‘Խմբագրական. Ե՛տ տվեք մեր հպարտությունը ‘

2683

Չգիտեմ էլ՝ էս փոքրիկ երկիրն ինչ է արել աշխարհին, կամ՝ ի՞նչ մեղք է գործել Աստծո առաջ, որ հիմա մենք էսպես դաժանաբար պատժվում ենք: Մենք ու հատկապես էս երկիրը, որ աշխարհիս երեսին կարծես եւ ներկա է, ու միաժամանակ կարծես՝ ներկա չէ: Ես չգիտեմ՝ ինչի համար մենք պետք է ապրենք՝ կուլ տալով կորսված հպարտության դառը գիտակցությունն ու զգացումը: Էդ զգացումը երեւի ամենասարսափելին է, որ այս իշխանությունները կարող էին մատուցել մեզ: Շատ ավելի սարսափելի, քան անգամ իշխանության բռնավազթումն ու ուզուրպացիան: Շատ ավելի սարսափելի, քան պետության ողջ թալանն ու հարստահարումը, քան սահմանադրությամբ ամրագրված մեր իրավունքների համատարած այս ոտնահարումը, Սահմանադրության ու օրենքների անտեսումը:

Չէ՛, սրանք, հաստա՛տ, միայն մեր գրպաննե՛րը չէ, որ մտել են: Սրանք իրենց կեղտոտ կոշիկներով շատ ավելի սուրբ տեղեր են մտել, սրանք մեր ներաշխարհն են մտել ու պղտորել, սրանք մեր հպարտությանն են ձեռնոց նետել, մեր բոլորիս հպարտությունն են աճուրդի հանել, կարծես ֆիզիկական հարստահարումը քիչ էր, եւ ուրեմն՝ պետք էր կպնել ազգի պատվին: Որովհետեւ իրենք ո՛չ էդ պատիվն ունեն, ո՛չ հպարտություն, իրենց ստորացումներից իրենք չեն ամաչում եւ կամ գետինը մտնում, էդ մենք ենք ամաչում հազար ու հազար անգամ… ե՛ւ նրանց փոխարեն, ե՛ւ մեր փոխարեն, ե՛ւ մեր երկրի փոխարեն: Ու ասես՝ էս ողջ մղձավանջը ոչ միայն երկրի ապագայի, մեր ու մեր երեխաների ապագայի հարցն է այլեւս, այլեւ սովորական, ամենասովորական պատվախնդրության հարց, հենց էսօրվա՛, է՛ս պահի պատվի հարցը, որովհետեւ ազգի համընդհանուր ինքնասիրությունը չի կարող հենց այնպես անհետանալ, ու անհետանալ ընդմիշտ եւ անվերադարձ:

Չի կարող այդպես պատահել, որ մենք մեր հպարտությունը հետ չուզենք սրանցից: Գլուխը բարձր ապրելու ցանկությունը բնազդի նման մի բան պետք է լինի, որն ամենեւին էլ որեւէ աղերս չունի մարդու անձնական բարեկեցության ու ապահովության հետ: Ու էդ բնազդը կարծես ինքն իրենով մի տեղից մի օր պիտի դուրս գա: Իսկ էդ «ապահովություն», «բարեկեցություն», «կայունություն» որ ասում են, դրանք այլ հարթության խնդիրներ են, որոնք ոչ հայրենիքում մնալու միակ նախապայմանն են, ոչ էլ հայրենիքում լիաթոք ապրելու պատճառը: Լիաթոք ապրելու նախապայմանը, նախեւառաջ, հենց էն հպարտության զգացումն է, որը քեզանից չեն խլում: Ու թող «գլուխ չարդուկեն» բոլոր նրանք, ովքեր էս հոգեւոր ամենակարեւոր զգացումը վերցնում են քեզանից ու պատրաստ են այն փոխարինել կեղծ տնտեսական աճի թվերով ու քաղաքական կայունության մասին հեքիաթներով: Չկա ո՛չ կայունություն, ո՛չ էլ ապահովություն, եթե բոլորս նույն գործին չենք լծված, ու եթե իշխանության ղեկին օտար մեկն է, ով պատանդ է վերցրել մեր համընդհանուր հպարտությունը:

Ու եթե էդպես չէ, ապա ինչպե՞ս էր, որ անկախության առաջին տարիներին լույս չունեինք, այսինքն՝ ձեր ասած ապահովն ու բարեկեցությունը չկար, բայց հույս ունեինք, եւ հավատ ունեինք, եւ վստահություն ունեինք, եւ նույնիսկ՝ ինքնավստահություն ու հպարտություն կար: Ու էդ ո՞նց էր էդպես, որ հպարտության չափաբաժինն էնքան շատ էր, որ կարողանում էր փոխհատուցել ե՛ւ օբյեկտիվորեն առկա սովի զգացումը, եւ՛ ցրտի:

Ու խնդիրն այն չէ, որ այսօր առանձին անհատներ կարողանում են կամ կարծում են, թե կարողանում են ապրել գլուխները բարձր: Խնդիրն այն է, որ գլխիկոր ու գլխահակ է ամբողջ ազգը, անգամ այն դեպքում, եթե դու անհատապես քեզ այդպիսին չես զգում:

Երկիրն են ծնկի բերել սրանք, երկրի հպարտությունն են գետնով տվել, երկրի պատիվն են դարձրել ոտնատակի գորգ, որով կարող են քայլել բոլոր-բոլորը:

Ու այսքանից հետո դեռ մի բան էլ՝ փորձում են հոխորտալ մյուսների վրա, թե «էս երկիրը երկիր ա»: Իհարկե, էս երկիրը երկիր է՝ անկախ ամեն ինչից: Պարզապես՝ երկիրը ներկայացնողները ներկայացնող չեն: Ու էս երկիրն ամենեւին արժանի չէր այսպիսի ներկայացնողների: Որովհետեւ «թասիբի» հարց է: Ամենապարզ «թասիբի»: «Թասիբ» ունենք, չէ՞:

Քրիստինե Խանումյան  

Նախորդ հոդվածը‘Կաթողիկոսի ի՞նչ գործն է, թե ինչ կա Սերժի սահմանադրական կլոունադայի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպը հայտարարել է իր նշանադրության մասին’