‘Խմբագրական. Եվ տերը տվեց նրան «ուրախությունն անանձնական»’

2756

Օրեր առաջ լրատվամիջոցները հայտնեցին, որ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրիկ Վարդանյանի որդուն ձերբակալել են Իրան-Հայաստան սահմանին: Ոստիկանության հաղորդագրությամբ հաստատվեց լուրը. Դավիթ Վարդանյանին ձերբակալել են 2013-ի հոկտեմբերի 13-ին, իսկ հոկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Առաջադրված մեղադրանքներն են` ՔՕ-ի 268-րդ հոդվածի 3-րդ մաս (առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, որը պատժվում է ազատազրկմամբ 2-6 տարի ժամկետով) և 215-րդ հոդվածի 2-րդ մաս (մաքսանենգություն, որը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ):

Ինչպես ասում են` ծանր դեպք է:

Ըստ նույն լրատվամիջոցների` հոկտեմբերի 19-ին Անվտանգության խորհրդի շենքում տեղի է ունեցել ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նիստ, և այդ նիստում ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արթուր Բաղդասարյանը, նույն ինքը` ԱԽՔ-ը: «Ընտրվել է» նույնպիսի խայտառակ կեղծիքներով, ինչպես նախագահ է «ընտրվել» իր թանկագին շեֆ Սերժիկ Սարգսյանը, ինչպես պատգամավոր են «ընտրվել» իր թանկագին շեֆի անձնական օգտագործման կուսակցականները` հանրապետականներից մինչև օրինացականներ: 

Ըստ նույն լրատվամիջոցների` ԱԽՔ-ի «ընտրության» գործում մեծ ներդրում ունի նախարար Յուրիկ Վարդանյանը: Հիշեցնենք. ա՛յն նույն նախարարը, որի որդուն այս «ընտրությունից» մի քանի օր առաջ ձերբակալել են շատ ծանր մեղադրանքներով: Երկրորդական խնդիր համարենք, որ պարոն նախարարը նման հարվածից հետո «մուտիլովկաների» սիրտ ուներ: Իսկ որ ԱԽՔ-ի այս ընտրությունը «մուտիլովկա» է, սա նույնպես չեն հերքում լրատվամիջոցները:

Պարզվում է նաև, որ պարոն նախարարը ոչ միայն մտադիր չէ այդ խայտառակությունից հետո հրաժարական տալ, այլև, ըստ նույն լրատվամիջոցների, չի փորձել միջամտել, որ որդու գործը կոծկեն: Ինչպիսի՜ վեհ կեցվածք` կասեին այլմոլորակայինները, եթե մտքներով անցներ` այս օրերին վայրէջք կատարեին Հայաստանում:

Հայաստանի քաղաքացիներն, ավաղ, այլմոլորակայիններ չեն, քաջատեղյակ են Սերժիկ Սարգսյանի հավաքագրած պաշտոնյաների բարոյական նկարագրին և հրաշալի հիշում են, թե Լոս Անջելեսից անսպասելիորեն «պաշտելի հայրենիք» վերադարձած Յուրիկ Վարդանյանն ինչեր արեց, ինչքան մտավ և դուրս եկավ (ուղղակի և անուղղակի իմաստներով) Բաղրամյան 26, որ վերջապես հասնի այդ բաղձալի աթոռին:  

Այնպես որ` նրանք, ովքեր աղոտ հույսեր ունեն, որ հայկական սպորտի երբեմնի լեգենդը հրաժարական կտա, ընդամենը լեգենդների անուղղելի սիրահարներ են: Առավե՛լ անուղղելի լեգենդների սիրահար են նրանք, ովքեր մտածում են, որ հանցագործների հանդեպ անբուժելի թուլություն ունեցող Սերժիկ Սարգսյանը կպահանջի, որ «լեգենդը» հրաժարական տա:  

Հենց այս դեպքի համար են ասել` հայրենիքի հանդեպ անանձնական սերն իններորդ ալիքի պես լափին տվեց ու ջախջախիչ հաղթանակ տարավ ճղճիմ հայրական զգացմունքի նկատմամբ:

Նախորդ հոդվածը‘Հանրապետության հրապարակի այլանդակման ցուցահանդես (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը Մինսկում կմասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին’