղաքական հստակեցման, մեծ հաշվով՝ փաստացի աջակցություն է իշխանության գծին, այդ թվում՝ արտաքին քաղաքականությանը: Հնարավոր չէ այդ աստիճան դեմ լինել որևէ որոշման, հնարավոր չէ ծավալուն վերլուծություններ գրել ինքնիշխանության կորստի մասին կամ այդ կորստի մասին հրապարակային քաղաքական հայտարարություններ անել, և չբխեցնել դրանից հստակ քաղաքական պահանջներ: Հստակ քաղաքական պահանջը նվազագույն հիմքն է քաղաքական գործողության: Հաջորդ քայլը պետք է լիներ քաղաքական լայն համախմբումը, որի միտումները նույնպես չկան: Իհարկե, այս ամենը վերաբերում է, նախևառաջ, քաղաքական ուժերին կամ գործիչներին, այլ ոչ թե փորձագիտական կամ զուտ «քաղաքացիական» դիրքերից հանդես եկողներին: Բայց այս կամ այն կոնկրետ քաղաքական ուժին կամ գործչին չհարող հասարակության հատվածն էլ պետք է իր եզրակացություններն անի և բարձրացնի պահանջների նշաձողը քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք, ի վերջո, այլ առաքելություն չունեն՝ բացի հասարակության շահերի սպասարկումից: Պետք է մշտապես պահանջել քաղաքական ձևակերպման հստակ թիրախավորում, թույլ չտալ, որպեսզի քաղաքական ուժն ու նրա ներկայացուցիչները հանդես գան «անկախ փորձագետի» դիրքերից, կարծես նրանք տեղի ունեցողի «կողմ» չեն, այլ պարզապես կողքից դիտորդ, որը կարող է իր գնահատանը տալ և «ղրաղ» քաշվել («մենք կտրուկ դեմ ենք», բա հետո՞), պետք է հաշվետվություն պահանջել նախորդ դիրքորոշումների համար: Այլապես՝ հասարակության անհոգության «շնորհիվ» անպատասխանատու է մնում ոչ միայն իշխանությունը, այլև իրենց քաղաքական ուժեր հռչակած խմբերն ու անհատները:

Այստեղ է կրկին կարևորվում «արագ փոփոխվող և իրար հետ կապ չունեցող» կադրերի՝ «ակտուալ» թեմաների խնդիրը: Ստացվում է, որ մեր հասարակության օպերատիվ հիշողությունը շատ կարճ է: Մեկ-երկու ամիս առաջ տեղի ունեցածն արդեն մոռացվում է, «ակտուալ» չէ, պատկերավոր ասած՝ կարելի է նստել սրճարանում, ուտել-խմել, ոգեշունչ կենացներ ասել ու հաշիվ չփակել, որովհետև հաշիվ պահանջող չկա. նա, ով պետք է հաշիվ պահանջեր, քնում է, ու առավոտյան արթնանալով՝ մոռանում է նախորդ օրը, ապրում և գործում է այնպես, կարծես, կյանքը հենց այս առավոտյան է սկսվել: Ապրում և գործում ենք կարծես «բացարձակ ներկայում», ուր բոլոր կապերն անցյալի և ապագայի հետ խզված են, ուր ամեն այս պահի իրադարձություն, թեմա գոյություն ունի վակուումի մեջ՝ պատճառային հարաբերություններ չունի նախկինի հետ, և հետևանքներ չունի ապագայում: Նման իրավիճակում հասարակությունը ստիպողաբար «ռեակտիվ է»՝ օրակարգեր չի կարողանում ձևավորել, այլ միայն արձագանքում է ամեն այս պահին եղածին՝ դատապարտելով, վրդովվելով, բայց այդ տիպի դատապարտումը վերածվում է անբովանդակ դատարկության, ծիսականացված, կանխատեսելի ռեակցիայի, որից ոչինչ չի հետևում: Այդ իսկ պատճառով վրդովմունքը որևէ գին, վտանգ չունի, արագ այրվում է մինչև հաջորդ սերիա, և այդպիսի հասարկությունը կառավարելը հեշտից հեշտ խնդիր է նույնիսկ Սերժ Սարգսյանի բրեժնևատիպ համակարգի համար: Եվ ինչու ոչ՝ նման վրդովմունքը նույնիսկ ինքը դառնում է կառավարման տեխնոլոգիայի բաղկացուցիչ մաս: Տպավորություն կա, որ մեր հասարակության ակտիվ հատվածի զգալի մասն իրականում համակերպվել է ստեղծված իրավիճակի հետ, պարզապես ամաչում է դա խոստովանել, որի պատճառով էլ այնքա՛ն ավելի բարձրաձայն է դժգոհում, որքան ավելի անորոշ և անթիրախ է դժգոհությունը: Խաղի կանոններ, որոնք ձեռ են տալիս թե՛ իշխանությանը, թե՛ «միջին դասի» մի մասին, բայց որոնք նենգ խաբեություն են՝ Հայաստանի ժողովրդի, և անպատասխանատվություն են՝ երկրի ապագայի նկատմամբ: 

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուսը», «Բավարիան» և «Ռեալ Մադրիդը» կփորձեն պայմանագրիր ստորագրել Վիդիչի հետ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր տեսողության և հոգեկան առողջության համաշխարհային օրերն են ‘