‘Խմբագրական. Դատարկ ժամանակը, «աշխուժակությունը» եւ հարցերի խորքը’

2259

Ոչ մրցակցային քաղաքական համակարգ ունեցող երկրներում ներքաղաքական միակ հնարավոր լուրջ հարցը անխուսափելիորեն դառնում է իշխանափոխության հարցը: Սա ոչ թե արմատականություն է, ծայրահեղականություն եւ այլն, այլ պարզապես տիպաբանական փաստ, որը բխում է տվյալ քաղաքական համակարգի տրամաբանությունից: Այստեղ հակասություն կա. մի կողմից՝ ոչ մրցակցային համակարգում իշխանափոխությունն առավել անիրատեսական է թվում, որի պատճառով դրա տապալված փորձերն առաջացնում են հիասթափության շրջաններ, մյուս կողմից էլ՝ այս խնդիրը, որպես միակ իրական օրակարգային, ամեն անգամ նորովի վերածնվում է, քանզի դա բխում է համակարգի օրինաչափություններից:

Քաղաքական գործողությունն ընդհանրապես ուղղված է կամ իշխանության ձեւավորմանը, կամ էլ գոնե իշխանության որոշումների վրա ազդեցություն ունենալուն: Դա բնական է, քանի որ առանց իշխանական լծակների կամ գոնե դրանց վրա ազդեցություն ունենալու՝ հնարավոր չէ իրականացնել քաղաքական գաղափարներն ու ծրագրերը, հետեւաբար՝ քաղաքականությունը վերածվում է տեսության, այսինքն՝ փաստացի վերանում է, որովհետեւ տեսական քաղաքականություն չի կարող լինել: Նման պայմաններում բնական է, որ գրեթե ցանկացած քաղաքական գործողություն վերածվում է իմիտացիայի կամ էլ մակերեսային խաղի, բացի իշխանափոխության նպատակ դնող գործընթացներից: Որոշ բացառություն կարող են լինել այն դեպքերը, երբ քաղաքական գործընթացը կարողանում է հասնել իշխանական այս կամ այն որոշման փոփոխությանը, բայց մենիշխանական ոչ մրցակցային համակարգերում նման դեպքերը հաճախ հենց նախանշում են իշխանափոխության հնարավորությունը:

Իշխանափոխության հարցն այն չէ, որ մեկը շարունակ պահանջում է իշխանափոխություն՝ առանց հաշվի առնելու տվյալ պահի առարկայական հանգամանքները: Առավել եւս դա այն չէ, երբ մեկն ասում է, թե իշխանությունը «քըխ» է, իսկ ես՝ «պուպուշ»: Բնականաբար՝ խոսքը տվյալ պահին առկա ռեսուրսների եւ ուժերի դասավորվածության վրա հաշվարկած քաղաքական ծրագրի եւ գործընթացի մասին է: Նման հաշվարկները կարող են արդարանալ կամ ոչ՝ կախված հանգամանքներից, բայց, անկախ կոնկրետ հաշվարկների եւ կոնկրետ գործընթացների հաջողության աստիճանից, քանի դեռ հիմնարար խնդիրը մնում է չլուծված, այն նորից ու նորից բախելու է մեր դուռը:

Հասկանալի է նաեւ, որ իշխանափոխության իրատեսական ծրագրի հնարավորություն ամեն տվյալ պահին չէ, որ առկա է: Այդ ժամանակ կարող ենք խոսել «դատարկ» քաղաքական ժամանակի մասին: Պետք չէ վախենալ նման բնորոշումից, ոչ էլ՝ նման ժամանակներից. դրանք անխուսափելիորեն անցողիկ են: Հակառակը, պետք է արձանագրել եւ ճիշտ գնահատել ամեն տվյալ ժամանակը՝ նրա հնարավորություններն ու սահմանափակումները: Հակառակ դեպքում անխուսափելի են կարեւոր սխալներ եւ վտանգներ: Դատարկ ժամանակը, նախեւառաջ, արագ «խուրդվելու» ժամանակ է իր գլխավոր հերոսների, առաջին գծում հայտնվածների համար:

Ի՞նչ սխալների մասին է խոսքը: Չնայած բոլորիս փորձը հուշում է, որ չկա ավելի փոփոխական բան, քան ամեն տվյալ պահի այսօրը, ներկան, բայց, մյուս կողմից էլ՝ մարդկային հոգեբանության համար շատ բնական է հենց այսօրվա իրավիճակները, միտումները, գործոններն, այսպես ասած, «հավիտենականացնել»՝ վերագրելով ապագային ճիշտ ներկայի պատկերը: Այլ կերպ ասած՝ այսօրը թվում է հավերժ՝ ի հեճուկս այն պարզ փաստի, որ մեր ամբողջ կյանքի ընթացքում բոլոր այսօրներն անճանաչելիորեն փոխվել են հաճախ հակապատկերի աստիճան: Այս կենցաղային հոգեբանությունը շատ հաճախ արտահայտվում է նաեւ քաղաքականությունում ներգրավվածների մեջ: Հատկապես այս պահի հաջողությունն ու ձախողումը թվում են հավերժ, բայց այդ հաշվարկի վրա կառուցված գործունեությունն ինքն է ամենաշռնդալից անկումների ճամփա բացողը: Իրականում՝ կարեւոր է ոչ թե այսօրն իր մակերեսային առօրեականությամբ եւ կարեւոր թվացող իրադարձություններով, այլ խորքային միտումները, լուծում չստացած խնդիրները, հասարակական հիմնարար հակասությունների դասավորությունը: Դրանք միշտ էլ, ուշ թե շուտ, գտնելու են իրենց արտահայտման ճանապարհն ու գործիքները: Դատարկ ժամանակի այսօրվա մեջ ճշմարտություն չկա:

Ըստ այդմ՝ «դատարկ» ժամանակվա մեջ հակացուցված է չափից ավելի մեծ ակտիվությունը: Խոսքն ակտիվության որոշակի չափի եւ որակի մասին է: Երբ կա կոնկրետ քաղաքական գործընթաց, ապա դրա շրջանակներում արդարացված եւ պահանջված է ցանկացած, այդ թվում, այսպես ասած՝ «մանր» ակտիվություն: Բայց «դատարկ» ժամանակում չափազանցված ակտիվությունը, այսինքն՝ կենտրոնացումն այս պահի օրակարգի վրա, խրվելը դրա մեջ, նմանվում է կռվի ժամանակ ձեռով ու ոտով արագ ու անկանոն շարժումներ անելուն՝ առանց որեւէ իրական թիրախի կպչելու կարողության: Ծախսվում է մեծ քանակով ներուժ՝ առանց արդյունքի: Մարդիկ հաճախ այդ տիպի «ակտիվությունը» շփոթում են «գործի» կամ նույնիսկ «հաջողության» հետ, բայց իրականում «դատարկ ժամանակի» հաջողակը, ավելի մեծ ժամանակային հեռանկարում՝ ամենամեծ ձախողակն է, «պատմական խուրդան», որն այնքան քիչ տեղ է ունենալու ապագայի մեծ գործընթացներում, որքան ավելի անկանոն «ակտիվություն է» ցուցաբերել «դատարկ» ներկայում:

«Դատարկ» ժամանակի մյուս գաղտնիքն ու հակասությունն այն է, որ նրա դատարկությունն ի վերջո միայն թվացյալ է, մակերեսային է: Պետք է պարզապես փոխել դիտանկյան կերպը եւ կենտրոնանալ խորքայինի ու հեռանկարայինի վրա: «Դատարկ» ժամանակի տարբերությունը բովանդակայինից հենց այն է, որ վերջինում մակերեսն ու խորքը չեն հակասում միմյանց, այլ առաջինն արտացոլում է երկրորդը, որով եւ ակտիվությունն արդարացված է. «դատարկի» պարագան հակառակն է՝ մակերեսն ու խորքը հակասության մեջ են, որով եւ երեւացողը, արտաքուստ ուշադրություն գրավողը վերածվում է թվացյալի, ներքուստ անկարեւորի, արդիական եւ կարեւոր թվացողը՝ անհույս հնացածի եւ երկրորդականի: Այդ իսկ պատճառով՝ եթե  «դատարկ» ժամանակին, մի կողմից, հակացուցված է արտաքին ակտիվությունը, անհանգիստ շարժունակությունը, ապա, մյուս կողմից՝ դա այն ժամանակն է, երբ իրերը եւ երեւույթները պետք է քննվեն եւ ներկայացվեն հեռանկարի տեսակետից, «բարձր» դիրքերից, խորքով, մեծ եւ լայն ընդգրկմամբ: Զուտ կենցաղային «խորամանկությանը» հակադրված իրական քաղաքական բնազդը կարողանում է հեշտությամբ տարբերել իրարից այդ ժամանակները եւ ընտրել յուրաքանչյուրին հարիր ճիշտ շեշտերը: Մակերեսային աշխուժակությունը, սակայն, հրճվում է իր «ակտիվությունից», առօրյայի մեջ ներգրավվածությունից՝ պատրաստելով իր տեղը պատմության աղբանոցում:

 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Իշխանությունները կողմ են գազի սակագնի թանկացմանը’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն Յացենյուկին փոխելու անհրաժեշտություն չի տեսնում’