‘Խմբագրական. Եգիպտոսն ու «առաջադեմ մարդկությունը»’

1763

Աժիոտաժ, բաժանում երկու ծայրահեղ բևեռների, բուռն վեճեր, բացականչական նշաններ, վիրտուալ պատերազմներ սոցցանցերում, գեոպոլիտիկ «ֆանտազմներ», հետո թեմայի արագ փոփոխություն, նոր թեմայի քննարկում նույն ոճով ՝ հների իսպառ մոռացությամբ: Այսպիսին է մոտավորապես մեր, գուցե և՝ առհասարակ համաշխարհային «առաջադեմ» («հետադեմն» էլ մեջը) մարդկության ռեակցիան մի որևէ կարևոր, օրակարգային թեմայի՝ միջազգային թե տեղական: Սա արդեն վարքի կաղապար է դարձել, և դրա պատճառով էլ եզրակացությունները սովորաբար շտապողական և մակերեսային են, իսկ արժեքավոր փորձը չի կուտակվում: Միջազգային թեմաներից ասվածի լավ օրինակներ են արաբական հեղափոխությունների շարքը, նաև՝ ուկրաինական ճգնաժամը: Ուկրաինական ճգնաժամով հետաքրքրվողներ դեռ կարծես կան, չնայած՝ այնքան էլ պարզ չէ՝ դրանց քանի՞ տոկոսն է անմիջական կապ տեսնում գեոպոլիտիկ գաղափարախոսությամբ Մայդանի և երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի միջև, որն, ըստ էության, ելք չունի (չեմ զարմանա, եթե չտեսնելու տվողներ լինեն), և քանի՞ տոկոսն է դեռ կարծում, որ Հայաստանը հենց ա՜յդ ճանապարհով պետք է գնար՝ մտնելով կոշտ գեոպոլիտիկ հակադրության տրամաբանության մեջ: Բայց ուկրաինական դեպքերի և նրանց ընկալման վերլուծությունը բավականին բարդ ու բազմաշերտ թեմա է, դրա համար այս պահին, որպես թեթև «զակուսկի»՝ փորձենք անդրադառնալ արաբական գարնան կենտրոններից մեկի՝ Եգիպտոսի զարգացումներին: Կարծում եմ, Եգիպտոսի հետհեղափոխական զարգացումներով որևէ մեկին ու, նախևառաջ, պրոֆեսիոնալ «առաջադիմականին» Հայաստանում հետաքրքրելու համար պետք են աննախադեպ ջանքեր՝ գուցե նույնիսկ փետով ծեծ կամ կտտանքներ, քանի որ զարգացումների սուր, հեռուստատեսային տպավորիչ պատկերներ առաջացնող փուլը, որի շուրջ կարելի է բացականչական նշաններ շարել ու «խորաթափանց» վերլուծականներ բստրել՝ անցել է: Բայց հետաքրքրվել, այնուամենայնիվ, արժե:

Դարձ ի շրջանս յուր

Այս տարվա հունիսի սկզբին հայտնի դարձան Եգիպտոսում նախագահական ընտրությունների արդյունքները: Ինչպես և սպասվում էր, նախագահ ընտրվեց գեներալ Աս-Սիսին՝ ճնշող առավելությամբ, չնայած՝ պետք է նշել նաև ընտրողների բավականին պասիվ՝ 50 տոկոսից պակաս մասնակցությունը: Ի՞նչ է Եգիպտոսն այսօր՝ հեղափոխությունից մոտ 3 ու կես տարի անց: Նախագահական ընտրություններում հաղթում է բարձրաստիճան գեներալ՝ հավաքելով տիպիկ բռնապետական 90 տոկոսից ավելի ձայներ, ընդդիմադիր հիմնական ուժը՝ «Մուսուլման եղբայրները», արգելված է, առաջնորդները բանտերում են (այդ թվում՝ նաև նախագահ Մուրսին), մի մասը դատապարտված է մահապատժի: Վերջերս մեղադրանք է ներկայացվել նաև հայտնի բլոգերներից մեկին, որ արդեն ոչ թե «Մուսուլման եղբայրներից» էր, այլ Թահրիրի հեղափոխության ակտիվիստ երիտասարդներից մեկը: Կարելի է ասել՝ ամեն բան վերադարձել է ի շրջանս յուր, միայն թե, Մուբարաքի փոխարեն, մեկ այլ գեներալ է այժմ դարձել երկրի միահեծան առաջնորդը: Թվում է, թե հենց այստեղ պետք է գա մեկն ու ասի՝ ա՛յ, տեսա՞ք, բոլոր հեղափոխություններն էլ անարդյունք են, դրանք բոլորը միշտ բերում են նոր բռանակալությունների հաստատման և այլն: Դա, սակայն, չափից ավելի վերացական և քիչ բան ասող եզարակացություն կլիներ, որովհետև հեղափոխությունները, ինչպես նաև՝ մյուս քաղաքական իրադարձությունները, ասենք՝ պատերազմները, զանգվածային շարժումները և այլն, և այլն, չնայած ունենում են ընդհանուր գծեր, բայց և լինում են շատ տարբեր ու անհատական՝ իրենց արդյունքներով և հետհեղափոխական զարգացումներով: Հենց արաբական գարունն էլ դրա լավ օրինակն է՝ մի քանի արաբական երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները զարգացան տարբեր սցենարներով, ունեցան տարբեր ավարտ ու տարբեր հետևանքներ՝ ըստ ամեն երկրի կոնկրետ առանձնահատկությունների: Թունիսում համեմատաբար կայուն վիճակ է, Լիբիայում՝ քաոս, Եգիպտոսում՝ նոր ռազմական դիկտատուրա, Սիրիայում՝ քաղաքացիական պատերազմ և այլն: Հետևաբար՝ պետք է գտնել ոչ թե ընդհանուր-վերացական, այլ կոնկրետ օրինաչափություններ, որոնք հանգեցրել են տարբեր իրավիճակների:

«Ձախության մանկական հիվանդությունը»

Եգիպտոսում այդ օրինաչափությունները բավականին ակներև են թվում (իհարկե, եթե որոշակիորեն պարզեցնենք իրավիճակը և անտեսենք թեկուզև կարևոր, բայց մեր դիտակետին չխանգարող մանրամասներ): Այս թեմային անդրադարձներ ունեցել ենք մեր հրապարակումներում, բայց կուզենայինք նորից շեշտել, թեկուզ՝ որոշ բաներ կրկնելով, որովհետև նոր զարգացումները հաստատում են մեր ասելիքն ու նոր երանգներ ավելացնում: Ի՞նչ տեղի ունեցավ Եգիպտոսում վերջին տարիներին:

Եթե շատ կարճ, ապա սկզբում Կահիրեի միջին դասը՝ համեմատաբար կիրթ ու արևմտյան արժեքների կրող համարվող շերտը, դուրս եկավ հրապարակ՝ արագ ինքնակազմակերպվելով հատկապես համացանցային տեխնոլոգիաների շնորհիվ, հետո նրանց միացան քաղաքային բնակչության ավելի լայն շերտերը, այդ թվում՝ տասնամյակների պատմություն ունեցող, աշխարհի հնագույն իսլամիստական կազմակերպության` «Մուսուլման եղբայրների» անդամները, և, ի վերջո, Եգիպտոսի կյանքում մեծ դեր կատարող և ամերիկյան կապեր ունեցող բանակը չեզոք դիրք գրավեց, չմիջամտեց կոնֆլիկտին իշխանության կողմից, որով և հեղափոխությունը հաղթեց՝ Մուբարաքի վարչակարգը տապալվեց:

Փաստորեն՝ հեղափոխությանը մասնակցեցին և տարեր փուլերում վճռական ավանդ ունեցան երեք հասարակական ուժ՝ քաղաքաբնակ միջին դասը, չափավոր իսլամիստները և բանակը: Լավ հիշում եմ, որ այն ժամանակ, երբ ծավալվում էր եգիպտական հեղափոխությունը, շատ մոդայիկ էր թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում ասել, թե, ահա, եգիպտական հեղափոխությունը վկայում է նրա մասին, որ հաջողության են հասնում ցանցային, ոչ ավանդական, հորիզոնական կապերով ինքնակազմակերպման ձևերը, որ այլևս կարևոր չեն ավանդական քաղաքական կառույցներն ու հիերարխիան, որ կարելի է ինտերնետով, ֆեյսբուքով հեղափոխություն կազմակերպել և այլն: Իսկ ի՞նչ եղավ հետո: Հետո եկավ ընկեր Լենինը ու բացահայտեց «ձախության մանկական հիվանդությունը»……: Չէ, կներեք, սա այլ պատմություն էր:

Դիկտատուրա՝ առանց նախնական ցանկության

Անցումային փուլից հետո, երբ ժամանակավոր իշխանությունն անցավ զինվորականներին, ազատ ընտրությունների միջոցով իշխանության եկան չափավոր իսլամականները՝ Ալ-Մուրսիի նախագահությամբ: Մոտ երկու տարի էլ անց զինվորականները իշխանությունից հեռացրին Մուրսիին, և նոր ժամանավոր անցումային փուլից հետո՝ այս անգամ իրենք էլ ստանձնեցին իշխանությունը երկրում՝ արգելելով «Մուսուլման եղբայրներին», արյան մեջ ճնշելով նրանց զանգվածային խաղաղ ելույթները, ձերբակալելով ակտիվիստներին, այդ թվում՝ նախագահ Մուրսիին, և նոր՝ հակադեմոկրատական օրենքներ ընդունելով հատկապես ցույցերի ազատության վերաբերյալ: Ահա այսպես՝ ամենևին էլ ոչ պուպուշ, վարդագույն, «ցանցային», «այս աշխարհում ամեն ինչ լավ է, ու բոլորը գնում են դեպի պայծառ ապագա» տարբերակով:

Իսկ ի՞նչ եղան Թահրիրի կորիզը կազմող՝ հեղափոխության շարժիչ ուժն ու առաջամարտիկները՝ քաղաքաբնակ միջին դասի ներկայացուցիչները, նրանց ցանցային ու հորիզոնական, գերժամանակակից, գերմոդայիկ, գերառաջադիմական ինքնակազմակերպումը և դրա հիման վրա արագ թխած դարակազմիկ վերլուծականները: Ոչ մի բան: Առավելագույնը, ինչ նրանք արեցին և կարող էին անել՝ բանակին աջակցելն էր ՝ ընդդեմ իսլամականների: Բանակի և նրանց շահերի համընկնելու կետը պարզ էր՝ երկուսն էլ աշխարհիկ արժեքների կողմնակից են, այլ բան է, որ այդ շահերի համընկնումը ժամանակավոր կարող էր լինել: Հիմա արդեն, հաստատվելով իշխանության ղեկին, նոր վարչակարգը ձերբակալում և ճնշում է ոչ միայն կրոնականներին, այլև աշխարհիկ այլախոհներին: Ընդ որում՝ նկատենք, որ դա նրանից չէ, որ բանակն ի սկզբանե ուզում էր իշխանություն վերցնել, դիկտատուրա հաստատել: Ո՛չ, սկզբում նրանք ազնվորեն հանձնեցին իշխանությունը ժողովրդի ընտրյալ իսլամականներին, և միայն՝ երբ վերջինս իր ոչ հավասարակշիռ քայլերով, իր դեմ տրամադրեց բնակչության բավականին լայն շերտերին, ինչպես նաև արտաքին  խաղացողներին, բանակը միջամտեց և կարգ հաստատելով իր իմացած ձևերով՝ այլևս ոչ ոքի չվստահեց երկրի կառավարման ղեկը: Ու նորից, ինչպես և մինչև 2011-ը, Եգիպտոսում իշխում է մի բարձրաստիճան սպա:

Անապատի արև

Ինչո՞ւ այդպես ստացվեց: Պատճառը, տվյալ դեպքում, բավականին պարզ է, դրա համար էլ հեշտ՝ ընդհանրացման և դասեր քաղելու համար: Հետհեղափոխական իրավիճակը Եգիպտոսում պայմանավորված է ոչ թե միստիկայով, չար բախտով, «բոլորը … միշտ»-ով կամ էլ տեղական «մենթալիտետով», այլ, նախ, նրանով, որ շահում են այն հասարակական միավորները, որոնք նախապես կազմակերպված են եղել: Հետհեղափոխական շրջանում իշխանության համար պայքարեցին հեղափոխության մեջ դեր կատարած երեք ուժերից երկուսը՝ իսլամիստներն ու բանակը, իսկ երրորդը՝ «ցանցայինները», մնացին խաղից դուրս, միայն օժանդակ դեր կարողացան կատարել: Խնդիրը այս ուժերից որևէ մեկի թվային, քանակական գերակշռությունը չէ, այլ դրանց կազմակերպվածության աստիճանը: Բանակն ինքնին կազմակերպված ուժ է և Եգիպտոսում միշտ ունեցել է քաղաքական դեր, արտաքին կապեր և հեղինակություն: «Մուսուլման եղբայրները» 20-րդ դարի առաջին կեսից կայացած կառույց է, որը կարողացել է գայատևել աշխարհիկ վարչակարգերի ճնշումների ներքո՝ արմատներ ձգելով և համակրանք շահելով բնակչության լայն շերտերում: Իսկ, ահա, հեղափոխության «բենզին»՝ Թահրիրի երիտասարդները, մնալով «ցանցային», անկառույց պայքարի հույսին, այսօր նույնքան հեռու են իրենց իդեալներն իրականացված տեսնելուց, որքան 2011-ից առաջ: Ու պետք չէ կարծել, որ այդպիսին է եղել բոլոր երիտասարդ իդեալիստների ճակատագիրը «միշտ»: Ավելի ճիշտ կլիներ, ասել, որ «միշտ» հակառակն է եղել. եթե վերհիշենք 20-րդ դարի հեղափոխական և ազատագրական շարժումների պատմությունը, ապա դրանք առաջնորդվել են երիտասարդ մտավորականների կողմից, որոնք հաճախ վճռել են երկրների և աշխարհի ճակատագիրը՝ միայն թե իմանալով կազմակերպության գինը: Որևէ քաղաքական նպատակ, այդ թվում՝ հեղափոխական, հնարավոր չէ իրականացնել միայն «կայֆի», «հավեսի» և նման բաների շնորհիվ: Իդեալներին հասնելու համար պետք է կամք, իսկ կամքը պարտադրելու համար պետք է, այդ թվում, ամուր կազմակերպություն, սև աշխատանք և առաջնորդում: Տեսնում ենք, որ այդ որակների բացակայությամբ Թահրիրի պես հզոր՝ միլիոնավոր մարդկանց ընդգրկող, ողջ աշխարհի ուշադության կենտրոնում հայտնված շարժումն անհետացավ՝ ներծծվելով Եգիպտոսի դարավոր ավազների մեջ, ասես մի կաթիլ ջուր: Այդ ավազների համար տարբերություն չկա՝ մի կաթիլի և մի տոննա ջրի միջև՝ երկու դեպքում էլ նրանք հաջողությամբ կներծծեն հեղուկը, և միայն մտածված ջանքերի արդյունք՝ ջրամբարն ու ոռոգման կազակերպված համակարգը կարող է ծաղկեցնել անջրդի հողը:

Եգիպտոսում տեղի ունեցածը հերթական պատմությունն է ուժի մասին: Ուժային վակուումը երկար գոյատևել չի կարող: Եթե հեղափոխության նախաձեռնողները չկարողացան այն լցնել իրենցով, ապա, բնականորեն, դա լցվեց այլ ուժերի կողմից, որոնք ունեն իրենց պատկերացումները, ոճը, ավանդույթները և իդեալները, և ոչ ոք պարտավոր էլ չէկյանքի կոչել ուրիշինը, ու երբեք դա չի անի:

Պարզ են, կարծում եմ, այն հետևությունները, որոնք ցանկացած մտածող մարդ կարող է անել այս ամենից. առանց կազմակերպվածության, առանց կայուն կառույցների, առանց քաղաքական պայքարի ավանդական, դասական ձևաչափերի, միայն բարի ցանկություններով ու գերմոդայիկ ֆրազներով կարելի է առաջ բերել տպավորիչ պատկերներ, ոգևորիչ այսրոպեական արդյունքների հասնել, բայց իրական արդյունքներ արձանագրել, սեփական քաղաքական նպատակներն ու իդեալներն իրականացնել հնարավոր չէ, ինչպես և հնարավոր չէ տարին մեկ հեղափոխություն անել, հրապարակ մոբիլիզացնել ամեն մի նոր բռնապետության դեմ:

Ցանկացած ոք, ով իրապես փոփոխություններ է ուզում իր երկրում, պետք է գիտակցի, որ դրա համար պահանջվում է իր ամենօրյա ջանքը, սև գործը՝ հասարակական կառույցներ, հաստատություններ, հարթակներ ձևավորելու ուղղությամբ: Ու այդ ամենում, մեծամասամաբ, ոչ մի «կայֆ ու հավես» բան չկա՝ ռոմանտիկան քիչ է, իսկ դառն իրականությունը՝ շատ:

Հ.Գ. Եգիպտոսի հետհեղափոխական զարգացումները ցույց տվեցին նաև համաշխարհային դավադրության վարկածի կողմնակիցների տեսակետների սնանկությունը: Սկզբնական շրջանում, երբ դեպքերը նոր էին ծավալվում, բազմաթիվ վարկածներ էին տարածված առ այն, որ այդ ամենը կազմակերպել են ամերիկացիները, որոնք, իբր, ուզում էին զարգացող Չինաստանի առջև քաոսի և իսլամիզմի մեծ պատ ստեղծել Մերձավոր Արևելքում: Հետաքրքիր է, երբ այսօր Եգիպտոսում ամեն բան վերադարձել է ի շրջանս յուր, դա ո՞վ է կազմակերպել՝ նույն ամերիկացինե՞րը, և ո՞րն է, այդ դեպքում, սկզբնական քաոսի ստեղծման իմաստը:

 

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը մամուլի ասուլիս անցկացրեց կառավարության շենքի դիմաց’