‘Խմբագրական. Երկիրը երկի՞ր է. օրինաչափություն եւ կամք’

1828

Երկիրը սովորական երկիր է, այնպես, ինչպես սովորական «երկրագունդ է» (ավելի ստույգ՝ մոլորակ) մեր Երկրագունդը, սովորական «արեւ» է (աստղ) մեր Արեւը, սովորական գալակտիկա է մեր Գալակտիկան, եւ այսպես շարունակ: Աշխարհի երկրների մեծ մասում կառավարությունը փչացած է (հայերեն ասած՝ կոռումպացված), ոստիկանությունը սերտաճած է հանցավոր կառույցների հետ, գերհարուստների եւ գերաղքատների միջեւ անդունդ է, իսկ օրենքը խախտվում է, նախ՝ նրանց կողմից, ովքեր օրենքը հռչակում են կամ էլ կոչված են պաշտպանելու այն: Այս ամենը առավել կամ նվազ չափով բնորոշ է, կրկնենք, աշխարհի երկրների մեծ մասին՝ այն հատվածին, որն ընդունված է կոչել երրորդ աշխարհ կամ զարգացող երկրներ կամ որեւէ այլ անվանմամբ: Իսկ այն երկրներում, ուր վիճակը տարբերվում է նկարագրվածից, այդ տարբերությունն ընդամենը վերջին մի քանի տասնամյակների պատմություն է, այն էլ՝ համեմատական կարգով, այսինքն՝ իքս ժամանակ առաջ նույնը կարելի էր ասել նաեւ այդ երկրների մասին: Այնպես որ՝ պետք չէ կարծել, թե Հայաստանն ինչ-որ տիեզերական առանձնահատկություններ ունի այդ առումով:

Ոչ մի առանձնահատկություն չկա նաեւ ներքին իմաստով: Հայաստանը երբեք չի եղել օրինակելի երկիր իր պատմության ընթացքում եւ չէր էլ կարող լինել, քանի որ այն չափանիշները, որոնցով այսօր առաջնորդվում է աշխարհը, նոր են: Այնպես որ՝ հայը միշտ էլ ճնշել է հային՝ հարուստը աղքատին, քաղաքացին գյուղացուն, ունեւոր գյուղացին՝ չունեւոր գյուղացուն, եւ դա այդպես է եղել թե՛ այն ժամանակ, երբ Հայաստանն անկախ թագավորություն էր, թե՛ այն ժամանակ, երբ օտար տիրապետության տակ էր: Եվ այդ առումով էլ հայը սովորական ազգ էր եւ է՝ իր ներքին դասակարգային եւ շերտային բաժանումներով, դրանց շահերի հարաբերությամբ, խաչասերմամբ, բախմամբ եւ այլն: Ուրեմն՝ կարծել, թե այսօր Հայաստանում ինչ-որ պատմականորեն աննախադեպ բան է տեղի ունենում՝ նույնպես սխալ է:

Շատ լավ, կասի ընթերցողը, բայց ի՞նչ է այս ամենից հետեւում: Արդյո՞ք սա իրավիճակի արդարացման եւ դրա հետ համակերպման կոչ է: Ո՛չ, ճիշտ եւ ճիշտ՝ հակառակը: Խնդիրն այն է, որ իրավիճակից ելք գտնելու, իրապաշտական եւ գործնական լուծումներ առաջարկելու համար, նախեւառաջ, պետք է հե՛նց իրավիճակի սթափ, իրապաշտական գնահատական: Գոնե մտավորական եւ քաղաքական խավն այդպես պետք է վարվի: Սա նույնքան պարզ է, որքան այն, որ հիվանդությունը բուժելու համար պետք է ճիշտ ախտորոշում: Հայաստանն այսօր բարձր ջերմություն ունի, ծանր գրիպ է, բայց եթե մենք ցանկացած գրիպ համարենք խոլերա կամ նույնիսկ մարդկությանը ցայսօր անհայտ հիվանդություն, ապա, բնականաբար, հիվանդին ոչ թե կբուժենք, այլ կառաջնորդենք դեպի գերեզման:

Հասարակության վերլուծությունը նույն բժշկական ախտորոշումն է: Եթե Հայաստանում տիրող իրավիճակն ամեն անգամ բնորոշենք որպես աշխարհում չտեսնված, որպես միակը երկրագնդի վրա, որպես աննախադեպ անկում նույնիսկ հայոց պատմության տեսակետից, ապա, բնականաբար, նման վախճանաբանական գնահատականների միակ հետեւանքը կարող է լինել հասարակական խորը հիասթափությունը, ապատիան, ընկճախտը: Իրոք, եթե իրավիճակն այդքան աննախադեպ է, աշխարհում եզակի, ապա ովքե՞ր ենք մենք՝ սովորական մահկանացուներս, որպեսզի կարողանանք այն լուծել: Վախճանաբանական իրավիճակները միայն մեկ լուծում ունեն՝ աստվածային հրաշքի միջամտություն: Այսինքն՝ «աշխարհակործան» գնահատականները ոչ միայն իրատեսական չեն, այլեւ նպաստում են հասարակական ընկճվածությանը, կամազրկությանը, որեւէ դրական փոփոխության հնարավորության նկատմամբ թերահավատությանը: Հակառակը՝ եթե իրավիճակը գնահատում ենք որպես սովորական, «մարդկային», հետեւաբար՝ աշխատանքային, ապա լուծումներն էլ դառնում են իրատեսական, աշխատանքային եւ մարդու ուժերին համաչափ: Հակառակը՝ իրավիճակը որպես աշխարհում աննախադեպ ներկայացնող մտածողությունը, իբրև կանոն, ի վիճակի չէ ներկայացնել եւ որեւէ իրատեսական լուծում, քանի որ լուծումներն էլ պատկերացնում է որպես աննախադեպ, աշխահում չտեսնված կամ էլ զուտ ճարտասանական, վատ իմաստով՝ «պոետիկ» մակարդակում: Եթե ասենք, որ այդպիսով՝ նման ճարտասանական-վախճանաբանական ընդդիմացումը, մեծ հաշվով՝ ձեռ է տալիս հայաստանյան բռնապետությանը, շատերին կարող է սա չափազանցություն թվալ: Բայց հիշենք այն «դասական» դեպքերը, երբ իրավիճակն ամենածայրահեղ ճարտասանությամբ ներկայացրած գործիչները հաճախ ամենաանսպասելի կերպով մի օր հայտնվել են ՀՀԿ ցուցակում կամ մերձակայքում, եւ դա չէ՛ թե մեկ, այլ մի քանի անգամ է տեղի ունեցել: Սա այնքան էլ զարմանալի չէ՝ քանի որ վախճանաբանական ծայրահեղականությունը ինքնին ենթադրում է անպատասխանատվություն: Եվ նման ծայրահեղությունը երբեք պետք չէ շփոթել իրական արմատականության հետ, որովհետեւ արմատական քննադատությունը երեւույթների իրական արմատների բացահայտումն է՝ հիմնված սթափ վերլուծության վրա:

Աշխատանքային եւ իրատեսական, բնականաբար՝ չի նշանակում՝ հեշտ եւ արագ: Հասարակական որեւէ խնդիր հազվադեպ է լինում հեշտ լուծելի, ճիշտ այնպես, ինչպես հեշտ լուծելի չեն լինում կենցաղային խնդիրները: Այսօր մեր առջեւ կանգնած խնդիրների նույնիսկ փոքր մասը լուծելու համար անհրաժեշտ են մեծագույն ջանքեր, տեւական աննահանջ կամք, ինքնավստահություն, կազմակերպվածություն: Հասարակական դիմադրությունը միայն այդպիսի հիմքերի վրա կարող է կառուցվել: Իսկ արժանի՞ է արդյոք մեր հասարակությունն ավելի լավ կյանքի: Այստեղ պետք է մի պնդում անենք, որն առաջին հայացքից հակասում է նախորդ մեր շարադրանքին: Չնայած մեր հասարակության մեջ տարածված վախճանաբանական գնահատականներն ընդհանուր առմամբ բացասական գնահատեցինք, որովհետեւ դրանք խանգարում են իրատեսական գնահատականներին եւ առաջարկներին, սակայն նույն այդ ծայրահեղականությունը պարունակում է իր մեջ նաեւ առողջ հոգեբանական տարր: Իր բոլոր թերիներով հանդերձ՝ այն վկայում է նրա մասին, որ մեր հասարակությունն իդեալիստ է եւ ձգտում է ավելիին, քան ունի, չի ուզում հաշտվել երրորդ աշխարհի երկրի կարգավիճակի հետ, համեմատում է իրեն ոչ թե աֆրիկյան, ասիական, լատինաամերիկյան, այլ առավել զարգացած երկրների հետ եւ ձգտում է ունենալ գոնե այն նվազագույնը, որն այսօր կարող է առաջարկել այդ երկրների զարգացման կաղապարը: Քննադատելով ծայրահեղ իդեալիզմը, որը կտրվում է հողից, իրավունք չունենք, ինչպես ասում են՝ ջրի հետ դեն նետել նաեւ երեխային: Իդեալիստական այդ ձգտումը պետք է միայն զտել, ավելի իրատեսական հիմքեր տալ դրան, բայց միջուկը պահպանել, որովհետեւ ծայրահեղ իրապաշտությունը հարմարվողականության հոմանիշն է: Իդեալիզմի եւ իրապաշտության կշռույթի վրա պետք է կառուցվի հասարակական դիմադրությունը Հայաստանում: Հասարակական օրինաչափությունները, համաձայն որոնց՝ մենք այսօր այն վիճակում ենք, որում ե՛նք, չի նշանակում, որ դա մեր ճակատագիրն է: Եվ եթե բռանպետությունը փորձում է կոնսերվացնել իրավիճակը, ամրապնդել երկրի կիսագաղութային կարգավիճակը, ապա հասարակությունը պետք է հակադրի դրան զարգացման ծրագիրն ու օրակարգը: Հասարակության զարգացման տեսակետից՝ հավասարազոր են օրինաչափությունն ու ազատությունը, կայուն իրավիճակն ու ստեղծագործական կամքը: 

Նախորդ հոդվածը‘Եվրոպական ուիքենդ. «Ռոման» առանց լավ խաղի էլ է կարողանում հաղթել, իսկ ՄՅՈՒ-ն՝ ոչ մի կերպ’
Հաջորդ հոդվածը‘Ակտիվիստները խափանել են Նալբանդյանի մասնակցությամբ խորհրդաժողովի աշխատանքը (ֆոտոշարք)’