‘Խմբագրական. Եվ կրկին կանգնած ենք «կա՛մ-կա՛մ»-ի շեմին ‘

3692

Մինչ Ֆեյսբուքում և Ֆեյսբուքից դուրս քննարկում են «Արմենիա»-ով հեռարձակվող «Օճառն առա, աշուղ դառա» հերթական սերիալը` այս անգամ Աշոտյան Արմենի կատարմամբ (այդպես էլ չնայեցի ու չլսեցի, ներող եղեք), մինչ Սերժիկ Սարգսյանը դողացող ձեռքերով դարակներն է քրքրում ու «միջնորդ տեր բաբաների» միջոցով հերթական կոմպրոմատը թափ տալիս իր հակառակորդ ճամբարի քիչ կամ շատ ունեցվածքի տեր դարձածների քթի տակ, մինչ այս մարդիկ կշռում-չափում-ձևում են, թե որ նժարն է ավելի ծանր` առնետությա՞ն, թե՞ իրենց նախընտրած կուսակցությանը հավատարմության, մինչ ակտիվորեն գործի են լծվել «բայց որ սրանց քշեք, ախր ո՞վ է գալու սրանց փոխարեն, բա որ ավելի վատ լինի» շատ «անմեղ» հարցապնդման առաջամարտիկները, միևնույն է` երկու բան արդեն պարզ է` անհնազանդության ձնագունդը սկսել է մեծ արագությամբ գլորվել, և «սա՛ է վերջին կռիվը»:

Կամ` Հայաստանի քաղաքացիները կստիպեն, որ Սերժիկ Սարգսյանն ու իր ավազակախումբն իջնեն հյուծված, կիսածնկած Հայաստանի ուսերից, կամ` Սերժիկ Սարգսյանն ու իր ավազակախումբը` իրենց բնորոշ նենգությամբ ու գյադայությամբ, հաշվեհարդար կտեսնեն այդ նույն Հայաստանի քաղաքացիների հետ` ՀՀԿ ղեկավարին հոգեհարազատ չեկիստական ստորագույն մեթոդներով, ու մեր երկրում «մակոնդոյական» ցեխակոլոլ անձրևը չի դադարի երկարուձիգ տարիներ:

Սա այնքան պարզ ճշմարտություն է, որ գրելիս նույնիսկ անհարմար զգացի:

Ո՞վ և ովքե՞ր են լինելու հաջորդները, եթե միակամ լինենք ու հանրապետական վերնախավին հաջողենք պատմության աղբանոցը նետել:

Չգիտեմ:

Պայքարի ելած ուժերի բոլոր ղեկավարնե՞րն են մեր կամակոր քիմքին հարիր: Ամենևին: Փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հավաքվողներից յուրաքանչյուրն ունի իր ընտրյալը:

Գո՞հ ենք լինելու հաջորդ իշխանությունից, թե՞ ստիպված ենք լինելու պայքարել նաև հաջորդ իշխանության դեմ:

Առավել հավանական է, շա՛տ հավանական է, որ պայքարենք նաև սրանց դեմ:

Եթե հասարակությանը մտահոգող հարցերի որոգայթում խճճվելու գայթակղությանը տրվեմ, դժվար թե` վերջակետին հասնեմ:

Այստեղ կանգ առնեմ ու բոլոր մտահոգվածներին ուղղեմ կարևորագույն հարցը` Սերժիկ Սարգսյանը ժողովրդի քվեո՞վ է հասել մինչև նախագահական նստավայր:

Պատասխանը հայտնի է` Սերժիկ Սարգսյանը Հայաստանի նախագահի աթոռը զավթել է տասը ՀՀ ըմբոստ քաղաքացիների գնդակահարության, 5000-ական դրամների, հանգուցյալների, Հայաստանից արտագաղթածների «քվեներով», լկտի ու վայրենի բռնությունների ու ահաբեկումների, աղաղակող կեղծիքների աջակցությամբ: Հայաստանի քաղաքացիները չե՛ն ընտրել նրան ո՛չ առաջին անգամ, ոչ էլ` երկրորդ:

Ազատության հրապարակում չորս օր հետո հավաքվելու են այն քաղաքացիները, որոնք ուզում են երկրի ղեկավար դառնա իրենց քվեներով ընտրված որևէ մեկը:

Թե ում կընտրեն քաղաքացիները, դեռևս շատ անորոշ է, որովհետև ոչ մեկս չգիտենք, թե ովքեր են լինելու Հայաստանի նախագահի թեկնածուները:

Կընտրեն լավագույնին` կեցցե՛ն Հայաստանի քաղաքացիները:

Կընտրեն անարժանին` մեղքն իրենց վիզը:

Ինչպիսի ընտրություն էլ կատարենք` այս զարհուրելի իրավիճակից մեկ մե՛ծ քայլ առաջ ենք լինելու:

Մե՛նք ենք ընտրելու, մե՛ր երաշխավորությամբ է Բաղրամյան 26-ի շեմից ներս մտնելու Հայաստանի Հանրապետության նախագահը:

Չտեսնել ու չհասկանալ, որ սա արդե՛ն իսկ մեծ հաղթանակ է ու առաջընթաց, նշանակում է` նույնքան քամահրանքով վերաբերվել սեփական ձայնին, որքան` օրվա հանցագործ իշխանությունն է արհամարհում Հայաստանի քաղաքացու ընտրելու իրավունքը:

Հավատում եմ, որ տեսնողներն ու հասկացողները մեծամասնություն են մեր երկրում:

Կհանդիպենք փետրվարի 20-ին` Ազատության հրապարակում:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘102-րդ ռուսական ռազմակայանի ղեկավարությունը կփոխվի. Աղբյուր’
Հաջորդ հոդվածը‘Ավտովթար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կա երկու զոհ’