‘Խմբագրական. Դատապարտված թռիչք Վիլնյուսյան գագաթնաժողովի վրայով ‘

2206

Վիլնյուսյան գագաթնաժողովն ի սկզբանե դատապարտված էր, և այն, ինչ տեղի ունեցավ, ուղղակի փաստեց նախապես հնչած բոլոր այս տեսակետները: Ով աչք ուներ՝ կտեսներ, ով ականջ ուներ` կլսեր, և վերջապես, ով «նյուխ» ուներ` կհասկանար, որ վերջում ոչինչ էլ չի լինելու: Եվրոպան (իսկ որ ասում ենք Եվրոպա՝ ԱՄՆ-ն էլ հետն ենք դիտարկում՝ այս պարագայում) դեպի ժողովրդավարության մայդան գնալու համար ճանապարհի սխալ ընկերներ ընտրեց ի սկզբանե, ուստի անկանխատեսելի ոչինչ տեղի չունեցավ: Ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական, ո՛չ էլ` ստանդարտների առումով:

Սա «Արևելյան գործընկերության» ողջ գործընթացին է վերաբերում, անշուշտ, բայց մեզ, առաջին հերթին, Հայաստանն է հետաքրքրում, հետևաբար՝ դիտարկենք միայն Հայաստանը:

Քաղաքական

Իսկ քաղաքակա՞ն էր արդյոք Եվրոպայի պահվածքը մինչև Վիլնյուսը: Անշուշտ՝ ո՛չ: Իրեն ժողովրդավարության ֆլագման հռչակած Եվրոպան ոչնչով չտարբերվեց այլ երկրների հետ փոխհարաբերություններում ժողովրդավարության անունն անգամ չտվող Պուտինից: Եւ ստացավ ակնկալվող հարվածը: Ինչո՞ւ: Շատ պարզ: Ամեն մեկն իր դաշտում է ուժեղ խաղացող, իր ռազմավարությամբ, իր գաղափարախոսությամբ, իր ոճով: Բայց տիկին Եվրոպան որոշեց, որ Հարավային Կովկասն այլևս իրենով անելու ու ռուսական ազդեցության գոտուց հանելու մարտում՝ հատկապես, Ռուսաստանի դեմ պետք է պայքարի Պուտինի զենքով: Պուտինի զենքով մտավ, Պուտինի զենքով էլ գնաց: Բնական էր` Պուտինի կանոններով, ակնհայտորեն՝ Պուտինն էլ պիտի հաղթեր: Եվրոպան սխալ ռազմավարական «շուստրիության» դիմեց: Եւ Վիլնյուսում կերավ այն բորշը, որը եփել էր:

Բարոյական

Իսկ բարոյակա՞ն էր արդյոք Եվրոպայի պահվածքը` մինչև Վիլնյուսը: Կրկի՛ն ոչ: Դա մի սովորական ձայնագողի պահվածք էր: Ի վերջո, ձայնագողին աջակցողն ինքն էլ մի սովորական ձայնագողի է վերածվում:

Որևէ մեկն, իհարկե, չէր էլ ակնկալում, թե Եվրոպան պետք է գար այստեղ՝ մեր փոխարեն իշխանափոխություն անելու: Ամենևի՛ն: Բայց երբ Եվրոպան իրեն ժողովրդավարության դրոշակակիր է հռչակում, մարդու իրավունքների ջատագով, և Հայաստանում էլ հարյուր հազարավոր մարդիկ փողոց են դուրս գալիս` ժողովրդավարություն հաստատելու համար, Եվրոպայից այլ արձագանք է ակնկալվում: Այնինչ՝ Եվրոպան որոշում է, որ կարելի է այս ամենի վրա աչք փակելը ծախել ոչ լեգիտիմ իշխանության վրա և նրա ձեռքից բռնելով՝ հանել ռուսական գոտուց ու տանել դեպի եվրոպական անծայրածիր, ազատ հարթավայրեր: Եւ նորից եղավ այն, ինչ եղավ: Եվրոպան, հանուն Սերժ Սարգսյանի՝ «քցեց» ժողովրդավարության հանրությանը, հետո Սերժը «քցեց» Եվրոպային: Բոլորը բոլորին «քցեցին»: Ասել կուզի` ինչ ցանես, այն էլ` կհնձես:

Իսկ ի՞նչ էր ակնկալում մադամ Եվրոպան, երբ ակնհայտ կեղծված ընտրություններից հետո հայտարարում էր, թե դրանք անկախ Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրություններն էին: Գուցե հանրության կողմից պատասխան մի հայտարարությո՞ւն՝ այն մասին, որ Վիլնյուսյան գագաթնաժողովը ԵՄ ողջ պատմության ընթացքում արձանագրված լավագույն գագաթնաժողովն էր, և մեկ քայլ առաջ` նախորդ բոլոր գագաթնաժողովներից:

 

Ինչ անել

Հայաստանյան հասարակությունը պետք է շարունակի անել այն, ինչ անում էր: Ուղղակի՝ վերջապես բոլորն իրենց համար պետք է հստակեցնեն պայքարի թիրախները. պայքարել հիմնական թիրախի` Սերժ Սարգսյանի դեմ: Կաջակցի՞ հասարակությանը Եվրոպան այդ հարցում, թե՞ չի աջակցի՝ էական չէ: Բացի այդ՝ նախավիլնյուսյան ողջ գործընթացն ու Վիլնյուսը փաստագրական լավ ֆիլմ ու դաս եղան բոլոր նրանց համար, ովքեր կարծում էին, թե դրսից որևէ մեկը մեզ կօգնի ոչ լեգիտիմ իշխանության և, առավելևս` այլևայլ գերտերությունների դեմ պայքարում: Սա սովորական դաս էր բոլոր նրանց համար, ովքեր գոչում էին` «Եվրոպան մեզ կօգնի»: Ե՛ւ նրանց համար, ովքեր ասում էին՝ «Եվրոպան կօգնի» պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, ե՛ւ նրանց համար, ովքեր ասում էին՝ «թեկուզ Սերժի հետ՝ դեպի Եվրոպա», ե՛ւ, առավելևս՝ նրանց համար, ովքեր ասում էին` «Եվրոպան մեզ կօգնի» ձեռնոց նետել Ռուսաստանին:  

Մեզ կօգնենք միայն մե՛նք: Իսկ Արևմուտքը, Արևելքը, Հյուսիսն ու Հարավը մեզ հետ հաշվի կնստեն, երբ այլևս իշխանություններին աջակցելու հնար ուղղակի չեն ունենա: Արևմուտքը զորավո՞ր է, Արևելքը, Հյուսիսն ու Հարավը զորավո՞ր են: Հնացած կարծրատիպեր եք վկայակոչում: Հասարակություննե՛րն են զորավոր: Անշուշտ, փոքր երկրների իշխանության ղեկին` գերտերություններին միշտ էլ ձեռնտու են խամաճիկները: Քանի դեռ հասարակությունները նրանց փաստի առաջ չեն կանգնեցնում:

Եւ ամենակարևոր դասը Վիլնյուսից. փոշիացվեցին բոլոր արևմտամետների, ռուսամետների (իսկ Հայաստանի պարագայում՝ նրանք սովորաբար խիստ ծայրահեղական ու անհանդուրժող են) քվազիփաստարկները: Նրանք այլևս հայաստանակենտրոն ուժերին խանգարելու գեթ մեկ փաստարկ անգամ չունեն: 

Նախորդ հոդվածը‘Անդրանիկ Թևանյան. Իշխանափոխությունը ՀՀ-ի անվտանգության և զարգացման բանաձևն է’
Հաջորդ հոդվածը’71 դպրոցի 6-րդ դասարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ)’